Լևոն Հայրապետյանի գործերը ոչ միայն կապրեն, այլ հենց կյանք տալ կշարունակեն հայրենիքում

Загрузка...

Լևոն Հայրապետյանի մասին հիմա գրում եմ, քանի որ, չասեմ բախտ եմ ունեցել, բայց կասեմ, որ անկախ այն հանգամանքից, որ ծանոթությունը սկսել է տարաձայնությամբ՝ պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչել, շփվել:
Չեմ ներկայացնի կենսագրական կյանքի ողջ ճանապարհը, արված բոլոր հայտնի և անհայտ աշխատանքները, քանի որ ՖԲ-ում բազմաթիվ նման գրառումներ տեսա:
Բայց կարդալով նաև տարատեսակ գրառումներ նրա դրական կամ բացասական անձ լինելու մասին՝ կանդրադառնամ միայն մի կողմին: 

Ինձ համար գլխավորը խոսքը չէ, այլ գործը: Չգիտեմ ու չեմ ուզում ընկղմվել նրա ռուսաստանյան գործունեության մեջ, հեռու էր, մեզ հետ ուղղակիորեն չառնչվող: Ինձ գրավող էր նրա անմնացորդ նվիրումն իր բնօրրանին՝ Արցախին ու նրա մի գողտրիկ անկյանը՝ Խաչենի ձորակին: Դեռևս պատանեկան տարիներից ուսման մեկնելով ու մշտական բնակություն հաստատելով Ռուսաստանում, նա մնաց իր երկրի կատարյալ նվիրական զավակը: Երբ ԽՍՀՄ փլուզումից հետո ՌԴ-ում սկսեց զբաղվել հայտնի-անհայտ բիզնեսով (էական չէ), նա հայացքն ուղղեց դեպի իր ծննդավայր ձորակը՝ Վանք, Ծմակահող, Շահմասուր, Գառնաքար, Թբլղու, Քոլատակ, Առաջաձոր գյուղերով, Արցախի երբեմնի կաթողիկոսանիստ Գանձասարով ու Խաչենի մելիքության անվանատու Խաչեն գետով:

Բացարձակապես ԴՐՍՈՒՄ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՀԵՌՈՒ ստեղծած իր կապիտալի մի մասն ուղղորդեց ձորակի զարգացմանը, հիմնականում անհատույց կամ ավելի քիչ՝ ինքնարժեքը փակող աշխատանքներին, որոնց եկամուտն անգամ անվերադարձ ծախսում էր նույն ձորակում: Ստեղծեց 2 ինքնատիպ հյուրանոցներ («Տիտանիկ» նավի նմանությամբ և «Ծովին քար»՝ իր մանկության նույնանուն՝ Խաչեն գետի լողափի մոտ՝ հայտնի «Ժայռայուծ»-ով, որի մոտ ամեն Արցախ այցելող ուզում է անպայման նկարվել)՝ ձորակ այցելողների հոսքը մեծացնելու համար: Հիմնեց որակյալ կահույքի փայտամշակման արտադրամաս: Բացեց կենդանաբանական հարուստ այգի:

Խաչեն գետի տարբեր հատվածներում սկսել էր հիմնել թիավարության և ձկնորսության տեղամասեր, այդ նպատակով 5 տարով արգելվեց կարմրախայտի որսը, որով՝ գետը հարստացավ բարձրարժեք ձկնեղենով: Բուծում էր բարձրարժեք ձիեր ու ցանկանում էր սելեկցիայի ճանապարհով վերականգնել և բնության մեջ ազատ բնակեցնել Արցախի երբեմնի հպարտություն հանդիսացած հայտնի «Արցախյան նժույգ» ցեղատեսակը, որը աշխարհահռչակ արաբական նժույգի նախնին էր: Վանքում հիմնեց նմանատիպը չունեցող բարձրակարգ դպրոց, որին անգամ արևմտյան ու ամերիկյան դպրոցները կնախանձեին: Վերականգնեց ու նորացրեց Գանձասարի պարիսպը, որը չնայած շատերի կողմից պարսավանքի արժանացավ՝ հնությունը նորացնելու համար, բայց նա իր երկիրը թանգարան չէր դիտում բաց երկնքի տակ, այլ՝ եռացող ու ապագայատենչ կյանքով լի: Մի օր հենց այդպես էլ ասաց. «Գանձասարը տարբեր դարերում վերանորոգվել է, փոխվել, թարմացել ու լավացել, որ հասել է մեր դարերը, ես էլ ուզում եմ, որ 1000 տարի անց այցելողն էլ կանգուն ու գեղեցիկ տեսնի»: 

Բարեկարգեց ձորակի ու ձորակի մեջ մտնող գյուղերի ճանապարհները: Չէ, չբարեկարգեց. ավելի շուտ նոր ճանապահներ դարձրեց՝ առանց կարկատանների: Այդ ճանապարհները սպասարկող մեքենաներ բերեց՝ ամեն օր մաքրելու ու լվալու համար: Նման բան այլ տեղ երբևէ չեմ տեսել ու չէի լսել անգամ:
Ողջ ձորակն ապահովեց աշխատատեղերով՝ կանխելով արտագաղթը:

Կազմակերպեց Արցախյան Մեծ Հարսանիքը՝ կարծեմ 784 երիտասարդ զույգի համար: Այնուհետև՝ շահագրգռելով խթանեց, որ այդ նորաստեղծ ընտանիքները արագ ու շատ զավակներ ծնեն, դրանով 1 տարվա ընթացքում Արցախի բնակչությունն ավելացնելով ու ժողովրդագրական պատկերը բարելավելով:
Չգիտեմ, արագ գրելով՝ այսդ պահին ինչ հիշեցի՝ դրա մասին գրեցի: Բայց իր գործերն ավելի ու ավելի շատ են հայրենի երկրում: Շատ բան կարող էի ասել, բայց այսքանով սահմանափակեմ խոսք ու մտրումս:
Ինքը գնաց: Բայց վստահ եմ, որ իր գործերն իրեն հավերժ ողջ կպահեն ազգի պատմության մեջ:

Որքա՜ն Խաչենի ձորակի պես ձորակներ կան, որտեղից դուրս են եկել բազում մեծահարուստներ: Ու եթե յուրաքանչյուրն այդքան գուրգուրանքով վերաբերեր իր ծննդավայրին ...
Որքա՜ն, անգամ իրենից ավելի մեծահարուստներ ունենք օտար եզերքներում, որոնց անգամ դրսում արված գործերն անհետանալու են ժամանակի մեջ՝ ինչպես պատմությունն է ցույց տալիս: Բայց հայրենակենտրոն Լևոն Հայրապետյանի գործերը ոչ միայն կապրեն, այլ հենց կյանք տալ կշարունակեն Հայրենիքում ...
Հիշատակդ թող հավերժ ապրի, Մեծ Հայորդի: Հանգչիր խաղաղությամբ: Դու անկասկած գնահատված ես: Ինձ համար այլ կարծիք չկա ...

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10214912089103789&set=a.1941433303573.115937.1474663336&type=3&theater

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն