Գովազդի համար զանգահարել 099 999 409

Միայն ԼՂՀ միջազգային ճանաչումը թույլ կտա վերջ դնել Ադրբեջանի՝ Արցախն ու նրա ժողովրդին ոչնչացնելու փորձերը. ԼՂՀ ԱԳՆ

ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։

25 տարի առաջ՝ 1991 թ․ ապրիլի 30-ին, Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծմամբ սկսվեց «Օղակ» գործողությունը, որը դարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի նախերգանքը: Գործողության ընթացքում հայկական գյուղերը նախ շրջապատվում էին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի ստորաբաժանումների կողմից: Այնուհետև ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու ոստիկանությունը մտնում էին նշված գյուղերը՝ իբրև թե «անձնագրային ռեժիմի ստուգման», իսկ իրականում՝ հայ բնակչության սպանության, կողոպուտի, ահաբեկության և դրանց հաջորդող տեղահանության նպատակով:

«Օղակ» գործողությունը շարունակություն դարձավ 1988-1991թթ. Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի գյուղերում իրագործված էթնիկ զտումների, որոնք նպատակ էին հետապնդում սաղմի մեջ խեղդել արցախահայության ազգային-ազատագրական պայքարը և հայրենազրկել նրանց։ Ադրբեջանի ղեկավարությունը չէր թաքցնում, որ «Օղակ» գործողությունը դիտարկում է որպես ողջ Լեռնային Ղարաբաղի հայաթափման սկիզբ։

Տանկերի, ռազմական ուղղաթիռների և հրետանու կիրառմամբ իրականացված գործողության արդյունքում ամբողջովին ամայացան ու ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների ավելի քան երկու տասնյակ գյուղեր, տեղահանվեց գրեթե 10 000 մարդ, ավելի քան 100-ը սպանվեց, մի քանի հարյուր մարդ պատանդ ընկավ. նրանցից շատերի ճակատագիրն առ այսօր հայտնի չէ:

25 տարի անց՝ 2016 թ. ապրիլի 2-ին, ադրբեջանական ղեկավարությունը հերթական ագրեսիան սանձնազերծեց ԼՂՀ դեմ, որը, ինչպես և 1991 թ., ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի բազմաթիվ խախտումներով ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակիչների ու զինծառայողների հանդեպ իրագործված ռազմական հանցագործություններով, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի թիրախավորված հրետակոծություններով, քաղաքացիական անձանց սպանություններով, ինչպես նաև սպանվածների մարմինների անարգմամբ ու խոշտանգումներով:

Սակայն ինչպես 1991 թ․, այնպես էլ հիմա Արցախի ժողովրդին ահաբեկելու և կոտրելու, նրա ազատության ձգտումը խեղդելու և, վերջնական արդյունքում, նրան հայրենազրկելու` ադրբեջանական իշխանությունների բոլոր փորձերն ավարտվել են լիակատար տապալմամբ:

Ադրբեջանի հանցավոր վարքագիծը միայն ամրապնդում է արցախցիների վճռականությունը՝ կերտելու ու ամրապնդելու սեփական անկախ և ազատ պետությունը՝ որպես իրենց անվտանգության ու խաղաղ գոյության գրավական: Միջազգային հանրության կողմից նշված փաստի ըմբռնումը և որպես դրա հետևանք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը թույլ կտան վերջ դնել Ադրբեջանի շարունակական փորձերին՝ ոչնչացնել Արցախն ու նրա ժողովրդին, և կապահովեն ամբողջ տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

  • /uploads/photos/fYdVj1NbpJLZUdqZhUZT.jpg

    Հարգելի պարոն նախագահ, 2016թ․ հուլիսի 3-ին Տավուշի մարզում տեղակայված զորամասի մարտական հենակետում, ըստ պաշտոնական վարկածի, հայտնաբերվել է որդուս՝ նշված զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արթուրի Մխիթարյանի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Դեպքից անցել է շուրջ 7 ամիս, սակայն հանցագործությունը մինչ օրս բացահայտված չէ։ Ես վստահ եմ, որ որդուս մահվան գործում կան մեղավորներ։  Անցած 7 ամիսների ընթացքում այդ մասին մի քանի անգամ մանրամասն կերպով հայտնել ենք նախաքննության մարմնին։ Ավելին՝ հայտնել ենք կոնկրետ անձանց անուններ, ովքեր, իմ խորին համոզմամբ, առնչություն ունեն իմ որդու մահվան գործում, սակայն ապարդյուն։ Որևէ առաջընթաց չկա։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը սկզբում գտնվում էր ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնի վարույթում, սակայն, նկատի ունենալով, որ այդ մարմնի կողմից չեն կատարվում բավարար քայլեր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, մեր պահանջով գործի հետագա վարույթը տեղափոխվեց ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի վարչություն, սակայն կրկին արդյունք չկա։ Իսկապես անհասկանալի է նախաքննություն իրականացնող մարմնի որդեգրած վարքագիծը հանցագործության բացահայտման գործում, քանի որ որևէ էական տեղաշարժ այս ժամանակահատվածում չի նկատվում իրականությունը պարզելու գործում, հակառակը, գնալով մարում են այն նվազագույն հույսերը, որ կային մինչ այդ։ Հարգելի պարոն նախագահ, Անցած 7 ամիսների ընթացքում հանդիպել եմ թե՛ նախկին, թե՛ գործող պաշտպանության նախարարներին։ Ոչ մի հուսադրող պատասխան՝ ձևական մխիթարանքից բացի։ Ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց, թե այդ ինչպես ստացվեց, որ որդուս մահից անմիջապես հետո նրա զորամասի հրամանատար Սամվել Մինասյանին նշանակեցին ավելի բարձր պաշտոնի, իսկ հենակետի ավագ Արամ Ղազարյանին շնորհեցին սերժանտի կոչում։ Այս ամենը բավարար էր, որպեսզի կորցնեմ իմ հավատն ու վստահությունը իրավապահ մարմինների և պաշտպանության նախարարության հանդեպ։ Հարգելի պարոն նախագահ,  Ես կորցրել եմ իմ միակ որդուն և ցանկանում եմ իմանալ ճշմարտությունը, թե ով կամ ովքեր են մեղավոր նրա մահվան գործում։ Ես իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, գտնում եմ, որ այն, ինչ կատարվում է որդուս մահվան գործով, ոչ միայն արդարացի չէ, այլև բարոյական չէ։ Այլ ելք չունենալով և հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունն ու հետևանքները՝ դիմում եմ Ձեզ՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի՝ խնդրելով և պահանջելով համապատասխան հանձնարարականներ տալ իրավասու մարմիններին՝ իրականացնելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցառումները՝ բացահայտելու հանցագործությունը, որի արդյունքում, վստահ եմ, բոլոր մեղավորները կենթարկվեն քրեական պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք։ Հակառակ պարագայում նախաքննության մարմնի այսպիսի վարքագծի դրսևորման արդյունքում հանցագործությունը չի բացահայտվի, հնարավոր հանցագործները կմնան ազատության մեջ, որի հետևանքով կխաթարվի ոչ միայն հավատը պետության ու արդարադատության նկատմամբ, այլև կանարգվի որդուս հիշատակը։ Հարգանքով՝ Արսեն Մխիթարյանի հայր՝ Արթուր Մխիթարյան Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=584635128405129&id=100005759414165

    Կարդալ ավելին

Քաղաքականություն

  • /uploads/photos/HAI36PP21ToAIRGGY1Wt.jpg

    Ըստ բրիտանական IHS Markit վերլուծական կենտրոնի փորձագիտական զեկույցի՝ «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կառույցը 2016թ. ընթացքում կորցրել է Իրաքում և Սիրիայում սեփական վերահսկողության ներքո գտնվող տարածքների գրեթե ¼ մասը, թվային տվյալներով՝ շուրջ 18հազ. ք/մ տարածք(23%). համեմատության համար՝ 2015թ. ահաբեկչական կառույցը զիջել է տարածքների 14%-ն, իսկ ներկայումս զբաղեցնում է մոտ 60,4 հազ. ք/մ տարածք: Մարդկային կորուստների տեսանկյունից, ըստ Իրաքի ԶՈՒ տրամադրած տվյալների, միայն 2016թ. հոկտեմբերին մեկնարկած Մոսուլի ազատագրման ռազմագործողության ընթացքում սպանվել է ԻՊ-ի ավելի քան 3300 զինյալ: Իսկ ԻՊ-ի իրականացրած ահաբեկչական հարձակումների և կառույցի դեմ իրականացվող հակաահաբեկչական պայքարի հետևանքով 2016թ. ընթացքում միայն Իրաքում զոհվել է թվով 16361 խաղաղ բնակիչ: Վերոնշյալի համատեքստում, չնայած կառույցը հատկապես Իրաքում շարունակում է էական կորուստներ կրել, այդուհանդերձ շարունակում է լրջագույն ուղղակի սպառնալիք հանդիսանալ ինչպես մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների, այնպես էլ համայն մարդկության համար՝ աննախադեպ բարձր աստիճանի հասցնելով ահաբեկչական սպառնալիքն ամբողջ աշխարհում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1228505810519964

    Կարդալ ավելին