Գովազդի համար զանգահարել 099 999 409

ՀՅԴ-ն կոլաիցիա չի կազմում ՀՀԿ-ի հետ, այլ սկսվում է քաղաքական համագործակցություն. Հարցազրույց դաշնակցական Արթուր Եղիազարյանի հետ

Загрузка...

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պատրաստվում են քաղաքական համագործակցության հուշագիր ստորագրել, ինչի մասին զրուցեցինք Հայ Հեղափոխական Դաշնակցության «Գարեգին Նժդեհ» կոմիտեության ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանի հետ:

 Բարև Ձեզ հարգելի Արթուր: Դաշնակցությունը կոալիցիա է կազմում իշխանության հետ, արդյոք չեք կարծու՞մ, որ Դաշնակցության վարկանիշը կընկնի:


- Բարև Ձեզ: Սկսենք նրանից, որ ոչ թե մի քաղաքական ուժն ու իշխանությունն են կազմում կոալիցիա, այլ` երկու և ավելի քաղաքական ուժերը: Տվյալ պահին, կարծում եմ նկատի ունեք ՀՅԴ-ի և ՀՀ-ում քաղաքական իշխանություն ունեցող ՀՀԿ-ի միջև ընթացող քաղաքական բանակցություններին: Միանգամից ասեմ, որ ՀՅԴ-ն կոլաիցիա չի կազմում ՀՀԿ-ի հետ, այլ սկսվում է քաղաքական համագործակցություն: Ինչ վերաբերում է վարկանիշին` բնականաբար այդպես չեմ կարծում: Ու՞մ մոտ է ընկնում: Մինչ այժմ իրենց բոլոր քայլերով ձախողած քաղաքական ուժերի մո՞տ: Թե՞ ԱԺ նախորդ ընտրության ժամանակ ՀՅԴ-ից դուրս այլ քաղաքական ուժերի օգտին 94% քվեարկողների՞: Ընկնելն այն ժամանակ կլիներ, երբ ՀՅԴ-ին ձայն տվողները նվազեին: Իսկ դա տեսանելի կլինի միայն հաջորդ ԱԺ ընտրություններին: Գիտե՞ք, հիմա խոսելով չի, այլ երբ գործնական տեսանելի քայլեր կլինեն, կտեսնենք` իջնում է՞, թե՞ բարձրանում: Սա ժամանակի հարց է: Բնականաբար, ՀՅԴ-ում հստակ հասկանում են ՀՀ-ում առկա ներկա բարոյահոգեբանական մթնոլորտը, անվստահության առկայությունն ու հավատի կորստի հանգամանքը: Բայց որտեղի՞ց է այդ ամենը գալիս: Հենց այն ամենից, ինչը փոխելու համար ՀՅԴ-ն գնում է համագործակցության` ավելի լավ պետություն ունենալու համար, որտեղ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարողանա արժանապատիվ ապրել սոցիալապես ու իրավական ավելի արդար երկրում, որտեղ քաղաքացին չխորթանա իր պետությունից, իրեն չզգա օտարված տարր ու կարողանա իրացնել իր ողջ ստեղծագործական ներուժը` ի բարօրություն իր ընտանիքի ու հանրության: Մինչև այս խնդիրները առավելագույն լուծում չստանան` շատ դժվար կլինի դիմակայել արտաքին մարտահրավերներին, որոնք օրեցոր օղակում են մեր երկրի շուրջ …

  Դուք նշում եք, որ սա կոալիցիա չէ, ինչո՞վ է տարբերվում այս համագործակցությունը կոալիցիայից:

- Կոալիցիան երկու կամ մի քանի քաղաքական կուսակցությունների միջև համաձայնությունն է, երբ կուսակցություններից ոչ մեկը մեծամասնություն չունի պառլամենտում: Կարծում եմ, որ ոչ մեկի համար գաղտնիք չի, որ ներկա ԱԺ-ում, առանց ՀՅԴ-ի կամ որևէ այլ քաղաքական ուժի հետ համագործակցության` ՀՀԿ-ն միայնակ հանդիսանում է մեծամասնություն, որին նպաստում էր նախորդ սահմանադրությամբ ամրագրված մեծամասնական ընտրակարգի առկայությունը: Ինչպես գիտեք, սահմանադրական փոփոխություններից հետո, 2017թվ-ին, այլևս մեծամասնական տեղեր չեն լինելու` իրենց բոլոր հետևանքներով:

 Դուք անձամբ ի՞նչ դերակատարում եք ունենալու, համագործակցության գործընթացների մեջ:

 - Ուղղակի, որպես ՀՀ քաղաքացի ու շարքային կուսակցական` տրամադրված եմ լավատեսությամբ, ու հավատում եմ, որ սպասվող անկեղծ ու տքնաջան աշխատանքի արդյունքում, վերջիվերջո կկերտենք այն երկիրը, որի մասին երազում էինք` 1991 թվ-ի անկախության հանրաքվեին գնալով ու հաջորդող պատերազմական տարիներին: Ինչ որ պահից երկրի զարգացման ընթացքը սխալ գնաց, որի պտուղներն այժմ քաղում ենք բոլորս: Ժամանակն է «Գնացքը» իր ռելսերի վրա դնել: Գործընթացին տրամադրված եմ դրականորեն, որովհետև ուզում եմ ունենալ մի երկիր, որտեղից զավակներս չմտածեն արտագաղթելու մասին ու այնքան գրավիչ դառնա, որ մեր հեռացած հայրենակիցները մտածեն վերադառնալու, իսկ սփյուռքահայությունը` արմատներն այստեղ գցելու մասին:

 Դուք նախկինում ակտիվորեն քննադատում էիք հանրապետականին և նրա անդամներին, արդյո՞ք այս համագործակցությունը որոշակիորեն կփոխի քաղաքական ակտիվությունը:

 - Եկեք հարցը ճիշտ ձևակերպենք: Ես երբեք ոչ մեկին չեմ քննադատել իր կուսակցական պատկանելության համար: Քննադատական մոտեցում ունեցել եմ այն գործողությունների կամ գործընթացների վերաբերյալ, որոնք իմ կարծիքով սխալ են եղել կամ բացասական: Ունեմ կայուն և ձևավորված արժեհամակարգ, չեմ կարծում, որ որևէ գործընթաց կփոխի քաղաքական ակտիվությունը: Հակառակը, կարծում եմ ներքին պատասխանատվության զգացումն ավելի խստապահանջ կդարձնի, քննադատությունն էլ` ավելի կառուցողական: Հեշտ է սխալների մասին խոսել: Բայց եթե դա գործից անջատ է` վերածվում է էժանագին պոպուլիզմի: Պետք է սովորենք սխալների հետ նաև նշել լուծման, այդ վիճակից դուրս գալու իրատեսական ուղիները: Միայն քննադատելով, առանց ծրագրային հենքի` ոչ մեկիս կյանքը չի բարելավվի: Հիմա ուզում ենք միայն ամպագոռգոռ խոսե՞ն, հայհոյե՞նք: Նմանները շատ են, դրանց պակասություն չկա: Բայց դրա արդյունքում որևէ դրական բան փոխվե՞լ է մարդկանց կյանքում: Եթե այսօր սթափ չվերանայենք մեր գործողությունները ու երկիրը միասնական ուժերով չհանենք այս վիճակից` պատմությունը ոչ մեկիս չի ներելու … Հուսով եմ, որ կարճ ժամանակ անց ժողովուրդը կզգա ու կտեսնի դրական քայլեր, որոնք էլ կամրապնդեն հավատն ու վստահությունը բոլորիս միասնական ապագայի հանդեպ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն