Գովազդի համար զանգահարել 099 999 409

Ֆեյսբուքահայերը` «Սասնա ծռեր»-ի որոշման մասին. Հարցում

Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարեց, որ գրավվել է ՀՀ ոստիկանության հիմնական բազաներից մեկը` ՊՊԾ գունդը և ՀՀ իշխանություններին ներկայացրել էր 2 պահանջ` ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Սասնա ծռեր» խմբավորումը իրենց զինված գործողությունները պատճառաբանում էին նրանով, որ ժողովուրդը գտնվում է ծանր սոցիալական վիճակում, իսկ իր բողոքի ձայնը չի կարողանում արտահայտել հանրահավաքների միջոցով, քանի որ իրեն «լսող չկա» և սա միակ տարբերակն էր իրենց բողոքի ձայնը հայտնելու համար: «Սասնա ծռեր» խմբի տղաները հանձնվեցին 14 օր հետո, ցավոք այս գործողությունների հետևանքով զոհվեցին 2 ոստիկաններ:

FBH.am կայքը հարցում կատարեց պարզելու համար, թե ֆեյսբուքահայերը ինչպես են վերաբերվում «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավմանը, այնուհետև 14 օր անց զենքերը վայր դնելու որոշմանը:

 

Կիլիկիա Հայաստան`

Բնականաբար դրական եմ վերաբերվում, քանի որ մենք այն երկիրը չենք, որ մեզ թույլ տանք ներքին հարցերը զենքով լուծելու ճոխությունը: Բայց միաժամանակ , պետք է հասկանանք այն պատճառահետևանքային տարրերը, որոնց համար տղաները դիմեցին այդ քայլին: Ես դրական եմ գնահատում տղաների զենքերը վայր դնելու, և պայքարը այլ դաշտ տեղափոխելու քայլը, նրանք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք եղբայրասպան չեն, որ իրենք աթոռակռվով չեն զբաղված , այլ ունեն խորքային ու գաղափարային հարցեր:

 

Արտյոմ Տոնոյան`

Իմ կարծիքով ինչքան էլ զինված գործողությունները ընդունելի չեն, այնուամենայնիվ առավել կարևոր է հասկանալ, ըմբռնել, ապա և վերացնել այն խորքային պատճառները, որոնք հանգեցրել են պայքարի նմանատիպ ծայրահեղ ձևի: Հնարավորինս արագ պետք է իրականացվեն արմատական բարեփոխումներ, որոնք պետք է լինեն նմանատիպ դեպքերի չկրկնման համար հիմնական զսպաշապիկը:

 

Աշոտ Եսայան`

«Սասնա Ծռեր» խմբավորման տղաների այդ քայլին ըմբռնումով եմ մոտենում, ըստ իս լավագույն տարբերակը չէր հարցի լուծման, քանզի արդյունքում հայի արյուն թափվեց, բայց դե մեղադրելու իրավունք էլ չունենք, քանզի ինչպես խմբի անդամներն են ասում և ինչպես արդենք բազմիցս ականատես ենք եղել, Հայաստանում մյուս բոլոր բողոքի, ընդվզման տարբերակները սպառել են իրենց, ոչ ոք ականջալուր չի լինում դրանց, մարդիկ էլ հուսահատությունից, անկարողությունից, անտեսված լինելու փաստից դրդված գնացել են այդ քայլին: Ինչ վերաբերվում է զենքը վայր դնելուն դեռևս զերծ կմնամ հիմնովի որակում տալուց, քանզի հետագա քայլերից պարզ կդառնա դրա հիմնական պատճառը, սակայն միանշանակ է, որ ոչ - ոք, այդ թվում նաև «Սասնա Ծռեր»-ը բախում քաղաքացիների միջև չէին ցանկանում, երևակայի պատճառներից մեկն էլ դա էր զենքը վայր դնելու, կոպիտ ասած «էս մի զարկն էլ քաղաքացուն բաշխեցին»: Հետագա ծավալվելիք իրադարձությունները կապված խմբավորման տղաների ապագայի հետ թույլ կտան ենթադրություններ անել, թե ինչու այսպես եղավ և արդյոք «Սասնա Ծռեր»-ի այս քայլը հիասթափեցրեց ժողովրդին, թե նրանց նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը ընդվզման նոր ալիք կբարձրացնի:

 

Կոնստանտին Տեր-Նակալյան`

Գնահատում եմ դրական, որովհետև ՊՊԾ-ի գրոհը անխուսափելիորեն կբերեր զոհերի ու վիրավորների։ Մենք առանց այն էլ թանկ գին վճարեցինք այս օրերին ու միայն այն, որ ավելի շատ արյուն չեղավ՝ արդեն ձեռքբերում է։

 

Աշոտ Ասատրյան`

Բոլորիս համար պարզ է, որ 20 հոգով հնարավոր չէր 10 րոպեից ավել դիմակայել երկու համակարգի դեմ ՝ ոստիկանություն ու ԱԱԾ: Տղերքը կենդանի թիրախ էին դառնալու դիպուկահարների համար: Արդեն հոգնել ենք մենակ զոհված հերոսներ ունենալուց, թող այս անգամ էլ հերոսները կենդանի մնան: Իմ համար կարևոր էր , որ այդ ամենի արդյունքում ոչ ոք չզոհվեց: Զենքը վայր դնելու որոշումը իհարկե հեշտ չի եղել կայացնել, դա փաստում էր նրանց դեմքերը: Արայիկը, ով միշտ ոգևվորված խոսում էր, ում բառերը ցանկանում էիր անդադար լսեիր, լուռ ծխում էր, բան չխոսեց: Դե Արեգ Կյուրեղյանի դեմքի արտահայտությունը բոլորդ տեսել եք, մանրամասնելու կարիք չկա:

 

Էդգար Թումանյան`

ՊՊԾ գունդը չէր գրավվել, այլ ազատագրվել էր: 14 օր շարունակ այդ գունդը ծառայում էր ժողովրդին, Սասնա Ծռեր խմբի անդամներից շատերին չեմ ճանաչում, կխոսեմ Արայիկի և Պավլիկի մասին, նրանք երկուսն էլ իմ և մեր ազգի համար կենդանի լեգենդներ են, ես իրենց սիրում եմ այնքան, որքան կսիրեի Մոնթեին, նրանք Արցախյան պարեզամից մինչ օրս հայ ազգի ազատ ապրելու համար զոհաբերել են ամենաթանկը` իրենց կյանքը, դրանից վեհ հայրենասիրություն ես չեմ ճանաչում: Ուզում եմ, որ մեկ րոպե առաջ նրանք լինեն մեր կողքին:

 

Ալինա Դերձյան` 

Ի սկբանե, ուժով, զենքով հարց լուծելու կողմնակից չեմ: Բայց, չեմ կարող ասել, որ Սասնա Ծռերին չեմ հասկանում: Տղաների արածը ծայրահեղ քայլ էր իրե'նց իմացած եղանակով: Միայն այն փաստը, որ ՊՊԾ գունդը գրավվեց, արդեն իսկ ցույց տվեց, որ մենք չենք կարող լիովին վստահել ներքին ուժային կառույցին: Պարեկապահակային բառն արդեն իսկ ենթադրում է գերզգոնություն, մշտարթունություն: Բայց ի՞նչ տեսանք… Այս երկու շաբաթը խոշորացույց էր, շատ բան ցույց տվեց: Քանի որ իրավաբան չեմ, հարցերին միայն տրամաբանելով կարող եմ մոտենալ: Սասնա ծռերն իրենց նպատակի ազնվությունը ցույց տվեցին զենքը վայր դնելով: Թե իրականում ինչ էր, ոնց էր, ժամանակը ցույց կտա: Ոչ մեկս ներսում չենք եղել, իրենց կողքին չենք եղել և իրավունք չունենք հստակ դատողություն անելու: Հիմա այն օրերն են, երբ հազար տեսակ ապատեղեկատվության և ապակողմոնորշող, վարկաբեկող նյութերի հեղեղ կլինի երկու կողմերի վերաբերյալ: Այնպես որ, մի քիչ հանդարտվելու և սառը գլխով վերջնական եզրակացություն անելու կարիք կա: Շատ-շատ եմ ցավում, որ զոհեր եղան: Ինձ համար զոհված երկու ոստիկաններն առաջին հերթին մարդ էին, ազգիս ներկայացուցիչներ, ովքեր այսօր իրենց զավակների հետ չեն: Վնասվածքներ ստացած մարդիկ, աչքը կորցրած տղան, սթրեսի մեջ հայտնված ժողովուրդը, բոլորս ցնցվեցինք, բայց պիտի շարունակենք ապրել, չարտագաղթել ու երկիրը պահել:

 

Արմեն Պետրոսյան`

Առհասարակ, Հայաստանում տարբեր մասշտաբի ցանկացած խնդրի լուծման նպատակով որևէ ծայրահեղ մեթոդի կիրառմանը բացասական եմ վերաբերում: Ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ծավալված գործընթացի պարագայում երկու հանգամանքի վրա պետք է կենտրոնանալ՝ նախ «Սասնա ծռեր» խմբավորման և նրա գաղափարական ոգեշնչողը հանդիսացող «Հիմնադիր խորհրդարան» կառույցի գործողությունների ծայրահեղական բնույթը, և հաջորդը՝ գործելաոճի ընտրության և դրա հասարակական որոշակի աջակցության պատճառները Հայաստանում ստեղծված իրավիճակի համատեքստում, ինչի յուրօրինակ ցուցիչ էին գնդից դուրս ընթացող զարգացումները: Ինչ վերաբերում է իրավիճակի հանգուցալուծման նման սցենարին, ապա սա տրամաբանական հետևանք էր «Սասնա ծռեր» խմբավորման մարտավարական սխալների, ռազմավարական հաշվարկների՝ ինչպես ՊՊԾ գնդի ներսում, այնպես էլ՝ դրանից դուրս. բազմաբնույթ խնդիրների առկայության պայմաններում անգամ մեր հասարակության մի ստվար հատված դեմ է նման ծայրահեղական գործելաոճին: Իսկ որդեգրված գործելաոճի և իրադարձությունների նման ընթացքի պարագայում զինված խումբն ուներ իրավիճակի հանգուցալուծման 3 հնարավոր տարբերակ՝ կա՛մ վերջին 1շաբաթվա ընթացքում ծավալված զարգացումների տրամաբանությամբ գնալ ինքնազոհաբերության, աստիճանաբար ջլատվել, տարբեր եղանակներով կորցնել սեփական անդամներին, կա՛մ դիմել պատասխան ռազմական գործողությունների, որը պատճառ կդառնար աններելի և անկանխատեսելի ծավալի արյունահեղության և կա՛մ վերջին՝ հանձնվելու որոշումը, որն էլ ի վերջո կայացվեց: Ի դեպ, սա հանգուցալուծման ամենաողջամիտ տարբերակն էր՝ առանց հավելյալ սրացումների և նոր մարդկային կորուստների, և, ի վերջո, չնայած երկրին հասցված տարաբնույթ վնասներին, չսասանվեցին պետության հիմքերը, իսկ հետագա գործողությունների անհրաժեշտ մեսիջն ուղարկվեց հասարակությանն ու իշխանություններին: Եվ վերջապես, վերոնշյալի համատեքստում, շատ ավելի կարևոր են այն արդյունքները, հետևությունները, դասերը, որոնք պետք է հաշվի առնվեն քաղվեն և՛ իշխանությունների, և՛ քաղաքական, հասարակական, հոգևոր կառույցների, առանձին անձանց և տարբեր խմբերի կողմից՝ հետագայում նման զարգացումների կրկնությունից խուսափելու համար. Հայաստանում զենքի, բռնության միջոցով լուծում պարտադրելն անընդունելի է, բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ երկխոսության և փոխըմբռնման պայմաններում՝ օրենքի և սահմանադրության շրջանակներում, բայց պետք է լուծվեն անհապաղ, առանց ավելորդ ժամանակի կորստի:

 

 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն