Թե ինչպես 1967թ.-ի հունիսի 4-ին, Ուջան գյուղում կանգնեցվեց Զորավար Անդրանիկի կիսանդրին… (լուսանկարներ)

1966թ.-ի հունիսի տասնհինգին հանդիպեցի ընկերոջս՝ Մուրադ Սարգսյանին,- հիշում է Ուջանցի Բժիշկ Հարութը /Հարություն Սիմոնի Հարությունյան/, - և առաջարկեցի միասին կազմակերպել և կանգնեցնել Զորավար Անդրանիկի արձանը: Ընկերս, որը երբեք չէր առարկում ինձ, անմիջապես համաձայնեց և գրպանից հանելով 10 ռուբլի ասաց՝ առայժմ այսքանը դնում եմ այդ սուրբ գործի համար, նույնքան էլ ես ավելացրեցի: Միասին գնացինք Շահինյան Արշակի մոտ և տվեցինք գումարը ի պահ, վերջինս էլ իր կողմից ավելացրեց ևս տաս ռուբլի: Սկսեցինք տնից-տուն անցնել և փող հավաքել: Շատ բարդ գործ էինք ստանձնել, շատերը վաղենում էին չէին տալիս, շատերը անպատվում՝ տանից դուրս անում և չնայած այդ ամենին՝ մենք անդրդվելի էինք: Մտահղացման երկրորդ օրը մեզ միացան Պետրոսյան Արծրունը, Կիրակոսյան Վանիկը, Սաֆարյան Ազատը: Մինչև սեպտեմբեր գումարը կազմեց 340 ռուբլի և որոշեցինք քանդակագործ գտնել: Ընկերներիցս մեկի միջոցով ծանոթացա քանդակագործ Միքայելի հետ և պատվիրեցի Զորավարի արձանը, որի համար պետք է վճարեի 400 ռուբլի (գիպսի արժեքը):

Գյուղում տղաներին գումար հավաքելու գործում սկսել էին օգնել Թովմասյան Զավենը, Ազատյան Խաչիկը, Ասլանյան Ալիշանը, Մուրադյան Մանուկը, Ազատյան Հարությունը, Մանվելյան Կարապետը, Շահինյան Արշակը և ընդհանուր գումարը սեպտեմբերի կեսերին արդեն կազմել էր 1000ռուբլի:

Քանդակագործ Միքայելն ինձ ծանոթացրեց Ազատ Հարությունյանի և Վիլիկ Պետրոսյանի հետ, որոնք պետք է քարի գործն անեին:

Քաղաքում ինձ օգնում ու աջակցում էին Մանվելյան Մուրադը, Սարգսյան Անդրանիկը, Մանուկյան Սարգիսը, որոնք էլ Երևանում ապրող համագյուղացիներից հանգանակել էին 120ռ.:

Քարի չեկ ձեռք բերելու համար մեզ հարկավոր էին տեղեկանքներ, որը մեզ ոչ ոք չէր տրամադրի այն տարիներին, ստիպված ներկայացրեցինք կեղծ տեղեկանքներ՝ որոնք տպագրում և շտամպում էր Ռոզա Նազարյանը (իմ ապագա կինը): Չեկը ձեռք բերելուց հետո սկսեցինք թափառել քարհանքից քարհանք, բայց, ցավոք, ընդերքից դուրս եկածը գիշերները վաճառում էին: Վեց ամիս շարունակ թափառելուց հետո /Անդոյի, Սաքոյի, Մուրոյի հետ/ վերջապես որոշեցի ևս մի կեղծիքի դիմել.

Պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս Արա Ասլանյանի հետ ես ու Մուրադը գնացինք քարհանք՝ վարչության գրասենյակ: Մտնելով տնօրենի մոտ՝ Արամին ներկայացրեցի որպես կենտկոմի ներկայացուցիչ, իսկ Մուրադին՝ թերթի թղթակից: Արամը հանկարծակիի եկավ և վախից ծխախոտը ձեռքից գցեց, բայց հետո անմիջապես սթափվեց և ներկայացավ որպես Ընկեր Սարդարյան: Առաջին խոսքից հետո գնացինք նորքի քարհանքը, որտեղ Մուրադը սկսեց կեղծ նկարահանումներ կատարել, իսկ Արամը կարգադրեց՝ որտեղից ուզում են պետք է մեկ շաբաթից քարը տան, իսկ եթե չտան, ապա բոլորը գործից կհեռացվեն: Մեկ շաբաթ չանցած՝ քարը ստացանք:

1967թ.ի փետրվարին Միքայելը գիպսի գործը վերջացրեց: Մարտի տասին քարը բերեցինք և դրեցինք մանկավարժական ինստիտուտի դիմացի բակում՝ Ազատենց դռան առաջ: Մեքենաները և աստիճանների համար նախատեսված քարը տրամադրեց Մարգարի տղա Էդիկը, որն ընտրում էր քաջ, անվախ վարորդների և ուղարկում: Քարի վրա աշխատելիս միլիցիայի վարչությունից Ազատին ու Վիլիկին մի փոքր նեղել էին, բայց տղաներն անձնուրաց կերպով գիշեր-ցերեկ աշխատում էին: Նրանց արած գործը ոչ ոք չէր անի այդ օրերին:
Մարտ ամսից Ուջան գյուղում սկսեցինք նախապատրաստական աշխատանքները: Ի դեպ, ամեն ինչ արվում էր յոթ-յոթ՝ մեր յոթ վիլայեթների նշանաբանով:

Եւ ահա, երբ ամեն-ինչ գյուղում պատրաստ էր, 1967թ.ի հունիսի 3-ի առավոտյան որոշեցինք, որ արձանը դնելու ժամանակն է և չորսի առավոտյան պետք է կատարենք բացման արարողությունը: Ամսի 4-ն էինք ընտրել քանի որ հայկական տասնօրյակի կապակցությամբ Հայստանի ղեկավարները գտնվում էին Մոսկվայում և առիթը չպետք է բաց թողնվեր: Ամսի 3-ին ժամը 16-ին արձանը բարձեցինք բեռնատարը, որը վարում էր ՛՛խուժան Աբո՛՛ մականվամբ մի շատ համարձակ, քաջ ու ազնիվ տղա: Մտածում էինք թե ինչպես տանենք, որ որևէ բան չխաթարվի, բայց Աբոն երկար թույլ չտվեց մտածել, ասելով, որ Անդրանիկը քաջ է եղել և պետք է Կենտկոմի առջևով էլ տանենք:

Այդպես էլ արեցինք. Կենտկոմի դիմացով մեքենան սլացավ դեպի Ուջան: Երեկոյան ժամը 21-ին արդեն Ուջանում էինք: Արձանը տեղադրեցինք գիշերը: Մինչև լույս համագյուղացիներն աշխատում էին, բարեկարգում չորս կողմը:

Առավոտյան արդեն մարդաշատ էր Ուջան գյուղը. ամեն տեղից լսելով, որ այդ օրը տեղի է ունենալու Զորավար Անդրանիկի արձանի բացումը, բոլորը շտապում էին հասնել Ուջան և մասնակցել բացման արարողությանը: 
Այդ օրը բոլորից շատ հուզված էին Զորավարի ողջ մնացած զինվորները:

Բոլորս սրտատրոփ սպասում էինք սպիտակ սավանով ծածկված արձանի բացմանը.- հիշում է Հարությունը.- աստիճաններն կապված էին յոթ ժապավեններով, որ պետք է կտրեին զինվորները, չգիտես ինչու գտնվում էի սպասողական վիճակում, բայց և անհամբեր էի: Գնալով ավելի ու ավելի մարդաշատ էր դառնում գյուղը, հուզմունքս ափեափ էր: Բոլորը մոտենում էին ինչ-որ բան հարցնում, խորհուրդ տալիս. ինչպես որոշված էր, ուղիղ ժամը 12.00-ին բարձրախոսով ազդարարեցի արձանի բացումը. ձայնս խլացավ հազարավոր կեցցեների ու բացականչությունների մեջ: Ժողովրդի այդ ոգևորությունից թև առած՝ ուլունքների նման մտքերս շարվեցին մեկը մյուսի ետևից և տարածվեցին եթերում: Ձայնս արդեն հնչում էր փորձված հռետորի նման: Շատերը ելույթ ունեցան, որոնց թվում էր նաև բժշկական ինստիտուտի հինգերորդ կուսի ուսանող Թորոս Թորոմանյանը, որն իր ելույթն ավարտեց հետևյալ խոսքերով. ՛՛հայրենասեր է նաև այն մարդը, որը թեկուզ մեկ ծառ կկանաչեցնի Հայոց Աշխարհում՛՛:

Ելույթներից հետո սկսվեց գեղարվեստական մասը. ասմունք, երգ ու պար, և հայոց հողը կրկին թնդաց Սասնա ծռերի ոտքերի տակ. Աշնակի խումբը քոչարի էր պարում… Ուրախությունը շարունակվեց մի քանի օր: Այնուհետև սկսվեցին այցելությունները, այցելության էին գալիս մեր մեծերը՝ Հովհ. Բաղրամյանը, Հ. Շիրազը, Վ. Համբարձումյանը, Ս. Կապուտիկյանը, սփյուռքահայեր. այդ են վկայում երեք հաստափոր հուշագրերը:

Բայց սա դեռ սկիզբն էր…

Հատված Դավիթ Սարգսյանի "Բժիշկ Հարութը" գիրք-հուշապատումից:

Նկարները` Հ.Ս.Հարությունյանի անձնական արխիվից:

‪#‎Զորավար_Անդրանիկ‬ ‪#‎Ուջան‬ #1967 ‪#‎հունիսի_4‬ ‪#‎արձանի_բացում‬

Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/susanna.harutyunyan.16/posts/1308349515860332

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն