Հայանիստ գյուղում ձկնաբուծարանից հեռացվող ջուրը գյուղացին կարողանում է օգտագործել ոռոգման նպատակով

Загрузка...

Արարատի մարզի Հայանիստ գյուղում ձկնաբուծարանից հեռացվող ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու համար կառուցվել է պոմպակայան։ 

Պոմպակայանը կառուցվել է ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն» (ԳԱՏՕ) ծրագրի կողմից։ 

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այստեղ ձկնաբուծարանի ջուրը մղվում է ոռոգման նպատակով, իսկ արդյունքում ստացված բերքը բավարարում է սննդի անվտանգության բոլոր նորմերին։ 

«Ձկնաբուծարանից ստացված ոռոգման ջրով աճեցված բերքը իր համային և որակական առումներով չի զիջում միայն ոռոգման նպատակով օգտագործվող խորքային հորի ջրի արդյունքին։ Մեկ այլ կարևոր հանգամանք էլ կա՝ բնապահպանական տեսանկյունից սա շատ օգտակար է, ինչպես նաև տնտեսական առումով նույնպես։ Տվյալ պոմպակայանը գործում է արդեն մեկ տարի։ Այս ջուրը համապատասխանում է նաև FAO-ի կողմից նախատեսված նորմերին»,- ընդգծեց նախարարը։ 

ԳԱՏՕ ծրագրի ինժեներ Հայկ Պետրոսյանը նշեց, որ այդ պոմպակայանը տալիս է 250 խմ/ժամ ջուր և այդ ջրով ներկայումս ոռոգվում է 40 հա հողատարածք: 

«Քանի որ տեղադրված է երկու պոմպ, հնարավորություն կա, որ դրանք միաժամանակ աշխատեն և ջրվող տարածքը մեծացվի մինչև 80 հա։ Այս ուղղությամբ գյուղացիները պետք է մտածեն և որոշեն, ցանցը ստեղծված է և հնարավորությունը՝ տրված։ Սա առաջին տարին է, որ գյուղացին այս ջրով մշակել է և բերք ստացել։ Հայանիստում այս տարի առաջին անգամ դաշտում վար ու ցանք է արվել, մինչ այդ տարածքի բազմաթիվ դաշտերից ոչ մեկը չի մշակվել»,- շեշտեց Հայկ Պետրոսյանը։ 

Նրա խոսքով՝ բացի ջրի փորձաքննություններից, անալիզի է ենթարկվել նաև բերքը՝ լոլիկը, բամիան, սեխը, ձմերուկը և այլ մշակաբույսեր։ Փորձաքննության արդյունքները շատ հուսադրող են եղել։ Մթերքի օրգանոլեպտիկ (համային դեգուստացիա) ուսումնասիրություն նույնպես իրականացվել է։ 

«Ստեղծվել էր հատուկ հանձնաժողով և նրանք առանց իմանալու, թե բերքը խանութից է, թե շուկայից, թե Հայանիստում աճեցվածն է, փորձել են և ամենալավ արդյունքները հենց այստեղի բերքն է գրանցել»,- ասաց ԳԱՏՕ ծրագրի ինժեները։ 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն