Արցախի խորհրդարանը հաստատեց 2019 թվականի պետական բյուջեն

Քիչ առաջ ԱՀ Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի վերջին լիագումար նիստում 26 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն իր խոսքում նշել է, որ Արցախի խորհրդարանում արդեն մեկ ամսից ավելի է, ինչ համակողմանի քննարկման էր ներկայացված գալիք տարվա պետական բյուջեի նախագիծը:

Ելույթով հանդես է եկել ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ով մասնավորապես նշել է բարձրացված առաջարկությունների և բյուջեում կատարված վերջնական փոփոխությունների մասին: Նախարարի խոսքով՝ 2019թ.- բյուջեի եկամուտները կկազմեն 112 մլրդ 547 մլն դրամ, ծախսերը՝ 111 մլրդ 410.5 մլն դրամ, իսկ պրոֆիցիտը՝ 1 մլրդ 136.5 մլն դրամ։

Այնուհետև դրական եզրակացությամբ հանդես է եկել գլխադասային հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:

Պետական բյուջեի նախագծի քվեարկությունից առաջ ԱԺ բոլոր խմբակցությունները ներկայացրել են իրենց տեսակետները կողմ և դեմ քվեարկելու որոշման կապակցությամբ, որից հետո տեղի է ունեցել քվեարկություն:

Նիստին ներկա ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հանդես գալով եզրափակիչ խոսքով, նշել է, որ բյուջեում արտացոլված են մեր երկրի զարգացման հիմնարար սկզբունքները, սոցիալական պետության կարևորագույն ատրիբուտների պահպանումը: «Բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ԱԺ խմբակցությունների և պատգամավորների կողմից ներկայացվել են 100-ից ավելի առաջարկություններ: Դրանց մի մասը ընդունվել է: Մի շարք այլ առաջարկներ չընդգրկվեցին բյուջեի նախագծում` հաշվի առնելով հնարավորությունների առկա աստիճանը: Դրանք պարտադիր կերպով կուսումնասիրվեն»,- ասել է հանրապետության նախագահը՝ ընգծելով, որ գալիք տարում տնտեսական աճի ցուցանիշն, ըստ կանխատեսումների, կկազմի առնվազն 8 տոկոս:

Նշենք, որ 2019 թվականի պետական բյուջեի հաստատմանը դեմ են քվեարկել ընդդիմադիր «Վերածնունդ» և «Շարժում 88» խմբակցությունները:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն