«Ժառանգությունը» կոչ է անում նաև 2013-ի ընտրությունները հետաքննել

Մեղադրյալի աթոռին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնվելը հաստատում է, որ ժողովրդի կամքն անբեկանելի արժեք է: Այդ մասին ասվում է «Ժառանգություն» կուսակցության հայտարարության մեջ, որտեղ նշվում է նաև, որ ժողովրդի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, վաղ թե ուշ, պատժվում է օրենքով:

«Ժառանգություն» կուսակցությունը նաև Նոր Հայաստանի իրավապահ մարմիններին կոչ է անում վերոնշյալ գործընթացի շարունակականությունն ապահովելու և երկրում օրինականության հիմքերն ամրացնելու համար բացել ՀՀ պետականության ևս մեկ ամոթալի հանգրվանի` 2013թ. նախագահական ընտրականգործընթացի էջը, որի շրջանակում Սերժ Սարգսյանի վարչակարգը ակնհայտ ձայնագողությամբ փոխեց ընտրությունների արդյունքները՝ սեփական իշխանությունը ևս հինգ տարով երկարաձգելու համար:

«Դա ոտնձգություն է ՀՀ սահմանադրական կարգի նկատմամբ, քանի որ պետական ինստիտուտները ծառայեցվել են անհատի անօրինական իշխանությունը երկարացնելու համար: Դեռևս 2008-ին ապօրինաբար ձևավորված` Սերժ Սարգսյանի իշխանությունը 2013 թվականին` որպես վատ սովորություն, կրկին հաշվի չնստեց սեփական ժողովրդի կամարտահայտության հետ՝ հենց ընտրական տեղամասում խեղդելով ազատ, իրավական երկրում ապրելու` ժողովրդի կամքն ու ցանկությունը:

2013 թվականի նախագահական ընտրությունները «Ժառանգություն» կուսակցության կամ որևէ այլ քաղաքական ուժի հարցը չէ: Տեղի ունեցածը հարված էր մեր պետականությանը և մինչ օրս չի ստացել իրավական ու քաղաքական պատշաճ գնահատական:«Ժառանգությունը» պատրաստակամ է օգնել մեր իրավապահ համակարգին` ընտրագողության հետ կապված խնդիրը համակողմանի դիտարկելու և ողջ ճշմարտությունը ջրի երես հանելու համար:Այս և ամեն դեպքում բոլոր քաղաքացիների՝ այդ թվում մեղադրյալների, սահմանադրական իրավունքի ամրագրումը հրամայական է», -ասվում է հայտարարության մեջ։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն