• Արտեմ Բալասանով
  • «Science and Technology Park» ընկերությունը, որի գրասենյակը գտնվում է Ադրբեջանի ԳԱԱ բարձր տեխնոլոգիաների պարկում, բարաժող ռազմամթերքի երեք նախատիպ է մշակել։ Նրանցից մեկը՝ «Mini» անվան տակ, գտնվում է դեռևս փորձարկման փուլում։ Նրա զանգվածը 3,5 կիլոգրամ է, թռիչքի տևողությունը՝ 30 րոպե, մարտագլխիկի զանգվածը՝ 0,5-0,7 կգ։ Հարվածի շառավիղը՝ 5-7 կմ։ Երկրորդ նախատիպն ավելի ծանր է՝ մոտ 5 կգ։ Նա նման է իսրայելական Harop բարաժող ռազմամթերքի փոքրացված պատճենին։ Հարվածի շառավիղը 10 կմ է։ Էլեկտրաշարժիչ է օգտագործվում։ Երրորդը «Grand»-ն է՝ 12-15 կգ ծավալով, թռիչքի տևողությունը 3 ժամ, հարվածի շառավիղը՝ մինչև 20 կմ։ Օգտագործում է ներքին այրման շարժիչ։ Նախորդ տարի Ղարաբաղում Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանը նույնպես բազմաթիվ անգամ և տարբեր նպատակների համար` հետախուզական, հարվածային, հրետանու կրակի ուղղորդում (корректировка огня), կիրառել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ իսրայելական արտադրության կամիկաձեներ, իսկ այժմ սկսել է տարբեր տեսակի անօդաչուների սեփական արտադրությունը։ Ադրբեջանը, Քառօրյայից դասեր քաղելով, հասկացել է անօդաչուների կիրառման արդյունավետությունը։ Արցախի երկնքում կործանիչների կիրառությունը հանգեցնելու էր ՊԲ ՀՕՊ ուժերի հակազդմանն ու մարդկային, (օդաչուներով Ադրբեջանը երբեք աչքի չի ընկել և արցախյան պատերազմում օգտվել այլազգի օդաչուների ծառայություններից), ինչպես նաև նյութական` միլիոնավոր դոլար արժեցող կործանիչների կորուստների։ Սեփական արտադրության անօդաչուներն այդքան էլ թանկ չեն Իսրայելից գնելու համեմատությամբ, այդ պատճառով Բաքուն որոշել է գնալ հետախուզական, հարվածային (կամիկաձե) և հետախուզա–հարվածային տիպի անօդաչուների արտադրությանը, ինչը հուշում է, որ Ղարաբաղում այդ տիպի զինատեսակներն ավելի լայնորեն են կիրառվելու։ ՊԲ-ն պետք է ամրապնդի ՀՕՊ համակարգն ու РЭБ համակարգերը։ Անօդաչուների զանգվածային կիրառության նպատակն է տնտեսել թե՛ կործանիչ ավիացիան, թե՛ մարդկային գործոնը բացառել։ Կործանիչի խոցումը բերելու է կա՛մ անձնակազմի կորստի, կա՛մ նրանք կատապուլտայից օգտվելու պարագայում «ընկնելու» են ԼՂՀ տարածքում ու դառնալու են ադրբեջանական ագրեսիայի կենդանի վկաները` գերիներ, ինչը կունենա թե՛ ռազմական, թե՛ քաղաքական ծանր հետևանքներ Բաքվի ռեժիմի համար։ Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են հետախուզական` ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով` հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ-ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։ Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլն` Երևան-Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։ Օրերս Ադրբեջանում ավարտված զորավարժությունների ընթացքում ակտիվորեն փորձարկվել են անօդաչուներ լեռնային տեղանքում, մոտեցված ղարաբաղյան ռելիեֆին։ Բաքուն չի թաքցնում, որ հաջորդ ռազմական էսկալացիայի ժամանակ «մարդկային գործոնը» բացառելու և իր կողմից զինվորների կորստից խուսափելու համար օգտագործելու է անօդաչուներ և տեխնիկական այլ միջոցներ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artem.balasanov/posts/1677499838995755 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանում 2018թ.-ին ավելանալու են պաշտպանությանն ու ազգային անվտանգությանն ուղղված ծախսերը։ Այդ մասին հայտնում է Միլլի Մեջլիսի մամուլի ծառայությունը։ 2018թ.-ին պաշտպանության, ազգային անվտանգության, իրավապահ և դատական մարմինների համար նախատեսված ծախսերը կազմելու են 4068,3 միլիոն մանաթ, ինչը 5,2% ավել է 2017թ.-ի համեմատ։ 2738,7 կամ 67,3% (+3,7%) ուղղվելու է պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը, իսկ 1329,5 կամ 23,7% (+8,6%) իրավապահ և դատական համակարգին։ Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքի շարունակական ու գիտակցված հրահրումը հանգեցնում է նրան, որ ՀՀ-ն ստիպված է լինում գնել նորանոր զենքեր բյուջեի դեֆիցիտի, արտաքին մեծ պարտքի (տնտեսական ծանր վիճակի բարելավման հեռանկարներ չկան) պայմաններում: Երևանին մնում է միայն դիմել Բաքվին զենք վաճառելու համար հայ հասարակության շրջանում լայնորեն քննադատվող ՌԴ-ին նոր վարկեր ստանալու և ռազմական բալանսը պահպանելու համար։ Մոսկվային այս իրավիճակը լիովին ձեռնտու է: Շատ լավ տիրապետելով ՀՀ-ի տնտեսական առկա վիճակին, հեռանկարներին ու ներուժին՝ ՌԴ-ն ռազմական վարկերի միջոցով մեծացնում է ՀՀ-ի ռազմատեխնիկական կախվածությունը Մոսկվայից, ինչն էլ բերելու է մոտակա տասնամյակների ընթացքում քաղաքական, աշխարհաքաղաքական միակողմանի կախվածության։ Այս իրավիճակը շտկելու համար ՀՀ-ն պետք է ունենա միջոցներ, կառուցի նորմալ տնտեսություն, տնտեսապես հզորանա, որպեսզի լրացուցիչ եկամուտներ հատկացնի սեփական ռազմական արդյունաբերության կառուցմանը (Ադրբեջանը գնում է այդ ճանապարհով) ու մի շարք զինատեսակներում կամ գոնե արկերի մասով դառնա ինքնաբավ երկիր։ Դրան զուգահեռ` Երևանը պետք է ռազմատեխնիկական նոր կապեր ստեղծի (կրկին ֆինանսներ ունենալու պարագայում) այլ երկրների հետ: Դրանք կարող են լինել արտատարածաշրջանային՝ Չինաստան, Հնդկաստան, Արևելյան Եվրոպայի երկրներ, Լատինական Ամերիկա․ այդտեղ ազդեցիկ հայ համայնքներ կան, իսկ ռազմական համագործակցությունը բխում է քաղաքական սերտ կապերից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artem.balasanov/posts/1517820811630326 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանական ԶԼՄ–ները տեղեկություն են տարածել, որ Ադրբեջան են մատակարարվել իսրայելական արտադրության նոր սերնդի Spear MK2 ավտոմատ կառավարմամբ ականանետեր։ Այդ զենքն արտադրվել է Elbit Systems–ի կողմից։ Այդ ականանետերը ADEX ցուցահանդեսի ժամանակ տեղադրվել էին SandCat զրահամեքենաների վրա. ի դեպ` Ադրբեջանը նախորդ տարի արդեն գնել էր այդ մեքենաներն Իսրայելից։ Նոր ականանետերն կարողանում են խոցել թիրախները կառավարվող Spear ականներով`մինչև 10 կմ հեռավորությունից։ Ադրբեջանն իսրայելական զենքերի միջոցով փորձում է նվազեցնել «մարդկային գործոնը» ղարաբաղյան ճակատում: Ապագա պատերազմում Բաքուն Արցախի ու ՀՀ–ի դեմ կիրառելու է նորագույն զենքեր, որոնք լինելու են հեռակառավարվող կամ այդ մեքենաների կառավարումն իրականացվելու է մինիմալ քանակությամբ զինվորներով` հնարավոր է նաև իսրայելցի կամ այլ օտարազգի վարձկաններով։ Ադրբեջանը հաջորդ պատերազմում փորձելու է կիրառել «երեք ճակատների» մարտավարությունը`մեկը`առաջնայինը, լինելու է ղարաբաղյան ճակատը: Ադրբեջանը փորձելու է ապրիլին գրաված դիրքերից (Թալիշի մերձակայք և Լելե Թեփե) կրակի տակ պահել լայն շառավիղով ռազմավարական նշանակության օբյեկտները, գյուղերն ու քաղաքները, ինչպես նաև այդ դիրքերն օգտագործել, որպես նոր տարածքներ գրավելու մեկնակետեր կամ հենակետեր։ Երկրորդ ճակատը` Նախիջևանն է լինելու, որտեղից Բաքուն կրակի տակ է պահելու ՀՀ–ի ռազմավարական նշանակության մարզերը`Արարատի մարզը` գյուղատնտեսական ահռելի ներուժ, Վայոց Ձորը` բնական պաշարներ`«կապող օղակ» կյանքի ճանապարհ Սյունիք–Իրանի հետ, ինչպես նաև Սյունիքի մարզը, որն ունի հանքաարդյունաբերական հզոր ներուժ, այդ մարզում գտնվող հզորություններն ապահովում են ՀՀ–ի բյուջեի զգալի մասը, իսկ Սյունիքով են անցնում Իրանի հետ կապող ռազմավարական, այլընտրանքային (Վրաստանը, որպես արտաքին աշխարհին կապող «պատուհան») ճանապարհները։ Բացի այդ, Նախիջևանից ուղիղ հարվածի տակ կարող է գտնվել Երևանը` ՀՀ–ի մայրաքաղաքի ռազմա–քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական կարևորության մասին խոսելն անգամ ավելորդ է։ Երրորդ ճակատը լինելու է Տավուշի մարզը` 3-րդ բանակային կորպուս` Բաքուն կրակի տակ պահելով այդ մարզի սահմանամերձ գյուղերն ու առաջնագծում գտնվող զորամասերը թույլ չի տալու, որպեսզի այդտեղից զորքերը տեղափոխվեն և Վարդենիս–Մարտակերտ կարճ ճանապարհով օպերատիվ կերպով օգնության հասնեն հիմնական ճակատ` Արցախին։ Բացի այդ, կրակի տակ է պահվելու միջպետական` ՀՀ–Վրաստան ճանապարհը, որն անցնում է հենց Տավուշի մարզով` խոչընդոտելով ՀՀ–ի տնտեսական կյանքն ու քաղաքացիների տեղաշարժը։ Հիշեցնենք, որ Իսրայելի ՊՆ–ն վերջերս հայտարարել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերին է տրամադրվել արդիականացված, բոլոր եղանակային պայմանների համար նախատեսված մարտավարական անօդաչու Hermes 900–ը, որն արտադրվել է Elbit Systems–ի կողմից։ Իսրայելական ԶԼՄ–ների տվյալներով` Hermes 900–ի առաջին գնորդներից է լինելու Ադրբեջանը։ Նոր անօդաչուն ունի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, կարողանում է առցանց ռեժիմով տեղակատվություն տրամադրել։ Hermes 900 կարողանում է երկար ժամանակ գտնվել օդում և նախատեսված է հետախուզության համար, բացի այդ, այն կարելի է զինել նաև հարվածային միջոցներով։ Նշենք, որ Ադրբեջանում սկսվել է տեղական արտադրության «Zərbə» անօդաչու թռչող սարքերի փորձարկումներն ու մասայական արտադրությունը։ 2017թ.-ին նախատեսվում է ևս երկու տեսակի անօդաչուների արտադրության մեկնարկ։ Չմոռանանք, որ նախորդ տարի Ղարաբաղում ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանը նույնպես բազմաթիվ անգամ և տարբեր նպատակների` հետախուզական, հարվածային, հրետանու կրակի ուղղորդում (корректировка огня) կիրառել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում իսրայելական արտադրության կամիկաձեներ, իսկ այժմ սկսել է տարբեր տեսակի անօդաչուների սեփական արտադրությունը։ Ադրբեջանը քառօրյայից դասեր քաղելով հասկացել է անօդաչուների կիրառման արդյունավետությունը` Արցախի երկնքում կործանիչների կիրառությունը հանգեցնելու էր ՊԲ ՀՕՊ ուժերի հակազդմանն ու թե մարդկային` օդաչուներով, Ադրբեջանը երբեք աչքի չի ընկել և արցախյան պատերազմում օգտվել այլազգի օդաչուների ծառայություններից, ինչպես նաև նյութական` միլիոնավոր դոլար արժեցող կործանիչների կորուստների։ Սեփական արտադրության անօդաչուները այդքան էլ թանկ չեն` Իսրայելից գնելու համեմատությամբ, այդ պատճառով Բաքուն որոշել է գնալ հետախուզական, հարվածային (կամիկաձե) և հետախուզա-հարվածային տիպի անօդաչուների արտադրությանը, ինչը հուշում է, որ Ղարաբաղում այդ տիպի զինատեսակներն ավելի լայնորեն են կիրառվելու։ ՊԲ–ն պետք է ամրապնդի ՀՕՊ համակարգն ու РЭБ համակարգերը։ Անօդաչուների զանգվածային կիրառության նպատակն է տնտեսել թե՛ կործանիչ ավիացիան, թե՛ մարդկային գործոնը բացառել: Կործանիչի խոցումը բերելու է կամ անձնակազմի կորստին կամ նրանք կատապուլտայից օգտվելու պարագայում «ընկնելու» են ԼՂՀ տարածքում ու դառնան ադրբեջանական ագրեսիայի կենդանի վկաները` գերիներ, ինչը կունենա թե՛ ռազմական, թե՛ քաղաքական ծանր հետևանքներ Բաքվի ռեժիմի համար։ Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են թե հետախուզական` ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով` հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ-ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։ Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլն` Երևան-Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artem.balasanov/posts/1479226282156446 ...

    Կարդալ ավելին
  • Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Նա իր պարտականությունները կստանձնի 2017-ի մայիսի 2-ին: Այդ մասին Բիշքեկում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկելիս միաձայն որոշում է կայացվել այդ պաշտոնում մայիսի 2-ից նշանակել Յուրի Խաչատուրովին»,- ասել է Սեմերիկովը: Խաչատուրովը ՀԱՊԿ-ում բախվելու է «ադրբեջանամետ բլոկի» (Ղազախստան, Բելառուս) երկրների դիրքորոշումներին, որոնք դեռևս Նիլոլայ Բորդյուժայի օրոք տարբեր հարթակներում պաշտպանում էին Ադրբեջանի «տեսակետը» ղարաբաղյան հարցում։ Երբ Ադրբեջանը դիմում էր սադրանքների ղարաբաղյան ճակատում և հայ-ադրբեջանական սահմանին` Տավուշ և այլն, հայկական փորձագիտական դաշտն ու ԶԼՄ-ները պահանջում էին Բորդյուժայից կտրուկ հայամետ դիրքորոշում ու Ադրբեջանի քննադատություն` շատ օբյեկտիվ ու ճիշտ գնահատական ակնկալելով, քանի որ ագրեսորն իրոք Բաքուն էր։ Սակայն Բորդյուժան, ցանկանալով պահպանել կազմակերպության չեզոքությունը (այո, ՀՀ ՀԱՊԿ-ի անդամ է, սակայն ղարաբաղյան հարցով զբաղվում է Մինսկի խումբը), հանդես էր գալիս երկու կողմերին ուղղված կոչերով` պահպանել խաղաղությունն ու հարցը լուծել խաղաղ ճանապարհով։ Այժմ Խաչատուրովը, նշանակվելով այդ բարձր պաշտոնին, նույնպես շարունակելու է (հասկանալի է, նա հայ է, եղել է ՀՀ ԳՇ պետ, պետք է փորձի պահպանել բալանսն ու հնարավորինս չեզոքություն պահպանել ՀԱՊԿ-ի ներսում) հայկական շահերն առաջ տանել  ղարաբաղյան հարցում։ ՀԱՊԿ-ում վերջնական ու ծանրակշիռ ձայնը պատկանում է ՌԴ-ին: Մոսկվան չի կարող թույլ տալ, որ ՀԱՊԿ-ն, անկախ քարտուղարի քաղաքացիությունից ու ազգությունից, վերածվի միակողմանի հայամետ կառույցի` հաշվի առնելով թյուրքախոս անդամների` Ղազախստանի, Ղրղզստանի դիրքորոշումն ու Մինսկի խմբի չխանգարելու քաղաքականությունը։ Խաչատուրովից պետք է ակնկալել ՀԱՊԿ-ՀՀ ռազմավարական կապերի խորացում, ռազմա-տեխնիկական համագործակցության ոլորտը նոր մակարդակի բարձրացնելու աշխատանք (կադրերի պատրաստում, ՀԱՊԿ ակադեմիա, զորավարժությունների ակտիվացում ՀՀ տարածքում), սակայն ինչ վերաբերվում է ղարաբաղյան հարցին՝ Ադրբեջանի սադրանքներին ՀՀ-ի ուղղությամբ, Տավուշում սահմանային լարվածություն և այլն (չմոռանանք, որ Տավուշում 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն է նրա որդին` Գրիշա Խաչատուրովը), ՀԱՊԿ-ի նորանշանակ քարտուղարը պահպանելու է այն «ավանդույթը», որ թողել է Բորդյուժան, ու հաշվի առնի այն «շահերի բախումները», որոնք առկա են ՀԱՊԿ-ի անդամների միջև («ադրբեջանամետ բլոկի», ՌԴ-ի ազդեցիկ խոսքի ու ՀՀ-ին հնարավորինս օգուտ տալու բալանսի ենթատեքստում)։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artem.balasanov/posts/1327763380636071 ...

    Կարդալ ավելին
  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի օբյեկտների ուղղությամբ հարձակումն ինքնիշխան պետության դեմ հարձակում է համարում: Այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը: Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմի հայտարարել է, որ Իրանը խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից սիրիական «Շայրաթ» ավիաբազայի հրթիռակոծումը։ Իրան-ՌԴ տանդեմ ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում ավելի են ամրապնդելու ՌԴ-Իրան դաշինքը Սիրիայում։ ՌԴ-ը և Իրանը Ասադի տապալումը թույլ չտալու համար ավելացնելու են ռազմական ներկայությունը Հմեյմիմում ու Լաթաքիայում` Մոսկվայի պարագայում, իսկ Իրանի պարագայում` շիական, իրանամետ տարբեր խմբավորումներ Իրանից կուղղորդվեն Սիրիա։ Հզբոլահը այս տարիներին բավականին մեծ կորուստներ է ունեցել և պետք է նոր համալրումներր ստանա Լիբանանից։ Ասադն այս պարագայում ստիպված կլինի հայտարարել ռազմական դրություն, համընդհանուր զորահավաք` զենք տրամադրելով 18-45 տարեկան տղամարդկանց։ Սակայն բանակը համալրելն այնքան էլ հեշտ չի լինի. շատերը խուսափում են կռվել Ասադի համար, բանակի կորիզը կազմում են Ալևիները, սակայն այս հինգ տարիների ընթացքում Ալևիները մեծ կորուստներ ունեցան, գրեթե յուրաքանչյուր ընտանիք այս պատերազմում ընտանիքի անդամ է կորցրել։ ԱՄՆ-ի «բազեները» տարածաշրջանում ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցները` Թուրքիան, Իսրայելը, Սաուդյան Արաբիան իրենց աջակցություն են հայտնել Թրամփի գործողություններին Սիրիայում։ Իսրայելն, ի դեմս Թրամփի, ունի իսրայելամետ նախագահ. հրեական լոբբի ազդեցությունը նոր նախագահի վրա մեծ է, բացի այդ՝ Թրամփն ու Պենտագոնը որդեգրել են հակաիրանական քաղաքականություն տարածաշրջանում։ Իրանին թուլացնելու ջանքերը միավորել են Իսրայելին ու ԱՄՆ-ին։ Թուրքիան տարիներ շարունակ զինում է Ասադի հակառակորդներին. այժմ էլ նրանք ցանկանում են մնալ Սիրիայի հյուսիսում ստեղծված բուֆերային գոտում` թույլ չտալով Քուրդիստանի ձևավորում, ինչպես նաև տեղի թուրքմեններին պաշտպանելու պատրվակով ռազմաբազաներ կստեղծեն Սիրիայի հյուսիսում։ Սիրիայի հարևանները փորձում են «կազմաքանդված» Սիրիայում ունենալ ազդեցության գոտիներ ու սեփական «փոքրիկ Սիրիաներ»։ Ինչ վերաբերվում է Սաուդյան Արաբիային, ապա Էռ-Ռիյադը համարվում է Իրանի հիմնական հակառակորդներից մեկը` Իրանին դուրս մղելը Սիրիայից, Լիբանանից գերխնդիր է սաուդացիների համար։ ԱՄՆ-ի հարվածները Ասադի ուժերին ու նրա հնարավոր տապալումը կխզի «շիայական առանքցը»` Իրան-Իրաք-Սիրիալ-Լիբանան (Հզբոլահ): ԱՄՆ-ի նպատակը Թրամփն ու նրա «բազեները»` Պենտագոն, հետախուզություն, Կոնգրեսի մի հատվածը և այլն, ցանկանում են Սիրիայից դուրս մղել Իրանին (հակաիրանականությունը Թրամփի վարչակազմի ուղենիշներից մեկն է), ինչպես նաև ՌԴ-ին («սառը պատերազմը» Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև շարունակվում է նաև այս պահին Սիրիայում)։ Եթե Մոսկվան ու Թեհրանն ավելի մեծ ուժեր և ռեսուսրներ նետեն Ասադին օգնելու, ԱՄՆ-ն կզինի իսլամիստներին` Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի միջոցով ու երկարաժամկետ հեռանկարով կներքաշի Իրանին ու ՌԴ-ին սիրիական թնջուկի մեջ` բոլոր հետևանքներով (աֆղանական սցենար): Իսկ եթե ՌԴ-ն և Իրանը չցանկանան փրկել Ասադին, ապա Դամասկոսում կլինի թուրքամետ, սաուդամետ, ամերիկամետ իշխանություն, որն էլ կպահանջի ՌԴ-ին դուրս բերել զորքերը Սիրիայից, իսկ Իրանի նկատմամբ կորդեգրի այնպիսի քաղաքականություն, որն այժմ որդեգրել են Ծոցի արաբական երկրները։ ԱՄՆ-ն գործում է մի քանի սցենարներով` բոլորն էլ նպատակ ունեն հարվածել ՌԴ-ին ու Իրանին, իսկ սիրիական ժողովրդի մասին Վաշինգտոնում չեն մտածում. ոչնչացնելով Ասադի ուժերը՝ նրանք ուժեղացնում են իսլամիստներին, որոնք էթնիկ զտումներ են իրականացնելու տեղի քրիստոնյաների, ալևիների նկատմամբ, ինչն էլ մի քանի միլիոն նոր փախստականների հոսք կապահովի դեպի ԵՄ, նրանց հետ Եվրոպա կներթափանցեն նաև հազարավոր ահաբեկիչներ։ ԱՄՆ-ն, ոչնչացնելով Սիրիան՝ որպես պետականություն, բացելու է «պանդորայի արկղը»` Մերձավոր Արևելքում նոր միջկրոնական և այլ proxy war հրահրելով։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artem.balasanov/posts/1319739058105170 ...

    Կարդալ ավելին
  • Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ապրիլի 2-3-ը պաշտոնական այցով ժամանելու է Ադրբեջան։ Նախատեսվում է Բաքվի ու Աստանայի միջև ստորագրել չորս փաստաթուղթ։ Ղազախական Եվրասիական բանկը կարող է դուրս գալ Ադրբեջանի ու Վրաստանի շուկաներ։ Այդ մասին հայտարարել է բանկի կառավարման խորհրդի նախագահ Պավել Լոգինովը։ Նա նշել է, որ այս պահին բանկի ռազմավարությունն է միջազգային էքսպանսիան։  Ռազմավարական երկու կարևոր նախագծերի` ղազախական Նուրլը ժոլի և Տնտեսական Մետաքսի ճանապարհի կարևոր հատման կետը տարանցիկ տրանսպորտային միջանցքների և լոգիստիկ կենտրոնների ստեղծումն է։ Շահագործման է հանձնվել Կուրիկ նավահանգստում նոր լաստանավային համալիրը, որը նախատեսած է նավթամթերքներ, ցորեն տեղափոխելու համար Կասպյան երկրներ։ Բացի այդ` երեք տերմինալ է բացվել Աքթաու նավահանգստում։ Վերոնշյալը Ղազախստանին հնարավորություն է տալիս ավելացնելու իր տրանսպորտային հոսքերն ու զարգացնել իր տարանցիկ ներուժը։ Այժմ Աստանան կարող է ապրանքներ արտահանել ոչ միայն ՌԴ-ի տարածքով, այլ նաև Տրանսկասպյան միջանցքի, որը ներառում է Աքթաու նավահանգիստը, Բաքվի նավահանգսիտը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն ու Վրաստանի ու Թուրքիայի տարածքները։ Ադրբեջանի տարածքով դեպի Բաթումի տեղափոխված ղազախական նավթի և նավթամթերքների ծավալը 2016թ.-ին կազմել է 1,6 միլիոն տոննա։ Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Բեյբիթ Իսաբաևը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով անցնող կովկասյան ուղղությունը թույլ կտա Ղազախստանին դուրս գալ եվրոպական շուկաներ։ Իր հերթին Ղազախստանն Ադրբեջանի համար ճանապարհ է բացում դեպի Կենտրոնական Ասիա ու Չինաստան։ Այս պահին Ղազախստանում գործում է ադրբեջանական կապիտալով ավելի քան 700 ձեռնարկություն, իսկ Ադրբեջանում ղազախական կապիտալով` մոտ 60։ Ադրբեջանն ու Ղազախստանը կառուցում են նոր նավթամուղ՝ Եսկենե-Կուրիկ-Բաքու՝ 739 կմ երկարությամբ: Այդ մասին նշված է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևի հոդվածում: Նրա խոսքով՝ Ղազախստանն ունի հանքային մեծ ռեսուրսներ, որոնք կազմում են 5,5 միլիարդ տոննա նավթ ու 3 տրիլիոն խմ գազ: Ադրբեջանա-ղազախական տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծմամբ կենսականորեն հետաքրքրված է նաև Անկարան: Թուրքիան և Ղազախստանը ստեղծել են համատեղ կոնսորցիում, որի մեջ ընդգրկվել են նաև Վրաստանն ու Ադրբեջանը՝ որպես տարանցիկ երկրներ, Սև ծով-Կասպից ծով ուղղության վրա՝ թուրքական ապրանքները այդ թվում՝ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծով, այնուհետև՝ Բաքու-Աքթաու ու Բաքու-Կուրիկ լաստանավային փոխադրումներով ասիական շուկաներ հասցնելու համար՝ Մետաքսի ճանապարհի շրջանակներում: Թուրքիայի համար, ինչպես նաև Ղազախստանի, ռազմավարական նշանակություն ու դեր ունի նաև Ադրբեջանը։ Որպես տարանցիկ երկիր՝ Բաքուն իր տրանսպորտային-էներգետիկ ենթակառուցվածքներ է տրամադրում Անկարային՝ Կենտրոնական Ասիա դուրս գալու համար, ինչպես նաև Աստանային՝ ՌԴ-ը շրջանցող, այլընտրանքային ճանապարհով կասպյան Աքթաու ու Կուրիկ ղազախական նավահանգիստներով ապրանքներ, էներգակիրներ դեպի Արևմուտք՝ Թուրքիա, սևծովյան երկրներ, ԵՄ արտահանելու համար: Այս առումով ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան ռազմավարական առանցքը, որի բաղկացուցիչ տարրեն են լինելու Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծն, ու Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքն՝ ի հավելում Պեկինի կողմից ակտիվորեն առաջ մղվող Մետաքսի ճանապարհի: Վերոնշյալ երկրներին կապում է պանթուրքիստական, պանիսլամական գաղափարախոսությունն ու պրագմատիկ, տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերը: Ղազախստանը ձգտում է ՌԴ-ի ազդեցությունը հավասարակշռել մի կողմից Չինաստանով, իսկ մյուս կողմից՝ եղբայրական՝ կրոնի ու ծագման առումով Թուրքիայի օգնությամբ: Ադրբեջանն այս պարագայում լինելով Կասպյան երկիր՝ իր տարանցքն է տրամադրում եղբայրական Ղազախստանին՝ տարանցման համար ստանալով տնտեսական օգուտներ, դառնալով Արևելք-Արևմուտք միջանցքի կարևոր օղակը: Բացի այդ՝ Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի և Ղազախստանում կառուցվող Կուրիկ նավահանգստի միջև գործելու են նոր լաստանավային փոխադրումներ: Նախատեսվում է Կուրիկում Բաքվի նավահանգստի նման ազատ տնտեսական գոտի ստեղծել, իսկ այդ նոր ղազախական նավահանգիստն օրը սպասարկելու է մինչև հինգ լաստանավ, այսինքն՝ տարեկան չորս միլիոն տոննա բեռ: Ակտիվ են կապերը նաև գյուղատնտեսական ոլորտում։ Ղազախստանը 2016-2017 թթ.-ին նախատեսում է ավելացնել Ադրբեջան ցորենի արտահանումն՝ այն հասցնելով 100 հազար տոննայի: Իր հերթին Ադրբեջանը մինչև այս տարվա ավարտ Ղազախստանի Մանգիստաուտյան նահանգում շահագործման է հանձնելու լոգիստիկ կենտրոն, որը կառուցվելու է «Azersun Holding»-ի կողմից: Աքթաու նավահանգստում կառուցվող այդ կենտրոնը նախատեսված է տարբեր ապրանքներին, մասնավորապես՝ մրգերի ու բանջարեղենի պահեստավորման համար, որոնք հետագայում վաճառվելու են Ղազախստանում: Այդ կերպ Աստանան ու Բաքուն ապրապնդում ու նոր շունչ են տալիս Կասպյան տրանսպորտային միջանցքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artem.balasanov/posts/1295652943847115 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի ներդրումներն Ուկրաինայում հասնում են 200 միլիոն դոլարի։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպմանը։ Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Պորոշենկոն գոհունակություն է հայտնել, որ Ադրբեջանը վերսկսել է նավթի առաքումները Ուկրաինա։ Ուկրաինան պայմանավորվել է Ադրբեջանի հետ 1,3 միլիոն տոննա նավթ ներկրելու շուրջ։ Իսկ այժմ ադրբեջանական նավթի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև լեհերը։ Ադրբեջանական նավթը լեհական գործարաններում ցանկանում է տեսնել լեհական խոշոր նավթավերամշակող Lotos խումբը։ Լեհաստանի հետաքրքրությունը նախադրյալներ է ստեղծում «Բաքու–Թբիլիսի–Փոթի–Օդեսա–Բրոդի–Ադամովո–Պլոցկ–Գդանսկ» նավթատրանսպորտային միջանցքի վերականգնման համար։ Կիևն ու Բաքուն տարիներ շարունակ ռազմավարական գործընկերներ են ու կազմում են այսպես կոչված էներգետիկ–տրանսպորտային տանդեմ։ Ադրբեջանն արդեն պատրաստ է ընդունել Ուկրաինայից դեպի Կենտրոնական Ասիա ուղղվող բեռների ամբողջ հոսքը: Այդ մասին հայտնել է ադրբեջանական երկաթուղիների մամուլի խոսնակ Նադիր Ազմամեդովը՝ հավելելով, որ Ուկրաինան արդեն դիմել է իրենց Ալյաթիի նավահանգստով բեռների տեղափոխությանը հոսքն ավելացնելու խնդրանքով: Ազմամեդովը նշել է, որ իրենց են դիմել նաև Լեհաստանն ու մերձբալթյան երկրները՝ Ալյաթիի նավահանգստի հզորություններն օգտագործելու խնդրանքով: Բացի էներգետիկ–կոմունիկացիոն ոլորտից՝ Կիևն ու Բաքուն զարգացնում են նաև ռազմա-տեխնիկական համագործակցությունը։ Ուկրաինան և Ադրբեջանը քննարկել են ադրբեջանական ձեռնարկություններում հակատանկային հրթիռային համակարգերի արտադրության հնարավորությունները, հաղորդում է «Укрспецэкспорт» կազմակերպության մամլո ծառայությունը։  Նշվում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Պավել Բուկինը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարի տեղակալ Թոֆիգ Ռաֆիևի հետ, որի հետ քննարկվել է Ադրբեջանի ռազմաարդյունաբերական կենտրոններում հակատանկային համակարգերի և կառավարվող հրթիռների համատեղ արտադրության վերաբերյալ հարցերը։ Կողմերը նաև քննարկել են ադրբեջանական զինտեխնիկայի սպասարկման համար անհրաժեշտ հատուկ տեխնիկայի մատակարարումը ուկրաինական կազմակերպությունների կողմից։ Ադրբեջանն Ուկրաինայում սկսել է 10 նոր AН-178 ռազմատրանսպորտային ինքնաթիռների գնման գործընթացը: Օրերս Կիևի մոտակայքում տեղի է ունեցել նոր ինքնաթիռի թռիչքը և այն փոխանցվել է Silkway Azerbaijan ընկերությանը: AН-178-ը կառուցվել է ուղևորատար Ан-158 ինքնաթիռի հիմքի վրա: Ինքնաթիռը կարող է տեղափոխել 18 տոննա բեռ կամ 70 դեսանտայինի: Ինքնաթիռի արագությունը կազմում է 825 կմ/ժամ, իսկ թռիչքի հեռահարությունը՝5500 կմ: Արժեքը՝ կախված կոմպլեկտացիայից տատանվում է 40-70 միլիոն դոլարի սահմաններում: Ընդհանուր առմամբ՝ Ուկրաինան հանդիսանում է Ադրբեջան զենքերի և ռազմական տեխնիկայի ակտիվ մատակարարներից մեկը: Ուկրաինական պետական «Спецтехноэкспорт» ձեռնարկությունն Ադրբեջանի պատվերով մշակել է «Тайпан» մարտական մոդուլը։ Ընկերության տնօրեն Պավել Բարբուլի խոսքով՝ դա ձեռնարկության ամենահաջողված արտադրանքն է։ «Тайпан»–ի չի զիջում արևմտյան զինատեսակներին, սակայն ավելի էժան է։ «Тайпан»–ը կարող է հեռակառավարվել և ծառայել որպես ստատիկ մարտական կրակակետ։ Դրա շնորհիվ հնարավոր է ստեղծել պաշտպանական մի քանի գծեր, իսկ զինվորները կարող են «Тайпан»–ը կառավարել պաշտպանված հենակետերից։ Տնտեսական հարաբերութուններին զուգահեռ՝ ակտիվ է համագործակցությունը հումանիտար ոլորտում: Ուկրաինայում գործում է «Ուկրաինայի ադրբեջանցիների կոնգրես» կազմակերպությունը։ «Ուկրաինայի ադրբեջանցիների կոնգրեսի» տվյալներով՝ Ուկրաինայում բնակվում է կես միլիոն ադրբեջանցի: Ադրբեջանի տարածքում էլ բնակվում է ուկրաինական համայնքը, որը Ադրբեջանի մարդահամարի տվյալներով հասնում է 29.000-ի: 2001թ.-ին Բաքվում բացվել է Ուկրաինական մշակութային կենտրոնը, ինչպես նաև Բաքվի Սլավոնական համալսարանին կից գործում է ուկրաինական կիրակօրյա դպրոցը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artem.balasanov/posts/1242486239163786 ...

    Կարդալ ավելին
  • Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն հունվարի 9-ին պաշտոնական այցով կժամանի Թուրքիա: Այցի ընթացքում Ջանելիձեն հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Թուրքիայի իր պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ: Կողմերը կքննարկեն ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության վրաց-թուրքական խորհրդի աշխատանքը: Կարծարծվեն նաև երկու երկրների արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտի գերակայությունները: Երկօրյա այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարարը կմասնակցի Թուրքիայի դիվանագիտական կորպուսի տարեկան հանդիպմանը, որտեղ ելույթ կունենա թուրք դիվանագետների առջև: Անկարայի ու Թբիլիսիի համագործակցությունն ընդգրկում է բոլոր ոլորտներն ու 2017թ.-ը առանցքային է լինելու երկու պետությունների հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ Ավարտին է հասցվելու Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղի, դա զբոսաշրջային, տարանցման, ապրանքաշրջանառության մեծացման համար նոր հնարավորություններ է ստեղծելու։ Բացի այդ՝ Հարավային գազային միջանցքի կյանքի կոչման շնորհիվ կասպիական գազն ու նավթը Ադրբեջան–Վրաստան–Թուրքիա միջանցքով դուրս է գալու եվրոպական և այլ շուկաներ։ Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան նպատակ ունեն ընդլայնելու համագործակցությունը նաև ռազմական ոլորտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախորդ տարի Գաբալայում հայտարարել է, որ առաջիկայում Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն:   Էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի առումով Թուրքիան ու Վրաստանը զգում են միմյանց կարիքը`Վրաստանը Թուրքիայի «պատուհանն» է դեպի Կովկաս, Ադրբեջան ու թյուրքախոս Միջին Ասիա, իսկ ի դեմս Թուրքիայի՝ Վրաստանն ունի հզոր տնտեսական գործընկեր, 80 միլիոնանոց շուկայով երկիր, որը ներդրումների առումով առաջատարն է Ադրբեջանի հետ մեկտեղ, վրացական տնտեսության տարբեր ճյուղերում։ Թբիլիսին հաշվի է առնում նաև թյուրքական` Քվեմո–Քարթլիի տարածաշրջանը գրեթե ամբողջությամբ ադրբեջանաբնակ է, ինչպես նաև իսլամական գործոնը`Աջարիա, Պանկիսիի կիրճ և այլն Անկարայի հետ հարաբերություններ կառուցելիս։ Սակայն Ջավախքում թյուրքական գործոնի ուժեղացումը, ներդրումների, դեմոգրաֆիկ էքսպանսիան զուգահեռ պետք է անհանգստացնի Վրաստանին`այդ տարածաշրջանի կրոնական–էթնիկ դեմքի փոփոխությունը Վրաստանի հարավային սահմանների երկայնքով`Բաթումիից մինչև վրաց–ադրբեջանական սահման թյուրքական–մահմեդական միջանցք է ստեղծելուդրանից բխող հետևանքներով։ Այդ թյուրքական միջանցքը ձգվելու է ՀՀ-ի հյուսիսային սահմանների երկայնքով և դա նույնպես պետք է մտահոգի Երևանին, դա սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության ու կոմունիկացիաներին, որոնցից հիմնականներն անցնում են ադրբեջանաբնակ Քվեմո–Քարթլիով, իսկ մյուսը` Ջավախքով, որտեղ աստիճանաբար թյուրքական գործոնը վճռորոշ է դառնում։ Հավելենք, որ Թուրքիան Վրաստանի առևտրային գործընկերների թվում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Ապրանքաշրջանառությունն անցնում է մեկ միլիարդի սահմանը։ Վրաստանի ՆԱՏՕ-ական, եվրաատլանտյան ուղենիշը նույնպես ազդելու է, տնտեսական տրամաբանությունից բացի, Թուրքիա–Վրաստան հարաբերությունների ամրապնդման վրա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artem.balasanov/posts/1233557033390040 ...

    Կարդալ ավելին
  • Նեթանյահուի այցը Բաքու.Էներգետիկա, զենքեր և Իրան Դեկտեմբերի 13-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կայցելի Ադրբեջան և կհանդիպի այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նախատեսվում է քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Էներգետիկա և զենքեր Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Սթավը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետի այցն Ադրբեջան կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը։ Ըստ դեսպանի, Նեթանյահուն Բաքու կայցելի մինչև այս տարվա վերջ, սակայն կոնկրետ ամսաթիվ չի նշել։ Սթավը նշել է, որ Ադրբեջանի ու Իսրայելի միջև առկա է մեծ ներուժ տնտեսական կապերի աշխուժացման համար`գյուղատնտեսություն, դեղագործության, մասնավոր հատվածների միջև բիզնես կապերի զարգացման առումներով։ Նա հավելել է, որ Իսրայելը քննարկում է ադրբեջանական ԹԱՆԱՓ գազամուղով իսրայելական գազը Թուրքիայի տարածքով ԵՄ արտահանելու հնարավորությունը։ Այսպիսով, Թուրքիա–Իսրայել հարաբերությունների վերականգնումից շահում է առաջին հերթին երկու երկրների ռազմավարական գործընկեր`Ադրբեջանը։ Բաքուն այլևս կարիք չունի խուսանավելու Թել–Ավիվի ու Անկարայի միջև`հանդես գալ թուրքամետ հայտարարություններով`Անկարա–Թել–Ավիվ հակամարտության պատճառով։ Թուրք–իսրայելական հարաբերությունների վերականգնումը թույլ կտա Ադրբեջանին Իսրայել–Ադրբեջան ֆորմատը`այդ թվում էներգետիկ–տրանսպորտային, դարձնել եռակողմ`Ադրբեջան–Թուրքիա–Իսրայել։ Մասնավորապես, ադրբեջանական նավթն ու գազը Թուրքիայի տարածքով հասնելու է Իսրայել, իսկ ԹԱՆԱՓ և այլ խողովակաշարերով իսրայելական գազի ավելցուկը`կարտահանվի Եվրոպայի շուկաներ։ Վերջին տաս տարվա ընթացքում Իսրայելը դարձել է Ադրբեջանի 5-րդ առաջատար առևտրային գործընկերը: Այսօր Իսրայելի կողմից օգտագործվող նավթի կեսը առաքվում է Ադրբեջանից, իսկ Բաքուն շարունակում է միլիարդավոր դոլարների պաշտպանական տեխնոլոգիաներ գնել Իսրայելից: Ադրբեջանա–իսրայելական համագործակցության ևս մեկ վտանգավոր ոլորտը ՀՀ–ԼՂՀ–ի համար կարող է առնչվել իսրայելցի զինվորական մասնագետների կողմից ադրբեջանական բանակը թրեյնինգների, ուսումնական ծրագրերի ներդրմամբ, տեխնոլոգիաների փոխանակման և այլն, մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման հետ։  Չմոռանանք, որ Իսրայելի հատուկ ջոկատայինները(Duvdevan) համարվում են աշխարհում լավագույներից մեկը ու Բաքուն կարող է իր նավթադոլարներով վարձել մասնագետներ`զորացրված կամ Իսրայելի կառավարության, ԳՇ–ի համաձայնությամբ գործող զինվորականների միջոցով ադրբեջանական հատուկ ջոկատայիններին մարզելու համար`պատրաստել լեռնային տեղանքում`Արցախ, դիվերսիոն գործողություններ կատարել ու մարտեր վարել բնակավայրերում`Իսրայելն այդպիսի հարուստ փորձ ունի`Գազայի հատված, Հարավային Լիբանան և այլն։ Այս պահին,Ադրբեջանի ԶՈՒ–րի հատուկ ջոկատայինների հետ, ըստ ԶԼՄ–ներում տեղ գտած տեղեկատվության, ակտիվ աշխատում է Թուրքիան։ Թուրք մասնագետներին զուգահեռ`փորձի փոխանակման շրջանակներում Բաքուն կարող է հրավիրել նաև իսրայելցի մասնագետներին։ Չմոռանանք, որ Ադրբեջանի ՊՆ–ը վերջերս արդեն ներկայացրել է Իսրայելից գնված Sand Cat զրահամեքենաները:Ադրբեջանը գնել է այդ զրահամեքենաների առնվազն 4 տեսակ: Հատկապես աչքի է ընկնում մոդելը, որը հագեցած է հեռահար հսկողության էլեկտրաօպտիկական համակարգերով։ Մեքենաները հագեցած են Mini Samson մարտական մոդուլով, Rafael ֆիրմայի արտադրության 12.7 մմ տրամաչափի NEVT գնդացիրներով: Մեկ այլ զրահամեքենայի վրա տեղադրված է Samson MLS մարտական մոդուլը` կառավարվող հակատանկային հրթիռային Spike LR համակարգով: Samson MLS մոդուլը հագեցած է օպտիկական համակարգերով և լազերային հեռաչափերով, որոնք թույլ են տալիս հետևել թիրախին ցանկացած եղանակային պայմաններում:Ադրբեջանին վաճառված զրահամեքենաները տարբերվում են ստանդարտ մոդիֆիկացիաներից հակահետևակային ականներից պաշտպանության համակարգով: Իսրայել–Ադրբեջան տանդեմն ընդդեմ Իրանի Մի քանի տարի առաջ Wikileaks-ի հրապարակած ամերիկացի դիվանագետների գաղտնի զեկուցագրերից մեկում նշվում էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բնութագրելով Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները նշել էր, որ այդ հարաբերությունները այսբերգի են նման, որի 9/10-րդ մասը տեսանելի չէ օտարների աչքերին: Այսինքն` այդ հարաբերությունները ավելի խորն են, քան կարելի է դատել բաց տեղեկատվական աղբյուրներում հայտնվող ինֆորմացիայից: Իսրայելն օգտագործում է Ադրբեջանի տարածքն Իրանի դեմ դիվերսիոն–հետախուզական գործողություններ կատարելու համար, այդ թվում աջակցելով Իրանի հյուսիսում ադրբեջանական և քրդական անջատողականությանը։ Թեհրանը միշտ էլ կտրուկ է արտահայտվել Թել–Ավիվի և Բաքվի ռազմավարական կապերին սերտացմանն ու Նեթանյահուի այցն ևս մեկ առիթ կհանդիսանա Իրանի դժգոհության և հնարավոր է պատասխան քայլերի, ինչից պետք է օգտվի հայկական կողմը։ «Համայնքները»`soft power և լոբբիստներ Պետք է նշել, որ երկկողմ հարաբերությունների զարգացմանը դրակորեն նպաստում են Ադրբեջանի հրեական համայնքը և կառույցները, ինչպես նաև Իսրայելում գործող ադրբեջանական նմանատիպ կառույցները: Այսպես, Ադրբեջանում գործում են հրեական բազմաթիվ կազմակերպություններ, դպրոցներ, սինագոգներ, կրթական-մշակութային միություններ, որոնց թվում «Սոխնութ» գործակալությունը, բարեգործական «Հեսեդ-Հերշոն» կազմակերպությունը, հասարակական-մշակութային JCC կենտրոնը, երիտասարդական «Գիշել» ակումբը, բացի այդ Բաքվում լույս են տեսնում «Մեր Իսրայել», «Օր-Շելյանու» թերթերը: Դրան զուգահեռ, ակտիվ է նաև ադրբեջանական համայնքը Իսրայելում, որը համախմբված է Մերձավոր Արևելքի ադրբեջանցիների կոնգրես կոչվող կազմակերպության շուրջ։ ՀՀ–ի քայլերն` Իսրայել–Ադրբեջան տանդեմի գործողություններին Իրան-ՀՀ տնտեսական փոխհարաբերությունները զգալիորեն զիջում են քաղաքական կապերին ու հարևան երկրի նախագահի այցի ընթացքում այդ բացը պետք է շատ օպերատիվ կերպով լրացվի։ Նախաձեռնողականությունը պետք է բխի առաջին հերթին Երևանից, քանի որ Ադրբեջան-Իրան հարաբերությունները զգալի վերելք են ապրել`այս օրերին ավարտին է հասցվել երկու երկրները կապող երկաթգիծը։ Ի դեպ, Իրան-Ադրբեջան տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված քայլերի նախաձեռնողը հենց Բաքուն էր, ով անգամ կես միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Թեհրանին`Իրան-Ադրբեջան երկաթգծի իրանական հատվածի շինարարությունն ավարտին հասցնելու համար։ ՀՀ պետք է առաջին հերթին ներգրավվի իրանական ուղիղ ներդրումները հայկական տնտեսության մեջ`հատկապես մարզեր` Սյունիք, որը սահմանակցում է Իրանին, ինչը կդադարեցնի նաև արտագաղթը։ Բացի այդ, պետք է խորացնել Իրանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցությունը`Իրանն ունի հզոր ռազմա-արդյունաբերական համալիր ու հաշվի առնելով Իսրայել-Ադրբեջան խոր ռազմավարական կապերն Երևանը պետք է դրան ի հակակշիռ սերտացնի կապերն Իրանի հետ։ Ծրագրերը պետք է լինեն կոնկրետ, այլ ոչ թե կենացային մակարդակով հերթական անգամ խոսվի հայ-իրանական դարավոր բարեկամության մասին, իսկ այդ ֆոնին Իրան-ՀՀ երկաթգիծն այդպես էլ կարծես անցավ պատմության գիրկը։ Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավին, որն այնքան դանդաղ է կյանքի կոչվում, կոռուպցիոն սկանդալներով լի նախագիծ է, որ իրանական բեռնափոխադրողները կարող են նախընտրել Ադրբեջանի տարածքը`ՌԴ, անգամ Վրաստան ու Սև ծով դուրս գալու համար։ Ադրբեջանը երեք տարով ճանապարհային հարկից ու այլ տուրքերից ազատել է իրանական բեռնափոխադրողներին, ինչը լրացուցիչ խթան է ու քայլ ուղղված ՀՀ-ից իրանական փոխադրողներին դեպի ադրբեջանական ենթակառուցվածքներ շեղելու համար։ Հայ-իրանական հարաբերություններում քաղաքական բարձր հայտարարություններից պետք է անցնել խոր տնտեսական կոոպերացիայի բոլոր ոլորտներում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artem.balasanov/posts/1206899256055818 ...

    Կարդալ ավելին
  • ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ դաշնակիցներին զենքի, զինամթերքի և ռազմատեխնիկայի մատակարարման սահմանափակումները: Համապատասխան հուշագիրը, հասցեագրված ԱՄՆ պետքարտուղարին ու ՊՆ ղեկավարին, տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Գործողությունները, ներառյալ պաշտպանական բնույթի ապրանքների ու ծառայությունների տրամադրումը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ին աջակցող օտարերկրյա ուժերին, ոչ կանոնավոր ջոկատներին, խմբերին կամ առանձին անձանց, կարևոր նշանակություն ունեն ԱՄՆ ազգային անվտանգության շահերի համար»,-ասվում է փաստաթղթում։ ԱՄՆ–ի հեռացող վարչակազմը փորձում է փրկել գրոհայիններին ամբողջական ոչնչացումից, քանի որ Հալեպի գրավումն առանցքային նշանակություն կունենա Սիրիայում ԻՊ–ի և նրա հետ կապակցված միավորումների ոչնչացման համար։ Մինչ այս պահն էլ ԱՄՆ–ը օգնություն էր ցուցաբերում այսպես կոչված «չափավոր ընդդիմությանը»`Ասադին տապալելու համար, ինչը ՌԴ–ի ու Իրանի ակտիվ միջամտության շնորհիվ ձախողվեց։ Հեռացող Օբաման շտապում է հանել զենքերի առաքման արգելքը, որպեսզի, եթե անգամ նորընտիր նախագահ Թրամփը չշարունակի սիրիական հարցում Օբամայի քաղաքականությունը, ապա գոնե Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցները`Սաուդյան Արաբիան, Քաթարը, ինչու ոչ նաև Թուրքիան կարողանան աջակցել այն ուժերին, որոնք կմնան առանց ԱՄՆ–ի ուղիղ կամ անուղղակի աջակցության։ Չմոռանանք, որ Հալեպի անկման պարագայում գրոհայինների վերահսկողության տակ են մնալու Իդլիբ նահանգը և ևս մի շարք բնակավայրեր ու շրջաններ`Ռաքքան և այլն։ Օբաման փորձում է կրկնել այսպես կոչված «Ցիկլոն» (Operation Cyclone) գործողությունը, որը 1979—1989թթ.–ին Աֆղանստանում իրականացրել են ամերիկյան հատուկ ծառայությունները`Կենտրոնական հետախուզական ծառայությունը`զենքեր մատակարարելով խորհրդային զորքերի դեմ պայքարող աֆղան մոջահեդներին։ Այդ ժամանակ Սթինգեր և այլ տեսակի զինատեսակները ԱՄՆ–ի ֆինանսական օգնությամբ մոջահեդներին էր տրամադրում Պակիստանի արտաքին հետախուզությունը։ Այժմ Պակիստանի դերը Սիրիայում կարող է ստանձնել Սաուդյան Արաբիան ու Քաթարը`Թուրքիան դեռևս զբաղված է քրդերով, սակայն հետագայում թուրքմեններին պաշտպանելու և սեփական ազդեցության գոտին ստեղծելու հարցում Անկարան կարող է համագործակցել Ծոցի արաբական միապետությունների հետ։ ԱՄՆ–ի հեռացող վարչակազմը ցանկանում է ՌԴ–ին ու Իրանին ավելի խորը ներքաշել սիրիական թնջուկի մեջ`այստեղից բխող տնտեսական, ռազմական, աշխարհաքաղաքական խնդիրներով։ Չմոռանանք, որ proxy war–ի մեջ են գտնվում Իրանն ու Սաուդյան Արաբիան`Սիրիայում, քաղաքական իմաստով`Լիբանանում, ռազմա–քաղաքական իմաստով Իրաքում, Եմենում, Աֆղանստանում և այլուր։ Եթե Դոնալդ Թրամփը չփոխի այն քաղաքական ուղենիշը, որ որդեգրել էր Օբաման ու իր թիմը, ապա Մերձավոր Արևելքին դեռ երկար տասնամյակներ սպասվում են ցնցումներ, պետությունների կազմաքանդում էթնիկ–կրոնական սահմաններով, ինչպես նաև շիա–սունի հակամարտությունը կբարձրանա որակական նոր մակարդակը`ընդգրկելով մի մեծ տարածաշրջան`Մահրիբից մինչև Պակիստան, Հյուսիսային Կովկասից մինչև Արաբական թերակզղի ու Աֆրիկա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artem.balasanov/posts/1205550612857349 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն