Մահացել է Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին

Թեհրանի հիվանդանոցներից մեկում մահացել է Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին: Նա 82 տարեկան էր, հիվանդանոց էր տեղափոխվել սրտի կաթվածով: 
Հաշեմի Ռաֆսանջանին Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1997թթ., 1980-1989թթ. նա խորհրդարանի խոսնակն էր:

Ռաֆսանջանին Իրանի ամենաազդեցիկ գործիչներից էր, ով գլխավորում էր Նպատակահարմարության խորհուրդը, որի խնդիրն էր հարթել խնամակալության խորհրդի և խորհրդարանի միջև առաջացող անհամաձայնությունները: Նա նաև Փորձագետների խորհրդի անդամ էր, որն ընտրում էր Իրանի գերագույն առաջնորդին՝ Իրանի ամենաազդեցիկ գործչին։

 

 

Ռաֆսանջանին համարվում է Իսլամական հեղափոխության «սյունը»։ Նրա վարած պրագմատիկ քաղաքականությունը՝ տնտեսության ազատականացումը, Արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, Իրանի ընտրական մարմինների իրավունքների ու հնարավորությունների ընդլայնումն արժանացել է բազմաթիվ իրանցիների հավահությանը, միաժամանակ արժանանալով նաև պահպանողականների ատելությանը:

Նրա մահը մեծ հարված է Իրանի չափավորների և ռեֆորմիստների համար, քանի որ նրանք զրկվեցին իրենց ամենաազդեցիկ աջակցից:

Նշեմ նաև, որ Հաշեմի Ռաֆսանջանին իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ Իրանը 1980-ականներին՝ Իրաքի հետ պատերազմի ժամանակ, ցանկացել է միջուկային զենք ստեղծել, սակայն այդ ծրագիրը չի իրականացել: Ռաֆսանջանին պատմել է, որ պատերազմի ընթացքում ինքն անձամբ է այցելել Պակիստան, որպեսզի հանդիպի երկրի միջուկային ծրագրի ղեկավար Աբդուլ Քադիր Խանին, սակայն հանդիպումը տեղի չի ունեցել:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tatev.tigranyan/posts/1323608017698231

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն