Երբ սահմանին կանգնած հայ զինվորն է զոհվում, սա արդեն ոչ սոցիալական, ոչ էլ տնտեսական խնդիր է

Երբ թմրամոլը, թմրանյութի ազդեցության տակ, սկսում է անհանգստացնել հարևաններին, սպառնալ նրանց կյանքին և կայքին, ապա այն մարդը, որը նրան վաճառել է այդ թմրանյութը, պետք է նվազագույնը իրեն պատասխանատու զգա, ոչ թե հայտարարի` «բիզնես եմ անում», կամ «եթե ես չվաճառեմ, ուրիշը կվաճառի» : Առավել ևս, որ այդ հարևանին, որին թմրամոլն անհանգստացնում է, վաճառող կողմն իրեն բարեկամ է համարում:
Երևույթն, իհարկե, անհանգստացնող է, բայց դեռևս ուշ չէ համապատասխան հետևություններ անելու և քայլեր ձեռնարկելու համար: Հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը` որպես պետություն, միշտ էլ ամենաջերմ բարեկամակամ զգացմունքներ են տածել բարեկամ ռուս ժողովրդի և ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հանդեպ, և հիմա ակնկալում ենք դաշնակցի կողմից համապատասխան քաղաքական վարք: 
Երբ սահմանին կանգնած հայ զինվորն է զոհվում, սա արդեն ո´չ սոցիալական, ո´չ էլ տնտեսական խնդիր է, սա հայ ժողովրդի համար ամենակարևոր և ամենացավոտ խնդիրներից է: Լիահույս ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչությունում ուշադիր հետևում ու զգում են հայ հասարակության փոփոխվող տրամադրությունները, և պաշտոնական Մոսկվան, այդուհանդերձ, որոշակի փոփոխություններ կմտցնի զենքի վաճառքի իր քաղաքականության մեջ: 
Եթե Ադրբեջանի Հանրապետությունը պաշտոնապես գտնվում է բանակցությունների մեջ և հռչակել է խնդիրը քաղաքական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության մասին, ապա նրան ինչո՞ւ է պետք այդքան մեծ քանակությամբ հարձակվողական սպառազինություն: Արդյոք սա մտածելու առիթ չի՞ տալիս:


Հ.Գ. Այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա. էտ թմրամոլը մի 20 տարի առաջ, քիչ թե շատ խելքը գլխին եղած ժամանակ, երբ հանդիպում էր հարևանին, ինչքան ուժ ուներ և ինչքան տեղ ուներ փախչում էր:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.aramyan.71/posts/569116013265137

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն