
ԱՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 24.6 %-ով
Արցախի Հանրապետության սպառողական շուկայում 2018 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է գնանկում:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) նախագահ Մանուշ Մինասյանը:
Ըստ ոլորտի պատասխանատուի՝ սպառողական գների ընդհանուր մակարդակի փոփոխությունը պայմանավորված է համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումների, պարենային որոշ ապրանքատեսակների գնաճի, առանձին պարենային ապրանքատեսակների սեզոնայնության, սպառման կառուցվածքի, պահանջարկի և առաջարկի հարաբերակցության փոփոխության հետ:
«2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների սպառողական գների ինդեքսը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 102.2 %, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 103.3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 102.5%, ծառայությունների սակագներինը՝ 99.9%»,-հավելել է Մ. Մինասյանը:
Խոսելով արտաքին առևտրաշրջանառության ծավալների մասին՝ ԱՀ ԱՎԾ նախագահն ասել է, որ այն 2018 թվականի հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 194.2մլրդ դրամ կամ 402.8 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ապրանքների արտահանումը՝ 70.7 մլրդ դրամ (146.7մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը՝ 123.5մլրդ դրամ(256.1 մլն ԱՄՆ դոլար):
«2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցված արտաքին առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24.6 %-ով, ընդ որում` արտահանումը աճել է 37.8 %-ով, իսկ ներմուծումը՝ 18.1%-ով: Բացասական առևտրային հաշվեկշիռը նվազել է 1 %-ով»,-տեղեկացրել է Մ. Մինասյանը:
Մեկնաբանություններ