Գովազդի համար զանգահարել 099 999 409

Ինչպես ապրիլյան պատերազմը փոխեց «Արցախի ձայն»-ի պլանները

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախի երկնքում 24-ամյա դադարից հետո կրկին որոտացին արկերը…

Կրկին մանկություն ընդհատվեց, կրկին հանուն հայրենիքի մարտիրոսվեցին հերոս տղաներ, կրկին վտանգի մեջ հայտնված հայրենիքը համախմբեց աշխարհասփյուռ հայությանն ու մի կուռ բռունցք դարձրեց: Նույնիսկ օրհասական այս օրերին Արցախը մի վայրկյան անգամ չընկրկեց: Մարդիկ առանց տագնապի եւ խուճապի շարունակում են աշխատել ու արարել իրենց հայրենի հողի վրա: Արցախն ապրում է, Արցախն ավելի, քան երբեւէ ուժեղ է:

Ապրիլյան պատերազմի մեկնարկից ուղիղ երկու շաբաթ անց «Արցախի ձայներ» երաժշտական նախագիծը նոր տեսահոլովակ ներկայացրեց՝ «Հորովել»-ը: Ինչպե՞ս եւ ե՞րբ ծնվեց հոլովակի գաղափարը, գործունեության ի՞նչ ուղղվածություն ունի «Արցախի ձայներ»-ը եւ ո՞րն է աշխարհին նրա ասելիքը, bravo.am-ին պատմել է նախագծի հիմնադիր-պրոդյուսեր Լիրա Քոչարյանը:

«Արցախի ձայներ» երաժշտական նախագծի կազմը
-Տիկին Քոչարյան, որքանով տեղյակ եմ, անգամ ապրիլի 2-ին Դուք չեք դադարեցրել Ձեր աշխատանքը Ստեփանակերտում եւ շարունակել եք ամենօրյա փորձերը մեր փոքրիկ ղարաբաղցի Միշայի հետ: Այդպե՞ս է:

-Այդպես է: Միշան այս տարի պատրաստվում է մասնակցել մանկական «Նոր ալիք» երաժշտական մրցույթին, իսկ ընդամենը մի քանի օրից կիսաեզրափակիչն է:

-Եվ ինչպե՞ս են ընթանում փորձերը, առհասարակ, ինչպե՞ս է տրամադրված մեր փոքրիկը:

-Բառիս բուն իմաստով՝ մարտական: Միշան երազում է անցնել եզրափակիչ փուլ ու այնտեղ բարձրաձայնել աշխարհին, որ Արցախը կանգուն է, Արցախը հզոր է ու նույնիսկ պատերազմը չի կարող ճնշել արցախցու կամքն ու ոգու ամրությունը:
Լիրա Քոչարյանը

textim_1460965551_5045055_ts1460965715
-Հրաշալի է, մենք վստահում ենք մեր փոքրիկ ղարաբաղցու ուժերին ու նրան հաջողություն ենք մաղթում: Տիկին Քոչարյան, որքանով հասցրել ենք նկատել, «Արցախի ձայն»-ի ցանկացած նոր տեսահոլովակ մեր հակառակորդ երկրում բուռն արձագանքների ու քննարկումների թեմա է դառնում: Վերջին օրինակը «Ղարաբաղցին» երգի տեսահոլովակի շուրջ ադրբեջանցիների բարձրացրած վայնասունն էր: Նրանք տեղադրեցին հոլովակը իրենց պորտալներից մեկում, քննարկեցին այն աստիճան, որ ընդամենը մի քանի օրում 50 000 դիտում գրանցվեց, իսկ հետո, հասկանալով, որ զբաղված են տեսահոլովակի տարրական քարոզչությամբ, պարզապես ջնջեցին այն: Ի՞նչ է սա նշանակում:

-Սա նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: «Արցախի ձայն»-ի երաժշտական ուղղվածության հարցը ունի կոնկրետ մարտավարություն: Նախագծի թիմային բոլոր տեսահոլովակները բացառապես հայրենասիրական, ազգային, արցախյան կոլորիտը ներկայացնող երգերի հիման վրա են: Արցախը ներկայացվում է շատ գունեղ, ծաղկող ու զարգացող՝ իր հարուստ մշակույթով ու շքեղ բնությամբ: Մենք անընդհատ խոսում ենք հակառակորդի կեղծ քարոզչամեքենայի մասին եւ շատ քիչ բան ենք անում աշխարհին իրական պատկերը ցույց տալու համար: «Արցախի ձայներ» անվանումն արդեն իսկ խոսում է նախագծի բուն նպատակի մասին: Արվեստի միջոցով, երաժշտության լեզվով մենք աշխարհին ապացուցում ենք, որ Արցախը հայի հողն է, իսկ հողը պահողը սերունդներն են, նրանք, ովքեր ծնվել են ազատ ու անկախ Հայաստանում ու Արցախում: Մենք շատ լավ գիտենք, որ մեր տեսահոլովակները դիտում ու քննարկում են իրենց կեղծ ու խեղված պատմության դասագրքերը սերտած ադրբեջանցի երիտասարդները: Նաեւ լավ գիտենք, թե որքան են ոգեւորում մեր աշխատանքները մեր ազգին: Ոչինչ հենց այնպես չի արվում: Մեր ամեն մի քայլը ունի կոնկրետ նպատակ, կոնկրետ ասելիք Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու գործում: «Արցախի ձայնը» վաղուց ճանաչում ունի Արցախի ու Հայաստանի սահմաններից դուրս: Մեր խումբն առաջիններից էր, որ համերգներով ելույթ ունեցավ ԱՄՆ-ում: Երկու անգամ համերգային շրջագայություններ ենք ունեցել Եվրոպայում, ելույթներ ենք ունեցել Մոսկվայի եւ ՌԴ ամենատարբեր բեմահարթակներում, համերգներ ենք ունեցել Իրանում: Մեր խմբի մենակատարներին կարելի է տեսնել «Եվրատեսիլ», «Նոր ալիք», «Միլենիում», «Աշխարհի ձայնը» ու միջազգային երաժշտական այլ մրցույթների բեմերում: Սա հիանալի հնարավորություն է արվեստի միջոցով Արցախն աշխարհին ներկայացնելու համար: Այսպես են մտածում նաեւ մշտապես մեր նախագծին աջակցող այնպիսի անհատներ, ինչպիսիք են Ռուբեն Վարդանյանը, Գոռ Նահապետյանը, Կարեն Կարապետյան, Սամվել Կարապետյանը, անուններ, որոնք գործուն ներդրում ունեն Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու հարցում: Մեր գործունեությունը մշտապես գտնվում է ԼՂՀ իշխանությունների եւ անձամբ նախագահ Բակո Սահակյանի ուշադրության կենտրոնում: Եվ այս ամենը ուրախացնում ու պարտավորեցնում է մեզ անել ավելին, քան արված է, որովհետեւ մի բան է, երբ ստեղծագործում ես քո լսարանի համար, ու բոլորովին այլ բան, երբ գիտակցում ես, որ արածդ գործը նաեւ ազգանպաստ է:

textim_1460965551_9406636_ts1460965717
Կադր «Հորովել» տեսահոլովակից
-Եվ վերջում, ապրիլի 16-ին «Արցախի ձայն»-ի նոր տեսահոլովակի` «Հորովել»-ի պրեմիերան էր: Կցանկանայի` մի փոքր խոսեք այս ստեղծագործության մասին:

-«Հորովելը» յուրաքանչյուր արցախցու համար սրբություն սրբոց է, աղոթք է, պատարագ է: Ուստի եւ այս ստեղծագործությանն անդրադառնալը մեծ զգուշավորություն ու նրբանկատություն էր պահանջում: Այս ստեղծագործությունը ժողովրդի շուրթերից մեզ է հասել Գուրգեն Գաբրիելյանի շնորհիվ: Հենց նա առաջին անգամ գրի առավ հորովելի տողերն ու նոտաները, մշակեց, հղկեց ու ժառանգեց սերունդներին: Տուրք տալով վարպետի ավանդին՝ տեսահոլովակում հենց նրա կատարումից մի հատված ենք զետեղել, ինչն ավելի ազդեցիկ է դարձնում այն: Այս տարվա սեպտեմբերին Արցախը կնշի իր անկախության 25-ամյակը, եւ մենք որոշել էինք տեսահոլովակի պրեմիերան հենց այդ առիթով անել, սակայն ապրիլյան պատերազմը փոխեց մեր պլանները: Տեսահոլովակի պրեմիերան կազմակերպեցինք այս օրերին, որովհետեւ «Հորովել»-ից առավել ոչ մի ուրիշ երգ այս պահին չի կարող ուժ ու կամք հաղորդել արցախցուն, հային: Հորովելի գաղափարական հիմքում սերունդների կապն է՝ պապը ուրախություն է ապրում, որ թոռը մեծացել է ու իր հոգսերին տեր է դարձել, իր կիսատ թողածն է շարունակում ու դեռ իրենից էլ պիտի առավելն անի: Կարծում եմ՝ նոր բան ասած չեմ լինի, եթե նշեմ, որ նույնը նաեւ այս օրերին է տեղի ունենում: 20-րդ դարավերջի Արցախյան պատերազմին մասնակցած հերոս տղաների զավակներն ու թոռներն են հիմա շարունակում նրանց գործը: Փառք ու պատիվ մեր զինվորներին, մեր հայրենիքի բոլոր պաշտպաններին: Իսկ տեսահոլովակը նվիրվում է ապրիլյան պատերազմին մասնակցած բոլոր հերոսներին՝ մեր զինվորներին, մեր կամավորներին, մեր սուրբ նահատակներին, մեր աղոթող մայրերին…

Նյութի աղբյուր՝  http://168.am/2016/04/18/625361.html

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն