Ժառանգությունում դաշինքների պահով չեն կարողանում գալ կոնսենսուսի

Загрузка...

Հետեւելով վերջին օրերի հրապարակումներին՝ կարելի է վստահաբար ասել, որ Ժառանգություն կուսակցությունը դժվարին պահեր է ապրում: Լուրեր են պտտվում, որ կուսակցությունը փլուզման եզրին է. դրանք, այնուհանդերձ, Արմեն Մարտիրոսյանը հերքեց: Անգամ, եթե անտեսենք կուսակցության փլուզման մասին լուրերը, միեւնույնն է, պարզ է, որ կուսակցության առանցքը վաղուց խախտվել է, ժառանգականները քաղաքական որոշումների հարցում չեն կարողանում գալ կոնսենսուսի:

Կարծում եմ՝ շատերն են նկատել, որ Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Մարտիրոսյանի ջրերը վաղուց մի առվով չեն հոսում: Յուրաքանչյուրը փորձում է առաջ մղել իր ամբիցիաները, կծել դիմացինին, ցույց տալ, որ Ժառանգությունում ասողն ինքն է: Ինչպես երեւում է, հիմնական կռիվը դաշինքներ կազմել-չկազմելու շուրջ է: Բանն այն է, որ նախօրեին Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ Ժառանգությունը բանակցություններ է վարում տարբեր քաղաքական ուժերի հետ եւ ըստ էության չբացառեց դաշինքով հանդես գալու հավանականությունն այն ուժերի հետ, որոնց գաղափարախոսությունը չի հակասի Ժառանգության գաղափարախոսությանը: Մինչդեռ Զարուհի Փոստանջյանն այսօր բավական կտրուկ արձագանքեց դաշինքների ստեղծման գաղափարին՝ նշելով, որ դեմ է դրանց իրենց արհեստածին լինելու պատճառով: Ի դեպ, Զարուհին այսօր բացեիբաց հայտարարեց, որ Արմեն Մարտիրոսյանը չի կարող դաշինք կազմելու համար բանակցություններ վարել քաղաքական ուժերի հետ, քանի որ դրա լիազորությունը չունի: Նա այսկերպ փորձեց Արմեն Մարտիրոսյանին ցույց տալ իր տեղը: Ի դեպ, վստահաբար Մարտիրոսյանին էր ուղղված նաեւ Զարուհու այն հայտարարությունը, թե ինքը չի պատրաստվում հեռանալ Ժառանգությունից, ավելին՝ եթե իրեն խանգարում են, նա հեռացնում է խանգարողներին:

Այս ամենի ֆոնին հատկապես աչք է զարնում այն, որ կուսակցության նախագահը երկրում չէ, նա գտնվում է ԱՄՆ-ում եւ հեռվից, ավելի ճիշտ սկայպով է հետեւում իր կուսակցության անցուդարձին, սկայպով անցկացնում նիստեր, քննարկումներ: Կարծես թե աստիճանաբար հավանական են դառնում այն լուրերը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն դուրս է դրել քաղաքական գործընթացներից եւ որոշ լուրերի համաձայն՝ առաջիկայում կհրաժարվի կուսակցության նախագահի պաշտոնից: Միգուցե այս ամենը հաշվի առնելով է, որ Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Մարտիրոսյանը հեռակա մարտեր են վարում. նրանցից յուրաքանչյուրը հույս է փայփայում զբաղեցնել կուսակցության նախագահի աթոռը:

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1657856284515029&id=100008720195696

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն