Թուրքիայի գործող վարչախումբն ապացուցել է՝ տարածաշրջանում խաղաղության հաստատումը չի բխում իր շահերից. Սերժ Սարգսյան

Թուրքիայի գործող վարչախումբը, հրաժարվելով կյանքի կոչել 2009թ. ստորագրված Ցյուրիխյան արձանագրությունները, ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելը չի բխում իր շահերից: 

«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում իր ելույթում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հայաստանն այս բարդ տարածաշրջանում դեռևս պարտադրված է ապրել շրջափակման մեջ: Չնայած մեր բարի կամքին, բոլոր միջազգային գործընկերների կողմից բարձր գնահատված քաղաքական խիզախությանը՝ Թուրքիան հրաժարվեց կյանքի կոչել 2009թ. ստորագրված Ցյուրիխյան երկու արձանագրությունները: Ավելին, փորձեց Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններին՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելը այդ երկրի ներկայիս վարչախմբի շահերից չի բխում:  2015թ. փետրվարի 10-ին ես հետ կանչեցի ստորագրված արձանագրություններն Ազգային ժողովի օրակարգից: Նույն տարում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ես արդեն հայտարարել եմ այս հարցի առնչությամբ Հայաստանի վերջին խոսքը, և այդ դիրքորոշումը չի փոխվել»,- ասաց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը նշեց, որ տեսնելով Թուրքիայի շարունակական ուրացումը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին դարձավ պարզապես արհամարհանք ժամանակակից քաղաքակրթության արժեքների նկատմամբ, միջազգային հանրությունը և հայկական սփյուռքը պետք է հետամուտ լինեն նոր ռազմավարության: «Աշխարհի շատ առաջատար երկրներ արդեն իսկ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Այս երկրներում ապրող մեր հայրենակիցները կարող են հպարտությամբ հռչակել իրենց հաղթանակը, և այդ հպարտությամբ կարող ենք աշխատել այդ երկրների հետ նոր օրակարգի ձևավորման ուղղությամբ»,- ընդգծեց ՀՀ Նախագահը:  

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն