Գովազդի համար զանգահարել 099 999 409

ՀԲ-ի մասնագետները արձանագրել են` բարելավվել է մատուցվող բժշկական ծառայությունների որակը, ավելացել է մատչելիությունը

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ՀՀ առողջապահության նախարարի հետ քննարկել են երկկողմ համագործակցության ծրագրերը: Քննարկմանը մասնակցել են Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների Առողջապահության, Սննդի և Ազգաբնակչության ոլորտի ղեկավար պարոն Անիս Բարիշին, Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավար տիկին Սուսաննա Հայրապետյանը: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել բժշկական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման, ժամանակակից բժշկական կենտրոնների արդիականացմանն ուղղված երկարատև և արդյունավետ ծրագրերին: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` անդրադառնալով համատեղ երկարամյա գործունեությանն ընդգծել է, որ աշխատանքի արդյունավետությունն է լավագույն արդյունքը: Ներկայացնելով առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները, աշխատանքները` նա կարևորել է հանրային առողջապահական ծրագրերը, որոնք ուղղված են բնակչության առողջության պահպանմանը և ամրապնդմանը: Դրանց թվում է նաև 2015թ. մեկնարկած Համաշխարհային բանկի հետ երեք ուղղություններով իրականացվող զանգվածային սկրինինգային ծրագրերը: Հետագա աշխատաները կյանքի կոչելու հարցում նախարարը մեծապես կարևորել և գերակա խնդիր է որակել կարիքների գնահատումը:

Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների Առողջապահության, Սննդի և Ազգաբնակչության ոլորտի ղեկավար Անիս Բարիշն էլ համեմատականներ տանելով նշել է, որ առողջապահական համակարգի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները ժամանակի ընթացքում փոփոխվում են և կարևոր է դրանց համատեղ ուղիների մշակումը: Առողջապահական ԾԻԳ-ի տնօրեն Նելսոն Զուլոյանի ուղեկցությամբ՝ հայաստանյան առաքելության շրջանակներում հյուրերն այցելել են «Հայաստանի առողջապահության համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում հիմնանորոգված և վերազինված Ալավերդու բժշկական կենտրոնը, ինչպես նաև Լեռնապատի նորակառույց բժշկական ամբուլատորիան: Շրջայցի ընթացքում Անիս Բարիշը ծանոթացել է իրականացված աշխատանքներին, զրուցել հիվանդների և բժշկական անձնակազմի հետ: Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնյան բարձր է գնահատել կատարված ներդրումների արդյունավետությունը, ինչի արդյունքում էապես աճել է մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը, բարելավվել է որակը, ավելացել է մատչելիությունը: Անիս Բարիշն այցելել է նաև ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն, որն արդիականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում: Համաշխարհային բանկի ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել  ծրագրերի իրականացման որակից և ընդգծել նման մասնագիտացված կենտրոնների ստեղծման կարևորությունը Հայաստանում: Հանդիպման ավարտին նա հույս է հայտնել, որ հաջորդ այցելության ընթացքում կենտրոնն արդեն հանձնված կլինի շահագործման, իր դռները բացելով հիվանդների առջև, որոնք այսուհետ ստիպված չեն լինի մեկնել արտերկիր որակյալ և ժամանակակից աշխտորոշում և բուժում ստանալու նպատակով:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն