Արցախում զոհված հերոսների անչափահաս երեխաները ԵՊՀ-ի կողմից ամեն ամիս կստանան 40.000 դրամ օգնություն

2016 թ.-ի մայիսի 30-ին կայացած ռեկտորատի նիստում քննարկվեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զոհված սպաների և ժամկետային զինծառայողների անչափահաս երեխաներին դրամական օգնություն տրամադրելու մասին առաջարկը:

Արդյունքում` որոշվեց զոհված սպաների, պարտադիր և ժամկետային զինծառայողների անչափահաս երեխաներին յուրաքանչյուր ամիս տրամադել 40.000 դրամ՝ մինչև չափահաս դառնալը: Ընդհանուր առմամբ՝ հունիսի 1-ից 13 ընտանիքի 29 անչափահաս Մայր բուհի կողմից ֆինանսական աջակցություն կստանա:

ԵՊՀ-ն այս սոցիալական ծրագրի շրջանակներում պատրաստակամություն է հայտնել նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների՝ ներկայումս պետհամալսարանում ուսանող երեխաներին մինչև ուսումնառության ավարտը տրամադրել ուսման վարձավճարի փոխհատուցում: Զոհված զինծառայողների զավակները, ովքեր կմասնակցեն ԵՊՀ 2016-2017 ուստարվա ընդունելությանը և կհամալրեն համալսարանականների շարքերը, նույնպես կստանան զեղչեր:

Ծրագիրը համակարգող և իրականացնող ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը նշեց, որ իրենց աշխատակիցներն արդեն իսկ սկսել են կապ հաստատել ապրիլի սկզբին տեղի ունեցած լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամների հետ:

«Մեր աշխատակիցները ծրագրում ներառված զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին հանգամանալից ներկայացնում են ծրագիրը, գումարը ստանալու համար պահանջվող փաստաթղթերը, հաշվեհամարներ ու այլ մանրամասներ»,- նշեց Արմեն Ավետիսյանը և հավելեց, որ հունիս ամսվա ընթացքում բոլոր նրանք, ովքեր կներկայացնեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, արդեն իսկ կստանան այս ամսվա համար նախատեսված գումարը:

Հավելենք, որ սոցիալական ծրագիրը ներառում է ոչ միայն ՀՀ ԶՈՒ, այլև ԼՂՀ ՊԲ զոհված զինծառայողների անչափահաս երեխաներին:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.avetisyan.33/posts/1058310204243755

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն