Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Էդգար Կոստանդյան
  • Դերոն, մեծ հաշվով, ախմախ մարդ էր, մեր թաղի թերևս ամենաախմախ մարդը: Ժամանակին քահանա է եղել, հետո թողել է եկեղեցին, որ կարողանա գլուխը պահել. դարասկիզբն էր, վանքում դեռ փող չէր պտտվում, օրեր էին, երբ Աստծուն հավատալը ձրի էր: Սա, ուրեմն, հոգևորը թարգելուց հետո ջրի գնով առավ մեր թաղի կոշկակար Հակոբի կրպակը, թեթև մաքրեց ու սկսեց հաց, սիգարետ ու գարեջուր վաճառել: Ուրիշ մանրամասներ մեր բակում Դերոյից չեն հիշվում, երևի միայն այն, որ նա մեր կողմերում միակ խանութպանն էր, ով մեզ` երեխաներիս, ծխախոտ էր վաճառում: Ու մի օր էլ որոշեց, որ սա իր ապրելու տեղը չի և ամեն բան թողնելով` գնաց Փարիզ: Էնտեղ տերտերություն էր անում, առևտուր, թե երկուսը միասին, չգիտեինք ու չէինք էլ ուզում իմանալ: Բակը նրան արագ մոռացավ, գրեթե միանգամից: Ու էս ամենից առնվազն տասնհինգ տարի անց թաղում լուր տարածվեց, որ Դերոն յոթանասունում հոգին տվել է, աղջիկն էլ, ուրեմն, ջանք ու միջոց չի խնայել, որ հոր ոսկորները հայրենիքում փտեն: Թաղի հավեսը տեղը չէր, օգոստոսի արևն էլ` մյուս կողմից, էնպես որ Դերոյին թաղելու գնացինք միայն ես ու էքս կոշկակար Հակոբը: Գերեզմանոց հասանք էն պահին, երբ դեռևս կարգալույծ չեղած մի հոգևորական Դերոյի մեղքերն էր մաքրում: - Հիմա էս մեռելատերերը փող ե՞ն տալիս էս տերտերին,- շշուկով հարցրեց Հակոբը: - Հա, բա ո՞նց, էս էլ իրանց գործն ա, էկել ա, մեղքերի թողություն ա անում: - Հիմա, որ մի քիչ ավել տան, Դերոն դրախտ կգնա՞: - Երևի,- ժպտացի: Մոտեցանք հարազատներին, ցավակցեցինք աղջկան, մի քանի քրտնած ձեռք սեղմեցինք ու քայլեցինք դեպի Հակոբի «Օփելը»: Երբ մեքենան էի նստում, Հակոբը բեռնախցից մի փունջ ծաղիկ հանեց ու քայլեց հետ` դեպի գերեզմանոց: Լուռ հետևեցի: ... Հակոբի տղան էս գերեզմանոցում է թաղված:  Ապրիլի քսանչորսն էր: Իննսունվեցերորդ կամ իննսունյոթերորդ ապրիլի քսանչորսը: Թաղում ձայնի արագությամբ լուր էր տարածվում, որ Հակոբի տղան դիրքերում խփվել է, ժամեր հետո էլ սկսեցին խոսել, որ մահացել է հոսպիտալում: Մեր թաղն օդի մեջ չի խոսում: ...Որդու մահից հետո Հակոբն առանձնապես չէր փոխվել: Մի քիչ լռակյաց էր դարձել, մի քիչ անհավես, բայց վրան հերոսի հոր փոշի չկար: Ոչ մի անգամ ոչ տղայի հերոսություններից խոսեց, ոչ էլ վերևներում որդու մահը դրոշակ դարձրեց: ... Դերոյի թաղումից կես շաբաթ էր անցել: Վերելակին սպասելիս` Դերոյի աղջկան նկատեցի, ավելի ճիշտ` ինքն ինձ նկատեց: Սևազգեստ, մի քիչ սմքած, բայց սիրունիկ տիկինն ուշադիր նայեց ինձ ու ասաց. - Կներեք, եթե ճիշտ եմ հիշում, Ձեզ պապայի թաղման ժամանակ եմ հանդիպել: - Ինչո՞վ օգնեմ,- հարցրի: Քառասունի սահմանը վաղուց հատած, բայց մինչև հիսուն դեռ ահագին ունեցող կինը խնդրեց ցույց տալ իրեն իր հայրական տունը: - Ձեր տան տեղը չե՞ք հիշում,- զարմացա: - Լավ չեմ հիշում,- մեղավոր ժպտաց,- եթե չեմ սխալվում վեցերորդ հարկում էր, չէ՞: - Յոթերորդ,- ուղղեցի: Սա Փարիզ գնալու ժամանակ առնվազն քսան տարեկան է եղել, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ` ոնց կարող էր սեփական տան տեղը չհիշել: - Էնտեղ հիմա ուրիշ մարդիկ են ապրում,- ասացի: - Կարող ե՞նք բարձրանալ, ուզում եմ տեսնել տունը: Թե ինչու էր ուզում տեսնել տունն, էդպես էլ չհասկացա, ու մինչ չէի հասկանում, բացվեց վերելակն, ու դուրս եկավ Հակոբը: - Հակոբին հիշեցի՞ք,- հարցրի,- էն օրը միասին էինք: - Հա, հիշում եմ,- ասաց ու դարձավ Հակոբին,- պապան մեր խանութը Ձեզանից էր, չէ՞, առել: Ես Հակոբին պատմեցի կնոջ այցի նպատակը: Երեքով բարձրացանք յոթերորդ հարկ` Դերոյի երբեմնի բնակարան: Տանտիրուհին ջերմորեն ընդունեց մեզ, սուրճ ու քաղցրավենիք հյուրասիրեց, հետո Դերոյի աղջկա հետ սկսեց ինչ-որ բաներ խոսել, որոնք հիշելու կամ պատմելու համար կյանքը չափազանց կարճ է: Հայրենադարձուհին չորսբոլորն էր նայում, իսկ ես ուզում էի հասկանալ` ոնց կարելի է կարոտել այն տունը, որի տեղը չես հիշում: - Գնալուց հետո ոչ մի անգամ չեք եկե՞լ,- հարցրի: - Չէ, սա առաջին անգամն է,- սիրալիր պատասխանեց,- պարոն Հակոբին հիշեցի, Ձեզ ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել: - Ես փոքր էի, երբ գնացիք,- ասացի,- հետո ժպտալով ավելացրի,- բայց Ձեր հոր մշտական հաճախորդն եմ եղել: - Խանութի՞: - Չէ` եկեղեցու,- ծիծաղեց Հակոբը: Հակոբի կատակը, ոնց հասկացա, դուր չեկավ կնոջը, Հակոբի կատակներն ընդհանրապես ոչ մեկին դուր չեն գալիս, Հակոբն ընդհանրապես կատակ անել չգիտի: - Իսկ ինչո՞վ էր զբաղված Ձեր հայրը Փարիզում,- հարցրի` Հակոբի սարքած անդուր մթնոլորտը ցրած լինելու համար: - Հայրենիքի ցավերով,- ասաց` իր ասած հիմարությանն անմնացորդ հավատալով: Հակոբը դեռ ոչինչ չէր խոսել, գուցե չէր էլ պատրաստվում, բայց ամեն դեպքում` զուտ պրոֆիլակտիկ, սաստող հայացք գցեցի վրան: - Իմ հայրը,- նույն հպարտ հանդարտությամբ շարունակեց,- ամբողջ կյանքը նվիրեց հայրենիքին, քանի~-քանի~ անգամ է էնտեղ` Փարիզում, բարձրացրել մեր երկրի խնդիրները: Որքա~ն էր կարոտում: Հենց կարոտից էլ մեռավ: Նկատեցի` ոնց է Հակոբը, շուրթերը կծոտելով, ծիծաղը զսպում: Գիտեի, որ մի ախմախություն ասելու է: - Կարոտի՞ց,- զարմացած ձևացավ,- բա տղերքն ասում էին` ռակ էր: Կինը նկատեց Հակոբի հեգնանքը, բայց ձևացրեց, թե նշանակություն չի տալիս (կամ իսկապես նշանակություն չտվեց): - Գիտեք, կարոտից մարդ կարող է ուզածդ հիվանդությունը ձեռք բերել, այն էլ հորս նման մարդը: Հայրենիքի կարոտը գիտե՞ք` ինչ բան է: - Չէ,- սառը պատասխանեց Հակոբը,- երբեք առիթ չեմ ունեցել հայրենիքս կարոտելու: - Իսկ մեր ճակատագիրն ուրիշ կերպ ստացվեց, պարոն Հակոբ: Բայց հայրս ոչ մի րոպե չդադարեց իր երկրի մասին մտածել: Ամեն տարի ապրիլի քսանչորսին հավաքում էր մեր ամբողջ հայ համայնքն ու ցույցեր էր կազմակերպում: Հարմար պահի էի սպասում, որ ներողություն խնդրեմ, դուրս գամ ու չլսեմ էս կնճռոտված ծտի դատարկաբանությունները: - Դուք գիտե՞ք` ինչ է հայրենիքի համար ապրելը,- հարցրեց Հակոբին,- կամ մեռնելը հանուն հայրենիքի: … Իննսունվեցերորդ կամ իննսունյոթերորդ ապրիլի քսանչորսը դեռ կարգին չէր լուսացել, երբ Հակոբի որդու կիսամեռ մարմինն ընկավ սառը խրամատի մեջ: Դա, հավանաբար, համընկավ էն նույն պահի հետ, երբ Դերոն, նրա տձև աղջիկն ու էլի մի քանի էշ ..... Փարիզի քուչեքում մինի Ծիծեռնակաբերդ էին սարքել ու թշնամու դրոշն էին վառում: Ու հիմա էս գծերից ընկած տերտերի թերմացքը Հակոբին` իր միակ որդուն խրամատում թողած Հակոբին, հարցնում է` գիտի՞ արդյոք ինչ կնշանակի մեռնել հանուն հայրենիքի: Սրանք էդպես էլ չհասկացան, որ Հակոբի` կոշկակարությունը թարգելն էս երկրի հիմքերն ավելի խարխլեց, քան Դերոյի ու բոլոր դերոների` եկեղեցին ու հայրենիքը թողնելը: Հայրենիքի կարոտից դեռ ոչ ոք չի մեռել, հարցրեք ցանկացած դիահերձողի: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/edgar.kostandyan/posts/915715375205021 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն