Գլենդելի Արցախի փողոցի բարեկարգման համար 10 մլն դոլար կհատկացվի. Այն զբոսաշրջության կենտրոնի կվերածվի

Գլենդել քաղաքի կենտրոնական Մերիլենդ պողոտայի մի հատվածը վերջերս վերանվանվեց Արցախի փողոց։

Վիլեն Խաչատրյանը Միացյալ հայ երիտասարդներ կազմակերպության հետ միասին մի քանի տարի անհրաժեշտ փաստաթղթերն էր պատրաստում, ապացուցում վերանվանման կարեւորությունը:

«Արցախը խորհրդանշում է ազատությունն ու այն ամենն ինչ կապված է հայ ժողովրդի հետ, այդ պատճառով մենք որոշեցինք, որ Գլենդելում, որտեղ բնակվում են մեր հայրենակիցներից շատերը, պետք է լինի Արցախի փողոց», - պատմում է նա «Ամերիկայի Ձայն»-իռուսական ծառայությանը:

Գարնանը Գլենդելի քաղաքապետարանը միաձայն հավանություն էր տվել փողոցի վերանվանմանը: Նախաձեռնություն, որը բոլորին չէր դուր եկել:

«Պարզ պատճառներով, դեմ էր Ադրբեջանի ղեկավարությունը, նրանց հյուպատոսությունը նամակներ էր ուղղում», - նշում է Խաչատրյանը:

Կալիֆոռնիայի ղեկավարության հասցեին ուղղված իր նամակում Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոս Նասիմ Ագայեվը նշում էր. «Արցախը սխալ անվանում է: Այդպես են կոչում հայերը Լեռնային Ղարաբաղը, որը Ադրբեջանի տարածքն է»:

Հյուպատոսը խնդրել էր դադարեցնել փողոցի վերանվանման գործընթացը: Սակայն ի վերջո Գլենդելում բացվեց Արցախի փողոց: Վերանվանումը սկզբում դուր չէր եկել նաեւ Արցախի փողոցում գտնվող մի շարք բիզնեսների սեփականատերերի՝ հասցեի վերանվանման հետ կապված ծախսերի պատճառով: Ի պատասխան, Գլենդելի քաղաքապետարանը փողոցում գտնվող 130 բիզնես կազմակերպություններից յուրաքանչյուրին 1000-ական դոլար հատկացրեց: Քաղաքային բյուջեից եւս 10 միլիոն դոլար է հատկացվելու նոր փողոցի բարեկարգմանը: Արցախի փողոցը նախատեսվում է Գլենդելի զբոսաշրջության կենտրոնի վերածել:

«Այս փողոցն այցելող մարդիկ արդեն առնվազն կհետաքրքրվեն, թե ինչ է Արցախը, որտեղ է այն գտնվում», - նշում է ԱՄՆ-ում Լեռնայի Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Երգիչ Անդրեն պատմում է. «Ես ծնունդով Արցախից եմ, այնտեղ եմ ծնվել, այնտեղ էի պատերազմի տարիներին: Գրեթե ամբողջ ընտանիքս մասնակցել է պատերազմին, որից վերադարձան միայն հայրս եւ պապս: Մարդիկ կյանքը նվիրեցին հայրենիքին եւ այսօր ես հպարտ եմ, որ այստեղ եմ գտնվում»:

Գլենդելի բնակիչներից շատերն էին անհամբեր:

«Ես շատ եմ ուզում, որպեսզի ամենուրեք, ամբողջ Հայաստանում խաղաղ երկինք լինի, քանի որ հայ ժողովուրդը դրան երկար է սպասել», - ասում է Գլենդելի բնակիչներից մեկը:

«Հայաստանի համար սա շատ կարեւոր օր է, քանզի մենք բոլորս կարոտում ենք մեր հայրենիքը», - ավելացնում է մյուս բնակիչը:

Լոս Անջելեսի ոչ հայ բնակիչների կարծիքն այս կապակցությամբ տարբեր է:

«Մեզ համար հիմնական դժվարությունն Արցախ բառ արտասանելն է», - նշում է բնակիչներից մեկը:

«Չեմ հասկանում, ինչու էր անհրաժեշտ վերանվանել փողոցը: Չնայած՝ վատ գաղափար չէ», - ավելացնում է մյուսը:

«Եթե խոսքը հայկական թաղամասի մասին է՝ ուրեմն թող վերանվանեն, եթե ուզում են: Դա ձեր թաղամասն է, ձեր որոշումն է: Մենք ունենք կորեական թաղամաս, չինական թաղամաս, յուրաքանչյուրն ունի սեփական թաղամաս: Ուրեմն ինչո՞ւ չվերանվանել փողոցները ձեր ցանկությամբ», - եզրակացնում է երրորդը:

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները տեղեկացնում են, որ շուտով Լոս Անջելեսում կբացվի հայկական անվանում կրող եւս մեկ փողոց:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն