ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ապացուցի, որ լայնամասշտաբ պատերազմը զսպելու ներուժ ունի

Եթե ժամանակին արվեին Ադրբեջանին ուղղված հասցեական, դատապարտող հայտարարություններ, այսօր իրադրությունը առաջնագծում այսչափ լարված չէր լինի: Քառօրյա պատերազմ սանձազերծելիս Ադրբեջանը ստուգում էր ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի մարտունակությունը, այլ նաև ցանկանում էր պարզել միջազգային հանրության` մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը: 
Պաշտպանության բանակի մարտունակության մասով Ադրբեջանական կողմին մեծ հիասթափություն էր սպասվում, իսկ միջազգային հանրության արձագանքը Բաքվի համար շատ հուսադրող էր, նույնիսկ` ոգևորող: Նույն անհասցե կոչերն էին, նույն ընդհանուր գնահատականները` ռազմական ճանապարհով հարցը լուծելու անթույլատրելիության մասին: Սա կանաչ լույս էր Բաքվի կողմից հետագա հնարավոր լայնածավալ ռազմական գործողությունների իրականացման ճանապարհին: 
Փաստորեն, Ադրբեջանը այնքան է ոգևորվել Էրդողանի անթաքույց աջակցությունից, որ իրեն թույլ է տալիս բացահայտ արհամարել երեք ազդեցիկ պետությունների եռանախագահությամբ գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական մանդատը: Եթե այսպես շարունակվի և ռազմական գործողությունները նոր թափով վերսկսվեն, ապա ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է ընդհանրապես կորցնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ վերահսկողությունը և հայտնվել <<խաղից դուրս>> վիճակում: 
Այս տխուր հեռանկարից խուսափելու, Ադրբեջանի նոր ագրեսիան կանխելու համար, այսօր առավել քան երբեք, անհրաժեշտ է զինադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ Մինսկի խմբի հասցեական, դատապարտող հայտարարությունը: 
ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ապացուցի, որ լայնամասշտաբ պատերազմը զսպելու ներուժ ունի, որ ունակ է ստեղծել նախադրյալներ`հարցի լուծումը բանակցային հուն վերադարձնելու համար: 
Հայտնի իրողություն է, որ բազմապատիկ անգամ ավելի դժվար է հանդարտեցնել մոլեգնող պատերազմը, քան կանխել այն: 
Պետք է արժանին մատուցել նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը`հակառակորդի սադրանքների տուրք չտալու , հավասարակշռված, իրավիճակին ադեկվատ և հստակ գործողությունների համար:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.aramyan.71/posts/575065019336903

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն