Միթե չնչին ցանկություն չկա Հայաստանը դարձնել հզոր երկիր

Ինձ մի բան միշտ անհասկանալի է եղել։ Ի՞նչ են մտածում բոլոր այն մարդիկ, ովքեր կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են։ Կոնկրետ երկրի ղեկավարության օրինակով ասեմ։ Դիցուք՝ ինչ շահեցին, երբ երկիրը թալանեցին ու թուլացրեցին։ 
-Հարստություն, ճոխ կյանք.- կպատասխանեն շատերը։
Բայց ինչքանո՞վ է դա հաստատուն և երկարատև մեր երկրի նման երկրում։ 


Ի՞նչ կլինի պատերազմի դեպքում, ինչ կլինի երկրի ներքին ցնցումների, իշխանափոխության դեպքում, ո՞վ ինչ կկորցնի։ Կարծում եմ՝ պարզ է։ Միթե չնչին ցանկություն չկա Հայաստանը դարձնել հզոր երկիր։ Հավատացե՛ք, դա անհնարին չէ, անգամ դժվար էլ չէ։ Ընդհակառակը՝ Հայաստանը այս վիճակին հասցնելը ավելի բարդ է։ Հավատացե՛ք, մեր բոլոր ռեսուրսները բավական են արժանավայել կյանք և կայացած պետություն ունենալու համար։ Խնդիրը ընդամենը ռեսուրսների ճիշտ տեղաբաշխումն է։ Անգամ ներկա պահին, սոցիալական բևեռվածության թուլացման դեպքում, մենք կհայտնվեք ավելի լավ վիճակում, քան մեր հարևաններն են, կամ մեզանից ավելի վատ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող երկրները։

 
Իրականում խնդիրը անձնական շահի գերադասումն է պետական շահից՝ ընդ որում՝ նյութական շահի։ Սա է ամբողջ չարիքի հիմքը։
Ես միշտ մտածել եմ, որ եթե ներկայանում ես որևէ կազմակերպության, խմբի, պետության անունից և ներկայացնում ես որոշ շահեր, քեզ ավելի զորեղ և հպարտ կզգաս, եթե այդ կառույցը կայացած է, հզոր, ունի լուրջ նվաճումներ և այդ ամենում դու ունես քո ուրույն ներդրումը։ Տարբեր շրջանակներում անձանց մասին կարծիքը ձևավորվում է ներկայացրած կառույցով և՝ հակառակը։ Մի՞թե մեր երկրի ղեկավարներին ավելի հաճելի չի լինի, երբ իրենցից հզորները իրենց ավելի լուրջ ընդունեն, հաշվի նստեն իրենց հետ, օգնություն ակնկալեն, հարգեն։

Մ՞իթե նրանք գերադասում են միջազգային հարթակներում բազմիցս ստորացված և անտեսված զգալ, իրենց պետությունում վախենանան մի մետր առանց թիկնապահի շարժվել, սեփական երկրի ժողովրդի համար ատելի լինեն, ամենուր արժանանան վատ վերաբերմունքի բայց ապրեն շռայլ ու ճոխ նյութական պայմաններում։ Արդյոք արժի՞ կուտակել այնքան, որ ո՛չ իրենք, ո՛չ էլ իրենց ժառանգները չեն վայելելու և չեն կարողանալու ծախսել։ Պարոնա՛յք այրեր, տիկնա՛յք, չի կարելի այդքան անհեռատես և ժլատ լինել, չի կարելի այդքան եսասեր և ննութապաշտ լինել։ Մի՛ կտրեք ձեզ կերակրող ձեռքը, մի՛ վատնեք ձեզ ընձեռված հնարավորությունը, մի վտանգեք ձեր սերունդների ապագան։

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gev.nalband/posts/941464139286011?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1463830893537637

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն