Արցախ են այցելել մի խումբ օտարերկրյա լրագրողներ և բլոգերներ

Նախօրեին, «Արցախակերտում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Արցախ են այցելել մի խումբ օտարերկրյա լրագրողներ և բլոգերներ՝ Ռուսաստանից, Լատվիայից, Հունգարիայից, Իսրայելից և Իտալիայից:

Խմբի անդամները մասնակցել են «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովին, հանդիպումներ ունեցել ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։

Հանդիպումների ընթացքում զրուցակիցները պատասխանել են խմբի մասնակիցների բազմաթիվ հարցերի, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Արցախի տնտեսությանն ու պետական կառավարման տարբեր ոլորտներին, արտաքին քաղաքական առաջնահերթություններին և միջազգային համագործակցության ոլորտում առկա ձեռքբերումներին, Արցախում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանն ու բնագավառում առկա իրավիճակին, ինչպես նաև Արցախի հոգևոր կյանքին ու քրիստոնեական արժեքների պահպանմանն ու արմատավորմանը:

Սեպտեմբերի 15-ին օտարերկրյա լրագրողները և բլոգերները մասնակցել են նաև Հադրութի շրջանի Տող գյուղում տեղի ունեցած գինու փառատոնին, որտեղ հնարավորություն են ունեցել ծանոթանալու Արցախի և Հայաստանի գինեգործության առանձնահատկություններին, արտադրվող գինու տեսականուն, ինչպես նաև հայկական խոհանոցին:

Կազմակերպվել են նաև խմբի ճանաչողական այցեր Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ինչպես նաև մի շարք պատմամշակութային և տեսարժան վայրեր:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն