Գովազդի համար զանգահարել 099 999 409

Գյումրեցիները որոշել են գերազանցել Սլովենիայում խցաններով ստեղծված խճանկարի ռեկորդը. (լուսանկարներ)

Հետք-ը գրում է`

Բազմագույն պլաստիկե խցաններին երկրորդ եւ նախկինից տարբեր կյանք տալու գաղափարը «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության հիմնադիր, Civil voice ՀԿ-ի ղեկավար Արսեն Վարդանյանը Սլովենիայից Գյումրի էր հասցրել դեռեւս 2013թ-ին: Ռեկորդների գրքում գրանցված խճանկարը, որ պատկերում էր անվասայլակին նստած հաշմանդամ տղային, պատրաստվել էր 500 հազար խցանից: Աշխատանքներին մասնակցել էին 120 պատանիներ, ուսանողներ եւ կամավորներ: Գաղափարն իրականացնելու համար ծախսվել էր մեկ օր:

Արսեն Վարդանյանը

Արսենը պատմում է, որ Սլովենիայում խճանկարի պատրաստման համար մտահղացման հեղինակներին պլաստիկե խցանները տրամադրել էին գործարանները: Հասկանալով, որ միգուցե Հայաստանում նման «բարեհաճության» չարժանանան, նախաձեռնության անդամները որոշել են գնալ այլ ճանապարհով՝ դրանով ինչ-որ տեղ լուծելով նաեւ բնապահպանական խնդիր:

«Մենք որոշեցինք հավաքել նետվածը,- ասում է Արսենը,- ինքներս այցելում էինք այսպես կոչված «քեֆի» վայրեր, պատմական հուշարձանների տարածքներ, որ մարդիկ սովորաբար իրենցից հետո վերածում են մինի աղբավայրի ու հեռանում: Հետո դիմեցինք ժամանցի վայրերի եւ հյուրանոցների տնօրինություններին, որ պլաստիկե ու ապակե շշերի խցանները թափելու փոխարեն հավաքեն, տրամադրեն մեզ: Սկզբում դժվարանում էին ու ոչ բոլորն արձագանքեցին մեր խնդրանքին: Հիմա կարող եմ ասել, որ պատկերը փոխվել է»:

«Երազանքների օդապարիկը»

Մեկ տարի Արսենն ու ընկերները ծախսել են հարկավոր քանակությամբ խցաններ կուտակելու վրա: Առաջին խճանկարը կոչվեց  «Երազանքների օդապարիկ», պատրաստեցին նաեւ Սլովենիայում համաշխարհային ռեկորդ գրանցած խճանկարի փոքր կրկնօրինակը: Առաջին աշխատանքները փակցվեցին «Շիրակ կենտրոն»-ի պատին: Ի դեպ, «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության անդամների համար «Շիրակ կենտրոն»-ի բակը նաեւ աշխատավայր է:

«Մեր առաջին աշխատանքները պատրաստելու համար օգտագործել էինք սոսինձ, որը պարզվեց եղանակային պայմանների նկատմամբ շատ զգայուն է եւ դրսում փակցված մեր գործերից խցանները փոկվում թափվում էին: Որպեսզի խճանկարների կյանքն երկարացնենք, որոշեցինք դրանք թիթեղյա մակերեսին ամրացնել պտուտակներով»,- պատմում է Արսենը:

Թերեւս սոսնձելն ավելի հեշտ էր` խոստովանում են տղաները, եւ օրվա մեջ հնարավոր էր նույնիսկ մի քանի խճանկար ստանալ: Պտուտակներով ամրացնելիս հարկ է լինում նույն գործողությունը երբեմն կրկնել մինչեւ 3-6 հազար անգամ, որը շատ հոգնեցուցիչ է: Թիմը, որ հիմնականում աշխատում է բազմագույն խճանկարներ ստեղծելիս, բաղկացած է 10 հոգուց: Խցանների հավաքման աշխատանքների մասնակիցների թիվն ավելի մեծ է՝ մոտ 300: Թեմաներն առաջարկում են թիմից մեկ երկու հոգի, կա իրականացնող խումբ, օգնում են արվեստագետ ընկերները, որոնք գաղափարները ներկայացնելուց ու քննարկելուց հետո դրանք տեղափոխում են թիթեղյա կտավի վրա:

«Ֆեյսբուկում ունենք խցանահավաք էդպիսի միջոցառում, տարբեր շրջաններից ուղարկում են, կենտրոնացնում Երեւանում, այնտեղից էլ տեղափոխում ենք Գյումրի: Մեզ օգնում են նաեւ էն մարդիկ, ովքեր նախաձեռնությունից չեն, բայց մեր համակիրներն են: Վերջերս հայաստանյան հայտնի կազմակերպություններից MixArt-ը միացավ ակցիային: Բազմաթիվ արշավախմբեր ունենք, որոնք նույնպես մեզ օգնում են: «Դեպի Հայք» ծրագիրն է աջակցում իր կամավորներով»,- պարզաբանում է Արսեն Վարդանյանը:

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝  http://hetq.am/arm/news/70734/gyumrecinery-oroshel-en-gerazancel-sloveniayum-khcannerov-stextsvats-khtchankari-rekordy.html

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն