Արցախի ՄԻՊ-ի կողմից կանցկացվի «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով մրցույթ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է լուսանկարների և տեսանյութերի մրցույթ՝ «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով՝ նվիրված ԱՀ Սահմանադրության 12-րդ և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-րդ տարեդարձերին:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՄԻՊ աշխատակազմից:


Մրցույթն անցկացվում է Թուֆենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Ջուտիթ և Վիկտոր Սարյանների հովանավորությամբ, որոնք լուսանկարների և տեսանյութերի առանձին անվանակարգերում առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցներին հատկացնելու են 150,000-ական, երկրորդ հորիզոնականին՝ 100,000-ական, իսկ երրորդ հորիզոնականին՝ 50,000-ական ՀՀ դրամ:

Մրցույթի մասնակցության պայմաններն են՝

  • Մրցույթին կարող են մասնակցել Արցախի Հանրապետության դպրոցների բոլոր աշակերտները.
  • Լուսանկարները և տեսանյութերը պետք է վերաբերեն մարդու իրավունքներին, իսկ թե կոնկրետ ինչ իրավունքի և ինչպիսի դրսևորմամբ՝ թողնվում է հեղինակի հայեցողությանն ու ստեղծագործականությանը.
  • Մրցույթին ներկայացվող լուսանկարի ու տեսանյութի հեղինակը պետք է տվյալ մասնակիցը լինի.
  • Մրցույթին ներկայացվող լուսանկարները և տեսանյութերը չպետք է որևէ տեղ հրապարակված լինեն.
  • Լուսանկարները պետք է ունենան նկարագրություն, իսկ տեսանյութերը՝ վերնագիր, որոնք կարտացոլեն ներկայացվող նյութի հիմնական ասելիքը.
  • Տեսանյութերի տևողությունը չպետք է գերազանցի 2 րոպեն.
  • Լուսանկարի ծավալը չպետք է գերազանցի 10 MB-ը, իսկ տեսանյութի ծավալը՝ 100 MB-ը.
  • Նկարահանման համար կարելի է օգտագործել ցանկացած սարք.
  • Մեկ մասնակիցը կարող է ուղարկել մեկական լուսանկար և (կամ) տեսանյութ:

Վերոնշյալ պայմաններին չհամապատասխանող հայտերը չեն ընդունվելու:

Մրցույթի ընթացակարգը հետևյալն է՝

  • Լուսանկարներն ու տեսանյութերը պետք է մինչև ս.թ. դեկտեմբերի 5-ը ուղարկվեն info@ombudsnkr.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ կա՛մ կից ֆայլով, կա՛մ հղմամբ: Նամակի մեջ պետք է նշվի լուսանկարի նկարագրությունն ու տեսանյութի վերնագիրը, հեղինակի անուն ազգանունը, ծննդյան տարեթիվը, դպրոցի անվանումը, հեղինակի բնակության հասցեն և հեռախոսահամարը, իսկ նամակի վերնագրի դաշտում պետք է գրվի մասնակցի անուն ազգանունը և մրցույթի խորագրի անվանումը.
  • Նամակը ստանալուց հետո Պաշտպանի աշխատակազմը պատասխան նամակով կծանուցի մասնակցին հայտի ստացման մասին, այնուհետև տվյալ լուսանկարը կամ տեսանյութը կտեղադրի ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/ArtsakhOmbuds/.
  • Դեկտեմբերի 5-ի ժամը 23:59-ի դրությամբ ամփոփվելու են ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարների և տեսանյութերի ստացած հավանումները, և ամենաշատ հավանում ստացած 5-ական լուսանկարներն ու տեսանյութերն անցնելու են երկրորդ փուլ.
  • Երկրորդ փուլում մրցութային հանձնաժողովը քննելու է ֆեյսբուքյան օգտատերերի ամենաշատ հավանումներին արժանացած 5-ական լուսանկարներն ու տեսանյութերը՝ խորագրին համապատասխանելիության և ստեղծագործականության չափորոշիչների հիման վրա որոշելով լուսանկարի ու տեսանյութի անվանակարգերի լավագույն 3 հայտերը: Մրցութային հանձնաժողովի կազմում են մի խումբ հանրային գործիչներ Արցախի ու Հայաստանի Հանրապետություններից և Սփյուռքից՝ ԱՀ երկրորդ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ.
  • Ս.թ. դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարելու է հաղթողների անունները՝ նրանց տրամադրելով նախատեսված մրցանակները:


Մրցույթին ներկայացնելով իրենց լուսանկարներն ու տեսանյութերը՝ մասնակիցները դրանով համաձայնություն են տալիս, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կարող է տվյալ նյութերն օգտագործել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող իրազեկման ցանկացած աշխատանքներում:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն