Լևոն Հայրապետյանին տեղափոխել են բանտախուց, որում կալանավորները հերթով են քնում (տեսանյութ)

Լևոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններն իրենց դաժանությամբ արդեն սադիզմի դրսևորումներ են ստանում: Երկրորդ կարգի հաշմանդամ, 4 ինսուլտ, 2 ինֆարկտ տարած, քաղցկեղով տառապող այս մարդուն ապրիլի 15-ին Մոսկվայի Բուտիրսկայա գաղութում տեղափոխել են այնպիսի բանտախուց, որում տեղերի բացակայության պատճառով կալանավորները հերթով են քնում:

Փաստաբանն արդեն բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն մինչև նոր լսումները Լևոն Հայրապետյանին պետք է դեռ պահպանել ապրելու կարողությունը:

Ոչ պակաս ապշեցնող է նաև Ռուսաստանի ազդեցիկ հայերի անգործությունը: Նրանք կարծես կորցրել են խոսելու ունակությունը, թեև միասնության և եղբայրության մասին վերանբարձ կենացներ ասելու առիթը երբեք բաց չեն թողնում:

Հիվանդությունների այն ցանկը, որոնցով տառապում է գործարար Լևոն Հայրապետյանը, ռուսական բանտային պայմաններում լրջագույն սպառնալիք են նրա կյանքին:

Հայրապետյանը մեղադրվում էր ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու համար։ Ըստ մեղադրող կողմի, նա մոլորեցրել է նախկին սենատորի մորը, խոստանալով փողի դիմաց քայլեր ձեռնարկել որդու պատժաչափը մեղմելու համար։

Մեղադրող կողմի փաստարկները չափազանց անհամոզիչ են, դրանք իրավաբանների և գործին ծանոթ մարդկանց մոտ միայն ծիծաղ են առաջացրել: Ակնհայտ է Լևոն Հայրապետյանի դեմ հարուցված գործի պատվիրված բնույթը՝ նրան կալանավորելու նպատակով:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն