Ստեփանակերտում խոշոր մարզահամալիր կկառուցվի. Արայիկ Հարությունյանը բարեգործական նոր ծրագրերի մասին է հայտարարել

Սփյուռքահայ մեր եղբայրների հետ պայմանավորվածության համաձայն՝ այս փուլում Ստեփանակերտում շուտով երկու նոր մանկապարտեզ կկառուցվի։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը:

Ա. Հարությունյանի տեղեկացմամբ՝ բացի նշվածից, բարերար Վլադիմիր Ավագյանցի հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ տեղերում առկա շենքերի կապիտալ վերանորոգման և վերակառուցման աշխատանքներից հետո մանկապարտեզներ կբացվեն նաև Մարտունու շրջանի Խնուշինակ և Հերհեր համայնքներում, իսկ Կարմիր շուկայի մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը հիմնովին կվերանորոգվի։

«Պարոն Ավագյանցի հետ պայմանավորվել ենք նաև Մարտակերտ, Մարտունի և Հադրութ քաղաքներում կառուցել նոր մարզադահլիճներ (ֆիթնես ակումբներ)՝ հագեցած ժամանակակից մարզագույքով։ Իսկ Ստեփանակերտում ավելի քան 2000 մ² տարածքի վրա կկառուցվի խոշոր մարզական համալիր, որի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումն ավարտման փուլում է»,- գրել է Ա. Հարությունյանը և ավելացրել, որ այդպիսով մեր երեխաների համար ստեղծվելու են հավելյալ պայմաններ անհոգ և ուրախ մանկություն ունենալու ճանապարհին։ Առողջ ու ապահով, կրթված ու զարգացած սերունդ դաստիարակելը յուրաքանչյուրի խնդիրն է, և այս գիտակցումով պետք է հետևողական կերպով շարունակել նախանշված բոլոր ծրագրերը։

Գրառման մեջ Ա. Հարությունյանն անդրադարձել է նաև նոյեմբերի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացվելիք տարեկան դրամահավաքի հեռուստամարաթոնին:

«Կարծում եմ՝ այն շատ լավ առիթ է յուրաքանչյուրիս համար՝ ցուցադրելու մեր միասնականությունն ու համախմբումը ազգային նպատակները քայլ առ քայլ իրականացնելու երկար ճանապարհին: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ լրացուցիչ միջոցների ներգրավումն անուրանալի դեր ունի Հայաստանի և Արցախի զարգացման գործում։ Ուստի հորդորում եմ բոլորիդ այս տարի ևս ակտիվ մասնակցել հեռուստամարաթոնին»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն