Պայմանագրային զինծառայողը շմոլ գազից խեղդվել է իր բնակարանի լոգարանում. նոր մանրամասներ

ԶՔԳՎ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Զիրոյանի մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Նախնական տվյալներով՝ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Վանիկի Զիրոյանը մահացել է հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, իր բնակարանի լոգարանում գազից թունավորվելու հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մհեր Զիրոյանի հորեղբորորդի Արթուր Զիրոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի օրը դիրքերից է իջել. «Պոստերից իջել է, լողացել է, որ պետք է Հայաստան գար, էն էլ շմոլ գազից խեղդվել է: Ընկերների հետ է տանը եղել, դուռը բացել են, արդեն տեսել են, որ մահացած է»,- հայտնեց նա: 

Մհեր Զիրոյանը ծառայում էր Հադրութում: Արդեն 5 տարի է ՀՀ զինված ուժերի սպա էր, վաշտի հրամանատար: Ավագ լեյտենանտ Մհեր Զիրոյանը ծնունդով Մարալիկից էր, բայց ապրում էր Գյումրիում: 

«Ապրիլյան պատերազմի մասնակից էր, վիրավորվել էր սրտի տակից, մազով պրծել էր»,- ասաց Արթուր Զիրոյանը:

Հիշեցնենք, որ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 6-ին ժամը 02:10-ի սահմաններում դժբախտ պատահարի հետեւանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992 թվականին ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն