Ֆեյսբուքահայերը վերհիշում են իրենց մանկության անկարգությունները. (հարցազրույց, լուսանկարներ)

Загрузка...

Այսօր Հունիսի 1-ն է` Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Բոլորս էլ եղել ենք մանուկ և բոլորս էլ ունենք զվարճալի պատմություններ կապված մեր մանկության տարիներից

FBH.am կայքը փորձեց ճշտել, թե ֆեյսբուքահայերից, ով ինչ զվարճալի պատմությունների մեջ է հայտնվել երեխա ժամանակ:

 

Զոհրապ Եգանյան

Շատ անկարգ երեխա եմ եղել, մայրս ասում է, որ միշտ աննորմալ անկարգություններով եմ աչքի ընկել)))) Հիշում եմ, որ տան վարագույրներն էի սիրում փչացնել՝ կտրել, այրել, վայր գցել, ինչպես նաև մեկ անգամ տատիկի գուլպա գործելու ճաղերը մտցրի էլ վարդակի անցքերից ներս ու թե ինչ եղավ հետո՝ արդեն պատկերացրիք))))) Մեկ անգամ էլ որոշեցի կրետների բույնը քանդել, սկզբից լավ էր, հետո հիշում եմ միայն, որ վազում էի փողոցով ու ինձ տարան հիվանդանոց)))) Շատ անկարգ եմ եղել)))))

 

Կոնստանտին Տեր - Նակալյան

Շատ են եղել, ես շատ չար երեխա եմ եղել։ Առանձնակի հիշարժաններից կառանձնացնեի հերթական մի դրվագ իմ մանկությունից։ 1993 թվականն էր։ Պատերազմ էր, լույսերն օրական մի քանի ժամով էին տալիս, հացը տալոններով էին ստանում ու սուր ճգնաժամ էր, երբ գրեթե ոչինչ ճարել չէր լինում, փող էլ առանձնապես չկար։ Մորաքույրս, ով այդ օրերին Ֆրանսիայում էր ապրում, մորս տարեդարձի կապակցությամբ նվեր էր ուղարկել՝ Chanel օծանելիք, որն ինչքան հիշում եմ մոտ 100 դոլար արժեր, ինչն աստղաբաշխական թիվ էր թվում այդ օրերին։ Ուրեմն, մի գեղեցիկ օր, երբ ես տանը մենակ էի մնացել, որովհետև ծնողներս աշխատում էին, ես որոշեցի լուցկով խաղալ։ Խաղն այնքան գրավեց ինձ, որ որոշեցի էքսպերիմենտներ անել ու այդ էքսպերիմենտների կուլմինացիոն կետն այն էր, որ հատակին լցրեցի մամայի Շանելը ու լուցկիով այրեցի։ Բարեբախտաբար, հրդեհ չբռնկվեց, այլ պարզապես պարկետի լաքի վրա բշտիկներ գոյացան, իսկ օծանելիքի սրվակի կեսը ընկավ․․․ Մաման վերադարձավ աշխատանքից ու միանգամից զգաց օծանելիքի հոտը։ Ես կերա դնգստոցի առաջին ռաունդը ու ստիպված խոստովանեցի, որ կանացի օծանելիքը վրաս չեմ ցանել, այլ պուճուրիկ խարույկ էի վառել։ Դժբախտաբար, մայրս չգնահատեց ո՛չ կանացի օծանելիք չօգտագործելու առնական որոշումս, ոչ էլ խոստովանությանս անկեղծությունը և ես դնգստոցի երկրորդ ռաունդը կերա :)))

 

Մհեր Խաչատրյան

Երբ շատ փոքր էի, վիդեոմագնիտոֆոն ունեինք, ինձ թվացել էր մեջը ինչ էլ դնես, ցույց կտա, ու շախմատի ֆիգուր էի մտցրել, որ էկրանով տեսնեմ... Փչացավ :)))

 

Կառլ Ավետյան

Փոքր տարիքում (և ինչու ոչ նաև հիմա) շատ էի սիրում խաղալիքներ։ Ամեն անգամ բարեկամներին հյուր գնալիս հավաքում էի իրենց տան բոլոր խաղալիքները և ինձնով անում։ Երեկոյան տուն վերադառնալուց և ինձ քնեցնելուց հետո ընտանիքիս անդամները շրջում էին այցելած տներով և վերադարձնում ավարը։

 

Գագիկ Մամուլյան

Դժվար է առանձնացնել ինչ որ կոնկրետ չարություն, շատ չար եմ եղել: Երևի ամենավատ չարությունը խոտի դեզը հրդեհելն էր, որը եթե հարևանը շուտ չնկատեր, հնարավոր է, որ շատ վատ հետևանքներ ունենար:

 

Հարություն Մնացականյան

Մեր ձորում հենց տեսնում էի մարմնավաճառների էին իջեցնում, վերևից քարերով խփում էի մեքենաներին և արդեն մեկ տարուց մեր ձորը նման գործողությունների համար արգելված գոտի էր:

 

Նանե Արզումանյան

Մանկություն բառն ինձ մոտ ասոցացվում է Գորիսի հետ,որտեղ ամփոփված են կյանքիս ամենաերջանիկ օրերը. Անկարգ չեմ եղել,որովհետև տան փոքրն եմ ու մենակ եմ մեծացել. մարդ չկար,որ անկարգություն անեի հետը)))) Ավելի ծիծաղաշարժ դեպքեր եմ հիշում. 6 տարեկան էի, երբ սկսել էի ասմունքի և պարի խմբակների հաճախել: Քույրս ամուսնացած էր, եղբայրս սովորում էր Երևանում,հեռու էին ինձանից և ինձ թվում էր,թե ինձ կնեղացնեն,որովհետև պաշտպանող չունեմ: Պայուսակիս վրա գրել էի «Արզումանյան Նանեի կարատեի պայուսակը» ,որ բոլորին թվար,թե ես նրանց կծեծեմ, եթե ինձ մոտենան ))))))) Մանկությունը կյանքի ամենահրաշալի և անհոգ շրջանն է, ուզում եմ,որ աշխարհի բոլոր մանուկները կարողանան ապրել ԽԱՂԱՂ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ

 

Հայկ Դերզյան

Ճիշտն ասած անկարգություններ շատ են եղել. ապակի կոտրելուց մինչև տարբեր մարդկանց հագուստի կտրատում )) Երևի թե ամենահիշարժան անկարգություններից մեկը եղել է մանկապարտեզում: Այն գտնվում էր մեր տան կողքին և ամեն անգամ ես նայում էի դեպի մեր տան կողմ և փորձում տեսնել հարազատներիցս մեկին: Մի անգամ երբ ծնողներս փոքր ինչ ուշանում էին, ես կանգնել էի դարպասների մոտ և իրենց էի կանչում: Այդ պահին մոտեցավ դայակը և շատ կոշտ խոսելաձևով հասկացրեց որ պետք է ներս գնամ և սպասեմ: Ինձ դուր չեկավ իր այդ տոնը և ես իմ ամբողջ ուժով հարվածեցի իր ոտքին )) Չգիտեմ ինչպես ստացվեց, բայց մոտ մի շաբաթ այդ դայակը չեկավ աշխատանքի: Ասում են ոտքը լավ կապտել էր..: Եթե կարդում եք այս տողերը, կներեք, չէի ուզում )))

 

Էդգար Խաչատրյան

Ես փոքր տարիքից հետաքրքրասեր եմ եղել ու չեմ ունեցել որևէ խաղալիք, որը իր ամբողջակամ տեսքը պահած կլիներ, բայց եթե սահմանափակվեի մենակ իմ խաղալիքներով դեռ ոչինչ, ունեինք հարևան`Լյոշան, որի խաղալիքները միտումնավոր պահում էի, որ հետո կարողանամ կոտրել ու հասկանալ, թե մեջն ինչ կա ))))

 

Արթուր Եղիազարյան

Դպրոցական տարիներին եղել եմ հակասական կերպար: Տանը խելոք, ամբողջ օրը գիրք կարդացող, կենդանի ու բույս պահող, աճեցնող «Знайка» էի, իսկ դրսում՝ «թաղի տղա»՝ իր «գործառույթներով»: Հետագա տարիներին, երբ տանը բակի կամ դասարանի ընկերներս պատմում էին իմ «քաջագործությունների» մասին, ծնողներս զարմանում էին, որ դա իմ մասին էր: Բայց, չմեղանչելով ճշմարտության դեմ, պիտի խոստովանեմ, որ մշտապես արդարամիտ եմ եղել ու չեմ սիրել թույլերին ծաղրել, հակառակը, հնարավորինս լավ եմ վերաբերել: Մի դեպք հիշեցի: 5-րդ դասարանում էի: Այդ ժամանակ դասարանին կար կցված դասասենյակ, ուր դասարանը մնում էր տեղում, ուսուցիչներն էին գնում գալիս: Մի օր, չեմ հիշում ինչ պատճառով, մեր դասղեկական դասարանում դաս անելու փոխարեն, որպես ժամանակավոր դասասենյակ՝ այդ ժամին դաս արեցինք ֆիզիկայի մասնագիտացված դասասենյակում: Այդ դասասենյակը պատկանում էր մի շատ խիստ ու կոպիտ ուսուցչի: Ազգանունը Մադաթյան էր: Մենք դեռևս ֆիզիկա չէինք անցնում այդ տարիքում: Այդ սենյակում դաս անելիս՝ կողքիս նստել էր դասընկերներիցս մեկը (անունը մտածված չեմ գրում հիմա, ընթացքում կհասկանաք, թե ինչու), ով մեծ հակում ուներ ամենուր, ամեն ինչի վրա նկարելու: Չգիտեմ ինչու՝ տետր չկա՞ր մոտը, թե՞ իր պատկերներն անմահացնելու համար, նկատեցի, որ սկսեց գրիչով նկարել նստած տեղի դասասեղանի վրա: Պառկած դիրքում՝ մերկ աղջիկ: Որ ոտքերի փոխարեն ձկան պոչ նկարեր՝ ջրահարս կստացվեր: Ինչևէ, նա նկարեց ու հետո դասն ավարտվեց: Հաջորդ ժամից կրկին մեր դասասենյակում էինք դաս անում: Քիչ անց, մեր դասարան մտավ այդ ընկեր Մադաթյանը և խիստ հարցրեց, թե նախորդ ժամին, իր դասասենյակում ովքե՞ր են նստած եղել այսինչ շարքի այսինչ նստարանին: Դե, բնականաբար՝ ես ու դասընկերս ոտքի կանգեցինք: Ընկեր Մադաթյանը մոտեցավ, առանց մի բառ ասելու, ամուր կսմիթով բռնեց երկուսիս թշերից (նա պատժի այդպիսի ցավոտ տերթոդիկյան՝ դպրոցում հայտնի մեթոդ ուներ) ու անխոս երկրորդ հարկից բարձրացրեց երրորդ հարկ ուր իր դասասենյակն էր: Ներս մտցնելով ու ցույց տալով մեր նստած դասասեղանի վրա արված նկարը, հարցրեց, թե մեզնից ով է դա արել: Ես լուռ էի ու ստիպված ընկերս խոստովանեց, որ ինքն է: Բնական է, որ խոստովանության համար մեծ դեր խաղած նաև անտանելի թշացավը: Ընկեր Մադաթյանը ինձ բաց թողեց ու դասընկերոջս գլուխը կպցնելով նստարանին՝ ասաց. «Լակոտ, մամայիդ ես նկարե՞լ»: Հիմա չեմ հիշում, թե այդ դեպքի հանգուցալուծումն ինչպես եղավ, քանի որ շարունակությունն ինձ հետ կապված չէր: Ամեն դեպքում, այդ թուշ քաշելը շատ վատ տարա: Վիրավորանքից, անարդարությունից, որ ես անմեղ էի, բայց առանց ճշտելու՝ ի սկզբանե այդպես ցավոտ ու անհարգալից եղավ իմ հանդեպ այդ ուսուցիչը՝ տեղս չէի գտնում: Անգամ աչքերս էին լցվել: Երբ եկա տուն (մեր շենքն անմիջապես դպրոցի կողքին էր, դպրոցից ճանապարհը մեր պատշգամբի տակով էր անցնում), սառնարանից հանեցի մի քանի հատ հավկիթ, դիրքավորվեցի պատշգամբում ու վրեժով լի սրտով, բայց սառնասրտությամբ՝ սպասում էի, թե երբ է դպրոցից դուրս գալու ընկեր Մադաթյանը: Ծնողներս աշխատանքի էին ու ոչ ոք չէր կարող վիժեցնել իմ «դիվերսիոն-մարտավարական» պլանը: Չեմ հիշում, թե ինչքան եմ սպասել, բայց որոշ ժամանակ անց նկատեցի նրան: Նրա կառուցվածքն ու ճաղատ ճակատն անհնար էր անգամ տարածությունց շփոթել: Երբ մինչև մեր շենք մնացել էր ընդամենը 10-15 մետր, ինչպես «Գրադ» կայանքն է արկեր արձակում՝ նույն տեմպով իրար ետևից նրա ուղղությամբ նետեցի երեք կամ չորս հում հավկիթ: Մեկը կամ երկուսը վրիպեց, իսկ մյուս երկուսը տեղ հասան. մեկը՝ կրծքավանդակին, մյուսն ուղիղ ճակատին: Նետելն ու մինչ հավկիթները տեղ կհասնեին՝ իմ թաքնվելը մեկ եղավ: Բնականաբար այս «գաղտնի գործ» -ն այդպես էլ չբացահայտվեց: Ու ես համարեցի, որ համարժեք ու արժանի պատասխան տալով թեման փակեցի: Տարիներ, չէ՝ տասնամյակներ անց, երբ ես դպրոցներից մեկում ռազմագիտություն էի դասավանդում, մի օր զինկոմիսարիատից հայտնեցին, որ դպրոցներից մեկում վարչական շրջանի բոլոր դպրոցների զինղեկերի հավաք է: Գնացի այդ դպրոց: Երբ ներս մտա՝ ծանոթ կառուցվածքով մի տարեց ուսուցիչ տեսա: Ուշադիր նայելով՝ հիշեցի պարոն Մադաթյանին: Մոտեցա, ներկայացա: Ժպտադեմ ծանոթացանք: Իմ՝ դպրոցում սովորելու տարիներին, նա այդպես էլ ինձ չդասավանդեց, հետևաբար չէր կարող ինձ հիշել այդքան տարի անց, երբ ասացի, որ այն դպրոցում եմ սովորել, որտեղ ժամանակին ինքն աշխատել է: Հիշեցրեցի թշից անարդար քաշելու պատմությունը: Բնականաբար այդպես չհիշեց, քանի որ այն տարիներին իր համար սովորական բան էր ամեն օր աշակերտներին այդպես պատժելը: Ու ես հիշեցրեցի հավկիթների պատմությունը: Վստահ էի, որ չէր կարող չհիշել: Ամեն օր մարդու գլխին հավկիթ չեն կետում ու այդպես անհարմար վիճակի մեջ դրսում չեն թողնում: Պատմեցի իրեն, քանի որ չէի ուզում, որ նա այդպես էլ անտեղյակ մնար, թե ով և ինչի համար էր իր հանդեպ այդպես վարվել: Որպեսզի, թեկուզ և օր ծերության՝ հասկանար, որ չի կարելի մարդու հետ անարդար վարվել: Եվ սա պատմեցի շատերի ներկայությամբ: Դարձավ բաց դաս՝ շատերի համար …

 

Կարեն Սահակյան

Շատ խելոք երեխա եմ եղել: Չեմ կարողանում հիշել նման մի դեպք: Ծնողներս էլ դժվարացան մտաբերել: Բայց մի զվարճալի դեպք կպատմեմ: Դպրոց գնացել եմ 7 ու կես տարեկանից, բայց 6 տարեկանից արդեն պարի էի գնում: Շատ էի սիրում պարը: Մի օր պարի ուսուցիչները շարքով կանգնեցրել էին մեզ, ու հերթով հարցնում են, թե ինչ ենք երազում դառնալ երբ մեծանանք: Բոլոր աղջիկները միաբերան ասեցին, որ երազում են պարուհի դառնալ, իսկ երբ հերթը հասավ ինձ, ես էլ ասեցի, որ պարուհի եմ ուզում դառնալ: Ուսուցիչները մի լավ ծիծաղեցին, հետո բացատրեցին, որ տղաները կարող են պարող դառնալ, այլ ոչ թե պարուհի ))))

 

Էդ Թումանյան

6 տարեկանում պապաիս ավտոն եմ վառել բառիս բուն իմաստով)) մեջը փորձում էի թուղթ ծխեի)) առաջ մեքենաների մեջ խալիներ էին լինում` վառվեց էտ խալիներից մեկը ու մեքենան սկսվեց կամաց վառվել մինջև ես վախից փախնում էի))) սրանից ավել տպավորված դեպք չկա ինձ համար)))

 

Սենիկ Կարա-Պողոսյան

Օգտվելով առիթից թույլ տվեք բոլոր փոքրիկներին եւ երեխաներին շնորհավորել տարվա ամենաճերմակ օրվա կապակցությամբ: Թող բոլորն առողջ ու բախտավոր լինեն: Նրանց ընտանիքներին սեր եւ երջանկություն, իսկ երկրի սահմաններին՝ խաղաղություն եմ մաղթում: Երբեք չեմ դասվել խելոք փոքրիկների, երիտասարդների կամ չափահասների շարքին: Չարաճճիություններիս մասին պատմում եւ խոսում եմ միայն շատ նեղ շրջանակներում եւ հատկապես իմ 4 երեխաներից հեռու: Անկարգաություններիս առընչվող հիշարժան պատմություններս շատ-շատ են, սակայն դրանք պատմել, առավել եւս մասսայաբար ներկայացնել չարժե: Այդուհանդերձ, մեկը համառոտ կպատմեմ: Մանկությունս անցել է Սիլաչի թաղամասում: Մեր հիմնական զբաղմունքներից էր ֆուտբոլը: Մեզ գնդակով եւ ֆուտբոլային մարզաշապիկներով ապահովելու համար ստիպված էի լինում ... Ընկերներիցս մեկը բավականին խելացի գերմանական «овчарка» ուներ, որը երեւի թե միայն գրել չգիտեր: Շան հետ գնում էինք քաղաքի հեռավոր թաղամասեր՝ իբրեւ մեր Դինոյին «վաճառելու» մտադրություն ունեմ: «Գնորդ», ինչպես միշտ գտնվում էր: Գումարը վերցնելուց հետո վերադառնում էի մոտ 100 մետր հեռավորության վրա ինձ սպասող իմ տաքսին: Մեքենայի դուռը բացելով, ինձ մոտ էի կանչում Դինոյին: Խելացի շունը թողնելով իր նոր «տիրոջը», ընդամենը վայրկյաններ անց տեղ էր զբաղեցնում մեքենայի մեջ եւ մինչ «գնորդը» կփորձեր հասկանալ կատարվածը, մենք տվյալ թաղամասից արագ հեռանում էինք: Այս ամենը՝ հանուն ՄԵԾՆ ՖՈՒՏԲՈԼԻ:

 

Արմեն Պետրոսյան

Ծնողներիս ու հարազատներիս պատմելով՝ բավական խելոք և օրինակելի փոքրիկ եմ եղել: Բայց, իհարկե, ինչպես ամեն երեխա, կամա, թե ակամա երբեմն նաև անկարգություններ եմ թույլ տվել: Մեր ընտանիքում մինչ օրս պահպանվում է հանգստյան օրերը գյուղում՝ պապիկիս տանն անցկացնելու ավանդույթը: Նման օրերից մեկին, երբ 2 տարեկան էի, մայրս թույլատրում է՝ միայնակ դուրս գալ բակ և խաղալ հեծանիվով... Որոշ ժամանակ անց՝ ծնողներս «կորցնում են» ինձ: Բոլոր հնարավոր վայրերում տևական որոնումներից հետո գտնում են մեր իսկ շան բնի մոտ՝ նրա հետ խաղալիս: Ընդ որում, Գերմանական հովվաշան տեսակի բավական սարսափազդու շունը գցել էր ինձ մեջքի վրա, և ուրախ-զվարթ խաղում էինք... Թերևս նշված դեպքի օրինակով է նաև պայմանավորված բոլոր տեսակի շների հանդեպ առանաձնահատուկ վերաբերմունքս և վախի բացակայությունը մինչև օրս...

 

Նարեկ Միրզոյան

Իմ մանկությունն անցել է ավանդական բակային խաղերով` պախկվոցի, յոթ քար, գործնագործ, բռնոցի… Հիմա կա ինտերնետը, կա այֆոն և այն ամենը ինչով որ զբաղվում էի ես մանուկ հասակուն, ներկա սերունդի համար ծեծաղելի է ։ Մանկությունից մնացել են շատ լավ հուշեր։ Հիշում եմ երբ բակում տուն-տունիկ էինք խաղում, ես կա՛մ լինում էի ընտանիքի հայրը, կա՛մ ընտանիքի մայրիկի թիկնապահը։ Մի օր այնքան էի տարվել թիկնապահի կերպարով, որ չէի թողնում ընկերուհիս տուն գնար։ Բակի ընկերներս շատ լավն են, չնայած նրան, որ մի մասը ինձանից հեռու է, բայց մեծամասնության հետ մինչև հիմա շփումը կա։ Հիշում եմ մեր բակի երգի մրցույթները։ «Երկու աստղ» էինք կազմակերպել, ինձ ու իմ զույգին բաժին էր ընկել Սիլվա Հակոբյանի «Գիշեր է» երգը, ու ըստ պլանավորած սցենարի, ես պետք է հեծանիվից ընկնեի ու մնայի գետնին պառկած։ Այդ օրը ես ոչ միայն ընկա, այլ նաև վնասեցի ձեռքս։ Վնասվածքը մինչև հիմա իր հետքը թողել է, և երբ ամեն անգամ նայում եմ ձեռքիս, միշտ հիշում եմ մանկական օրերս…

 

Աշոտ Ասատրյան

Փոքր ժամանակ հեծանիվից ընկել եմ ու ատամս ջարդել եմ, մի անգամ էլ դեմքով ընկել եմ պլիտայի վրա և ունքս վառել եմ )))) էտ երկուսը ուղեկցում են ինձ մինչև հիմա ու կյանքիս վերջ` ջարդած ատամ ու ունքիս վրայի սպին ))))

 

Սամվել Մարտիրոսյան

Տենց կոնկրետ ինչ- որ բան չեմ կարողանում վերհիշել։ Հիմնականում բոլորը ցոգոլ գողանալու պահերն են մտքովս անցնում )))

 

Կիլիկիա Հայաստան

Մի բան եմ արել, որի համար մինչև հիմա ամաչում եմ: Մենք այդ ժամանակ բնակվում էինք բազմահարկ շենքի վեցերորդ հարկում: Ծնողներս աշխատանքի էին, իսկ մենք երեխաներով տանն էինք: Առաջարկեցի կռիվ-կռիվ խաղանք ու մեր պատշգամբում եղած բոլոր մածունի ու լիմոնադի ապակյա շշերը պատշգամբից նետում էի ցած ու ինձանից փոքր եղբայրներիս հրամայում , որ թաքնվեն... Մոտ մեկ ժամ մեր շենքի տակով ոչ ոք չեր կարողանում անցնել...

 

Աննա Օհանյան

Ես շատ համառ ու կամակոր երեխա եմ եղել: Հիմա մի շատ անձնական բան կպատմեմ: 3 տարեկան էի: Պապիկիս ուշքը գնում էր եղբորս համար, նրան սիրում էր, ժամերով խաղում հետը, ու որպես կոնսերվատիվ հայ տղամարդ ՝ համարում, որ դե աղջիկ եմ էլի, երբեք էլ այդքան կապված չի լինի ինձ հետ: Մի օր էլի եղբորս հետ էր, ասացի. «պապի, ինձ էլ պաչի», հրաժարվեց: Մի քանի անգամ հրամակայան տոնով ասացի «Պապի, ասեցի պաչի»..նույնը... ջղային նայեցի պապիկիս ու ապտակեցի ամբողջ ուժով: Ու հիմա պապիկս ասում է. «էտ օրվանից ուշքս գնում ա Աննայի համար»:

 

Անյա Մովսիսյան

Փոքր ժամանակ` 2 տարեկանում, ինչպես պատմում է մայրիկս, ես թաքուն տանից փախել եմ ու բոլոր տան անդամները մտածել են, որ մյուսի մոտ եմ, փնտրտուքներից հետո պարզվել է, որ բավականին ճանապարհ կտրելով գնացել եմ ընկերուհուս մոտ և իր հետ խելոք ավազի մեջ խաղում էի )))

 

FBH.am կայքը շնորհավորում է բոլոր երեխաներին և ցանկանում, անհոգ, խաղաղ և միայն դրական հիշողություններով մանկություն:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/T2YlVukG5AqmxDOBLom4.jpg

    1920-ի սկզբից սկսվեց Հայաստանի 1-ին Հանրապետության միջազգային ճանաչման նոր շրջանը: Հունվարի 19-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհուրդը (ներկայիս Եվրամիության նախատիպը) դե ֆակտո և դե յուրե պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը Հայաստանի գերակայության տակ գտնվող տարածքներում: Մեր երկրի պետական սահմաններն այդ պահին ընդգրկում էին նախկին Ռուսական կայսրության Երևանի նահանգի (ներառյալ Նախիջևանի մարզը և Իգդիրի շրջանը) և Կարսի մարզի (ներառյալ Կարս, Սարիղամիշ, Արդահան քաղաքները) վարչական սահմաններն ամբողջությամբ՝ 60 հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածք: Նշենք նաև, որ բացարձակապես գերակշռող հայկական բնակչություն ունեցող Սյունիքն ու Արցախն այդ պահին դե ֆակտո հայկական անկախ ինքնավարությունների կարգավիճակներ ունեին, և նրանց դե յուրե Հայաստանին միանալը ընդամենը մոտակա ժամանակի հարց էր հանդիսանում: Հայաստանի Հանրապետության պառլամենտն Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհրդի այդ որոշման կապակցությամբ Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1920-ի հունվարի 25-ին հրավիրեց հանդիսավոր նիստ, որտեղ նախ կարդացվեց եվրոպական երկրների պաշտոնական ուղերձը՝ ուղղված անկախ Հայաստանի ժողովրդին, որից հետո ելույթ ունեցան պառլամենտի պատգամավորները: Ներկայացնենք մի հատված Սիմոն Վրացյանի ելույթից, որի դրույթները, կարծում եմ, զարմանալիորեն արդի են այսօրվա համար. «Մենք հասել ենք վերջին հանգրվանին: Այն, ինչ որ հայ ժողովուրդը ձևակերպել է իբրև անխախտ կամք, սկսում է իրականանալ: Ազատ Հայաստանը այլևս փաստ է ոչ միայն մեզ, այլև ուրիշների համար: Այն, ինչ որ հայ աշխատավորությունն իր արյան գնով է նվաճել, ընդունում և հաստատում են նրանք, որոնց ձեռքին է գտնվում այսօր աշխարհի ղեկը, և ավելի մեծ սիրով նրանք, որոնց պիտի անցնի վաղը պատմության ղեկավարությունը: Եվ եթե մինչև այժմ մեզնից պահանջվել է հեղափոխական եռանդ և անձնազոհություն, ապա այսուհետև մենք պետք է ցուցահանենք քաղաքական հասունություն ու պետական շինարարության կարողություն: Կյանքը մեր առջև դնելու է նոր պահաջներ և մեզանից է կախված մեր չափով անկախ Հայաստանի բարիք կամ չարիք դառնալը հայ ժողովրդի համար: Ես հավատում եմ, որ անկախ Հայաստանը չի փակվի նեղ պատյանի մեջ, և հայ դեմոկրատիան հավասար մեկ անդամը կլինի համաշխարհային ազատ դեմոկրատիայի ընդհանուր ընտանիքում»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1512476025533591&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3

    Կարդալ ավելին

Քաղաքականություն