• Նարեկ Ալոյան
  • Երբ դպրոցական էի՝ 4-րդ կամ 5-րդ դասարան, ինձ հաճախ էին հորդորում լավ սովորել, որպեսզի հետագայում <<Փողոց ավլող>> չդառնամ։ Ուսմանս հետագա տարիների ընթացքում հորդորների կարիք այլևս չկար և ես այդ մասնագիտության հետ վերստին առնչվեցի բանակից զորացրվելուց հետո։ Բանակից զորացրվելուց հետո իմ առաջին աշխատանքը Կոմիտասում գտնվող DDD հյուրանոցում ադմինիստրատորի աշխատանքն էր։ Աշխատանքը նաև գիշերային հերթափոխով էր։ Առաջին գիշերային հերթափոխի լուսաբացին փողոցից լսվեցին տարօրինակ ձայներ։ Դուրս գալով հյուրանոցից տեսա աղբահավաք մեքենան և ծածկված դեմքերով երեք կանանց։ Խորը ցավ ապրեցի այն փաստից, որ հայ կինը գիշերը ժամը 5-ին պետք է փողոց ավլի, կրկնակի ցավ ապրեցի, որ այդ փողոցն աղտոտողներից մեկն էլ ես էի: Այդ օրվանից սկսած ես սկսեցի այլևս չաղտոտել շրջակա միջավայրը և որքան էլ պաթետիկ կարող է հնչել սկսեցի մտածել նաև Հայաստանի տնտեսական զարգացման մասին։ Ամիսներ առաջ փողոցն ավլող տարեց կանանց խմբում նկատեցի երիտասարդ մի աղջկա։ Իմ խորին համոզմամբ, երիտասարդ աղջիկը պետք է սովորի, աշխատի, զարգանա, ընտանիք կազմի և մայրանա։ Ինձ խորապես հուցեզ աղջկա ճակատագիրը, բայց՝ <<Ի՞նչ անել>> հարցի պատասխանը ես չունեի։ Ժամանակ առ ժամանակ տեսնում էի նրան փողոցում, երբեմն հոգնած ու տխուր, երբեմն մտամոլոր, երբեմն էլ ուրախ։  Այսօր հացի խանութում էի, հերթի մեջ նկատեցի նշածս աղջկան ու ակամա սկսեցի մտածել երիտասարդների մեկնարկային հնարավորությունների մասին։ Իմ բախտը բերել է առնվազն նրանով, որ ծնվել եմ այնտեղ՝ որտեղ ծնվել եմ, որ սովորել եմ իրավաբանականում և այլն։ Իմ հաջողություններում կա նաև իմ ահռելի ներդրումը՝ 2013թ-ի օգոստոսից սկսած ես յուրաքանչյուր ամիս ընթերցում եմ առնվազն 4 գիրք, այս պահի դրությամբ ուսումնասիրել եմ ավելի քան 100 լուրջ աշխատություն, բայց հարցը նրանում է, թե քանիսը ես կընթերցեի՝ եթե կյանքի բերումով պատանեկան տարիքից ընտանքի հոգսերը հոգալու համար դուրս գայի փողոց։  Զարգացած ձեռնարկատիրական ընկերություններն ունեն կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, իսկ ո՞րն է իմ սոցիալական պատասխանատվությունը, հաշվի առնելով, որ ես 17 տարեկանում հայտնվել եմ իրավաբանական ֆակուլտետի լսարանում, այլ ոչ թե ավելով դուրս եկել փողոց։ Մտածում էի նշածս հարցերի մասին երբ նկատեցի, որ աղջիկը պատրաստվում է վճարել իր գնած հացի համար։ Նրա ձեռքերը կեղտոտ էին, ամբողջությամ մրի մեջ և երբ նա ցանկանում էր ձեռքից ձեռք փոխանցել գումարը, վաճառողուհին աղջկա ձեռքից գումարը չվերցրեց, խնդրեց գումարը դնել սեղանին։ Վաճառողու վարքը տրամաբանական էր՝ ի վերջո նա հաց է վաճառում, բայց տոնը փոքր ինչ կոպիտ էր, այն ուղղված չէր աղջկա դեմ՝ պարզապես ամբողջ օրը հաց վաճառած հայ կնոջ բնական նյարդայնության տարրեր էր պարունակում։ Վաճառողուհին ինքը վատ զգաց իր տոնի համար, ինչը նկատելի էր։ Աղջիկը ավարտեց գնումները և շնորհակալություն հայտնեց։ Այդ շնորհակալությամբ նա ընդգծեց իր կողմից իրավիճակին ըմբռնումով մոտենալն ու իհարկե ցույց տվեց իր բարեկրթությունը։ Մտքերս ինձ տարան քաղաքի էլիտար սրճարաններ, ուր պլաստիկ վիրահատություններով <<լցոնված շրթունքներով>> և <<սրված քիթիկներով>> դատարկ Sprite-ի շշի ներաշխարհով աղջնակները վայելում են բանվորի մեկ օրվա աշխատավարձի արժեքով կոկտելներն ու մաշում իրենց կյանքն ու շրթունքները։ Մտքերս ամփոփվեցին դարձյալ նույն հարցով. <<Ի՞նչ անել>>։  Լուծում 1. Հարգելի՛ Սանիտեկ ընկերության ղեկավարություն, կարծում եմ դուք ինքներդ էլ երիտասարդ տարիքում առնվազն բավարար ելակետային կյանքի պայմաններ եք ունեցել, կարծում եմ ինքներդ էլ կհամաձայնեք, որ մարդկության կարևորագույն խնդիրներից են անգրագիտությունն ու աղքատությունն, ուստի առաջարկում եմ՝ Ձեր ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, Ձեր անձնական սոցիալական պատասխանատվության շրջանակներում ստեղծեք թեկուզ նվազագույն կրթական հնարավորություն Ձեր երիտասարդ աշխատակիցների համար, ընդ որում՝ ինքս պատրաստակամ եմ անվճար իրավաբանական սեմինարներ անցկացնել։ Մեր համաքաղաքացիներին կոչ եմ անում հարգանքով մոտենալ մի խումբ մարդկանց ամենօրյա աշխատանքին ու չաղտոտել շրջակա միջավայրը, իսկ երիտասարդ գործարարների հորդորում եմ միավորել և շարունակել արարել՝ ի վերջո մեր երկրի և մեր հասարակության բարեփոխման մի շարք գործիքներ գտնվում են բիզնես դաշտում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aloyan001/posts/1512633605449013 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն