• Արմեն Հովասափյան
  • «Գազի դարաշրջանը»` տարածաշրջանային ինտրիգների ֆոնին Ադրբեջանում ավարտվում է, այսպես կոչված, Մեծ նավթի դարաշրջանը: Հավանաբար, կարելի է պնդել, որ ավարտվում է նաև British Petroleum ընկերության և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան «ոսկյա դարը»: Հասկանալի է, որ այս գործընթացը տևական է, և BP ընկերության դիրքերը դեռ բավական ամուր են: Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանին (և տարածաշրջանին) սպասվում են գազի դարաշրջանը, գազակոնդենսատի նոր դաշտերի վրա իշխելու հարցը, Կասպիցի սահմանազատման տակավին չլուծված և պոտենցիալ հսկայական լարվածություն պարունակող խնդիրը, ֆրանսիական (և իսրայելական) ընկերությունների և կապիտալի եռանդուն «հարձակումը», տրանսպորտային ենթակառուցվածքների տարածաշրջանային զարգացման խնդիրները: Եվ ամենակարևորը` տարածաշրջանում ներկայումս ընթացող աշխարհաքաղաքական «ինտեգրացիոն գործընթացների» երկու մեծ սցենարների առկայությունը` եվրոպական և եվրասիական: Այստեղ ամենակարևորն (ու մտահոգիչն) այն է, որ ինչպես 1994-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին Բիշքեկյան արձանագրության ստորագրումը սերտորեն միահյուսված էր Ադրբեջանում «Մեծ նավթի դարաշրջանի» կերտման, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների շրջափակման գործընթացների հետ՝ համահունչ «Ալիևի դոկտրինի» աշխարհաքաղաքական «ինտեգրացիոն սցենարին», այնպես էլ այսօր տակավին անհայտ ու դժվար նշմարելի միտումներ կարող են ընկած լինել մոտ ապագայի «գազի դարաշրջանի», Հարավային Կասպիցի սահմանազատման և նոր «տարածաշրջանային ինտեգրացիոն սցենարների» թիկունքում: Կարող ենք փաստել, որ ՌԴ-ում և Վրաստանում վերջին ժամանակահատվածում ընթացող քաղաքական և իշխանական գործընթացները հստակ լավատեսության հիմք չեն տալիս: Բայց նաև վստահ ենք, որ առկա են լուրջ վտանգներ: Դրանցից ամենատեսանելին ու անմիջականն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրությունն է տարածաշրջանում՝ պայմանավորված. նավթային դարաշրջանի ավարտով, 2009թ. սահմանադրական փոփոխություններով և 2018թ.նախագահական ընտրություններով, 2006-ից մեկնարկած սեփական ռազմարդյունաբերական համալիրի ստեղծումով, դրանում Իսրայելի (և ՌԴ) էական դերակատարմամբ, ռազմականացման պետական համալիր ծրագրի մշակմամբ և իրականացմամբ, հակաիրանական պլացդարմի ստեղծման ներկայիս գործընթացներով սեփական քարոզչության և մյութոսների ծուղակն ընկնելով: Wikileaks-ի հրապարակումների, ինչպես նաև այլ բազմաթիվ աղբյուրների ուշադիր զննումը փաստում է, որ Շահութաբերության իրական դրույքի արժեքի շուրջ առկա տարաձայնությունները երևան եկան այն պահին, երբ BP-ն ադրբեջանականիշխանություններին ներկայացրեց Ազերի-Չիրագ-Գյունեշլի արդյունահանման իր մշակած համալիր ծրագրի դրույթները` այսպես կոչված «Սպիտակ գիրքը», իսկ Ադրբեջանի իշխանությունները, միանգամայն համահունչ «Ալիևի դոկտրինի» դրույթներին, ձեռնամուխ էին եղել Ազերի-Չիրագ-Գյունեշլիի հարակից գազը որպես տարածաշրջանային աշխարհաքաղաքականության առավել ճկուն լծակ օգտագործելուն: Նույն այդ ժամանակ ԱՄՆ իշխանական տարբեր օղակները, այդ թվում՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը, էական ճնշում էին բանեցնում Ադրբեջանի վրա Վրաստանին գազի մատակարարումներ ապահովելու, վերջինիս ՌԴ-ից ստացվող գազից «կտրելու» և 2006-07թթ. ձմեռները «տաք» և անցնցում անցկացնելու ուղղությամբ:  Փաստենք, որ Շահութաբերության իրական դրույքի հետ կապված ազերի իշխանությունների աղմկահարույց քարոզչությունը մեկնարկեց հենց այդ ժամանակ, միանգամայն գիտակցված կերպով՝ նպատակ ունենալով հիմնականում երկու բան: Առաջինը` սպասարկել սեփական տարածաշրջանային քաղաքականությունը` (Կենտրոնական Ասիա)–Ադրբեջան–Վրաստան–Թուրքիա–Իսրայել–ԵՄ առանցքով «էներգետիկ կամրջի» կայացում, Վրաստանին դեպի Ադրբեջան ուղղորդում, տարածաշրջանում ՀՀ մեկուսացման խորացում, ԼՂՀ ջլատում և իշխում: Մյուսը կապված էր ներքին խնդիրների հետ: BP-ի նկատմամբ կոշտ հայտարարություններով, վերջինիս դատարան տանելու սպառնալիքներով ու ծավալած ցուցադրական եռուզեռով Ի.Ալիևը ամրապնդում էր իր իմիջը՝ որպես իր երկրի քաղաքացիների և պետական շահերի աննկուն պաշտպան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1458321014250095 ...

    Կարդալ ավելին
  • Մայիսի 26-ին 89 տարեկանում կյանքից հեռացել է քաղաքագետ, սոցիոլոգ, ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին: Բժեզինսկին ծնվել է 1928 թվականին, լեհ դիվանագետների ընտանիքում: Ինչպես գրում է The Washington Post-ը 1958-ին նա ստանում է ԱՄՆ-ի քաղաքացիություն, որից հետո սկսում ակտիվ գործունեություն ծավալել Միջազգային հարաբերությունների խորհրդում, այնուհետև Բիլդերբերգյան ակումբի ակտիվ ջատագովներից մեկն էր, որտեղ ընդգրկված էին հայտնի քաղաքական գործիչներ ու բիզնեսմեններ: Բժեզինսկին նաև բավականին լուրջ աշխատանքներ է տարել Եռակողմ հանձնաժողովի ձևավորման հարցերում (Խաղաղության և բարգավաճման հարցերով հանձնաժողով, որը հիմնադրվել է 1972թ-ին` հետագայում վերանվանվելով Եռակողմ հանձնաժողով, անվանումը կապված է կողմերի մասնակիցների թվի հետ` ԱՄՆ, Եվրոպա և Ճապոնիա): 1966-1968 թվականներին եղել է ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության պլանավորման խորհրդի կազմում։ Քարտերի խորհրդական եղած ժամանակ Բժեզինսկին մշակեց հակասովետական ծավալուն դոկտրին: Բժեզինսկու արտահայտած գաղափարների և մոտեցումների վերլուծությունը պահանջում է հասկանալ այն, որ նա պատկանում է այն անձանց և շրջանակներին, որոնք ոչ միայն ձևակերպում ու հնչեցնում են աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական միտումներ, այլև ձևավորում են դրանք։ Բժեզինսկին համաշխարհային հանրությանը ոչ միայն և ոչ այնքան տեղեկացնում է աշխարհաքաղաքական ասպարեզում տեղի ունեցող փոփոխությունների մասին, որքան մասնակցում է այդ ասպարեզի ձևավորմանը։ Բժեզինսկու գիտական, քաղաքական, տեղեկատվական և այլ ակտիվությունը հենց այն դեպքն է, երբ խոսքի և գործի, տեղեկատվական իրադարձության և իրականության միջև սահման անցկացնելն ավելի քան դժվար է դառնում։ Նման իրավիճակում դատողություններն աշխարհի առաջարկվող տեսլականի իրականացվելիության մասին դառնում են ոչ կոռեկտ, քանի որ Բժեզինսկու արտահայտած գաղափարները կարող են առաջ բերել գործընթացներ և ակտիվություն, ինչը, վերջին հաշվով, կհանգեցնի այդ գաղափարների կենսագործմանը։ Բժեզինսկու առաջարկվող միջոցները և «դեղամիջոցն» այնքան արմատական են, որ անհրաժեշտ է խոսել ոչ թե պարզապես քաղաքական վերնաշենքի փոխակերպման, այլ նորի՝ արդեն գլոբալի ստեղծման մասին։ Ըստ էության Բժեզինսկին գերհարուստների իշխող դասին առաջարկում է համաձայնել «վերևից հեղափոխության» անցկացման անհրաժեշտության հետ ։   Եվրասիայի և հետխորհրդային տարածքի համար հետաքրքրություն են ներկայացնում ապագայի առաջարկվող տեսլականի աշխարհաքաղաքական ասպեկտները։ Ատլանտյան ընկերակցությունը գլոբալ ուժի վերածելը կպահանջի ներառել նաև Ռուսաստանի և Թուրքիայի անխուսափելի աշխարհաքաղաքական «ձևաչափի վերափոխում»։ Բժեզինսկին առաջարկում է Ռուսաստանին դառնալ նոր ատլանտյան ընկերակցության մի մասը: Ռուսաստանի քաղաքական դաշտի վրա նետված նույնիսկ թռուցիկ հայացքը խոսում է այնտեղ այնպիսի քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի առկայության մասին, որոնց համար Ռուսաստանի ապագայի նման տեսլականն ընդունելի է։ Մի առիթով լեհ գեոպոլիտիկը հայտարարել է. «Կովկասի տարածաշրջանը անկայուն է, ունի լոկալ հակամարտությունների պոտենցիալ: Ուստի միջազգային հանրությունը պետք է առավել զգուշորեն մոտենա Կովկասի պետությունների անվտանգության խնդիրներին եւ ակտիվորեն աջակցի տարածքային եւ ազգային հակամարտությունների կարգավորմանը»: Խոսելով Կոսովոյի անկախության հռչակման եւ որպես նախադեպ այդ փաստի օգտագործման հնարավորության մասին` Զ.Բժեզինսկին հայտարարել է, որ Կոսովոյի ժողովրդի անկախության ձգտմանը սատարեց ԵՄ-ն, և Եվրամիությունն էլ իրավասու է հետագա որոշում կայացել: Ընդ որում ամերիկացի քաղաքագետը չի կարծում, թե Կոսովոն նախադեպ կստեղծի Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Ղարաբաղի եւ Հյուսիսային Կովկասի հակամարտությունների համար, քանի որ նրանցից յուրաքանչյուրը կտրուկ տարբերվում է Կոսովոյից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1454315321317331 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը (SOCAR) պատասխանատու է հում նավթի և բնական գազի արտահանման, երկրի նավթավերամշակման երկու գործարանների շահագործման, նավթամուղների շահագործման և նավթի ու գազի արտահանման/ներկրման համար: Դեռ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի ժամանակներից SOCAR-ը պարտադիր մասնակցում էր Ադրբեջանում իրականացվող բոլոր նավթային և գազային ծրագրերի Արդյունքի բաշխման hամաձայնագրերում և կոնսորցիումներում: SOCAR-ը Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի կոնսորցիումների 25%-ի բաժնետերն է, ինչպես նաև մասնակցում է ավելի քան 20 այլ Արդյունքի բաշխման hամաձայնագրերում: Ներկայումս SOCAR-ն ապահովում է Ադրբեջանում արդյունահանվող նավթի մոտ 20%-ը: 1990-ականների վերջին կնքված գրեթե բոլոր համաձայնագրերում նկատելի է SOCAR-ի մասնաբաժնի ավելացում: Այն միջինը գտնվում է արդեն 20-50%-ի տիրույթում: Համաձայն որոշ մեկնաբանությունների՝ այս հանգամանքը վկայում է, մի կողմից՝ ընկերության տեխնիկական հասունացման, մյուս կողմից՝ ոլորտը վերահսկելու պետության, ավելի ճիշտ` երկրի նախագահի և նրա մերձավորների ցանկության մասին: Այս իրադրությունը խորացնում է SOCAR-ի գործունեությանն ի սկզբանե բնորոշ ներքին հակասությունները: Մի կողմից՝ այս ընկերությունը, պահպանելով լոյալությունը նախագահին (և իր նախկին ղեկավարին), ստիպված է որոշակի ֆինանսական «մասհանումներ» անել Նավթային հիմնադրամին, նախագահի անձնական ֆոնդին, ինչպես նաև Հ. Ալիևի հիմնադրամի սոցիալական բնույթի ծրագրերի ֆինանսավորմանը: Ընդ որում, համաձայն Ադրբեջանի որդեգրած նավթային ռազմավարության՝ այս փոխանցումները և, առաջին հերթին, այսպես կոչված, «Ադրբեջանի Նավթային պետական հիմնադրամի (SOFAZ) նավթի շահութային վաճառքի եկամուտները», ազատված են տարատեսակ հարկումներից, որոնց ենթակա են բոլոր այլ եկամտային փախանցումները, ինչպես նաև ունեն այլ զեղչումներ: Հասկանալի է, որ այսպիսի իրավիճակը նպաստում է դրամական հոսքերի անվերահսկելիությանը և էլ ավելի է մեծացնում առանց այդ էլ շոշափելի կոռուպցիան ոլորտում: Մյուս կողմից, մասնակցելով բազմաթիվ համաձայնագրերում և կոնսորցիումներում, SOCAR-ը պետք է ապահովի գործարար պատշաճ արդյունավետություն և շահութաբերություն: Սակայն, որոշ աղբյուրների գնահատմամբ, այս ընկերությունը գործում է ծայրաստիճան անարդյունավետ: Այս առումով առավել խոսուն է ընկերության կադրային քաղաքականությունը: 2011թ. սկզբի դրությամբ ընկերությունն ուներ մոտ 70 հազար հոգանոց աշխատակազմ, ընդ որում՝ անձնակազմի մեկ մարդու հաշվով այն արդյունահանում էր մոտ 2.61 բարել նավթային համարժեք: Մինչդեռ անգամ ռուսական Գազպրոմի պարագայում, որն աշխարհի նավթագազային ամենաարդյունավետ ընկերությունը չէ, այս ցուցանիշը կազմում է 17.1 բարել ն.հ./մարդ: Բացի այդ՝ միջինից զգալիորեն ավելի բարձր աշխատավարձերով և հավելավճարներով, աշխատողներին անվճար տրամադրվող բնակարաններով ու մանկապարտեզներով, ամառային հանգիստը մասնակիորեն կամ լրիվ ֆինանսավորող վաուչերների համակարգով SOCAR-ը ադրբեջանական հասարակության, առաջին հերթին՝ դրա մասնագիտական, ճարտարագիտական հատվածների, որակյալ բանվորների և գրեթե ողջ միջին դասի համար դարձել է աշխատանքի և կյանքի հարմարությունն ապահովող բաղձալի երազանք: SOCAR-ի «ոսկյա 70 հազար»-ի գոյացումն ու առկայությունը երկրում հասարակական շոշափելի լարում են ստեղծում: Առավել ևս, որ նավթագազային ոլորտն առհասարակ ներքին շուկայում ստեղծում է խիստ սահմանափակ թվով աշխատատեղեր: Մինչդեռ այստեղ ստացված եկամուտները կամ մեկ շնչին ընկնող ներդրումները երեք կարգ անգամ ավելին են, քան Ադրբեջանի տնտեսական համակարգի այլ ոլորտներում: SOCAR-ի գործունեության մեջ անձնական, քաղաքական և գործարար խնդիրների հստակ ֆունկցիոնալ տարանջատման բացակայությունը հանգեցնում է ընկերության արդյունավետության կորստի և մեծացնում իրականացվող գործառույթների անթափանցիկությունը: Բավական է նշել, որ SOCAR ընկերության 2008թ. ամենամյա հաշվետվությունը չի ներկայացնում նավթի վաճառքից և արտահանումից ստացված իր շահույթի մասին որևէ տվյալ: 2011թ. սեպտեմբերի դրությամբ այս ընկերությունը չուներ հոգաբարձուների խորհուրդ և, ըստ էության, ղեկավարվում էր միայն ընկերության նախագահի և փոխնախագահի կողմից, որոնք իրենց հերթին նշանակվում են նախագահի կողմից: Սա բացառիկ երևույթ է աշխարհի ազգային նավթային ընկերությունների համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1451941301554733 ...

    Կարդալ ավելին
  • Պատմության և, ընդհանրապես, քաղաքական իրադարձությունների ֆոնին հաճախ տեսադաշտից դուրս են մնում մարդիկ, ովքեր իրականում ավելի անմիջական և առանցքային դերակատարություն են ունեցել տվյալ շրջափուլում: Խոսեմ պատմությանը հայտնի մի քանի դահիճների մասին: Գեներալ Վասիլի Միխայլովիչ Բլոխինը ԽՍՀՄ ՆԳՆ-ում մոտ 30 տարի ղեկավարել-կազմակերպել է գնդակահարությունները: Հետաքրքիր է, որ նա աշխատել է ինչպես Յագոդայի և Եժովի, այնպես էլ Բերիայի ղեկավարության տակ, մինչդեռ բոլորին հայտնի է, որ նրանք հակառակորդներ էին և ամեն մեկը աշխատում էր իր թիմով: Բլոխինը համարվում էր «ամենաարդյունավետ» դահիճներից մեկը: Նա անձամբ է գնդակահարել խարհրդային իշխանության շատ պետական ու քաղաքական գործիչների, որոնք 1930-ական թվականներին մեղադրվեցին պետական դավաճանության մեջ: Դրանցից էին զորավարներ Տուխաչևսկին, Յակիրը, պետական, հասարակական և մշակույթային գործիչներ` Ուբորևիչը, Սմիլգան, Լևոն Կարախանը, Կվիրինգը, Չուբարը, Կոսարևը, Կոսիորը, Ֆրինովսկին, Միխայիլ Կոլցովը, Բաբելը, Մեյերխոլդը և ուրիշներ: Բլոխինն է ղեկավարել գերևարված լեհական սպաների զանգվածային գնդակահարությունը Տվերի մոտ, 1940 թվականին: Կարելի է ենթադրել, որ հենց դրա համար նա ստացավ իր առաջին «Մարտական Կարմիր դրոշի» շքանշանը նույն թվականին: Առողջական խնդիրների պատճառով 1953 թ. ազատվեց աշխատանքից: 1954 թ. զրկվեց գեներալ-մայորի կոչումից «ներքին օրգաններում աշխատելու ժամանակ չեկիստին անվայել վարքագծի համար»: 1955-ին Բլոխինը մահացավ սրտի կաթվածից թվականին, չգնահատված և արհամարված: Վարկած կա, թե նա ինքնասպան է եղել: Ծագումով լատիշ Պյոտր Իվանովիչ Մագգոն նույնպես ներկայացնում է 30-ականների խորհրդային էպոխան. այս չեկիստ, դահիճը, 1917-ից բոլշևիկ էր, եղել է Չեկայի ներքին բանտի պետ, իսկ 1931-ից կամավոր դարձել է հատուկ հանձնարարությունների կատարող: Ի կատար է ածել գնդակահարման դատավճիռները: Խորհրդային նշանավոր գրող, հրապարակախոս Բորիս Սոպելնյակի փաստարկներով Մագգոն անձամբ գնդակահարել է մոտ տաս հազար մարդու: Մահացել է 1941 թվականին ալկոհոլի չարաշահումից: Անտոնինա Մակարովնա Մակարովա` մականունը «Տոնկա գնդացրորդ»: 1941 թվականին, լինելով սանիտարուհի, ընկնում է շրջապատման մեջ և հայտնվում ֆաշիստների կողմից օկուպացված տարածքում` Բրյանսկի մարզում: Այստեղ ծառայության է անցնում ֆաշիստների մոտ և իրականացնում է մահվան դատավճիռները: Մահապատիժներն ի կատար է ածում հատուկ այդ նպատակի համար իրեն հանձնված «Մաքսիմ» գնդացրով: Մակարովայի ձեռքով գնդակահարվել է 1500-ից ավելի մարդ: Նշված դահիճների շարքում կառանձնացնեմ, այդ «ոլորտի» նույն ժամանակաշրջանի հայաստանյան ներկայացուցչին` Խաչիկ Մուղդուսուն: Մուղդուսին ՆԳԺԿ ղեկավար էր, երբ 1936 թ. սպանվեց Աղասի Խանջյանը: ՀԽՍՀ-ում Խանջյանի ինքնասպանության պաշտոնական հայտարարությանը չհավատացողներից 800 մարդ ձերբակալվեց Մուղդուսու ջանքերով: Խանջյանի սպանությանը հաջորդեցին հայ մտավորականների, հատկապես գրողների փոխադարձ քաղաքական մերկացումները, մեղադրանքները, իսկ օգոստոսի վերջին՝ ձերբակալությունները: Նրանց մեծ մասին աքսորեցին, մի մասին գնդակահարեցին: Մուղդուսին մասնավոր հետևողական էր հատկապես ձերբակալված Եղիշե Չարենցի և Ակսել Բակունցի հարցում: Նրա ստորագրությամբ է 1935 թ. նոյեմբերի 25-ին ձերբակալվել տարիներ շարունակ թուրքական ճակատում կռված, Սարդարապատի ճակատամարտի հերոս Մովսես Սիլիկյանը: 1937-ի օգոստոսի 21-ին Սահակ Տեր-Գաբրիելյանի վերջին հարցաքննությունը նույնպես վարում էր դահճապետը: Օրը բավականին շոգ էր և քննիչներից մեկը բացեում է պատուհանը, մի քանի վայրկյան անց, Տեր-Գաբրիելյանը դուրս է նետվում պատուհանից և տեղում մահանում: 1937 թ. նոյեմբերի 26-ին, ՀՍՍՌ ՆԳԺԿ եռյակը գեներալին դատապարտել է մահապատժի, որն ի կատար է ածվել նոյեմբերի 22-ին: Հ.գ. Մուղդուսին ձերբակալվեց հենց այն ժամանակ, երբ Բերիան Միկոյանի և Մալենկովի հետ եկել են Հայաստան՝ կուսակցական և պետական աշխատողների մաքրում, փաստացի՝ ռեպրեսիա իրականացնելու: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1446797615402435 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի նավթային քաղաքականության մասին խոսելով, չենք կարող չանդրադառնալ Նավթային պետական հիմնադրամի (SOFAZ) գործունեությանը: Հիմնադրամի եկամուտների գոյացմանն անդրադառնալով՝ նկատենք, որ բացի շահութային նավթի չափաբաժնից, դրանք գոյանում են նաև ածխաջրածինների Արդյունքի բաշխման hամաձայնագրերում պետական SOCAR ընկերության մասնաբաժնի դիվիդենդներից, հիմնադրամի սեփական միջոցների կառավարումից գոյացած եկամուտներից, տարանցման, հողօգտագործման և բոնուսային վճարներից ու այլ աղբյուրներից: Համաձայն հիմնադրամի 2010թ. տարեկան հաշվետվության, այդ տարի եկամուտը կազմել էր $16.3 մլրդ, որից $15.8 մլրդ-ը (96.7%) գոյացել էր փոխանցվելիք ածխաջրածինների (նավթ և գազ) շահութային վաճառքի չափաբաժնի իրացումից, մոտ $198 մլն-ը` Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղի կոնսորցիումի դիվիդենդներից (1.21%), մոտ $195 մլն-ը` հիմնադրամի սեփական միջոցների կառավարումից գոյացած եկամուտներից (1.19%) և $131 մլն-ը` Շահ Դենիզ նավթադաշտի առաջին փուլի եկամուտների ճշգրտումից (0.81%): Համաձայն հիմնադրամի 2010թ. հաշվետվության, $16.3 մլրդ ընդհանուր եկամտի 51.2%-ն առանձնացվել էր Պահուստային հիմնադրամի համար, որն այդ տարի կազմել էր $22.8 մլրդ: 2010թ. հիմնադրամի հիմնական միջոցները կազմել էին $22.767 մլրդ: SOFAZ-ի եկամուտները, ըստ հաստատված կանոնակարգի, բացի Պահուստային հիմնադրամին արվող հատկացումներից, օգտագործվում են պետբյուջե փոխանցումների, ենթակառուցվածքային և սոցիալական բնույթի մի շարք ծրագրերի ֆինանսավորման, ինչպես նաև արտերկրում ադրբեջանցի ուսանողների ուսումը վճարելու համար: Մինչ Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթադաշտի «հիմնական նավթի» փուլի մեկնարկը, SOFAZ-ի ընդհանուր եկամուտները չէին գերազանցում 0.5-1.0 մլրդ մանաթը: Անցած 10 տարիների ընթացքում (2007-17թթ.) SOFAZ-ի գումարային եկամուտները կազմել են մոտ 74.3 մլրդ մանաթ ($94.5 մլրդ), գումարային ծախսերը` 48.4 մլրդ մանաթ: Այլ խոսքով՝ անցած 10 տարիների ընթացքում հիմնադրամը զուտ եկամուտները կազմել են մոտ 21.9 մլրդ մանաթ: Հատկանշական է, որ սկսած 2011-ից՝ նկատելի է հիմնադրամի զուտ շահույթի նվազում: Ի դեպ, նշենք, որ SOFAZ-ի բյուջեների այս տարեմիջյան վերանայումները բյուջեի առանձնահատկություններից մեկն են: Դրանց համար հիմք են ծառայում Ալիևի հատուկ հրամանագրերը: Հիմնադրամի բյուջեի ծախսային հատվածի առյուծի բաժինը կազմում են Ադրբեջանի պետբյուջե կատարվող ներարկումները (մասհանումները): 2007-ին դրանք կազմել էին մոտ կես մլրդ մանաթ կամ այդ տարվա ընդհանուր մասհանումների մոտ 50%-ը: 2009-ին դրանք կազմել էին մոտ 4.9 մլրդ մանաթ կամ այդ տարվա ընդհանուր մասհանումների արդեն մոտ 92%-ը: Իսկ 2011-ին այս ցուցանիշը կազմեց 94%: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1436596259755904 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանական նավթային քաղաքականության մասին խոսելով չենք կարող շրջանցել այն կարևոր դերակատարումը, որն ունի նավթագազային գործոնը աշխարհաքաղաքական զարգացումների վրա: Փորձենք փաստական որոշակի դրույթների միջոցով տալ աշխարհաքաղաքական այդ տարածաշրջանի նավթային ուղղությունները: Ազերի-Չիրագ-Գյունեշլից դաշտի նավթարդյունահանման հետ կապված խնդիրները համարժեք հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ 2006-ի վերջ, 2007-ի սկիզբ և հարցը դիտարկել տարածաշրջանային էներգետիկ և աշխարհաքաղաքական ավելի լայն համատեքստում: British Petroleum ընկերությունն Ադրբեջանի իշխանություններին ներկայացրեց նավթադաշտի արդյունահանման իր մշակած համալիր եռափուլ ծրագրի դրույթները` այսպես կոչված «Սպիտակ գիրքը» (White papers): BP այս առաջարկի ամենաուշագրավ առանձնահատկությունն այն է, որ Ազերի-Չիրագ-Գյունեշլից արդյունահանման համալիր ծրագրի իրականացումն այստեղ պայմանավորվում էր մի շարք այլ խնդիրներով` մեկ միացյալ փաթեթի շրջանակներում: Դատելով որոշ նյութերից, այդ թվում՝ Wikileaks-յան հաղորդագրություններից, AIOC կոնսորցիումի կողմից Ազերի-Չիրագ-Գյունեշլի համալիր նավթարդյունահանման խնդիրը BP-ն կապում էր. 1994թ. ստորագրված դաշտի շահագործումը կանոնակարգող Արդյունքի բաշխման hամաձայնագիրով սահմանված AIOC կոնսորցիումի աշխատանքների ավարտական ժամկետի երկարացման, Կասպիցի գազային պաշարների, այդ թվում՝ այսպես կոչված «ԱՉԳ խորքային գազի»՝ BP-ի կողմից արդյունահանման նպատակահարմարության: Ադրբեջանին սեփական կարիքների ու արտահանման համար գազամատակարարման ապահովման խնդիրների, պետական SOCAR ընկերության աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտության, ինչպես նաև Ադրբեջանում իրականացվող AIOC կոնսորցիումի ոչ նավթային, սոցիալական/քաղաքական բնույթի ծրագրերում մասնակցության հստակ սահմանման խնդիրների հետ: Ի հավելումն այս դրույթների և ամրապնդելու համար սեփական դիրքերը՝ 2007թ. սկզբին BP-ն վերանայեց Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթի ապացուցված պաշարների իր գնահատականը՝ բարձրացնելով այն մոտ 4 անգամ և հասցնելով մինչև 9 մլրդ բարելի: Նավթադաշտի արդյունահանելի նավթի պաշարներն այդ ժամանակ գնահատվեցին 5.4-6.3 մլրդ բարել, ինչը, սակայն, բոլորովին չանդրադարձավ Ադրբեջանի նավթի ընդհանուր ապացուցված պաշարների գնահատականի վրա: BP-ի «փաթեթային» այս առաջարկը մինչև 2008թ. օգոստոսի 8-ը Ադրբեջանի իշխանությունները միանգամայն իրավացիորեն որակում էին որպես «շանտաժ»: Թեև այսպիսի մոտեցումը, իհարկե, բխում էր ընկերության կորպորատիվ շահերից ու միանգամայն համահունչ էր ածխաջրածինների ռեսուրսային կցորդ հանդիսացող երկրներում վարվող քաղաքականության ընդհանուր տրամաբանությանը, այն չէր բխում Ադրբեջանի բնակչության շահերից: Բայց այս իրադրության հատկանշական գիծն այն էր, որ BP «փաթեթային առաջարկի» որոշ կողմեր միահյուսվում էին տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության որոշակի տարրերի հետ՝ ստեղծելով փոխկապակցված հարցերի բարդ կծիկ: Սկսած 2007-ից՝ միանգամայն համահունչ «Ալիևի դոկտրինի» դրույթներին՝ Ադրբեջանը ձեռնամուխ է լինում իր գազային պաշարները որպես տարածաշրջանային աշխարհաքաղաքականության առավել ճկուն լծակ օգտագործելու ծրագրին: Ենթադրվում էր, որ ադրբեջանական (հեռանկարում՝ նաև թուրքմենական) գազը պետք է դուրս մղի տարածաշրջանում ռուսական (և իրանական) գազը, ամրացնի երկրի դիրքը տարածաշրջանում՝ ամրապնդելով «Հարավային Կովկասի էներգետիկ կամուրջ» ծրագիրն Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Իսրայել առանցքով, վարժեցնի Թուրքիային ադրբեջանական գազը ԵՄ հասցնելու գործում բացառապես տարանցման, այլ ոչ թե «գնող-վաճառող» երկրի դերակատարմանը: Առավել ևս, որ ԱՄՆ իշխանական և կուսակցական տարբեր օղակները, այդ թվում՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը, էական ճնշում էին բանեցնում Ադրբեջանի վրա, որպեսզի ապահվվի 2006-07թթ. ձմեռները Վրաստանում «տաք» ու անցնցում անցկացնելու մարտավարական խնդիրը, իրականացվի ՌԴ-ից ստացվող գազից Վրաստանը «կտրելու», նրան դեպի Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել ու ԵՄ «էներգետիկ կամուրջն» ուղղորդելու ռազմավարական ծրագիրը և ամրապնդվի Թուրքիայի նոր, ռազմավարական նշանակության դերակատարումը «Մեծ Միջին Արևելքի» տարածաշրջանում գալիք կարևորագույն գործընթացներում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1428783700537160 ...

    Կարդալ ավելին
  • Oil and Gas Journal հեղինակավոր ամսագրի վերջին համարից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի հում նավթի ապացուցված պաշարները կազմել են 7 մլրդ բարել: Այս գնահատականը կրկնում է բրիտանական British Petroleum ընկերության էներգետիկ վիճակագրական տեղեկատուների այն հայտնի պնդումը, որ Ադրբեջանի հում նավթի ապացուցված պաշարները չեն փոխվել 2002-ից ի վեր և կազմում են 7 մլրդ բարել: Ադրբեջանում նավթի ապացուցված պաշարների առյուծի բաժինն Ադրբեջանի ափեզրյա (offshore) նավթադաշտերինն է: Հում նավթի ապացուցված պաշարների տեսանկյունից ամենահարուստը Կասպիցի Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթադաշտն է  Դեռ ԽՍՀՄ տարիներին պեղված նավթադաշտն, այսպես կոչված, «գերդաշտ» է: Համաձայն մի շարք առավելապես շատ մեջբերվող աղբյուրների՝ այն գտնվում է Բաքվից մոտ 120 կմ արևելք-հարավ-արևելք: Ընդհանուր մակերեսը կազմում է 432.4 կմ2, 100-400 մ ջրի խորությամբ: Հիմնական նավթաբեր շերտերն ընկած են ծովի հատակից 2.5-3.0 կմ խորության վրա: 1990-ականների սկզբին մասնագետները հակված էին կարծելու, որ գործ ունեն 3-4 առանձին նավթադաշտերի հետ: Հետագա ուսումնասիրությունները հերքեցին այս տեսակետը, և ներկայումս այն դիտարկվում է որպես ածխաջրածինների միացյալ, այսպես կոչված, «գերդաշտ»: Անմիջապես ընդգծենք, որ բաց աղբյուրներում և համացանցում հասանելի Կասպիցի նավթադաշտերի գրեթե բոլոր քարտեզներում Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթադաշտ դիրքը ներկայացված է աղավաղված, այն արհեստականորեն մոտեցված է Ադրբեջանի ծովափին: Նույնը վերաբերում է «Բաքվից մոտ 120 կմ» հեռավորության գնահատականին: Բայց, օրինակ, թուրքմենական ԱԳՆ տվյալներով՝ այն գտնվում է ոչ թե 120, այլ 160 կմ հեռավորության վրա: Բանն այն է, որ նշված նավթադաշտն ինքնին ձգվում է արևելք-հարավ-արևելք ուղղությամբ՝ մոտ 100 կմ երկայնքով: Համաձայն Գլոբալ սեքյուրիթի կազմակերպության տվյալների՝ 2010թ. Ադրբեջանում Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթադաշտ էր արդյունահանվել այդ տարի հում նավթի ընդհանուր ծավալի 80%-ից ավելին: Անցած տարիներին այս համամասնությունն ընդհանուր առմամբ պահպանվել է: Համաձայն Statoil ընկերության տվյալների՝ 1994թ. կնքված Արդյունքի բաշխման hամաձայնագրի (PSA) կողմից սահմանված տարածքում և համաձայնագրի գործունեության ժամանակահատվածում (1994-2024թթ.) Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթի հասանելի պաշարները գնահատվում են 5.4 մլրդ բարել, այսինքն՝ Ադրբեջանի ապացուցված պաշարների 77%-ը: Ընդ որում, համաձայն նույն աղբյուրի, 2009թ. վերջի դրությամբ այստեղից արդեն արդյունահանվել էր 1.4 մլրդ բարել նավթ, այսինքն՝ նավթադաշտի հասանելի պաշարների 26%-ը: Այս գնահատականներն ընդհանուր առմամբ հաստատվում են նաև Wikileaks կայքի հրապարակած՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունների տվյալներով: Դեռ 2002 թվականից Ադրբեջանի նավթի ողջ ապացուցված պաշարները BP ընկերության տարեկան տեղեկագրերում գնահատված էին 7 մլրդ բարել: Այդ ցուցանիշը մնում է անփոփոխ մինչև օրս: Այստեղից կարելի է բխեցնել երկու հետևություն: Կամ BP ընկերության՝ Ադրբեջանի նավթի ողջ ապացուցված պաշարների 2002-07թթ. գնահատականները կրում էին ուռճացված բնույթ և քիչ թե շատ հիմնավորվեցին միայն 2007թ.` Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթադաշտի արդյունահանելի պաշարների վերանայումից հետո, կամ 2007թ. նավթադաշտի արդյունահանելի պաշարների վերանայումն իրականացված էր այնպես, որ համապատասխանի Ադրբեջանի նավթի ապացուցված պաշարների դեռ 2002թ. տրված գնահատականին: Հետաքրքրական է նաև, որ Statoil ընկերության 2011թ. հունվարի 18-ի Ազերի-Չիրագ-Գյունեշլի արդյունահանելի նավթի պաշարների վերը նշված գնահատականը (5.4 մլրդ բարել) համապատասխանում է Wikileaks-ի 2007թ. ապրիլի 27-ի 07 BAKU 522 հաղորդագրությունում բերվող գնահատականների տիրույթի (5.4-6.3 մլրդ բարել) ստորին արժեքին: Համաձայն մասնագիտական բազմաթիվ գնահատականների՝ Ազերի-Չիրագ-Գյունեշլի հասանելի պաշարներն արդյունաբերական մասշտաբների արդյունահանման համար կսպառվեն 2018-20թթ. ժամանակահատվածում: Այս առումով առավել հաճախակի նշվում է 2018-19թթ.: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1422323671183163 ...

    Կարդալ ավելին
  • Երկամյա դադարից հետո փորձեմ վերսկսել իմ` «Ամենասարսափելի 13-ը» շարքը, որի շրջանակներում անդրադառնում եմ այն առաջնորդներին և քաղաքական գործիչներին, ովքեր ցեղասպանություն են իրականացրել սեփական ազգի նկատմամբ: Քանի որ այսօր Ուլյանով Լենինի ծննդյան օրն է, թերևս ներկայացնեմ մի քանի մութ և ոչ հայտնի փաստեր հեղափոխական առաջնորդի իրական կերպարի մասին: Մարդկությանը Լենինի տված վնասները դեռ ոչ ոք չի հաշվել ճշգրիտ: Դրանք այնքան շատ են և այնքան մեծ: Մարդկության ամբողջ պատմության մեջ ոչ մի մարդ այնքան վնասներ չի տվել մարդկությանը, որքան տվել է Լենինը: Նա մարդկության ամենավնասատու մարդն է եղել, համաշխարհային չափումով վնասատու, որն ազդել է ամբողջ մարդկության ճակատագրի վրա, վատթարացնելով այն: «Ամենամեծ մարդասեր» համարվող Լենին պապին իրականում ամենադաժան սադիստն ու մարդասպանն է եղել: Ներկայացնում եմ այդ փաստաթղթերից որոշ հատվածներ: ««Կանաչների» անվան տակ կանցնենք 10-20 վերստ, կկախենք կուլակներին, քահանաներին, տերտերներին: Պարգևավճարը՝ 100 հազար ռուբլի կախվածի դիմաց:Պատերազմ ոչ թե հանուն հարուստների ու բուրժուա ինտելիգենցիայի կյանքի, այլ՝ մահվան: Դրանց հարցերը լուծել է պետք ամենափոքր խախտումների դեպքում անգամ: Կախել է պետք ավելի քան 100 հայտնի կուլակի, հարուստի, արյունախումի: Հրապարակել է պետք դրանց անունները, խլել ողջ հացը, պատանդ վերցնել: Անել այնպես, որ ժողովուրդն իր շուրջը հարյուր վերստի վրա տեսնի, դողա, իմանա, գոռա՝ խեղդում են ու կխեղդեն արնախում կուլակներին: Չպետք է ափսոսալ քաղաքներն, ու հետաձգել, անհրաժեշտ է անխնա ոչնչացում: ՌԽՖՍՀ տարածքում ապրող 17-55 տարեկան արտասահմանյան բոլոր այն քաղաքացիներին, որոնց երկրները մեր հանդեպ ռազմական գործողություններ են սկսել, փակել համակենտրոնացման ճամբարներում: Դատարանը պետք է ոչ թե վերացնի տեռորն, այլ հաստատի ու օրինականացնի այն՝ պարզ, առանց ձևականությունների ու պաճուճանքի: Ձեռնարկել անհապաղ միջոցներ՝ աշխատել պատժել Լատվիան և Էստլյանդիան ռազմական ձևով, օրինակ, սահմանն անցնել և նրանց 100-1000 քաղաքական գործիչների կախաղան բարձրացնել»: Վլադիմիր Իլյիչ Լենինը ծնվել է 1870թ. ապրիլի 22-ին ցարական Ռուսաստանի Սիմբիրսկ փոքր քաղաքում:  Լենինը՝ 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխության գաղափարական ոգեշնչողը և Խորհրդային պետության առաջին առաջնորդը: «Լենին» կեղծանունն առաջին անգամ ի հայտ է եկել 1901 թվականին: Իր աշխատանքներից մի քանիսը Վ. Ի. Ուլյանովը սկսկում է ստորագրել «Ն. Լենին» կեղծանվամբ: Այս կեղծանվան առաջացման շատ վարկածներ կան: Վարկածներից մեկի համաձայն՝ XX դարասկզբում Իլյիչն օգտագործել է իրականում գոյություն ունեցող Նիկոլայ Լենինի անձնագիրը: Իսկ ընդհանուր առմամբ Լենինի կենսագիրները հաշվել նրա 148 կեղծանուն: 1918թ. սեպտեմբերի 5-ին «Կարմիր տեռորի» մասին դեկրետն ընդունվեց: «Կարմիր տեռորի» գաղափարական հիմքը տալիս էր Լենինը, ով ցիտում էր Կարլ Մարքսի այն միտքը, որ նոր հասարակարգի ձևավորման տանջանքները կարելի է թեթևացնել հեղափոխական տեռորով: Լենինը նշում էր, որ բարոյականությունը կեղծ կատեգորիա է, և բարոյական է այն ամենն ինչ օգտակար է հեղափոխության համար:  1918 թվականի բոլշրիկները հռչակեցին իրենց հայտնի «Եկեղեցու մասին» տրակտատը, որով սկսվեց ուղղափառության դեմ արվող կոնկրետ ցեղասպան քաղաքականություն: Այլ կերպ դա չի կարելի բնորոշել, քանի որ բոլշևիկյան քաղաքականության մեխերից մեկն ուղղափառության ի սպառ վերացումն էր, ինչն իր հերթին խոսում է այն մասին, որ կոնրկրետ պետք է ոչնչացվեր ողջ հավատացյալ ժողովուրդը (ի դեպ հիշեցման կարգով նշեմ, որ ռուսական եկեղեցու դիրքերը ցարի օրոք հզոր էր և համատարած): 1918 թվականի ընթացքում ոչնչացվեցին 300 հազար հոգևոր ծառայողներ` քահանաներ, եպիսկոպոսներ, եկեղեցու սպասավորներ: Միայն կրոնական բռաճնշումների ընդհանուր թիվն անցնում է 2 միլիոնից (մոտ կես միլինոնի է հասնում քաղաքական գաղափարներով հալածվածները): Եկեղեցիները վերածվում էին համակենտրոնացման ճամբարների և մարդկանց պահում էին հենց այդ տարածքերում, որտեղ էլ տեղի էին ունենում զանգվածային կացնահարություններն ու կախաղանները, որոնց թիվն իրականում անհայտ են: Սպանությունները կատարվում էին միջնադարյան ժամանակաշրջանի կտանքների ոճով. ցցի հանել, մասնատել և այլն: Այդ շրջանում արգելված էր բոլոր տոները, անգամ Նոր տարին:  Լենինը, Տրոցկին, Սվերդլովը և Ձերժինսկին իրականցանում էին ժողովրդի տոտալ ցեղասպանություն, միաժամանակ պետք է նշել, որ իշխանությունների հանդեպ երկրի ներսում կոնկրետ ոչ մի ապստամբություն չկար:  «Կարմիր տեռորի» քաղաքականության ընթացքում սկսվում են «սանրվել» բոլոր քաղաքներն ու գյուղերը: Մարդկանց ձերբակալում էին առանց երկմտելու, հաճախ մարդը գնդակահարվում էր, առանց մահվան պատճառն իմանալու: 1918-ին Մոսկվայում մի գիշերվա մեջ գնդակահարվել է մոտ 600 մարդ, իսկ Պետրոգրադում` 1300: Մի դրվագ ընթացող անմարդկային տեռորից. 1919-ի մարտին Աստրախանում ընթանում էր գործադուլ, որի ժամանակ բանվորները դժգոհում էին իրենց կարգավիճակից, կարճ ժամանակում 10 հազարանոց միտինգը շրջապատվում է հրետանավորներով և ցուցարարներին հրամայվում է ցրվել, իսկ երբ բացասական պատասխան են ստանում, տեղում գնտակահարվում է 2000 ցուցարար: Ամփոփելով նշեմ, որ այն ինչ տեղի էր ունենում 100 տարի առաջ ցարի գահը տապալած հրեա-մասոնների կողմից ուրիշ բառով, քան ցեղասպանություն, բնորոշել հնարավոր չէ. մարդկանց քառատում էին, այրում, ողջ-ողջ թաղում, չէին խնայում ոչ երեխաներին, ոչ հղիներին: Սրանք մի քանի փոքր դրվագներ է, որոնք ներկայացրեցի Լենինի կողմից տարվող «ռազմական կոմունիզմի» քաղաքականությունից, մինչ դեռ մոտ 70 տարի մոլորակի ցամաքային հատվածի մեծ մասի համար նա ուղղակի համարվում էր «բարի դեմքով պապիկ» և հզոր ու ինտելեկտուալ անհատ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1418795774869286&set=a.228842523864623.53825 ...

    Կարդալ ավելին
  • Փորձեմ ներկայացնել Իլհամ Ալիևի նախագահության տարիների որոշ առանցքներ. կարող ենք փաստել, որ Ալիևի վարած քաղաքականության թերևս ամենակարևոր ու հատկանշական գծերից առանձնանում է երկրի աննախադեպ ռազմականացումը, ծանր, առաջին հերթին` գրոհային նշանակության սպառազինությունների ծավալուն գնումները, Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի ստեղծումը: Իսկ քաղաքական առումով Ալիևի նախագահության ամենահատկանշական գիծը դարձավ միանձնյա բռնատիրական համակարգի ուժեղացումն ու սահմանադրական ձևակերպումը: 2009թ. սահմանադրական «բարեփոխումների» արդյունքները ոչ միայն հնարավորություն ընձեռեցին Իլհամին «ցմահ» նախագահ դառնալու, այլև այդ հնարավորությունը կապեցին Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման և հակամարտությունը երբևէ չդադարեցնելու հետ: Ակնհայտ են նաև Ադրբեջանի մոնոտնտեսական համակարգին և «Ալիևի դոկտրինին» բնորոշ վտանգները: Դրանք մի քանիսն են: Նախ՝ հայտնի ճշմարտություն է, որ հիմնականում ածխաջրածինների վրա կառուցված տնտեսական համակարգը, թույլ զարգացած հասարակական կառույցների և ժողովրդավարական ինստիտուտների սաղմնային մակարդակի պարագայում հանգեցնում է ողջ տնտեսության միակողմանի, ձևախեղված զարգացմանը, խորացնում դեպի բռնատիրություն քաղաքական համակարգի շարժը, սաստկացնում կոռուպցիան, սահմանափակում տնտեսական ու հասարակական ազատությունները: Բոլոր այս հանգամանքներն ընդգծված կերպով առկա են ներկայիս Ադրբեջանում: 1993-2010թթ. ընթացքում Ադրբեջանի ոչ նավթային ոլորտներում Արտաքին ուղիղ ներդրումները (FDI) 1 կազմել են մոտ $4.4 մլրդ: Այս ծավալի մոտ 1%-ը ($4.5 մլն) բաժին է ընկել գյուղատնտեսության ոլորտին, որտեղ, սակայն, զբաղված էր աշխատունակ բնակչության մոտ 40%-ը: Այսպիսով՝ գյուղատնտեսության ոլորտում մեկ աշխատավորի հաշվով 1993-2010թթ. համար ուղիղ ներդրումները կազմել են ընդամենը $3.0/մարդ: Մյուս կողմից՝ համաձայն պաշտոնական վիճակագրության՝ Ադրբեջանում արդյունաբերական ոլորտում զբաղված է մոտ 200 հազ. մարդ (աշխատուժի մոտ 5.3%-ը): Ընդ որում՝ բուն ածխաջրածինների արդյունահանման ասպարեզում 2005թ. զբաղված էր 40.8 հազար, իսկ 2010թ.՝ արդեն 35.3 հազար մարդ: Եթե ընդունենք, որ նշված ժամանակահատվածում ածխաջրածինների արդյունահանման ասպարեզում անմիջականորեն զբաղված էր միջինը մոտ 40 հազ. մարդ, ևս նույնքանը զբաղված էր ածխաջրածինների հետ կապված հիմնադրամներում (ԱՆՊՀ, Հ.Ալիևի հիմնադրամ), բանկային համակարգում, տարատեսակ գրասենյակներում և այլ հարակից կառույցներում, ապա այս 80 հազար «ոսկե բանակի» մեկ շնչի հաշվով կստանանք $416.3 հազ./մարդ արտաքին ուղիղ ներդրումներ: Ստացվում է՝ մոտ 139 հազար անգամ ավելի, քան, օրինակ, գյուղատնտեսության ոլորտի աշխատողների համար: Անտարակույս, նման անհամամասնությունը լուրջ սոցիալական լարվածություն է առաջացնում ադրբեջանական հասարակությունում: Առավել ևս, որ այս ոլորտին բնորոշ են առանձին անհատների արագ գերհարստացումը, կոռուպցիան և տարատեսակ այլ չարաշահումներ: Թրանսփարենսի ինթերնեյշնլ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության գնահատականներով՝ 90-ականների ողջ ընթացքում Ադրբեջանն աշխարհի ամենակոռումպացված երեք երկրների շարքում էր: 2011թ. սեպտեմբերի 6-ի հաղորդագրությունում «Ալ Ջազիրան» տեղեկացնում է, որ համաձայն Wikileaks-ի 2011թ. սեպտեմբերի սկզբին հրապարակված ԱՄՆ դեսպանությունների հաղորդագրությունների նոր չափաբաժնի՝ 2010թ. փետրվարով թվագրված մի նյութ վկայում է, որ կոռուպցիան, հատկապես Ադրբեջանի մաքսային ծառայություններում, ունի համատարած բնույթ, իսկ Ադրբեջանի ԱԻՆ-ը բնութագրվել է որպես «կթու կով» Բաքվի էլիտայի համար: Համաձայն Foreign Policy ամսագրի և Fund for Peace կազմակերպության կողմից հրապարակվող «Խափանված երկրների ցանկը» (Failed States Index) վարկանիշային գնահատականների՝ Ադրբեջանի սոցիալ-տնտեսական համակարգին բնորոշ են տնտեսության առանձին ոլորտների անհավասարաչափ զարգացման, քրեականացման և պետական կառույցների ապալեգիտիմացման, ինչպես նաև կլանային խմբավորումների ազդեցության բարձր ցուցանիշներ` տարածաշրջանի երկրների մեջ ամենաբարձրերից մեկը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1417677484981115 ...

    Կարդալ ավելին
  • Մեր օրերում շատ ենք խոսում հայ-ադրբեջանական հակամարտության տարբեր փուլերի և խնդրի ամենատարբեր նրբությունների մասին, փորձեմ ներկայացնել, մեր հարևանների ռազմական քաղաքականությունից որոշ դետալներ: Մինչև 2007թ. բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների մեջ (բացի ՌԴ-ից) Ադրբեջանն ուներ ամենամեծ զինուժը: Միջազգային հեղինակավոր Գլոբալ սեքյուրիթի կազմակերպության տվյալներով, Ադրբեջանի զինուժը 2007թ. կազմում էր 95 հազ. զինվոր, որից 85 հազարը` ցամաքային զինուժ, 8 հազարը` օդային զինուժ և մոտ 2 հազարը՝ ռազմածովային ուժեր: Այս թվաքանակին անհրաժեշտ է ավելացնել ավելի քան 2500 հոգանոց ազգային գվարդիան (National Guard), ներքին զորքերի ավելի քան 12 հազարանոց բանակը և 50 հազ. սահմանապահներին: 2010-ին Կառավարության նիստի ժամանակ Ալիևը հայտարարել է. «Ներկայումս Ադրբեջանի բանակն ամենաուժեղն ու մարտունակն է Հարավային Կովկասում... 2011թ. մեր ռազմական ծախսերն ավելին կլինեն, քան Հայաստանի ողջ պետական բյուջեն: Բայց մենք կանգ չենք առնի այստեղ: Մենք ծրագրում ենք էլ ավելի մեծացնել մեր ռազմական ծախսերը... Հակառակ Հայաստանի, մենք ծախսում ենք մեր իսկ փողերը: Մենք կախված չենք որևէ այլ երկրից, չունենք և չենք էլ պատրաստվում ունենալ պարտքեր այլ երկրներից»: Այս կապակցությամբ մի փոքր շտկեմ Հեյդարօղլուն. այդ պահին Ադրբեջանը, այնուամենայնիվ, արտաքին պարտք ուներ: Համաձայն ԱՄՆ ԿՀՎ-ի, այն կազմում էր $3.22 մլրդ.: Աշխարհի 201 երկրներից այդ ժամանակ արտաքին պարտք չունեին միայն Պալաուն, Բրունեյը և Մակաոն: Ալիևի այս ելույթի կապակցությամբ պարզապես ստիպված եմ հիշել Ռումինիայի երկարամյա ղեկավար, ընկեր Չաուշեսկուի հայտնի ելույթը 1978թ. Լոնդոն կատարած պատմական այցելության ժամանակ (վստահ եմ` այս ելույթը, Բրիտանիայի թագուհուց բացի, ուշադիր լսում էին նաև BP ընկերության ներկայացուցիչները): Ակնարկելով Պլոյեշտիի նավթադաշտերի ինտենսիվ արդյունահանումը՝ նա հպարտությամբ նշել է, որ Ռումինիան արդեն ծախսում է իր սեփական փողերը և այլևս կախված չէ որևէ այլ երկրից: Այդ ժամանակ Ռումինիան բավական զգալի արտաքին պարտք ուներ: Այն հաջողվեց էապես իջեցնել միայն 1980-ականների վերջին` Չաուշեսկուի վարչակարգի տապալման նախօրեին: Կարծում եմ՝ արժե, որ Ադրբեջանն ավելի խոր ուսումնասիրի Պլոյեշտիի նավթադաշտերի դերը Երկրորդ համաշխարհային պատերազմում` մասնավորապես, և Ռումինիայի տնտեսական համակարգի զարթոնքի և անկման պատմությունը` ընդհանրապես: 2016 թ. համար նախատեսված բյուջեի վերջնական տարբերակում Ադրբեջանի ռազմական ոլորտին հատկացվում էր շուրջ 2 մլրդ 229 մլն ադրբեջանական մանաթ (1,43 մլրդ ԱՄՆ դոլար՝ ընդունման օրվա փոխարժեքով), ապա նոր նախագծով նախատեսվում է հատկացնել շուրջ 1 մլրդ 615 մլն մանաթ (994 մլն ԱՄՆ դոլար՝ հրապարակման օրվա փոխարժեքով), ինչը շուրջ 613 մլն մանաթով կամ 440 մլն ԱՄՆ դոլարով պակաս է այս տարվա հատկացումներից: Համաձայն բազում հեղինակավոր աղբյուրների, օրինակ` Խաղաղության միջազգային ինստիտուտի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տեղեկատուների, նախկին ԽՍՀՄ 4–րդ բանակի ժառանգությունն ու օժանդակությունն ստացած ադրբեջանական բանակը տարածաշրջանում քանակապես ամենամեծն էր և տեխնիկապես ամենահագեցածը դեռ 1991-93թթ.: Քանակական չափանիշները երբեք չպետք է խառնել որակականների հետ, և պատերազմի արդյունքները, կարծում եմ, քաջ հայտնի են թե՛ Ադրբեջանում և Հայաստանում, թե՛ Արցախում և աշխարհում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1416731121742418 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն