• Ահարոն Վարդանյան
  • Թվում է՝ Միացյալ Նահանգները և Իրանը վերջապես կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, ինչն, իհարկե, կարևոր է, ոչ միայն առանց այն էլ կրակի վրա գտնվող վառոդի տակառ հիշեցնող Մերձավոր Արևելքի, այլև ողջ աշխարհի համար։ Օրերս ԱՄՆ նախագահ Դ․ Թրամփը հայտարարեց, որ պատրաստ է Իրանի հետ վերսկսել բանակցությունները, ընդ որում, առանց նախապայմանների։ Այս հայտարարությունը, բնականաբար, մեծ ոգևորությամբ ընդունվեց ոչ միայն Իրանում, այլև ողջ աշխարհում, սակայն շատ չանցած իր հակաիրանական արմատական հայացքներով հայտնի ԱՄՆ պետքարտուղար Մ․ Պոմպեուն հայտարարեց, որ եթե Իրանն ուզում է բանակցությունների սեղան վերադարձնել Միացյալ Նահանգներին, ապա պետք է կատարի հետևյալ նախապայմանները։ Դրանք են՝ ԻԻՀ իշխող վարչակարգի հայացքների փոփոխություն դեպի սեփական ժողովուրդը, տարածաշրջանային քաղաքականության վերանայում և իրական միջուկային համաձայնության կնքում։ Այս հայտարարություններին անմիջապես հետևեց Իրանի արձագանքը։ Նախ եղան հրապարակումներ նույնիսկ մի փոքր զավեշտալի և սարկազմիկ բնույթի վերնագրերով և շեշտադրումներով, մասնավորապես հետաքրքիր էր «ISNA» լրատվականի «Պոմպեուի առաջին պայմանները առանց նախապայմանների բանակցություններ սկսելու համար» վերնագիրը։ Այնուհետև իրանական կողմը պատասխանեց ԱՄՆ-ի նախապայմաններին, բայց ոչ թե ԱԳՆ, այլ ԻԻՀ նախագահի խորհրդականի մակարդակով, այն էլ, ոչ թե պաշտոնական, այլ թվիթերյան գրառումով, որտեղ նշվում էր․ «Ովքեր երկխոսությունը համարում են քաղաքակիրթ աշխարհում վեճերը կարգավորելու մեթոդ, պետք է պարտավորված զգան կատարելու ընդունված պայմանավորվածությունները, պետք է հարգեն իրանցիների իրավունքները, հաղթահարեն թշնամությունը, վերադառնան միջուկային համաձայնագրով ընդունված պարտավորություններին․ սրանք են այն քայլերը, որոնցից հետո կարող են շարունակվել Իրանի և Միացյալ Նհանագների միջև երկխոսությունը»։ Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ Իրանն էլ հայտնեց իր նախապայմանները։ Չնայած նախապայմանների լեզվով խոսելուն և ընդունված բարձր հռետորաբանությանը, այնուամենայնիվ, կարելի է փաստել, որ ամերիկաիրանական հարաբերություններում սառույցը տեղից, կարծես թե, ուզում է շարժվել։ Թեպետ երկու կողմից էլ հնչեցրած նախապայմանների կատարումը անիրական է թվում, այսուհանդերձ, այս իրավիճակն ավելի գերադասելի է, քան ոչինչը, որովհետև երկուստեք գծվեց այն շրջանակը, որի շուրջ կարելի է սկսել բանակցությունները և շարժվել առաջ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardanian.aharon/posts/1869678276428996 ...

    Կարդալ ավելին
  • Նախատեսվում է Լոնդոնում միջուկային համաձայնության վերաբերյալ հանդիպում-քննարկում անցկացնել ԱՄՆ-Եվրոպա (ի դեմս` Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի) ձևաչափով։ Ամենայն հավանականությամբ, Միացյալ Նահանգները կփորձի ձեռքի տակ եղած հնարավոր ու անհնար բոլոր միջոցներն ու լծակներն օգտագործելով որոշակի ճնշումներ բանեցնել եվրոպական առաջատար երկրների վրա` միջուկային համաձայնությունը վերանայելու կամ գոնե ձևակերպումներում իրեն ձեռնտու արդյունքների հասնելու համար։ Այլ հարց է, թե ինչքանով է Եվրոպան պատրաստ զիջումների գնալ կամ դիմակայել ԱՄՆ-ին։ Թե ինչպես կընթանան քննարկումները և ինչ արդյունքներ կգրանցվեն, պարզ կլինի հընթացս, բայց մի բան ակնհայտ է․ Եվրոպայի համար կարևոր է զարգացող և կանխատեսելի Իրանը, մի Իրան, որի հետ Եվրոպան կկարողանա երկխոսության ճանապարհով զարգացնել հարաբերությունները։ Իսկ միջուկային համաձայնության վերանայումը կամ չեղարկումը, ինչպես նշում են իրանական կողմից, նրանց կստիպի, որպեսզի իրենք էլ վերանայեն միջուկային ծրագրերը և կատարեն քայլեր, որոնց հետևանքները կանխատեսելը բարդ կլինի։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardanian.aharon/posts/1652015721528587 ...

    Կարդալ ավելին
  • Այս պահին եղած տեղեկատվության համաձայն՝ Քերմանշահի երկրաշարժի (երկրաշարժը զգացել են Իրանի արևմտյան որոշ նահանգներում, Թուրքիայում, Իրաքում և նույնիսկ Քուվեյթում։ Էպիկենտրոնում՝ Քերմանշահ նահանգի Ազգալե կամ Օզգալե բնակավայրում ուժգնությունը կազմել է 7.3 մագնիտուտ) զոհերի թիվը հասել է 207-ի, իսկ վիրավորներինը՝ 1684-ի։ Զոհերն ըստ քաղաքների և բնակավայրերի՝ Սարփոլ-է Զահաբ -142 զոհ Էսլամաբադ (էսլամաբադ-է Ղարբ) - 22 զոհ Քերենդ (Քերենդ-է Ղարբ) - 14 զոհ Սալաս-է Բաբաջանի -15 զոհ Ղասր-է Շիրին -14 զոհ Բոլոր բնակավայրերն էլ գտնվում են Քերմանշահ նահանգում։ #Iran #Kermanshah #earthquake Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardanian.aharon/posts/1580459045350922 ...

    Կարդալ ավելին
  • Ավանդույթներ քանդող Թրամփն այսօրվա իր ելույթում բռնեց ու Պարսից ծոցն անվանեց Արաբական ծոց։  Ինչքան գիտեմ՝ նա ԱՄՆ-ի առաջին նախագահն է, որը Պարսից ծոցն անվանում է Արաբական ծոց, մնացածները պարզապես Ծոց էին անվանում։ Ինչե՜ր ասես, որ չեն անի նավթադոլարները սաուդական: ։) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardanian.aharon/posts/1553450688051758 ...

    Կարդալ ավելին
  • Իրանի Իսլամական Հանրապետության 12-րդ կառավարության անդրանիկ նիստում ԱԳ նախարարի պաշտոնում վեընտրված Մոհամմադ Ջավադ Զարիֆը հստակեցրել է արտաքին քաղաքական այն ուղենիշը, որին հետևելու է Իրանը։ Մ․-Ջ․ Զարիֆն առանձնացրել է երկու կարևոր սկզբունք, որոնց շրջանակներում էլ գործելու է Իրանն առաջիկա չորս տարիներին, դրանք են՝ տնտեսական դիվանագիտությունը և միջուկային համաձայնության պահպանումն ու հետագա զարգացումը։ Փաստորեն, պաշտոնական Թեհրանը հստակորեն ցույց է տալիս և չի էլ թաքցնում ձեռք բերված միջուկային համաձայնության կարևորությունը, դրա պահպանումը, կիրառումը և զարգացումը՝ դարձնելով այն արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը։ Միջուկային համաձայնության ստորագրման առաջին իսկ օրից Իրանում մեծ հույս են կապում այս ծրագրի հետ՝ համարելով, որ այն համար կարող է դառնալ տնտեսական, սոցիալական և որ ամենակարևորն է քաղաքական ցատկահարթակ, որովհետև ապահովելու է Իրանի մերձեցումն աշխարհի հետ, և Իրանն իր հետևողական քայլերով, հստակորեն պահպանելով միջուկային համաձայնությունը հենց դրան էլ գնում է։ Իսկ եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ երկրի հոգևոր առաջնորդ Ա․ Խամենեի՝ նախագահ Հ․ Ռուհանիի գլխավորած կառավարության առջև դրած երեք պայմաններից մեկը հենց միջազգային հանրության հետ ընդլայնված համագործակցությունն էր, ապա առաջիկայում, հավանաբար, Իրանը, օգտագործելով միջուկային համաձայնության ընձեռած հնարավորությունները, փորձելու է ավելի ակտիվ, նախաձեռնող և ինչ-որ տեղ նաև «ագրեսիվ» արտաքին քաղաքականության վարել բոլոր ուղղություններով։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardanian.aharon/posts/1508137599249734 ...

    Կարդալ ավելին
  • ԻԻՀ խորհրդարանում ընթանում են ակտիվ քննարկումներ, հարց ու պատասխաններ, ընդդիմացող, քննադատող և պաշտպանող տեսակետներ ու ելույթներ նախագահ Հ․ Ռուհանիի կողմից առաջարկված կառավարության վերաբերյալ։ Պատահում է նաև, որ կոնկրետ նախարարության համար առաջարկված թեկնածուն չի համապատասխանում Խորհրդարանի պահանջներին և մերժվում է։ Տպավորություն է, թե ընթանում է ատենախոսության պաշտպանություն, ոմանք կտրվում են, գործերը խորհուրդը հետ է ուղարկում, վրիպակներն ու թերությունները ուղղվում են և նորից առաջարկվում, իսկ ոմանք՝ հաջողությամբ պաշտպանում։ Արևմտյան «դեմոկրատիան» բավականին շատ բան ունի սովորելու Արևելյան «բռնապետությունից»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardanian.aharon/posts/1502395719823922 ...

    Կարդալ ավելին
  • Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանին ճանաչվել է Իրանում տարվա «ամենասիրված մարդը»։ Մերիլենդի համալսարանի կողմից կազմակերպված հարցմանը մասնակցած քաղաքացիների 61%-ը քվեարկել է գեներալ-մայոր Ղ․Սուլեյմանիի օգտին։ Ղ․ Սուլեյմանիին հաջորդում են համապատասխանաբար՝ ԻԻՀ ԱԳ նախարար Մ․-Ջ․ Զարիֆը և վերընտրված նախագահ Հ․ Ռուհանին։ Հետաքրքիրն այն է, որ մինչ ԻԻՀ Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից Մ․Ահմադինեժադին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելը նա էր 71%-ով համարվում այս հարցման առաջատարը, սակայն ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկվելուց հետո նրա ցուցանիշը աննախադեպ անկում է գրանցել՝ հասնելով 23 %-ի։ Այս հարցումների պատասխաններից կարելի է եզրակացնել և առանձնացնել մի քանի կարևոր հանգամանք՝ Նախ այն, որ փաստորեն իրանական հասարակությունը հետաքրքրված է ոչ միայն սեփական սոցիալ-տնտեսական վիճակով, ինչպես այդ մասին մեզ մատուցում են տարատեսակ աղբյուրները, այլև այնպիսի գաղափարներով ինչպիսք են Իսլամական Հեղափոխության պահպանումը, արտահանումը և Իրանի ազդեցության տարածում երկրի սահմաններից դուրս, քանի որ ԻՀՊԿ-ն և մասնավորապես «Ղոդս» ստորաբաժանումը, որի հրամանատարն է Ղ․ Սուլեյմանին, կոչված են հենց այդ գաղափարներին ծառայելու համար։ Հաջորդ՝ նշվում է, որ Ղ․ Սուլեյմանիի վարկանիշի բարձրացմանը, այսպես ասած, անուղղակիորեն նպաստել է թեհրանյան վեջին ահաբեկչությունը։ Այսինքն՝ իրանական հասարակությունը բավականին զգայուն է ահաբեկչությունների նկատմամբ, իսկ Ղ․ Սուլեյմանին տարածաշրջանում և ոչ միայն, ասոցացվում է ահաբեկչության դեմ պայքարի հետ, ինչն Իրանում բարձր են գնահատում։ Երրորդ՝ Մ․Ահմադինեժադի վարկանիշի անկումը խոսում է իրանցիների մեջ հոգևոր առաջնորդ Ա․ Խամենեի խոսքի ահռելի ազդեցության և կշռի մասին, որովհետև գաղտնիք չէ, որ հոգևոր առաջնորդի խոսքերը և վերջինիս հետ ունեցած տարաձայնությունները հիմք հանդիսացան Մ․Ահմադինեժադին զրկելու ընտրություններին մասնակցելու իրավունքից։  #ՄերհարևանԻրանը Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1487024194694408&set=a.143047842425390.28298.100001605248093&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Իրանում գտնվող ԱՀ մշակույթի նախարարն այսօր այցելել է ԻԻՀ Արդաբիլ նահանգ և Շեյխ Սաֆի ադ-Դին Արդաբիլիի դամբարան։ Այցը գուցե ոչ մի նշանակություն էլ չունենար, եթե այցելողը լիներ ոչ թե ԱՀ, այլ մեկ այլ երկրի մշակույթի նախարար։ Ինչպես գիտենք, Բաքվի բռնատիրական վարչակարգն Իրանի հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջանները անվանում է «Հարավային Ադրբեջան»։ Ըստ ականատեսների՝ այդպես է կոչվում նաև ԱՀ ԳԱԱ-ում գործող իրանագիտության ամբիոնը կամ ինստիտուտը։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանցիներն Իրանի վերոնշյալ հատվածների հանդեպ ունեն տարածքային նկրտումներ, Սեֆյան արքայատոհմը համարում են ադրբեջանական, արքայատոհմի հիմնադիր Իսմայիլ Ա-ին բնականաբար՝ ադրբեջանցի, դե իսկ Շեյխ Սաֆի ադ-Դին Արդաբիլին էլ շահ Իսմայիլի նախնին էր և Սեֆյան կամ ղզլբաշների եղբայրության հիմնադիրը։ Այս համատեքստում արդեն որոշակի լույս է սփռվում ԱՀ մշակույթ նախարարի՝ հատկապես Արդաբիլ նահանգ և Շեյխ Սաֆի ադ-Դին Արդաբիլիի դամբարան կատարած այցի իրական մտադրությունների վրա։ Բնական է, որ իրանցիները, շատ լավ տեղյակ լինելով այս ամենին, հավանաբար այցը այնպես են կազմակեպել, որ ադրբեջանցի պաշտոնյան, ինչպես ասում է ժողովրդական խոսքը, «աչքե տես, բերնե կարոտ» մնա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardanian.aharon/posts/1463517880378373 ...

    Կարդալ ավելին
  • ԱՀ մշակույթի և զբոսաշրջության նախարար Ա․ Գարեևը իրանցի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ բավականին տհաճ և անհարմար իրավիճակում է հայտվել և ստիպված է եղել պատասխանել իր համար ոչ այնքան ցանկալի և նպատակահարմար մի քանի հարցերի։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում իրանական պաշտոնական լրատվականներից մեկի լրագրողի այն հարցին, թե ինչպես է եղել, որ «թառ» լարային երաժշտական նվագարանը և «ճոկան» մականախաղը ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրանցել է ԱՀ-ի անվան դիմաց, երբ բոլորին է հայտնի, որ դրանք իրանական են, ԱՀ մշակույթի և զբոսաշրջության նախարարը պատասխանել է, որ «այդպես են վարվել, որովհետև «ճոկանը» ներկայումս ԱՀ-ում վերանալու եզրին է, քանի որ խաղը խաղացել են «Ղարաբաղյան» ցեղատեսակի նժույգներով, իսկ ներկայումս այդ տարածքը գտնվում է հայկական զորքերի վերահսկողության տակ, ձիերի տեսակն էլ վերանալու եզրին է, հետևաբար մենք դիմեցինք այդ քայլին»։ Բաքվի վարչակարգը ներկայացնող պաշտոնյայից, նման ծիծաղելի և տարրական դասարանում սովորող աշակերտին հարիր պատասխանից բացի, այլ պատասխան չէր էլ կարելի սպասել։  Պարզապես կարող ենք փաստել և ֆիքսել, որ ԱՀ պաշտոնյան չի կարողացել տրամաբանված պատասխան գտնել իրանցի լրագրողի հարցին, հայտնվել է բավականին անհարմար իրավիճակում (ինչը վերջերս ադրբեջանցի պաշտոնյաների հետ Իրանում հաճախ է կրկնվում. հիշենք Ի․ Ալիևի արդարացումների փորձերը Ա․ Խամենեի առջև), արդյունքում ոչ մի նոր բան չի ասել, պարզապես կրկնել է այն տեքստը, որով ժամանակին դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ինչպես միշտ, ամենուր և ամեն ինչում մեղադրելով Հայաստանին և հայերին․ «Հայկական» սինդրոմը Ադրբեջանում ամենուր է։ Հ․Գ․Կարծում եմ՝ տեղին է մեջբերել ռուս բանաստեղծ Ալ․ Պուշկինի 1829 թ․ գրված «Из Гафиза (Лагерь при Евфрате)» բանաստեղծությունից մի փոքրիկ հատված, որտեղ գովերգվում է «Ղարաբաղյան նժույգը»։ «Не пленяйся бранной славой, О красавец молодой! Не бросайся в бой кровавый С карабахскою толпой!․․․»  #ՂարաբաղյանՆժույգvsԲաքվիԽավիար ...

    Կարդալ ավելին
  • Վերջին օրերին տարածաշրջանային ԶԼՄ-ներում կրկին ակտիվ շրջանառվում էր «հյուսիս-հարավ» երկաթուղային միջանցքի հարցը։ Պարսկալեզու, սակայն Ադրբեջանական ազդեցության տակ գտնվող որոշ լրատվականներ անընդհատ շրջանառում էին այն թեզը, որ այդ ճանապարհն անպայման պետք է անցնի ԱՀ տարածքով։ Եվ այսօր, ի պատասխան այդ լուրերի, իրանական պաշտոնական լրատվականներից մեկը «Ղազվին-Ռաշթ․ գիլանցիների երազանքը» վերտառությամբ մի հոդված է հրապարակել, որտեղ ամենայն մանրամասնությամբ ներկայացվում է Ղազվին-Ռաշթ երկաթուղագծի կառուցումը՝ իր ուղղություններով, կայարաններով, դժվարություններով, բարդություններով և իհարկե գնով։ Հոդվածում մասնավորապես նշվում է, որպեսզի Ղազվին-Ռաշթ ուղղությունը միջազգային նշանակություն ձեռք բերի, պետք է կառուցվի ընդհանուր 388 կմ երկարությամբ երկաթուղի՝ այսինքն Ռաշթից շարունակվի մինչև Ասթարա։ Այնինչ ընդամենը 156 կմ-ի կառուցման համար հարկարավոր է 2500 մլրդ թուման՝ (մոտ 700 մլն դոլար), դե պատկերացրեք, թե ամբողջ երկաթուղին կառուցելու համար ինչքան գումար է հարկավոր ու սա այն դեպքում, երբ ԻԻՀ հոգևոր առաջնորդը երկրի տնտեսությունը հայտարարել է «դիմադրող տնտեսություն» և հորդորել գործադիր իշխանությանը լինել ավելի խնայող։ Ղազվին-Ռաշթ երկաթուղին ամենայն հավանականությամբ կկառուցվի, սակայն եթե այս երկաթուղու շինարարությունը երբևէ ավարտվի էլ, ապա Ադրբեջանական Հանրապետությանը չի միանա կամ կմիանա այն դեպքում, երբ այդ երկիրը Իրանի համար լինի կամ դառնա այնպիսին, ինչպիսիք ներկայում Աֆղանստանը, Սիրիան կամ Լիբանանն են։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardanian.aharon/posts/1454642521265909 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/DgVDL2KCp45t6uG4Anem.jpg

    Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրն ավարտվում է հայ-ռուսական հարաբերություններում լարվածությամբ: Թեև այդ լարվածությունն առավել ակնառու դարձավ վերջին մի քանի շաբաթների ընթացքում` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ներհայաստանյան զարգացումների մասին բավականին կոշտ հայտարարությունից հետո, սակայն ոչ պաշտոնական մակարդակում այն զգացվում էր Փաշինյանի վարչապետության առաջին օրերից`չնայած սկզբնական շրջանում հնչող պաշտոնական հայտարարությունների դրական բնույթին:  Ռուսական կողմի գործողությունները Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամանակ և դրանից հետո վկայում են, որ Սոչիում վարչապետին, ով խորհրդարանում ղեկավարում էր ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց նախաձեռնած «Ելք» դաշինքը, չի հաջողվել Մոսկվային համոզել, որ իր այդ դիրքորոշումները վերանայված են, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունում հետքայլ չի լինելու: Ռուսական կողմի ընկալումներով՝ իրենք մտահոգությունների համար լուրջ հիմքեր ունի: Դրանցից է, օրինակ, կարևորագույն պաշտոններում Փաշինյանի կողմից հակառուսական հայացքներով աչքի ընկած ակտիվիստներին նշանակելը, որոնցից «ամենատպավորիչներից» էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակումը: Ըստ մամուլում հայտնված չճշտված տեղեկությունների` Մոսկվայի մոտ այնքան մեծ է անվստահությունը վերջինիս անձի նկատմամբ, որ արգելել է ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների միջև փոխանակվող գաղտնի տեղեկատվությունը տրամադրել ՀՀ ԱԱԽ քարտուղարին:  Բավականին հետաքրքիր է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը: ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին վերջինիս մասնակցությունից հետո ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին գործընկերների պահանջով ստիպված եղավ մասնակցել վարչապետը, չնայած որ դա իր պաշտոնի համար ցածր ձևաչափ էր: Արարատ Միրզոյանը նույնիսկ չկար Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում, ինչը լուրջ հարցեր է առաջացնում:  ՀՀ նոր իշխանությունների մյուս գործողությունը, որը Մոսկվայի մոտ մեծացրել է անվստահությունը, առանց նախնական քննարկումների համանախագահ երկրների կամ համանախագահ երկրներից ոչ բոլորի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նոր տարրեր մտցնելու ՀՀ իշխանությունների փորձն է, ինչին ականատես եղանք մայիսի 9-ին Ստեփանակերտում և հունիսի 1-ին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ վարչապետ Փաշինյանի ելույթներում: Ռուսական կողմը հայաստանյան իշխանությունների այս «բացթողմանը» շտապեց ոչ պաշտոնական արձագանք տալ: Ռուս հանրային, քաղաքական գործիչների, փորձագետների այցը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լելե Թեփե նաև ազդանշան էր, որ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում չհամաձայնեցված, անկախ գործողություններ, որոնք կարող են վնասել գործընթացին կամ ունենալ բացասական ֆոնային ազդեցություն վերջինիս վրա, կարող են անել նաև ռուսները: Ռուսական կողմի անվստահության մյուս պատճառը ՆԱՏՕ գագաթնաժողովին, այնուհետև զորավարժություններին Հայաստանի մասնակցությունն է: Իհարկե, սա առաջին անգամը չէր, երբ Հայաստանը մասնակցություն էր ունենում ՆԱՏՕ միջոցառումներին, սակայն հայ-ռուսական հարաբերություններում անվստահության առկայության պայմաններում այս գագաթնաժողովին մասնակցությունն առանց ռուսական կողմի հետ սլաքները ճշտելու Մոսկվայում դրական չընկալվեց: Հետաքրքիր է, որ ինչ-որ «զուգադիպությամբ» դրան հետևեցին Փանիկի դեպքերը, երբ ռուսական ռազմաբազան «առանց նախազգուշացման» զորավարժություններ սկսեց` վախեցնելով գյուղի բնակիչներին: Սա, ակնհայտորեն, որոշակի մեսիջներ էր պարունակում` ուղղված ՀՀ իշխանություններին: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումների, մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ աղմկահարույց դատական գործերին ռուսական կողմի կոշտ արձագանքին, ապա նշենք, որ Մոսկվայում դրանք ինչ-որ տեղ դիտվում են նաև որպես ՌԴ դեմ ուղղված քայլեր: Ընդ որում, Խաչատուրովի դեպքում ոչ թե վերջինիս անձն է պայմանավորում ռեակցիան, այլ զբաղեցրած պաշտոնը. Խաչատուրովն, այսպես կոչված, «Պուտինի ՆԱՏՕ»-ի գլխավոր քարտուղարն է, և առանց ռուսական կողմին տեղեկացնելու, այդ պաշտոնից նրա հեռացման հարցը նախապես կարգավորելու Խաչատուրովի նկատմամբ դատական գործընթաց սկսելը Ռուսաստանում դիտում են որպես «ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ զարգացնող Հայաստանի» կողմից թիրախավորված հարված ՀԱՊԿ հեղինակությանը: Պատահական չէ, որ այս դեպքերից հետո ռուսական լրատվամիջոցները սկսեցին գրել` Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումների դադարեցման մասին, որն, իհարկե, պաշտոնապես հերքվեց, սակայն պարզ է, որ Ռուսաստանն այլևս չի բացառում Հայաստանի հետ հարաբերություններում նման գործիքակազմի կիրառման հնարավորությունը: Իսկ ռուսական կողմի ավելի «շոշափելի նախազգուշացումն» այս օրերին տեսնում ենք Լարսում, երբ արագ փչացող սննդամթերքով բեռնված հայկական բեռնատարները ստիպված են լինում օրերով հերթ կանգնել ռուսական անցակետն անցնելու համար: Խնդիրը կարելի կլիներ մեծ հոսքերով բացատրել, միայն թե հայ վարորդները միանգամայն այլ տպավորություն ունեն, բացի այդ՝ ՌԴ-ում ՀՀ հյուպատոսի միջամտությունը խնդրին ևս խոսում է, որ Լարսի մի քանի կիլոմետրանոց հերթերը բնավ տեխնիկական խնդիրներով չեն պայմանավորված:  Նշենք, որ Ռուսաստանից ոչ պաշտոնական աղբյուրներով զգուշացնում են նաև գազի գների բարձացման մասին, քննարկվում է աշխատանքային օրենսգրքում համախատասխան փոփոխությունների նախագիծը, որը կարող է ազդել այդ թվում նաև Ռուսաստանում աշխատող տասնյակ հազարավոր հայերի վրա, և սրանք ռուսական կողմի տնտեսական ազդեցության միակ լծակները չեն:  Այս համատեքստում բավականին հետաքրքիր է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը. օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և, ինչպես նշում է երկաթուղու ղեկավարությունը, Հայաստանի օրենսդրության խախտումներով խուզարկություն է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, ինչը չէր կարող չվրդովեցնել ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին։ Հուսանք՝ խնդիրը հարթվել է օգոստոսի 15-ին Հարավկովկասյան երկաթուղու տնօրեն Սերգեյ Վալկոյի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ. բոլորս հասկանում ենք, թե ինչ նշանակություն ունի երկաթուղին Հայաստանի համար: Նման պայմաններում մենք խնդիր ունենք Վրաստանի կամ Ուկրաինայի սցենարը չկրկնելու համար ձեռնարկել գործողություններ, որոնց ռիսկերը նախապես լավ հաշվարկված և չեզոքացված կլինեն: Կարիք ունենք արտաքին քաղաքական հարցերում լինելու ավելի ընկալելի, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մյուս երկրների հետ հարաբերություններում: Կարծես թե այս հարյուր օրվա ընթացքում որևէ գիծ դեռևս անդառնալիորեն անցած չէ: Այս մասին է խոսում, օրինակ, առաջին հայացքից ոչ էական թվացող վերաբերմունքը, որը ռուսական կողմը ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողության և դրան նախորդած համերգի ժամանակ. եթե վարչապետ Փաշինյանը Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ նստած էր երրորդ շարքում՝ Հյուսիսային Կորեայի ԱԺ նախագահի կողքին, ապա Արմեն Սարգսյանը` առաջին շարքում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողքին, ինչպես ենթադրում է դիվանագիտական արարողակարգը ռազմավարական գործընկերների պարագայում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/klara.abgarian.9/posts/148642326039090

    Կարդալ ավելին