Համանախագահները տեղեկություններ են ստացել Փաշինյանի ու Ալիևի միջև ուղիղ կապի մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը այցելել էին տարածաշրջան, և այցի արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։Նշվում է, որ այցի գլխավոր նպատակը եղել է Դուշանբեում սեպտեմբերին կայացած ԱՊՀ գագաթաժնողովին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև զրույցի արդյունքների քննարկումը, Լեռնային Ղարաբաղի  հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հետագա քայլերի ուրվագծումը և տեղում իրավիճակի ընդհանուր գնահատումը:

Համանախագահները հոկտեմբերի 29-ին Երևանում հանդիպել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ և նոյեմբերի 1-ին Բաքվում՝ Իլհամ Ալիևի հետ։ Երկու մայրաքաղաքներում էլ նրանք խորհրդակցություններ են անցկացրել արտգործնախարարների և պաշտպանության նախարարների հետ։

Հոկտեմբերի 30-31-ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների հետ և այցելել են Քելբաջարի ու Աղդամի շրջաններ։

Հոկտեմբերի 31-ին նրանք մասնակցել են ԵԱՀԿ հրադադարի մոնիտորինգին՝ Աղդամի մոտ գտնվող շփման գծում։ Բաքվում համանախագահները հանդիպել են հակամարտությունից տուժած ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ։ Նրանք իրավիճակը քննարկել են նաև ԿԽՄԿ-ի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչների հետ։

Համանախագահների հետ հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարներն էլ հաստատել են, որ բռնությունների մակարդակը զգալիորեն նվազել է, քանի որ Դուշանբեում վերահաստատել են լարվածությունը նվազեցնելու իրենց հանձնառությունը։

Խորհրդակցությունների ընթացքում համանախագահները լրացուցիչ մանրամասներ են ստացել Դուշանբեում պայմանավորվածությունների վերաբերյալ, ներառյալ ուղիղ կապի հաստատման մասին։ Համանախագահները ողջունել են այդ զարգացումները, գովել կողմերին կառուցողական միջոցառումների բարեխիղճ իրականացման համար և աջակցություն են հայտնել ղեկավարների պատրաստակամությանը՝ շարունակելու իրենց երկխոսությունը։

Համանախագահներն ընդգծել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինտենսիվ բանակցությունների համար վստահության մթնոլորտի պահպանման կարևորությունը։

Արտգործնախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել մինչև այս տարվա վերջը։

Համանախագահները շուտով կմեկնեն Վիեննա՝ իրավիճակը ներկայացնելու ԵԱՀԿ Մշտական խորհրդին և Մինսկի խմբի անդամներին։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն