Ավելի քան 1000 տաղավար. Արցախում աճեցրած արևադարձային մրգերը զարմացրել են այցելուներին

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված, կազմակերպվել է «Բերքի տոն»:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ տոնավաճառին Արցախի բոլոր շրջանները, և ՀՀ-ում ու ԱՀ-ում գործող մի շարք ընկերություններ ներկայացրել և վաճառքի են հանել իրենց արտադրանքը:

Բերքն ու բարիքն օրհնել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Այնուհետև ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված գյուղատնտեսական մթերքներին և արտադրատեսակներին:

Մեզ հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանն ասել է, որ միջոցառումը կազմակերպվում է արդեն 8-րդ անգամ:

«Այս տոնակատարությունը նախորդներից տարբերվում է նրանով, որ ներգրավվել են ավելի շատ թվով մասնակիցներ: Բացի Վերածննդի հրապարակից, փառատոնի տաղավարներ տեղադրվել են նաև ԱՀ Նախագահի նստավայրին և կառավարության շենքին հարակից փողոցներում և ընդգրկել Թումանյան փողոցը: Այս տարի ներկայացվել է 1000-ից ավելի տաղավար՝ նախորդ տարվա 850-ի փոխարեն:

Տոնավաճառի ընթացքում նախատեսվում են նաև հետաքրքիր անակնկալներ՝ «Լավագույն շրջան», «Լավագույն վերամշակող կազմակերպություն», «Լավագույն մշակութային կատարում» և «Ամենացածր գին» անվանակարգերով մրցույթի տեսքով: Վերջին անվանակարգն ավելացել է այս տարի: Այդ նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք արձանագրում են նախապես համարակալված բոլոր տաղավարների գները: Ամենացածր գներ առաջարկող երեք տաղավարներ արժանանալու են թանկարժեք նվերների»,- մանրամասնել է Վ. Ավետիսյանը:

Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Բարսեղյանն ասել է, որ շրջանի 35 համայնքներ ներկայացրել է 28 տաղավար:

«Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի Մարտունու շրջանից մասնակցողների քանակն ավելացել է: Տաղավարներում էլ փորձել ենք բերքն ու բարիքը վաճառել շուկայականից ցածր գներով: Գյուղատնտեսական տարին բարենպաստ էր, ինչն էլ նպաստել է, որ շրջանն այսօր ներկայանա առատ բերք ու բարիքով, որը յուրահատուկ է մեր բնակլիմայական պայմաններին: Փառատոնը շատ արդյունավետ հարթակ է, որը հնարավորություն է տալիս գյուղացուն և արտադրողին վաճառել իր բերքը: Ժողովրդի կողմից նկատվում է ակտիվություն, ինչը տարեցտարի զգալիորեն աճում է, և փառատոնը վերածվում է ազգային համախմբության»,- ավելացրել է Է. Բարսեղյանը:

Քաշաթաղի շրջանի Քաշունիք համայնքի ղեկավար Լևոն Մովսիսյանն էլ նշել է, որ այս տարի ևս ներկայացրել են մերձարևադարձային մրգերից կիվանոն և ֆիզալիսը:

«Դրանք ամենամյա բույսեր են, որոնք աճեցվում են մեր համայնքում: Սերմերը բերել ենք դրսից: Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի ավելի շատ ենք ներկայացրել, քանի որ ավելացել են պատվերները: Տաղավարում ներկայացրել ենք նաև սերկևիլ, նուռ, արքայանարինջ, տանձի մի քանի տեսակ և այլ մթերքներ»,- ավելացրել է Լ. Մովսիսյանը:

«Ազատ Հայրենիք» կուսակցության երիտասարդական թևի անդամ Գոռ Բալասանյանն էլ նշել է, որ երրորդ տարին է, ինչ մասնակցում են «Բերքի տոն»-ին:

«Ներկայացրել ենք մեր երիտասարդ գյուղատնտեսների և մենատնտեսների արտադրանքը: Տոնի շնորհիվ երիտասարդ գյուղատնտեսներին ճանաչում են, և նրանք կարողանում են իրենց բերքը վաճառել: Տաղավարում առկա է հինգ տեսակի գինի, երեք տեսակի օղի, խոզի միս, խնձոր, նուռ և դդում: Գները իջեցրել ենք մոտ 10 տոկոսով»,- ասել է Գ. Բալասանյանը:

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝ https://artsakhpress.am/arm/news/94729/aveli-qan-1000-taxavar-arcakhum-atchecrats-arevadardzayin-mrgery-zarmacrel-en-aycelunerin.html

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն