«Քնելա հետս, տուն տանելու չի». երիտասարդը սպանել է իր կույս ընկերուհուն վարկաբեկող նախկին ընկերոջը

1in.am-ը գրում է՝

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Գոռ Սարգսյանի գործի դատական քննությունը:

Գոռ Սարգսյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սպանությունը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 8-ին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասում:

25-ամյա Գոռը հանդիպել է պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Ազատ Ա.-ի հետ: Աղջկա «թեմայով» են խոսել՝ Ազատի նախկին ու Գոռի ներկա ընկերուհու՝ նույն աղջկա մասին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ տուժող Ազատ Ա.-ն 2015 թվականի հունվարից սեպտեմբեր ընկերություն է արել մի ուսանողուհու հետ:

2016 թվականի մարտից աղջիկը սկսել է հանդիպել սևանցի Գոռ Սարգսյանի հետ:

Գոռը նախաձեռնել ու 2016 թվականի ապրիլի 4-ին տնտեսագիտական համալսարանի մոտակայքում հանդիպել է աղջկա նախկին ընկեր Ազատին:

Վերջինս նախկին ընկերուհու վերաբերյալ վատ է արտահայտվել. «Տուն տանելու աղջիկ չի, քնելա ինձ հետ»:

Գոռը նեղվել ու աղջկան տարել է բժշկական հետազոտության: Ըստ բժշկի՝ աղջիկը կույս է եղել:

Ազատի կողմից աղջկան վարկաբեկելը Գոռին զայրացրել է: Նա Ազատին երկրորդ ժամադրությունն է նշանակել՝ ասելով, թե խոսելու բան կա:

Ապրիլի 8-ին, ժամը  13.30-ից 14-ի սահմաններում Գոռն ու Ազատը հանդիպել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքի մոտակայքում:

Գոռն ու Ազատը քայլել են դեպի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասը: Այնտեղ Գոռը նախ գլխով հարվածել է Ազատ Ա.-ի դեմքին,  աջ աչքի շրջանում Ազատին վնասվածք է պատճառել: Այնուհետև Գոռը, չհանգստանալով, դանակի երկու հարված է հասցրել Ազատի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ:

Գոռ Սարգսյանը դանակով հարվածներ հասցնելուց հետո փախել է Չարենցի փողոցով, տաքսիով հասել է Արեշ, հետո մեկնել է Սևան…

Ազատ Ա.-ն դանակահարված վիճակում, կուրծքը բռնած՝  կարողացել է ընդառաջ գնալ համալսարանի հետնամասում սպասող ընկերներին: Նա հասցրել է ասել. «Սկոռի կանչեք, մեռնում եմ», և տապալվել է գետնին:

Ազատին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գիտակցության չգալով՝  նույն օրը, ժամը 17-ն անց 45-ի սահմաններում մահացել է:

Ապրիլի 9-ի վաղ առավոտյան Գոռ Սարգսյանը ներկայացել է ոստիկանության բաժին:

Գործով անցկացված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ Գոռ Սարգսյանը ճանաչվել է մեղսունակ, ըստ դատական հոգեբանի՝ դեպքի պահին փորձաքննվողը եղել է լարված, բայց ոչ՝ ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում:

Դատարանը հասել է դատական վիճաբանությունների փուլին:

Մեղադրող դատախազը միջնորդել է Գոռ Սարգսյանին մեղավոր ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել 11 տարի ազատազրկման:

Դատական այս նիստին զգացմունքային ելույթ ունեցավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ա. Ապրեսյանը:

Նա նշեց, թե ինչ խոր ողբերգություն է ապրում սպանված երիտասարդի ընտանիքը՝ այնտեղ մեծացող 7-ամյա երեխան անընդհատ հարցնում է, թե որտե՞ղ է եղբայրը՝ Ազատը, ե՞րբ է գալու: Ազատի մայրը հոգեկան  այնպիսի ծանր վիճակում է, որ անկարող է եղել գալ դատարան ու նայել իր որդուն կյանքից զրկած անձնավորության դեմքին:

Ա. Ապրեսյանը նշեց, որ Ազատը երիտասարդ էր, նրա կյանքը նոր էր սկսվում, նա նպատակներ ու ձգտումներ ուներ: Ակնարկելով գործում տեղ գտած արտահայտությանը, թե Գոռ Սարգսյանը Ազատին սպանել է՝ վերջինիս հակաբարոյական պահվածքի ազդեցության տակ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հռետորական հարց հնչեցրեց. «Այդ ի՞նչ հակաօրինական պահվածք է դրսևորել երիտասարդը, որ արժանացել է դանակի մահացու հարվածի»:

Ա. Ապրեսյանն ընդգծեց, որ համալսարանի մոտ ճակատագրական հանդիպումը նախաձեռնել է Գոռ Սարգսյանը, նա Սևանից հասել է Երևան, ուսումնական հաստատությունից հանել է Ազատին, «ցինիկաբար» նախ գլխով հարվածել է Ազատի դեմքին, ապա դանակը մխրճել է նրա սրտի մեջ:

«Գոռ Սարգսյանն իրեն իրավունք է վերապահել Աստծու տված կյանքը վերցնել… Ինչպես սառնասրտորեն սպանել է, այնպես սառնասրտորեն էլ պիտի պատժվի»,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ միջնորդելով Գոռ Սարգսյանին դատապարտել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված ամենախիստ պատժին՝ 15 տարի ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդը ներկայացրել է 4 միլիոն 128 հազար դրամի քաղհայցի պահանջ: Ամբաստանյալի հարազատները գործի քննության ընթացքում հատուցել են 2 միլիոն դրամը: Տուժողի իրավահաջորդը պահանջում է, որ մնացած 2 միլիոն 128 հազար դրամը ևս հատուցվի:

Պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Գոռ Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ սիրած աղջկան Ազատ Ա.-ի կողմից անվանարկելու պատճառով Գոռը գտնվել է տևական հոգեճնշող վիճակում: Ազատի հետ հանդիպման նա գնացել է կոնֆլիկտը լուծելու, ոչ թե սպանություն կատարելու մտադրությամբ:

Փաստաբան Հովհաննիսյանը նշեց, որ գործի նախաքննության ընթացքում խախտվել է Գոռ Սարգսյանի պաշտպանական իրավունքը: Մասնավորապես՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվել է անօրինական օպերատիվ-հետախուզական գործողություն՝ «Ներքին դիտում», որի ժամանակ կատարված տեսաձայնագրությունը, ըստ փաստաբանի, պետք է ճանաչվի որպես անթույլատրելի ապացույց: Փաստաբանը նշեց, որ այդ գործողությունն անցկացնելու միջնորդությամբ ոստիկանությունը դատարան է դիմել 2016 թվականի ապրիլի 9-ին, ժամը 6-ն անց 30-ին, դատարանն այդ հարցը քննարկելու նիստն անց է կացրել ժամը 7-ից մինչև  7-ն անց 10 րոպե: Սակայն խնդիրն այն է, որ Գոռ Սարգսյանն ինքնակամ ոստիկանություն է ներկայացել ապրիլի 9-ին, ժամը 6-ն անց 50 –ին, ստացվում է՝ Գոռ Սարգսյանի ներկայանալուց 20 րոպե առաջ՝ 6-ն անց 30-ին ոստիկանությունը դատարան է դիմել՝ Գոռ Սարգսյանի նկատմամբ «Ներքին դիտում» գործողությունն անցկացնելու թույլտվություն ստանալու համար…

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/2191121.html

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն