Գովազդի համար զանգահարել 099 999 409

Ինչ անկարգություններ են արել ֆեյսբուքահայերը դպրոցական տարիներին. հարցազրույց ֆեյսբուքահայերի հետ

Загрузка...

Այսօր Սեպտեմբերի 1ն է` գիտելիքի համաշխարհային օրը և այսօր Հայաստանում 40.000-ից ավել մանուկներ ոտք դրեցին դպրոցներ և կսկսեն կրթվել ու իհարկե չարաճճիություններ անել ))

 

FBH.am կայքը փորձեց հարցման միջոցով պարզել, թե ինչ հիշարժան անկարգություններ են արել ֆեյսբուքահայերը իրենց դպրոցում

 

Սամվել Մարտիրոսյան

Ամենահիշարժանը, իրականում, հետաքրքիր չէր։ Բայց լավ հիշվել է։ Աշխատանքի դասին խոսում էինք։ Դիմացիս նստածին բզզում էի։ Ինքն էլ բարձրաձայն ինչ-որ վատ բաներ սկսեց ասել։ Դասատուն ջղայնացավ։ Իսկ այդ պահին պատմում էր հաստոցի վրա երկաթից եսիմ ինչ տաշելու մասին։ Ու սա այնքան ջղայնացավ, որ ձեռքի երկաթի կտորը շպրտեց դիմացինիս վրա։ Ինչը ես չէի տեսել, քանի որ նենգաբար թաքնված էի դիմացինիս մեջքի հետևը։ Վերջը՝ երկաթը թռավ։ Դիմացիս նստածը մտավ սեղանի տակ։ Եվ այդ պահինես տեսա, որ ուղիղ հիպոտալամուսիս ուղղությամբ թռնում է մի կեո կիլոյանոց երկաթի կտոր։ Ու այստեղ սկսվեց Մատրիցա ֆիլմը։ Ամեն բան դանդաղեց, երկաթը սկսեց շատ դանդաղ մոտենալ ճակատիս։ Ես հասցրեցի թեթեւ գլուխս կողմ տանել և կասեցնել ճակատիս եւ երկաթի անխուսափելի հանդիպումը։ Նենց որ էս օրը լավ տպավորվեց։ Չնայած, շատ անլուրջ անկարգություն էր։


 

Էդգար Խաչատրյան

Անկարգություն, երբ կազմակերպել էինք ուսուցչուհու հուղարկավորությունը: Իհարկե հիմա դա շատ զվարճալի հիշողություն է, բայց հետևանքները դաժան էին այդ պահին)))

Հիմա էլ եմ ներողություն խնդրում այն բոլոր անկարգությունների համար, որոնք այդ 10 տարիների ընթացքում նյարդայնացրել են ուսուցիչներին...


 

Գուգ Բադալյան

Սեպտեմբերի 1-ին, 2000 թվականին պետք է առաջին դասարան գնայի։ Էն էլ օգոստոսի 31-ին, մեր տան կողքի ավտոտնակներից մեկի կտուրից ուզում էի թռնեի ներքև իմ 1մ 40 սմ հասակով ու ձեռքս կոտրեցի։ Իմ առաջիմ սեպտեմբերի մեկը կոտրված ձեռքով, գիպսի մեջ եմ դիմավորել


 

Աշոտ Ասատրյան

Դպրոցական տարիներին այնքան անկարգություն ենք արել, որ այդքանը հիշել անհնար է, կամ մեկը մեկից առանձնացնելը, բայց ես կպատմեմ նենց դեպք, որտեղ հենց ես անկարգություն չեմ արել: Մեր դասարանում ինչ կատարվում էր (իհարկե վատ բաները միայն) կապվում էր իմ ու ընկերներիս հետ, ու կապ չունի մենք ենք արել, թե ընհանրապես կապ չենք ունեցել, առաջինը մենք էինք դրա պատասխանը տալիս: 10 տարվա մեջ մի օր հիվանդացել ու դասի չէի գնացել, հենց այդ օրը մեր ամբողջ դասարանը դասից փախել էր:

Հաջորդ օրը դասի եմ գնում , անտեղյակ այդ ամենից, հենց առաջին դասին ներս է մտնում դասղեկը ու ամբողջ դասարանի մոտ ինձ մեղադրում դասերից խմբակային փախուստ կազմակերպելու մեջ: Դե արդեն պատկերացրեք ուսուցիչները ինձ ինչ օրն են գցում, ու այդպես էլ նրանք մինչև այսօր չեն հավատացել , որ ես այդ օրը ընդհանրապես դասի չեմ եկել , որ մի հատ էլ փախուստ կազմակերպեի:

Բայց մեկա, անկախ ամեն տեսակ հավանական ու անհավանական արկածների, իմ ուսուցիչները ինձ շատ են սիրել:Չնայած 8-րդ դասարանում ինձ ստիպեցին լքել դպորցը, այլևս անհնար էր իմ ու իրենց ներկայությունը մեկ շենքի մեջ, ես էլ տեղափոխվեցի պոլիտեխնիկի վարժարան, բայց մեկա մինչև վերջին զանգ ամեն օր գնացել եմ դպրոց, որ տեղս չերևար: Մեջտեղից կիսվում էի, համ պետքա վարժարանում անկարգություն անեի, համ դպրոցում )))


 

Կիլիկիա Հայաստան

Ճիշտն ասած դպրոցում եղել եմ բավականին կարգապահ: Դպրոցում բոլորի մոտ էլ մեծ տեղ է զբաղեցրել դասից փախնելը իր տարբեր ձևերով: Ես՝ դասարանի ավագ լինելով, կազմակերպեցի դասից դասարանով փախչելը: Քանի որ դպրոցի մուտքը հսկվում էր պահակի կողմից, մնում էր, որ երկրորդ հարկում գտնվող դասարանի պատուհանից իջնեինք: Սա թերևս ամենաանկարգ վարքս է եղել դպրոցում)))


 

Գագիկ Մամուլյան

Ես առհասարակ բարի համբավ ունեի, քանի որ լավ էի սովորում, ոչ մի դասատու չէր մտածում, որ ես ինչ որ վատ բան կազմակերպած կլինեմ, միշտ իրենց թվում էր, թե ես ուղղակի «իրենց ջրերն եմ ընկել»: Մի անգամ երբ կոտորակներ էինք անցնում, խնձոր ու դանակ էինք տարել դասի համար: Ու այդ դանակը ցավոք սրտի թե բարեբախտաբար պետք եկավ, քանի որ համադասարանցիներիցս մեկի հետ կռիվ արեցի (դե իհարկե դանակահարություն չեղավ) ու դրանից հտո մեր դպրոցում վերացավ վերոնշյալ մեթոդով կոտորակների մասին դասը բացատրելը )))))

 

Աննա Օհանյան

Դպրոցում եղել եմ շատ անկարգ, բայց շատ լավ սովորող աշակերտուհի: Եվ քանի որ մանկական անսամբլում էի երգում, անընդհատ ձայնագրությունների ու նկարահանումների էի, դասերի ժամին երբեմն դուրս էի գալիս: Երբ պահակը հրաժարվում էր դուրս թողնել, ասում էի. «Եկեք ձեզ համար էլ երգեմ, թողեք էլի»: Միշտ աշխատող տարբերակ էր: Շատ է եղել, որ չաչանակության համար ուսուցիչը դուրս հանի դասարանից: Իսկ դասից փախուստները կազմակերպելն ինձ մոտ շատ լավ էր ստացվում:


 

Արթուր Եղիազարյան

Ես չնայած սովորող և ուսումնատենչ աշակերտ եմ եղել, բայց մեկ մեկ չարաճճիություն արել եմ: Մի օրինակ պատմեմ: Մեր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին, որին իրականում հարգում և սիրում էինք, այլ դասարանի մոտ դաս էր անցկացնում: Երկու այլ համադասարանցիների հետ բացեցինք այդ դասասենյակի դուռը և հարցրեցինք. - Ընկեր Ալավերդյան, ձեզ դուռ պետք է՞: Զարմացած նայեց մեր վրա և ասաց. - Ի՞նչ դուռ: Ոչ մի դուռ էլ պետք չի: Ու իր խոսքից հետո, առանց մի բառ ասելու՝ այդ դասասենայակի դուռը գրկելով վեր հրեցինք, հանեցինք շարժահանգույցներից (петля) ու երեքով բռնած՝ սկսեցինք քայլել դպրոցի միջանցքով: Ուցուցչուհին սկսեց ձայնել մեր ետևից, թե ի՞նչ ենք անում: Մենք էլ պտտվելով ասացինք. - Բայց Դուք ասացիք, որ Ձեզ դուռ պետք չի: Բնականաբար՝ հետո դուռն էլի իր տեղում ամրացրեցինք :) ))))


 

Ալեն Ղևոնդյան

Սովորել եմ թիվ 198 հեղինակային դպրոցում: Երևի աշխարհի կամ գոնե Հայաստանի ամենից լավ դպրոցն է եղել: Կյանքի կտրվածքով շատ մեծ ազդեցություն է ունեցել ինձ ու հազարավոր այլ աշակերտների հետագա կյանքի վրա: Իսկ շատ լավը լինելու պատճառը դպրոցի տնօրենի ու դասատուների գործոնն էր: Մարդիկ՝ ովքեր խառը ու շատ բարդ տարիներին բառից բուն իմաստով կռիվ էին տալիս մեր դպրոցի ու ամեն աշակերտի համար: Դպրոցում անկարգ չեմ եղել. (իրականում ինչ անկարգություն էլ արել ենք, էստեղ գրելու բան չի, խայտառակ կլինենք): Ես փորձեմ մի փոքր պատմություն պատմել, որ տպավորվել է մինչ օրս: Մեր Դասղեկ շատ սիրելի Ընկեր Վ.Հարությունյանի կազմակերպած մրցույթում, որը դպրոցի տնօրենի հետ հարց ու պատասխան էր, ես հաղթեցի: Հաղթանակի իմ նվերը այն էր, որ ես պետք է մեկ օրով դառնայի մեր դպրոցի տնօրեն (հետագայում այս մոդելը դարձավ շատ դպրոցներում տարածված, սակայն կարող եմ ասել, որ այն հենց մեր դպրոցից է դուրս եկել ու լիովին այլ բովանդակությամբ): Դե բնականաբար ես այդ հանգամանքին լուրջ չմոտեցա: Հաջորդ օրը սովորականի պես գալիս եմ դասի: ճանապարհին թե՛ աշակերտները, թե՛ ծնողները մի տեսակեն նայում ինձ: Ես գնալով սկսեցի լարվել: Երբ հասանք դպրոց, աշխատանքի եկող մեր դասատուները սկսեցին ինձ ազգանունով բարևել… «բարև Ձեզ պարոն Ղևոնդյան…»: Ես պապանձվել էի: Կարծեմ 4-5-րդ դասարանում էի: Քարացած կանգնած եմ դպրոցի նախամուտքում: Էդ պահին ինձ մոտեցան Դասղեկս ու մեր շատ սիրելի Ուսմասվարը Կ.Դավթյանը (Карина Карапетовна-ն), ու ասեցին, թե այդ օրը ես ստանձնում եմ դպրոցի տնօրենի պարտականությունները: Մի տեսակ լեզուս կապ էր ընկել: Հետո ինձ ուղեկցեցին դպրոցի տնօրենի սենյակ: Մտանք ներս, տեսնեմ մարդ չկա:

Ինձ ցույց տվեցին տնօրենի ստորագրությամբ դիմումը, որ մեկ օրով հրաժարվում է իր պարտականություններից՝ փոխանցելով դրանք ինձ: Տվեցին նաև դպրոցի կնիքը, սենյակի բանալիները ու հայտնեցին, որ ունեմ դասալսումներ երկու դասարաններում և մեկ երեխա կա, ով եկել է դպրոց ընդունվելու, ծնողը սպասում է, որ իրեն ընդունեմ: Ասում եմ 13-14 տարեկան էրեխու համար այս ամենը մի քիչ շատ էր. բավարար չէ դարձել ա դպրոցի տնօրեն, դեռ մի հատ էլ պետք է աշակերտ ընդունի, դասալսումներ անցկացնի: Բայց ամենաանսովորը այն էր, որ դասատուները ինձ ազգանունով էին դիմում: Ու երբ մենակ մնացի տնօրենի սենյակում՝ փորձեցի հասկանալ իրավիճակը ու անելիքս: Հետո անցա բուն «պարտականություններիս». շատ արագ նոր աշակերտը ընդունվեց մեր դպրոց, ապա գնացի դասալսումների: Պարզվեց առաջինը մեր դասարան պետք է գնայի: Երբ մտանք դասարան, բոլորը ոտքի կանգնեցին: Շատ անսովոր ու ոչ դուրեկան զգացում էր: Հետո տեսնեմ տնօրենը նստած իմ տեղում իմ փոխարեն մաթեմատիկայի դաս է պատասխանում: Գնացի վերջում նստեցի՝ հուսով լինելով, որ գոնե մի հատ հինգ կստանամ (մաթեմատիկայից գործերս միշտ լավ չեն եղել): Պատասխանի արդյունքում չորսով բավարարվեցինք: Եթե անկեղծ ես ամենևին դժգոհ չէի անգամ 4-ից:

Մյուս դասարաններում արդեն լիովին «դերիս» մեջ էի մտել. աշխարհագրության դասատուին անգամ «նկատողություն» արեցի, թե ցածր է նշանակում աշակերտին: (Ասում են չէ, եթե ուզում ես մարդուն ճանաչես, թեկուզ փոքր իշխանություն տուր նրան..)): Հետո գնացինք ուսմասվարների սենյակ սուրճ խմեցինք. կյանքում առաջին անգամ էի սուրճ խմում: Ու երբ դասամիջոց եղավ, տեսեմ սենյակիս մոտ մեր դասարանցի տղերք են եկել. Իհարկե նրանց ներս թողեցի ու մոռանալով ամեն բան, կոլեկտիվ ջանքերով սկսեցին ծանոթանալ տնօրենի սենյակի եղած չեղածին… Շատ հետաքրքիր բաներ գտանք, կարդացինք, հայտնաբերեցինք.. Շատ հիշարժան ու երիտասարդ տղայի համար տարօրինակ օր էր…


 

Ալինա Դերձյան

Դասի ժամանակ, կամ ընդհանրապես անկարգություն անելը և Ալինան շատ անհամատեղելի են եղել դպրոցական տարիներին: Միշտ զուսպ, խելոք (այսինքն ահավոր ամաչկոտ) եմ եղել: Դա ցածր դասարաններում, իսկ երբ արդեն մի քիչ մեծացա, երբ արդեն սկսեցին դասերից փախչել, ես չէի հասկանում դրա իմաստը: Մտածում էի, մեկ է, դասը պիտի սովորենք, որ քառորդ փակեն, ավելի լավ չի՞, որ հիմա սովորենք: Չգիտեմ, «աննորմալ» կարգապահ էի այդ առումով, չնայած բացարձակ գերազանցիկ չեմ եղել: Մյուսները դասից փախչում` կինո, կամ զբոսնելու էին գնում, ես խելոք գալիս էի տուն, գիրք էի կարդում (հիմա կմտածեք ինչ անհետաքրքիրն եմ եղել, չէ՞ )) Մի անգամ եմ դասարանցի տղաների հետ կռիվ-կռիվ խաղացել, չորրորդ դասարանում էի: Թարսի պես այդ օրը պիտի գային մեզ լուսանկարելու (իմ պես «հին մարդիկ» կհիշեն, որ ամեն տարեվերջին խմբակային նկարներ էին արվում): Ուրեմն, այդ օրը լուսանկարիչն անսպասելի եկավ, մեզ հավաքեց, շարեց, նկարեց, գնաց: Հետո, երբ նկարները բաժանեցին ու ես տեսա իմ գզգզված մազերը, մի կողմ թեքված ժապավենն ու կիսաքանդ պիոներական վզկապը`ամոթից գետինը մտա )))) Հա, մի բան էլ պատմեմ: Ուրեմն այն տարիքում էինք, երբ նոր ենք կայանում, դասարանի քեֆերի ժամանակ ամեն մեկը զուգվում, զարդարվում էր ըստ համարձակության: Մի անգամ, ես որոշեցի, որ այդ տարիքում դեռ ժամանակը չի շպարվելու և չգիտեմ ինչ կարգի զուգվելու և քեֆի եկա դպրոցական համազգեստով: Ակցիա արեցի իմ խելքով :) Ճիշտ է, փորձեցին ձեռք առնել(դրան պատրաստ էի), բայց վստահ էի, որ ճիշտը ես եմ )))

 

Կար Ղուկասյան

Արդեն պետքա ավարտեինք դպրոցը, այդ ժամանակ լեգենդներ էր պպտվում, թէ 11.11 .2011 թվականին եթե երազանք պահես` կիրականանա : Մենք դասարանով մի հետաքրքիր բան կազմակերպեցինք. մենք 2011 թվականի նոյեմբերի 11 ին ժամը 11:10 բոլորս պետք ա դուրս գաինք դպրոցի դիմացը և 11:11 երազանք պահեինք: Հենց եկավ 11:10 մենք դասարանով դուրս եկանք դուրս և չէինք պատկերացնում, որ ( կարելի է ասել ամբողջ դպրոցը )միացավ մեզ, ու ամենա հետաքրքիրը այն էր, որ դասատուները զարմացած նայում էին և չգիտեին ինչ անեին, անգամ մի մասը միացան մեզ: Ես դպրոցում չար երեխա եմ եղել, ամեն ինչ արել ենք, անգամ թաղում ենք կազմակերպել, բայց դպրոցը սիրել եմ, միչև այսօր էլ, որ ազատ ժամանակ եմ ունենում, մեկ-մեկ գնում եմ դասատուներիս տեսակցության:


 

Սարգիս Մելիքյան

Դպրոցի ավարտական դասարանում ռուսերեն լեզվի դասընթացները անչափ ուրախ էին անցնում մեր դասարանում: Եվ ահա այդ անմոռանալի դասերից մեկի ժամանակ հերթական բարձր ձայնով հերթական անեկդոտը լսվեց նստարանների վերջին շարքերից: Ռուսաց լեզվի դասատուն անչափ բարկացավ և իմ գլխավորությամբ մի քանի հոգու դուրս հանեց դասարանից: Բայց քանի-որ մոտենում էր ավարտական քննությունները, մենք չէինք ուզում այդպիսի լուրջ միջադեպի պատճառով քննությանը ցածր գնահատական ստանալ: Դասարանից դուրս գալուց որոշեցինք մեզ հետ տանել նաև դասասենյակի դուռը: Սկզբում դասատուն զարմացավ, այնուհետ սկսեց աղերսել, որ դուռը հետ բերենք ու կախեք իր տեղը: Մենք էլ ասեցինք, որ միայն դասին հետ նստելու իրավունքից հետո դուռը հետ կբերենք և դասատուին այլ ելք չմնաց, քան մեզ հետ ընդունելը դասի:

 

Սիլվի Տիգրանյան

Չնայած նրան,որ ես դպրոցում ունեի գերազանց առաջադիմություն, այնուամենայնիվ մեր դասարանի փախուստների ծրագիրը սովորաբար ես էի մշակում ու կազմակերպում: Մի օր առաջարկեցի փախչել դասից և խնջույք կազմակերպել : Առաջին ժամին ծրագրեցինք և երկրորդ ժամից այլևս դպրոցում չէինք : Մեր փախուստի առաջին հատվածը հաջողությամբ պսակվեց: Դասընկերուհիներիցս մեկի տանը հավաքվեցինք և խնջույք կազմակերպեցինք,սակայն չհացրեցինք լիաթոք ուրախանալ ,որովհետև դասղեկին հաջողվել էր պարզել մեր տեղը : Դասղեկի հետ միասին բոլորով վերադարձանք դպրոց `արդեն չորրորդ ժամն էր : Մեզ որպես պատիժ ` ժամանակից շուտ հանձնարարեցին գրել ֆիզիկայի լրացուցիչ թեմատիկ աշխատանքը: Դասարանում ոչ մեկս առանձնահատուկ սեր չունեինք ֆիզիկայի նկատմամբ և դա իսկապես դաժան պատիժ էր : ) Չբավարարվելով ձախողված փախուստով,որոշեցինք այլ բան մտածել: Նորից փախուստի մասին մտածելն անիմաստ էր ,քանի որ դա անհնար էր ,որովհետև մեզ հսկում էին : Առաջարկեցի ֆիզիկայի տետրում ոչ մի նշում չանել : Փոքրիկ թղթերի վրա գրեցինք առաջարկս և տարածեցինք շարքից շարք : Դասի վերջում հավաքեցինք դատարկ տետրերը և հանձնեցինք: Մայրս ուսուցչուհի է և ես կեսօրին դեռ տանը, արդեն գիտեի ,թե վաղը ինչ է լինու մեզ հետ : Հաջորդ առավոտյան `որպես դասարանի ավագ և այս ամենի գլխավոր կասկածյալ սկզբում ես ենթարկվեցի պատասխանատվության ,իսկ դասարանի ամենախորամանկները դասի չէին եկել,բայց դասղեկը զանգահարեց և պահանջեց ներկայանալ : Դպրոցի տնօրինության և ուսուցչական կազմի կողմից բարոյախրատական դասեր և ամոթանքներ ստացանք: Բայց սա մեզ համար այնքան սարսափելի չէր ,որքան դասղեկի հայտարարությունը ,որ զրկված ենք էքսկուրսիայից ,որը վաղուց ծրագրել էինք և օրը մոտ էր : Բայց ես լինելով դասղեկիս կողմից սիրելի աշակերտուհի,կարողացա հայցել նրա ներողամտությունը և ինձ հաջողվեց իրագործել էքսկուրսիայի ծրագիրը : Այս դեպքը միշտ հիշում ենք ,երբ հանդիպում ենք դասընկերներով:

 

Անժել Դայան

Դպրոցական տարիքում շատ չար եմ եղել, բայց հիմնականում եղել են չարաճճիություններ, վնաս չեմ տվել ( համարյա ): Դասարանի ավագն էի, մի անգամ դասատուն մի քանի րոպեով դուրս եկավ դասարանից, վազեցի նրա տեղը, փայտիկը վերցրեցի ու սկսեցի խփել սեղանին, որ բոլորը լռեն։ Արդյունքում փայտիկը կոտրվեց։ Տղաներից մեկը պատժվեց, ով ինքնակամ մեղքը վերցրեց իր վրա։ Դասատուս մինչ այժմ էլ չգիտի, որ դա ես եմ արել։ Իսկ ամենազվարճալի դեպքը մի քիչ ցավոտ էր․․․ Իմ սովորելու ժամանակ դասասեղանները բացվող-փակվող էին։ Ես էլ սովորություն ունեի քանոնը դնել ծալվող հատվածում, վրան ռետինը դնել ու թռցնել: Մի անգամ էլ նմանատիպ օպերացիայի արդյունքում ռետինը թռավ ուղիղ ուսուցչուհուս ճակատին։ Բնականաբար, անմեղ աղջիկը չէր կարող նման բան անել, ու պատժվեց կողքիս նստող տղան։ Մի անգամ էլ, երբ էլի դասարանում մենակ էինք մնացել, որոշեցի էլի ուսուցչուհու դերը ստանձնել։ Հավաքեցի բոլորի օրագրերը, ու դասատուի ստորագրությունը կեղծելով, բոլորին գնահատականներ դրեցի։ Շատ արդար էի․ մեկին հինգ էի դրել, մեկին՝ չորս․․․ Բռնվեցինք, որովհետև ոչ աշխատանքային օրերին էլ էի գնահատական դրել )))

 

Կոնստանտին Տեր-Նակալյան

Չեմ կարող ասել, որ Աստծո գառ եմ եղել դպրոցում, բայց չեմ էլ կարող ասել, որ խիստ չարաճճի եմ եղել։ Դասերից փախել եմ բոլորի պես, կռիվ արել եմ բոլորի պես, խաղեր խաղացել եմ բոլորի պես, որոշ ուսուցիչների հետ յոլլա չեմ գնացել ու կրկին անգամ՝ բոլորի պես։ Դպրոցական ամենհիշարժան ու բախտորոշ որոշումս էլ եղել է 8-րդ դասարանում, երբ ծնողներիս թույլատվությունը չհարցնելով մասնակցեցի FLEX ծրագրի առաջին քննությանը, հետո՝ երկրորդին ու տեղեկացրեցի միայն, երբ արդեն 3-րդ փուլ էի հասել ու ծնողների թույլատվություն էր պետք։ Արդյունքում, ես անցա բոլոր փուլերը ու դպրոցիս ավարտական տարին ուսանեցի ԱՄՆ-ում և դարձա իմ ամերիկյան ավագ դպրոցի պատմության ամենապատանի շրջանավարտը՝ 16 տարեկանում ավարտելով 12-րդ դասրանը:


 

Գոռ Մարկոսյան

Անկարգություններս չեմ կարող առանձնացնել, միայն հիշում եմ, որ հաճախակի ծնող էին կանչում ու ես վազելով իջնում էի տուն ու անջատում տան հեռախոսը )))


 

Արմինե Մելքոնյան

Պատմությունը ամենասիրելի առարակաս էր, պատմության ուսուցիչս,այքան էր ինձ դաս հարցրել, որ ազատ վանդակ չկար առանց գնահատականի։ Մի անգամ ,ասաց,որ ինձ չի հարցնում,քանի որ կան աշակերտներ գնահատական չունեն։ Վեր կացա կանգնեցի սեղանի վրա։ Ուսուցիչս ,թե իջիր,ես պնդում էի,որ մինչև չհարցնի չեմ իջնի։ Դե ես հաղթեցի,ասաց իջիր արի գրատախտակի մոտ։ Ու այդպես մատյանում ազատ վանդակ էլի չմնաց։

 

Հայկ Դերզյան

Դպրոցական տարիներին անկարգություններ շատ քիչ եմ արել: Երևի ամենահիշարժան անկարգություններից մեկը դասընկերուհուս ձեռնոցները կտրտելն էր: Շատ կարճ սանրվածք չեմ, սիրել, բայց մի անգամ վարսվիրս շատ կարճ էր կտրել, ու երբ դպրոց գնացի դասընկերս ինձ քաչալ անվանեց: Այնպես էր ստացվել, որ նա նստել էր իմ դիմաց ու ես այդ պահին իր կողքը ձեռնոցներ նկատեցի, մտածեցի թե իրենն էր ու մոտիս եղած մկրատով կտրատեցի դրանք: Ավելի ուշ իմացա, որ դրանք իմ դասընկերուհու ձեռնոցներն էին, որոնք նա թողել էր նստարանին )))


 

Սվետլանա Մուրադյան

Ծնողներիս պատմելով՝ բավական խելոք և օրինակելի աշակերտուհի եմ եղել: Իսկ հիմա շատ համառ ու կամակոր ուսանողուհի: Չեմ կարողանում հիշել անկարգության դեպք դպրոցում : Բայց մի զվարճալի դեպք կպատմեմ: 5-րդ թե 6-րդ դասարանում էի սովորում, երբ դասընկերներս որոշել էին դասից փախչել, ես էլ օրինակելի երեխա լինելով մամայիցս թույլտվություն էի վերցրել ` մամ, երեխեքը որոշել են դասից փախչել , ես էլ կարող եմ միանալ նրանց ... )))


 

Զոհրապ Եգանյան

Առաջին դասարան գնալս հիշում եմ ամենայն մանրամասնությամբ՝ ինձ մեր հարևանի աղջկա հետ դպրոց տարավ մայրս, հիշում եմ նույնիսկ դպրոցական շորերս և թե այդ օրը ում կողքին էի նստել: Ասեմ ավելին՝ հիշում եմ նույնիսկ թե ինչ էր հագել մեր դասղեկը՝ ընկեր Բմբուլյանը)): Այսնես որ տեսողական լավ հիշողություն ունենալու մասին իմ առաջին բացահայտումներն արեցի հենց առաջին դասարանից)) Կարծում եմ՝ մեր սերնդի մոտ դպրոց գնալու հիշողությունների կենտրոնում կարմիր թելի նման գնում է Այբբենարանի դասագիրքը, մինչև հիմա, երբ այդ գիրքը հայտնվում է ձեռքիս տակ, կամ տեսնում եմ լուսանկարը համացանցում, այն ինձ մոտ վառ ու ջերմ հիշողություններ է արթնացնում: Հիշում եմ նաև դպրոցական պրյանիկների համը, թերևս լավ չէ, որ այն ժամանակ բջջային հեռախոսներ ու պլաշետներ չկային ու մեր ծնողները մեզ չէին կարող տեսանկարահանել մեր կյանքի կարևորագույն պահերին)) Ու ընդհանրապես երբ այս պահին խոսում եմ Ձեզ հետ, դեմքիս անկախ ինձանից ժպիտ է գալիս, որովհետև Դպրոցական ամեն բան վառ հիշողություն է:

 

 

Փայլակ Ֆահրադյան

22 տարի առաջ, երբ ոտք դրեցի դպրոց, բացարձակ չէի ցանկանում գնալ: Հիշում եմ, նաեւ ծնողներս էին հետո պատմում, որ մոտ կես տարի դպրոց չէի ցանկանում գնալ, իմ հետ աշակերտական սեղանի շուրջ նստել է նաեւ իմ հորեղբոր աղջիկը, որպեսզի ես մնայի: Չարաճճի, կամ ավելի շուտ աշխույժ եմ եղել: Մեր դպրոցն այդ տարիներին տնակում էր գործում, փայտ էինք վառում, որ տաքանայինք: Հիշում եմ մի անգամ փայտը վերջացել էր, որոշեցինք կազմակերպել եւ գրատախտակն այրել: Ափսոս չստացվեց... ))): Առաջին դասարանում նաեւ սիրահարվել էի, եթե կարելի է այդպես անվանել, իսկ քանի որ այլ գաղափարներ չկային, որոշել էի այդ աղջկան մեր բակից ծաղիկ հավաքել, ու նվիրել: Սակայն ում որ պետք է նվիրեի դասի չէր եկել, այն նվիրեցի իմ ուսուցչուհուն: Այդ օրվանից ուսուցչուհիս ասեց, որ խելոքացել եմ, եւ գնահատում եմ դպրոցը:


 

Ալեքսանդրա Հարությունյան

Ամենահիշարժան անկարգությունը... )) Առհասարակ, դպրոցում չարաճճի եմ եղել, չնայած գերազանց սովորելուս և ուսուցիչների կողմից շատ սիրված լինելուս: Ամենահիշարժան, երևի թե 10-րդ դասարանում ի պաշտպանություն դասընկերոջս, որին ուզում էին դպրոցից հեռացնել վատ վարքի պատճառով, իրականացրած բողոքի ակցիան էր՝ նավթի վառարանը դասասենյակում շուռ տալու տեսքով ))) Կրակն, իհարկե, հանգցրինք, տնօերնը ծնող կանչեց, բայց ոչ միայն ինձ ներվեց այդ վատ արարքը, այլև դասընկերոջս, ով խելքի եկավ և իրեն սկսեց դրսևորել որպես նորմալ աշակերտ )

 

 

Նարեկ Միրզոյան

Ինչպես յուրաքանչյուր դասարանում, այնպես էլ մեր դասարանում եղել են անկարգություններ: Անկարգություններ, որոնք մենք կհիշենք մեր ողջ կյանքի ընթացքում: Ինչպես ցանկացած դասարանում, այնպես էլ իմ դասարանում տղաներով մեր վատ պահվածքով ավելի աչքի ընկնող էինք, քան աղջիկները: Այս հանգամանքը հաշվի առնելով, որոշեցինք աղջիկների գլխին չար կատակ խաղալ. Կազմակերպեցինք փախուստ դասաժամից: Կազմակերպված ձևով բոլորս դուրս եկանք դպրոցից: Սակայն, ստացվեց այնպես, որ տղաներով առանց աղջիկներին տեղյակ պահելու վերադարձանք դասարան: Իսկ այդ ընթացքում աղջիկները չէին էլ կարող մտածել, որ մենք՝ տղաներս վերադարձել ենք դասարան: Արդյունքում ստացվեծ այն, որ աղջիկները ավելի անկարգ են, քան տղաները...

Հ.Գ. քանի որ այսօրվանից սկսվում է նոր ուսումնական տարին, օգտվելով առիթից ցանկանում են շնորհավորել այն երեխաներին, երիտասարդներին ովքեր առաջին անգամ են մուտք գործելու ուսումնական հաստատություններ: Յուրաքանչյուր մեկնարկ լի է հույսերով և ակնկալիքներով: Ցանկանում եմ, որ այս նոր ուսումնական տարում իրականություն դառնան յուրաքանչյուրիս նպատակները:

 

Կարեն Սահակյան

Կարծեմ 6-րդ դասարանում էինք: Այդ ժամանակ, առավոտյան դասերն սկսվելուց հետո դպրոցի դուռը փակում էին ու բացում էին միայն դասերն ավարտվելուց հետո: Իսկ մինչև դասերն ավարտելը դպրոցից դուրս գալու համար պետք է թույլտվություն ստանայինք դասղեկից: Դասընկերոջս հետ մտածեցինք, որ դժվար թե այդ ժամին մեզ թույլ տան տուն գնալ, ու որոշեցինք դուրս գալ դասարանի պատուհանից: Իսկ պատուհանից դուրս ցատկելու համար նախ կոտրեցինք պատուհանին ամրացված մետաղյա ցանցը: Եվ հենց այն պահին, երբ պատուհանագոգին կանգնած փարձում էինք իջնել դեպի դուրս, տնօրենը մտավ դասարան: Նա շատ բարկացավ ու երկուսիս էլ ապտակեց: Ի դեպ՝ դա իմ կյանքում ստացած միակ ապտակն է: :ՃՃՃՃ Նկարում 7 տարեկան եմ: Իմ առաջին դասարանի ամանորյա հանդեսի օրն է: Կողքիս մայրս է, իսկ նկարի աջ կողմում իմ առաջին ուսուցչուհին է:


Աշոտ Սարգսյան

Ամենամեծ չարություններից մեկը եղել է այն, որ դասարանի паркет-ը այրեցինք )) ես սովորել եմ 86-ից մինչև 96 թիվ, իսկ ութսունականների վերջում- ինսունականների սկզբին երկիրը արդեն խառներ, դժվար տարիներ էին, դասարանում ջեռուցումը նաֆթով էին ապահովում, ու ամեն օր ինչ-որ քանակի նաֆթեր տրամադրվում... մի օր նենց ստացվեց, որ նաֆթը շուտ ավարտվեց, իսկ երկու դաս դեռ կար... աչքս ընկավ շարժվող паркет-ների վրա ու սկսեցինք քանդել, վառել նաֆթավարի մեջ ))) իսկ մյուս օրը դասղեկի հետ միասին հայտնվեցի ուսմասվարի մոտ )))


Կարպիս Փաշոյան

Ճիշտն ասած իմ դպրոցական տարիներն այդքան էլ խաղաղ չեն անցել, քանի որ ես երբեք աչքի չեմ ընկել բարձր կրթական առաջադիմությամբ, իսկ վարքի տեսանկյունից եղել եմ դպրոցի ամենաչար ու կռվարար, մշտապես տնօրենի մոտ տարվող աշակերտներից մեկը:Ինձ հատկապես չէր սիրում մաթեմատիկայի ուսուցչուհին, տիկին Մելքումյանը, որի դասերը ես մշտապես խանգարում էի

Բարձրակետն եղավ հենց այդ առարկայի ավարտական քննության ժամանակ, ես առաջադրանքները լուծելու փոխարեն տետրի բոլոր էջերում մեծ տառերով գրել էի «Լևոն նախագահ», «Պայքար, պայքար մինչև վերջ» լոզունգները, բացի այդ նկարել էի Չարենցին: 2008 թվականն էր, ես տպավորված էի մարտի 1-ի իրադարձություններով: Տնօրինությունը ինձ հոգեկան հիվանդ համարեց, իսկ քննությունս մի կերպ նշանակեցին հանուն մայրիկի, որը դպրոցի անգլերենի ուսուցչուհին էր:


 

Լևոն Փանոսյան

Դժվար է հավատալ, բայց արդեն քսան տարի է անցել, ինչ առաջին անգամ ոտք դրեցի դպրոց: Չեմ կարող համարել, որ անկարգ եմ եղել: Բայց առաջին դասարանում հաճույքով չէի գնում դպրոց: Մի անգամ ինձ մոտ կես ժամ փորձում էին համոզել, որպեսզի մտնեմ դասարան: Դա առաջին դասարանում էր: Այդ ժամանակահատվածում ինձ համար անսովոր էր նոր միջավայրը: Երբեմն առանց հարցնելու վեր էի կենում տեղիցս, ազատ քայլում դասարանով, գրատախտակին բաներ գրում կամ նկարում: Բայց դա կարճ է տևել, միտում չի եղել նյարդայնացնել ուսուցչին:


 

Նանե Արզումանյան

Դպրոցական տարիներից առավել հիշում եմ խելոք ու սովորող աշակերտ էի: Երևի միակ անկարգությունը պատուհանից թռնելով փախուստ կազմակերպելն էր և այդ առիթով ամբողջ դասարանով անտառում քեֆ կազմակերպելը )))


Էդ Թումանյան

Մի քիչ դժվարանում եմ թե անկարգություներից որը՞ պատմեմ, քանի որ սովորելուս ընթացքում փոխել եմ երկու դասարան. մեկ կիսամյակ սովորել եմ այլ դպրոցում, հետո նորից վերադարձել)) Ավելի շատ հիշում եմ, թե որ անկարգությանս համար եմ խիստ պատժվել)) Երբ մեր դպրոցում տեղադրեցին տեսախցիկներ,դպրոցի մուտքի մոտ որ դասից չկարողանանք փախնել, ես՝ մի քանի դասընկերներիս հետ, երկաթ կտրելու սղոցով մի քանի օր շարունակ կտրեցինք մեր դասասենյակի պատուհանին ամրացված երկաթե ճաղերը, որ կարողանայնք փախնել դասից և մեզ մի քանի ամիս շարունակ հաջողվում էր դասից աննկատ փախնել, հետո նորից հետ գալ: Դասասենյակը երկրորդ հարկում էր, մենք պատուհանից դուրս էինք գալիս և ֆիզկուլտուրայի դահլիճի տանիքով փախնում, էդ ամենն ավարտվեց, երբ մեր ընկերներից մեկի մայրը եկավ դասասենյակ և, ի զարմանս դասղեկի, աշակերտը տեղում չեր)) Այ սա է եղել էն միակ չարությունս, որի համար էնպես եմ պատժվել, որ մինչև հիմա չեմ մոռացել))

 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/5bxeyh0oqVmxFwkz7lUn.jpg

    Այս լուսանկարն արված է քիչ առաջ, Դավիթաշենում։ Սա այն ծառերից մեկն է, որոնք էտելու համար չորս անչափահաս երեխաների հայրը հիմա բանտում է, որքան էլ մարդը փորձում էր բացատրել, որ ինքն իր տնկած ծառերը փչացնելու շահ չուներ, ինքը դրանք պարզապես էտել է։ Լավ նայեք այս լուսանկարը, տիկնայք ու պարոնայք։ Այն շատ բանի մասին է խոսում։ 1. Այն նախ խոսում է այն մասին, որ ինչ-որ մեկը վերջապես մեր երկրում պետք է ծառեր էտելու ստանդարտ ներդնի ու հսկի, որ ամեն գարնան Հայաստանի քաղաքներում էտելու անվան տակ ծառերը չբռնաբարեն։ 2. Այն խոսում է նաև այն մասին, որ սոցիալական ցանցերում մենք բոլորս շատ հաճախ չգիտեմ ինչու վերածվում ենք արյուն պահանջող զանգվածի՝ փրփրած բառապաշարով ու առանց հոշոտվողին փաստաբանի իրավունք տալու։ Արդյունքում փչացնում ենք ամեն ինչ՝ մարդկային կյանքերի վրա ազդեցություն թողնող որոշումների դրդելով տեղեկատվական դաշտի յուրաքանչյուր հոսանքից սարսափող իշխանավորներին։ 3. Եվ վերջապես այս լուսանկարը խոսում է այն մասին, որ իշխանության մեջ սթափությունը էապես կաղում է։ Կարդում են սոցիալական ցանցերի հերթական աղմուկը, խառնված իրենք ավելի բարձր աղմուկ են բարձրացնում ու տանում փակում մարդուն, որը չի հասցնում ասել, որ անմեղ է։ Ինձ կարդացող սիրելի՛ պաշտոնյաներ, մի ճար գտեք բանտից ազատեք անչափահաս երեխաների հորը։ Ես չգիտեմ նա ով է, բայց սիրտս ցավում է։ Նա հանցագործություն չի կատարել․ ծառը կանաչում է։ Կարծում եմ՝ բոլորն էլ կանաչելու են, ինչպես ինքն էր պնդում։ Թողե՛ք մարդը գնա իր զավակների մոտ, Աստծո սիրուն։ Մենք բոլորս պատրաստ ենք հենց հիմա մոռանալ, որ իշխանական բուրգը ներքևից մինչև վերև ահասարսուռ դատապարտել է կատարվածը․ ինչ եղել եղել է, թողեք այդ մարդուն իր զավակների մոտ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10156152559013378&set=a.10150185574098378

    Կարդալ ավելին
  • «Թե՜…»

Քաղաքականություն