Չարաշահումներ դիզվառելիքի հետ կապված. պետբյուջեից անհիմն տրամադրվել է 104 մլն դրամից ավելի սուբսիդիա

Գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով քրեական գործ է հարուցվել:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից FBH.am-ին հայտնեցին, որ քննությամբ պարզվել է, որ նախարարության պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների հատկացման կարգի պահանջները, այսինքն չեն կատարել սուբսիդիայի հիմքում դրված նվազագույն շահավետ գնի նորմատիվների հաշվարկման և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցման իրենց ծառայողական պարտականությունները, բացի այդ 2015թ. ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացրել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով թեև սահմանվել է 2015թ. դիզելային վառելիքի սուբսիդավորման գինը 1 լիտրի համար 55 դրամ, այնուամենայնիվ նույն որոշման մեկ այլ կետով և դրա հիման վրա կնքված համաձայնագրով մատակարար ընկերությանը փոխհատուցվել է 88 դրամ՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին,  ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ պետական բյուջեից դիզելային վառելիքի գծով 2015թ. անհիմն, շուկայական գներից թանկ, տրամադրվել է 104 մլն դրամից ավելի սուբսիդիա:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն