Կուսակցություն ենք հիմնադրում և կմասնակցենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը իր ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ իր ընկերների հետ միասին որոշել է ստեղծել նոր քաղաքական ուժ՝ Արցախի պահպանողական կուսակցությունը, և ակտիվ մասնակցություն ունենալ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մեր հանրապետության ներքաղաքական կյանքը մտել է նոր, դինամիկ զարգացման փուլ: Բնական է, որ այդ ամենն առնչվում է բոլորիս և ամեն մեկիս հետ: Յուրաքանչյուր հայրենասեր և գիտակից անձնավորություն պետք է մասնակցի մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքին՝ դրանով իսկ իր լուման բերելով մեր պետության զարգացման, զորացման և պաշտպանության գործին: 


Ավելի քան երկու տասնամյակ աշխատելով պետական տարբեր կառույցներում, զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, ակտիվորեն ներգրավված լինելով նաև հասարակական-քաղաքական ու գիտակրթական կյանքում՝ ես նույնպես չեմ կարող անմասն մնալ այդ ամենից: 


Երկար մտորումներից հետո, ինչպես նաեւ քաջալերվելով բազմաթիվ ընկերների և համախոհների կողմից՝ որոշել եմ նրանց հետ միասին ստեղծել նոր քաղաքական ուժ՝ Արցախի պահպանողական կուսակցությունը:
Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն դրականը, մեր բոլոր ձեռքբերումներն ու հաղթանակները, որոնք արձանագրվել են վերջին երեք տասնամյակների ընթացքում: Այդ ամենին մեր ժողովուրդը հասել է իր քաջ զավակների թափած արյան ու բազում զրկանքների գնով, հասել է իր քրտնաջան աշխատանքի, անսասան հավատքի եւ անսպառ լավատեսության շնորհիվ: Մենք պարտավոր ենք պահպանել այդ բոլոր նվաճումները: 
Միևնույն ժամանակ, նոր հասարակական-քաղաքական կյանքը, աշխարհաքաղաքական գործընթացները դինամիկ կերպով զարգանում են, ինչը պահանջում է համապատասխան ներուժով, արհեստավարժությամբ, բարձր բարոյական հատկանիշներով օժտված մարդկանց ներգրավումը երկրի քաղաքական կյանքին: Հենց այս հրամայականները հաշվի առնելով՝ մենք ուզում ենք ակտիվ մասնակցություն ունենալ մեր երկրի զարգացման եւ զորացման գործում, պաշտպանել ժողովրդի շահերը՝ նոր գաղափարներ եւ մոտեցումներ կիրառելով պետականաշինության գործընթացում: 

Այս համատեքստում պատրաստվում ենք ակտիվ մասնակցություն ունենալ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ժողովրդի քվեն ստանալու և Ազգային ժողովում ներկայացված լինելու դեպքում մենք հնարավորություն կունենանք ավելի արդյունավետորեն իրականացնել մեր ծրագրերը՝ ի շահ մեր ժողովրդի և հայրենիքի:


Կուսակցության գաղափարախոսության հիմքում ընկած են ազգային արժեքների, մեծ զոհողությունների գնով ձեռք բերված հաջողությունների եւ հաղթանակների պահպանումը, նոր իրավիճակում նոր մարտահրավերներին արդյունավետորեն եւ արհեստավարժորեն դիմակայելը:

Մեզ համար Արցախի ինքնիշխանությունը, անվտանգության բարձր մակարդակը, սոցիալական արդարությունը եւ ժողովրդավարությունը, շրջակա միջավայրի պահպանումը բացառիկ արժեքներ են:

Մեր կարգախոսներից են արհեստավարժությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը:
Ներքաղաքական կյանքում մենք որևէ մեկին դեմ չենք եւ որեւէ մեկին չենք համարում թշնամի, ավելին՝ անընդունելի ենք համարում մեր հասարակության ցանկացած երկպառակտում ու բևեռացում: Մեր ամենամեծ ներուժը միասնականությունն է:

Հարգելի՛ հայրենակիցներ, Ֆեյսբուք սոցիալական ցանցում ես պարբերաբար ուղիղ եթերների միջոցով ներկայացնելու եմ քաղաքական, տնտեսական, սոցիալական, աշխարհաքաղաքական եւ այլ խնդիրների շուրջ մեր մոտեցումները: Ակնկալում եմ ակտիվ հետադարձ կապ և կառուցողական քննարկումներ»:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն