• Դավիթ Պետրոսյան
  • Խորհրդարանական ընտրությունները նորանկախ Հայաստանի պատմության մեջ երևի թե երբեք այնքան անհետաքրքիր չէին եղել որքան այսօր են: Մենք ականատես ենք լինում մի գործընթացի, որն ընթանում է առանց քաղաքական առումով ուսուցանող որևէ տարրի: Եվ, ինչպես տեսնում ենք, հզոր դաշինքների մասին կանխատեսումներն ու այդ համատեքստում նախապես բարձրացված աժիոտաժը չի համապատասխանում ԿԸՀ-ում գրանցման փուլում մեր ունեցած արդյունքներին: Դա ունի մի քանի պատճառ: Առաջինն այն է, որ առաջացան մի քանի համեմատաբար փոքր քաղաքական բևեռներ ու ինքանուրույն կենտրոններ, ինչի հետևանքով քաղաքական դաշտում առկա հզոր դաշինքների պոտենցիալը մաշվեց: Երկրորդ՝ քաղաքական դաշտի մասնատվածությունը ստիպեց դաշինքների առանցք հանդիսացող ուժերին իրենցից հեռու պահել վարկաբեկված ու որոշակի նշաձողից թույլ քաղաքական ուժերին: Երրորդ պատճառը կարելի է համարել այն, որ ներքաղաքական գործընթացները սկսեցին զարգանալ ռեյտինգային ցուցակներում ընդգրկվող տեղային հեղինակությունների ու քաղաքական մեծ ու փոքր ուժերի առանձին հարաբերությունների տիրույթում՝ մի կողմ թողնելով քաղաքական ծրագրերի ու մոտեցումների պայքարը, ինչը հանրությանը մի տեսակ վանեց բուն գործընթացներից: Ակնհայտ է, որ նախընտրական խաղի՝ նախկինում գոյություն ունեցող կանոնները պահպանվելու են նաև այս անգամ. ընտրակաշառքի ինստիտուտը, քաղաքական ուժերին հարող լրատվամիջոցների ակտիվությունը բամբասանքների մակարդակում, միմյանց ուղղված անկանոն քննադատությունը, նախընտրական հռետորաբանության պոպուլիստական երանգները… այս ամենը շարունակում են պահպանվել: Այս իրավիճակը նաև ցույց տվեց այն, որ վերջին տարիներին բազմաթիվ մանր քաղաքական միավորների ստեղծումը դրանք ստեղծողների կողմից քաղաքական առևտրի էտապում իրենց գինը բարձրացնելու նպատակ էր հետապնդում: Այլապես դրանց միավորումը տեղի կունենար գաղափարական հենքի վրա և ավելի վաղ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.petrosyan.33/posts/1680905175256666 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր նախագահական նստավայրում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերին: Սա թերևս սպասված գործընթաց էր, ինչի հետ կապված խնդիրների վերաբերյալ բազմիցս բարձրաձայնել էին նաև տարբեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ ու հասարակական տարբեր խմբեր: Խորհրդակցության ժամանակ նախագահը մասնավորապես, նշել է. «Մենք եկել, հասել ենք այն փուլին, երբ այդ համակարգերը շահագործող ընկերությունները, կատարելով մեծ ներդրումներ, որոշակի ֆինանսական խնդիրներ են լուծել, և ժամանակն է, որպեսզի ողջ ֆինանսական հոսքերը կառավարվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողմից: Ուրեմն, հանձնարարական կառավարությանը՝ լուծել այս հարցը` բնականաբար, հաշվի առնելով սեփականության անձեռնմխելիությունը ու նաև պետության ու համայնքի շահերը: Եվ ժամկետների առումով, կարծում եմ, որ մեկ շաբաթը կամ տասը օրը բավարար է, որպեսզի համապատասխան բանակցություններ վարվեն և որոշումներ կայացվեն: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ այս պարագայում ևս նպատակը վարորդներից փող կորզելը չպետք է լինի, նպատակը պետք է լինի մեր քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ստեղծումը»,- հավելել է Սերժ Սարգսյանը: Այսպիսով՝ Նախագահ Սարգսյանը հանձնարարել է ոստիկանապետին ու առաջարկել է Երևանի քաղաքապետին, որպեսզի «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ և «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում իրավական մեխանիզմներ մշակեն՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը պետական ու համայնքային կառույցներին անցնելու համար: Այս գործընթացը, փաստացի տեղավորվում է վերջին ամիսներին երկրում նկատվող փոփոխությունների համատեքստում, երբ կառավարությունում ձևավորվեց միանգամայն նոր դեմքեր ունեցող կառավարություն, ինչպես նաև կառավարման համակարգից հեռացվեցին մի շարք, այսպես ասած, օդիոզ դեմքեր, սկսվեց նաև գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման գործընթաց: Ենթադրվում է, որ սրա արդյունքում մեծ քանակությամբ ֆինանսական միջոցներ մասնավորի գրպանի փոխարեն կուղղվի համայնքային ու պետական բյուջե: Ի դեպ, այս բարեփոխումը, եթե սա համարենք որպես բարեփոխում, մի շարք վերլուծաբանների ու հասարակական-քաղաքական գործիչների կողմից որակվում էր որպես փորձաքար նոր կառավարության համար՝ փոփոխությունների գործընթացում: Հիմա կարելի՞ ասել, որ նոր կառավարությունն անցել է փորձաքարը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.petrosyan.33/posts/1517645028249349 ...

    Կարդալ ավելին
  • Երբ ՀԱՊԿ-ն, որը ռազմական կառույց է, անվտանգություն ապահովող կառույց է, սակայն իր՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունած հայտարարության մեջ ոչ մի ձևակերպում չի տալիս ՀԱՊԿ անդամ հանդիսացող Հայաստանի անվտանգության ապահովման մասին՝ փոխարենը խոսելով Մինսկի խմբին աջակցելու մասին, նշանակում է՝ այդ կառույցը շեղվում է իր բուն էությունից ու նշանակությունից: Սա վկայում է այդ կառույցի ոչ կայացած լինելու, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների աշխարհաքաղաքական ու ռազմական տարաբևեռ շահերի և միանգամայն այլ առաջնահերթությունների առկայության մասին: Այսինքն՝ այս կառույցը ոչ թե ստեղծվել է միևնույն շահերի համադրման արդյունքում, այլ ստեղծվել է, որպեսզի փորձի արհեստականորեն միավորել տարբեր շահեր, ինչը քաղաքական տրամաբանությանը հակառակ գործընթաց է: Իսկ իր ֆունկցիաները կատարելու հնարավորություն չունեցող ու ֆիկտիվ բնույթ ստացած կառույցներն աստիճանաբար գնում են քայքայման՝ միևնույն ժամանակ բեռ դառնալով իրենց անդամների ուսերին: Կարծում եմ՝ դա պետք է մտահոգի նաև ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին ու առաջին հերթին Ռուսաստանին՝ որպես այդ կառույցում առաջատար պետության: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.petrosyan.33/posts/1497982846882234 ...

    Կարդալ ավելին
  • Կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները մի հետաքրքիր կողմ էլ ունեին, որով տարբերվում էին նախկինում տեղի ունեցած ընտրություններից: Խոսքն այն մասին է, որ այս անգամ բավական մեծ չափով ընտրակաշառք բաժանելու մեղադրանքներ են հնչել նաև ընդդիմադիր կուսակցությունների հասցեին: Նախկինում մեղադրանքեր լինում էին միայն ուղղված ՀՀԿ-ին: Անկախ այն բանից, թե որքանով էին դրանք արդարացված, ընտրակաշառք բաժանելու առումով հիմնական թիրախը դառնում էր ՀՀԿ-ն: Այս անգամ, այնկախ այն բանից, թե որքանով են մեղադրանքները հիմնավոր, դրանք տարածվում են նաև ընդդիմադիր մի շարք ուժերի ու թեկնածուների վրա: Եվ եթե հաշվի առնենք, որ ցանկացած մեղադրանքի հիմքում ինչ-որ իրական բաղադրիչ գոյություն ունի, կարող ենք եզրակացնել. սա առաջին հերթին խոսում է այն մասին, որ ընտրական գործընթացում քաղաքական կոմպոնենտը խիստ նվազել է ու ավելի մեծ կարևորություն է ձեռք բերել անձնական խնդիրների կարգավորման շնորհիվ ձեռք բերված պայմանավորվածությունների կոմպոնենտը: Այսինքն՝ եթե նախկինում վատ ընտրություններ կազմակերպելու համար մեղադրվում էին իշխանությունները, ապա այժմ ընդդիմությունը որակապես հավասարվել է այդ վատ ընտրություններ կազմակերպողներին: Այս պարագայում, իշխանափոխության միջոցով իրավիճակ փոխելը, սոցիալական վիճակի բարելավումը, բարոյահոգեբանական վիճակի կարգավորումը դառնում են անհնարին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/davit.petrosyan.33/posts/1481620495185136 ...

    Կարդալ ավելին
  • Իշխանությունների հայտարարած փոփոխությունները շարունակվում են: Հերթական փուլն առնչվում է կառավարության կազմին: Այսօր ՀՀ կառավարությունը նախագիծ է ընդունել կառավարության կազմում փոփոխություններ իրականացնելու առնչությամբ: Ըստ նախագծի՝ Քաղաքաշինության նախարարությունը փակվում է, փոխարենը ամենայն հավանականությամբ կգործի կառավարությանն առընթեր ինչ-որ մարմին, իսկ երեք նախարարություն էլ անվանափոխվում են: Քաղաքաշինության նախարարությունը փակելու հանգամանքը բավականաչափ օգտակար իրադարձություն կարելի է համարել, քանի որ նախկինում այս գերատեսչությունից անընդհատ դժգոհություններ կային: Եթե նրա փոխարեն գործի, ասենք, համեստ մի կոմիտե, հարկատուների գումարները բավականաչափ կտնտեսվեն: Իսկ անվանափոխություններով վարչապետը փոձել է ցույց տալ ու յուրօրինակ ֆիքսում իրականացնել, թե տնտեսական քաղաքականության մեջ հատկապես որ ուղղությունների ու ճյուղերի վրա է շեշտադրում կատարվելու: «Տրանսպորտի ու կապի նախարարությունը» դարձել է «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն»: Սա մեր տնտեսության զարգացմանը համահունչ փոփոխություն կարելի է համարել, քանի որ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը վերջին տարիներին լուրջ զարգացում է ապրել և այդ ոլորտի հարցերին առանձին ուշադրություն է հարկավոր դարձնել: Մինչդեռ ավելի էական է «էկոնոմիկայի» նախարար անվանման փոխարինումը «ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության» նախարար անվանմամբ: Սա շատ հստակ ազդարարում է նոր ներդրումների ներգրավման ու ձեռնարկատերերին աջակցություն ցուցաբերելու, նրանց խնդիրներով առաջնահերթ զբաղվելու քաղաքականության իրականացման մասին: Այսպիսով, սրանք մեսիջներ են, որոնք ուղղված են ոլորտը ներկայացնող գործարարներին ու ներդրողներին: Սակայն պատասխանել այն հարցին, թե իրականում քանի ձեռնարկատեր ու ներդրող է իր վերաբերմունքը փոխում Հայաստանի կառավարության ու հայաստանյան բիզնես միջավայրի հանդեպ, հնարավոր կլինի տալ միայն որոշ ժամանակ անց: Ժամանակ, որը բարեփոխումների մի մեծ շղթա է պահանջելու: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.petrosyan.33/posts/1464640240216495 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ից Ժիրայր Սեֆիլյանը հանդես է եկել հերթական նամակ-կոչով: Նա իր նամակում անդրադարձել է ապրիլյան պատերազմի հետևանքներին, քննադատել իշխանություններին, և նամակի վերջում, դիմելով բանակին, հետևյալ միտքն արտահայտել. «Իրավիճակը ստանդարտ չէ, ուստի պետք է գործել ոչ ստանդարտ տրամաբանությամբ և ազգադավ Սերժ Սարգսյանից թույլտվություն կամ հրաման սպասելու փոխարեն գործել ինքնուրույն՝ զուգահեռաբար խափանելով նաև մեր երկիրը գաղութացնելու և Արցախը մեզանից օտարելու աշխարհաքաղաքական ծրագրերը»: Այս հայտարարությանը կարելի է մոտենալ երկու դիտանկյունից: Առաջինն այն է, որ եթե քննարկում ենք հայտարարության հետևանքները, առհասարակ, տեսնում ենք, որ այն առաջին հերթին ունենալու է ապակայունացնող ազդեցություն: Հատկապես այս կիսապատերազմական փուլում միանգամայն անընդունելի է բանակի ու պետության ղեկավարությունից զատ, սեպարատ որևէ գործողության իրականացումը սահմանագծում կամ դրա հորդորը: Պատմության մեջ ցանկացած փուլում հաղթել է համակարգված գործող բանակը: Սա փաստ է: Բացի այդ անհասկանալի է, թե ինչ «ոչ ստանդարտ» վիճակի մասին է խոսում Սեֆիլյանը: «Ոչ ստանդարտ» կարող է լինել, ասենք մեծ տերիտորիայի օկուպացիան, որից հետո պարտիզանական ու ֆիդայական մարտերի անհրաժեշտություն լինի, ենթադրենք, այդ շրջանների ու այդտեղ գտնվող անձանց հետ կապը բացակայի և նրանք գործեն ինքնուրույն, ըստ անհրաժեշտության ու պայմանների թելադրածի: Մինչդեռ այս պարագայում, սահմանները վստահորեն հսկում են Պաշտպանության բանակի ուժերը ու միանգամայն նույնական արձագանքում են Ադրբեջանական գործողություններին: Սեֆիլյանի հայտարարության այս ոչ ադեկվատ հատվածները հասկանալու համար մեզ օգնում է երկրորդ դիտանկյունը, որն արդեն բացահայտում է հայտարարության հիմնական նպատակն ու թիրախը: Այսպես, արդյո՞ք այս հայտարարությունն ուղղված է բանակին: Իհարկե, ոչ: Սեֆիլյանը պատկերացնում է, որ իր կոչը բանակի լայն շերտերին գործնականում չի կարող հասնել: Միևնույն ժամանակ հայկական բանակի կառուցվածքը, կազմը, ինչպես նաև հրամանատարական կազմի մշակույթը թույլ չեն տա զինվորականներին դիմել ինքնագործունեության: Սեֆիլյանի հիմնական թիրախն իրականում հայ հանրությունն է, որի շրջանում արագորեն տարածվում է այս տեղեկատվությունը: Սեֆիլյանը, փաստորեն, նպատակ ունի պարզապես պահել «Սասնա ծռեր»-ի շարժման ոգին ու ցույց տալ, որ ինքը չի հրաժարվել նախապես դրված նպատակներից ու գործելաոճից: Թեև, ինչպես տեսնում ենք, «Սասնա ծռեր»-ի քաղաքական խորհուրդը ևս բավարարվում է լոկ հայտարարություններով ու գործնական դաշտում այն շարունակում է պասիվ մնալ: Այստեղ ցավալին այն է, որ Սեֆիլյանն ու իր թիմակիցներ շարունակում են առանց տատանվելու առաջ տանել նախապես որդեգրված և իր մեջ քրեական տարրեր պարունակող քաղաքական գիծը: Դա պարբերաբար հաստատվում է «Սասնա ծռեր»-ի անդամների ու նրանց համակիրների հայտարարություններով, որը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.petrosyan.33/posts/1439840032696516 ...

    Կարդալ ավելին
  • Հաճախ ենք խոսում Հայաաստանում տուրիզմի կարևորության ու զարգացման անհրաժեշտության մասին, սակայն մոռանում ենք, որ տուրիզմը դա ոլորտ է, որը բաղկացած է բազմաթիվ գործող սուբյեկտներից՝ հյուրանոցների, ռեստորաններ, ժամանցային կենտրոններ, թանգարաններ, տեսարժան վայրեր ու նրա զարգացումը այս բոլոր բաղադրիչների զարգացումից է բխում: Այսինքն՝ մեր, ինչպես նաև տուրիզմի ոլորտի պատասխանատուների խնդիրն է այս ամենը պահել ուշադրության կենտրոնում, հետևել մաքրությանն ու նրանց ճշգրիտ աշխատանքին: Բայց իրականությունն այլ բան է ցույց տալիս: Եթե Երևանը համեմատաբար ցիվիլ գոտի է համարվում, տուրիստական էթիկայի նորմերը պահպանվում են, ապա մարզերում, որտեղ էլ գտնվում են հանգստի գոտիների զգալի մասը, տուրիզմի մշակույթը դեռևս սարերի հետևում է: Հյուրանոցներում տնավարի (բառիս բացասական ու անճաշակ իմաստով) ընդունում են, հետո պարզվում է, որ տուրիստական ընկերության նախապես ներկայացրած պայմանների կեսը չափազանցություն է, ջուրը մաքուր չի, կենցաղային տեխնիկան չի աշխատում, նկարներում ֆոտոշոփի ու լուսանկարչական հնարքների ազդեցությունը չափազանց մեծ է, հյուրանոցը աղմկոտ վայրում է և բացարձակապես գոյություն չունի այն չեզոքացնոելու որևէ միջոց, մենյուն խիստ աղքատիկ է... էլ չեմ ասում մի շարք այլ անհարմարություններ են հանդիպում, որոնք պարզապես անձնակազմի ոչ պրոֆեսիոնալ լինելու հետևանք են: Աշխատակիցների համազգեստի բացակայությունն էլ դեռ մի կողմ: Շատ հյուրանոցներում այս վիճակն է տիրում՝ մի տեղ մի քիչ ավելի, մի տեք մի բան պակաս... բայց էն հյուրանոցում, որտեղ օրերս ես եմ հանգստացել, ավելի ճիշտ՝ անհանգստացել, էս ամեն ինչը ոնց որ խտացված լիներ: Ի դեպ, խոսքը Դիլիջանի Ընտանեկան հանգստի տուն (Family rest house) կոչվող հյուրանոցի մասին է: Ու զարմանալին էն է, որ հյուրանոցում մոռացված կարևոր իրը մեր գալուց հետո բռնել թափել են: Ու իմ հետ պահանջելուն ի պատասխան ասում են, որ իրենք չեն իմացել ինչ իր է (մինչդեռ եղել է մաքուր տոպրակի մեջ, միանգամայն հասկանալի տեսքով) ու թափել են, ես եմ մեղավոր, որ մոռացել եմ, իրենք ի՞նչ կապ ունեն: Մինչդեռ ամբողջ աշխարհում հայտնի է ու տարրական նորմ է այն, որ հաճախորդի համարը հանձնելուց հետո այն հավաքել-մաքրելիս գտնված իրերի մասին անմիջապես տեղյակ է պահվում հաճախորդին: Հիմա ենթադրենք ֆորս-մաժորային իրավիճակի պատճառով իրերս թողած-գնացած լինեի հյուրանոցից, ուրեմն իրերիս միջից ինչը չհասկանային ինչ է, պետք է թափեի՞ն: Ըստ որում, այդ իրը եղել է բժշկական իր՝ գնված Մոսկվայում, ինչն արդեն ենթադրում է, որ այն նույն տեսքով ստանալը կարող է լուրջ խոչընդոտների հետ կապված լինել: Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի և Էկոնոմիկայի նախարարության այլ պատասխանատու անձանց ուշադրությունն եմ ուզում հրավիրել տեղի ունեցածի վրա, ընդգծելով հյուրանոցի աշխատակիցների անփույթ ու զբոսաշրջության ոլորտի համար վնասակար վերաբերմունքը: Ո՞վ է այս պարագայում պատասխանատու: Պետական մակարդակով, օրենքով զբոսաշրջության ոլորտը հռչակված է տնտեսության գերակա ճյուղ: Ո՞ւր են ՀՀ էկոնոմիկայի նախարարության վերահսկողությունն ու քայլերն այս ու նմանօրինակ այլ երևույթների կանխարգելման և վերացման ուղղությամբ: Ու եթե էսքան վրդովված չլինեի հյուրանոցի պատասխանատուների անտակտությունից, թերևս չնշեի հյուրանոցի անունը, սակայն հիմա ստիպված եմ խորհուրդ տալ ընկերներիս ու ծանոթներիս՝ հնարավորության դեպքում խուսափել հյուրընկալվել Դիլիջանի Ընտանեկան հանգստի տանը՝ Family rest house-ում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.petrosyan.33/posts/1438580959489090 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանյան տնտեսությանն առնչվող խնդիրների շրջանակում առավել չարչրկված թեման «Նաիրիտ»-ի հետ կապված թեման է, ներառյալ գործարանի վերագործարկումը, նոր ներդրումների ներգրավումը, աշխատողների աշխատավարձերի վճարումը և այլն: Այս առումով պետք է նկատել, որ սա ոչ ստանդարտ խնդիր է, քանի որ գործարանն ունի ահռելի չափեր, հետևաբար, թե՛ դրանում արվելիք ներդրումները, թե՛ մասնագիտական անձնակազմի վերապատրաստումը, թե՛ արտադրանքի սպառումը մեծ ջանքեր են պահանջելու: Ու այս հանգամանքն ինքնին բարդացնում է «Նաիրիտի» վերագործարկման գործընթացը, պահանջում տևական ժամանակ, անգամ տարիներ: Հնարավոր ներդրողներ պարբերաբար հայտնվել են: Առաջարկել են այս կամ այն չափի գումար ներդնել, ցանկություն են հայտնել վերագործարկել «Նաիրիտ»-ը, առաջարկել են իրենց հարկային արտոնություններ տրամադրել և այլն: Բայց այս ամենում հարկավոր է ընդունել ու հասկանալ մի շատ կարևոր սկզբունք. Գործարանը, լինելով լուրջ կառույց, պահանջում է մանրամասնորեն կազմված ծրագիր՝ իր բոլոր հիմնավորումներով՝ ֆինանսական ապահովվածությամբ: Խոսքն այստեղ վերաբերում է տասնյակ միլիոնավոր դոլարների և այն չի կարող ծախսվել հենց այնպես, առանց մանրամասն հաշվարկման: Ներդրում անելու պատրաստակամություն հայտնած Աշոտ Գրիգորյանի գլխավորած «EU-ASIA Business Finance Centre»-ը ևս պետք է հետևի այս սկզբունքին: Սակայն այս կազմակերպությունը վերջերս է հիմնադրվել և նրա փորձի ու պատրաստվածության մասին ոչինչ հայտնի չէ: Այս առնչությամբ ՀՀ էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանն ասել է. «Ընդհանրապես «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգի գործունեության հետ կապված կան բազմաթիվ հարցեր։ Այդ թվում՝ մեզ հայտնի չէ, թե նախկինում երբեւէ նման աշխատանք իրականացրե՞լ է, թե՞ ոչ, ունի՞ այդպիսի փորձ։ Այս հարցերի պատասխանները շատ կարեւոր են։ Այլապես ցանկացած ոք կարող է գալ եւ նման առաջարկություն անել։ Վերցնել «Նաիրիտի» բաժնետոմսերը, գրավադրել որեւէ բանկում, վարկ ստանալ, ծախսել ինչպես կամենա, իսկ հետո հայտարարել, թե վերագործարկման ծրագիրը չստացվեց, եւ բանկը կարող է գործարանի բաժնետոմսերը վերցնել վարկի դիմաց։ Մենք մտադիր չենք կանգնել նման իրավիճակի առջեւ»: Այս առիթով հարկ է նաև ընդգծել, որ Նաիրիտի կուտակած բազմաթիվ պարտքերի մեծ մասը հենց անհաջող ներդրումների ու վերագործարկման չստացված փորձերի հետևանք են, որոնք այնուհետև փակվում են հարկատուների հաշվին՝ պետբյուջեից: Մյուս կողմից էլ Նաիրիտցիները ոգևորված են Ա. Գրիգորյանի առաջարկով ու պահանջում են կառավարությունից քննել առաջարկվող ծրագիրն ու աջակցել ներդրողին: Սակայն, այս թնջուկը լուծելու համար հարկավոր է, որ թե՛ ներդրումներ անելու պատրաստ կողմը, թե՛ էներգետիկայի նախարարությունը ավելի բաց գործեն: Լրատվամիջոցներում հնչող կիսաառեղծվածային ու ոչ ամբողջական հայտարարությունների փոխարեն անհրաժեշտ է, որ կազմակերպվի որևէ ձևաչափով հանրային քննարկում, որին կմասնակցեն ներդրողները, էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպության մասնագետներ, գործարանի աշխատակից-մասնագետներ և այլոք: Նախ և առաջ ներդրում անելու պատրաստ ընկերությունն ավելի մանրամասն թող ներկայացնի իր ծրագիրը, մասնագետները կարծիք հայտնեն, նախարարության ներկայացուցիչներն էլ եթե մերժելու են, թող ավելի հիմնավոր ներկայացնեն իրենց կետերը: Այլապես էներգետիկայի նախարարության փակ գործելաոճը ևս մի շարք հարցերի ու կասկածների տեղիք է տալիս, ինչն էլ բարկացնում է նաիրիտցիներին: Եվ այդ ամենից խուսափելու համար հարկավոր է բաց, հանրային քննարկում, որտեղ բոլոր կողմերը կասեն իրենց ասելիքը: Ի վերջո, «Նաիրիտ»-ն այն ձեռնարկությունն է, որի հետ կապված ծրագրերնն ու գործողությունները պետք է առավելագույնս մտածված ու կշռադատված լինեն՝ թե՛ իշխանությունների, թե՛ ներդրողների, թե՛ աշխատակիցների մասով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.petrosyan.33/posts/1437266536287199 ...

    Կարդալ ավելին
  • ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Հայաստանյան ներքաղաքական դաշտում ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում: Քաղաքական ուժերը վերադասավորում են իրենց ուժերը, համագործակցություն հաստատում միմյանց հետ՝ պատրաստվելով սեպտեմբերի վճռական պայքարին: Շատ է խոսվում այն մասին, որ հատկապես Վանաձորի ու Գյումրիի ավագանիների ընտրություններն արտացոլելու են գալիք տարում խորհրդարանական ընտրությունների հավանական պատկերը: Մինչդեռ ընդդիմադիր դաշտում ակտիվ խմորումները կարծես թե լուրջ կոալիցիաների ձևավորման չեն հանգեցնում: Ընդդիմադիր քաղաքական ուժերից շատերը պատրաստվում են հանդես գալ առանձին-առանձին: Համենայն դեպս այս պահին այդպես է թվում: Եվ եթե այս ընտրություններում ընդդիմադիր ուժերը պարտություն կրեն, դա կլինի ևս մեկ հարված ընդդիմության հեղինակությանը՝ այն էլ 2017-ի վճռական փուլից անմիջապես առաջ: Թվում է՝ «Լուսավոր Հայաստան»-ի դիրքերը Վանաձորում ամուր են, բայց ԲՀԿ-ի մասնակցությամբ ընդդիմադիր ընտրազանգվածը բաժանվում է երկու մասի՝ հեշտացնելով իշխող կուսակցության թեկնածուի գործը: Նույնը՝ Գյումրիում: ԳԱԼԱ-ն, կարելի է ասել, այնտեղ առաջատար ընդդիմադիր ուժ է, սակայն «Ալյանս»-ի ու ՀՅԴ-ի մասնակցությունը մեծապես նպաստելու է իշխանական թեկնածու, գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի դիրքերի ամրացմանը: Գյումրիի ընտրությունները մի հետաքրքիր կողմ էլ ունեն: Այստեղ հնարավոր է մասնակցի նաև «Համախմբում»-ը, ինչպես նաև ՀԱԿ-ը սատարի ԳԱԼԱ-ին: Այսինքն՝ փաստացի հիմնական ընդդիմադիր դաշտը կարող է մասնակցել ընտրություններին: Եվ եթե իշխանությունը հաղթանակ տանի, դա ցույց կտա ընդդիմության ոչ կենսունակ լինելը նաև միմյանց հետ լեզու գտնելու ու դաշինքներ կազմելու առումով: Մինչդեռ եթե ընդդիմությանը հաջովի ավելի մեծ կոալիցիաներ ձևավորել, դա արդեն ընդդիմադիր ուժերի հաղթանակի գրավական կարող է դառնալ: Այսինքն՝ երկու դեպքում էլ Գյումրիի ընտրությունները թույլ են տալու որոշակի պատկերացում կազմել 2017-ի համապետական ընտրությունների արդյունքների մասին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.petrosyan.33/posts/1422646824415837 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին տարիներին բազմաթիվ քաղաքացիական ու քաղաքական ակցիաներ են տեղի ունեցել Հայաստանու, որոնց մասնակցել կամ լուսաբանել եմ այս կամ այն չափ ակտիվությամբ: Այդ ակցիաները միշտ խոսել են ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացածության բավական բարձր մակարդակի մասին: Բայց Հուլիսի 17-ին Երևանի ՊՊԾ գնդի վրա տեղի ունեցած հարձակումից հետո ծայր առած պերմանենտ ակցիաները կարծես թե նկատելիորեն տարբերվում են վերոնշյալ բոլոր հավաքներից: Ըստ իս դրա հիմնական պատճառն այն է, որ ակցիայի առիթը ինքնինի յուրահատուկ էր ու պարունակում էր ռազմական բաղադրիչ: Այն որքան էլ աննախադեպ էր, նաև վատ իմաստով, այնքան էլ մարդկանց վանում էր ընդհանուր գործընթացին մասնակից դառնալուց: Ակցիայի բնորոշ գծերից մեկը կարելի է համարել անկազմակերպ բնույթը: Եթե ուշադիր հետևենք, իր զարգացման 5 օրերի ընթացքում այն մի քանի առաջնորդ է փոխել, ինչը խոսում է ակցիայի՝ ոչ մի տեղ գնացող հատկանիշի ու անկանխատեսելիության մասին: Վերջին 4 օրերին ակցիայի մասնակիցների թվաքանակը էականորեն չի փոխվել. պտտվում է 700-1000-ի շրջակայքում: Դա խոսում է այն մասին, որ հավաքը աճելու պոտենցիալ չունի: Մենք գիտենք, որ զանգվածային ակցիայի աճի առաջին հատկանիշը մարդկանց թվաքանակի ավելացումն է: Զանգվածային միջոցառումները սովորաբար ունենում են իրենց պայմանները կամ պահանջները հռչակող փաստաթուղթ, ինչը, սակայն, այս պարագայում դեռևս չի ընդունվել: Կազմակերպիչներից Անի Նավասարդյանը երեկ նշել էր, որ այդ գործընթացն առայժմ հայտարարությունների մակարդակում է: Հրավիրվել են մասնագետներ՝ հռչակագրի տեքստը կազմելու համար, սակայն արձագանքներ դեռևս չկան: Արդյո՞ք այս հանգամանքը չի խոսում հանրային դեմքերի կողմից ակցիան ոչ բավարար չափով սատարելու, կամ այն լուրջ չընդունելու մասին: Արդեն մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների ակցիայի մասնակիցները վանել են իրենցից՝ հայտնելով նրանց չընդունելու ու համագործակցվության ցանկության բացակայության մասին: Օրինակ՝ ԲՀԿ, Համախմբում կուսակցություններ, մի շարք այլ քաղաքական գործիչներ, ովքեր գալով ակցիայի վայր, միևնույն է հարցազրույցներ տալուց այն կողմ չեն անցել: Միայն նորմալ հարաբերություններ կան Ժառանգության ներկայացուցիչների հետ, այն էլ անհատական ակտիվության մակարդակով: Արդյունքում կազմակերպվածությունը խիստ տուժում է և հանգեցնում բախումների ոստիկանության հետ, ինչպես տեղի ունեցավ հուլիսի 20-ի երեկոյան, երբ իրավիճակի վրա այլևս ազդեցություն չուներ նույնիսկ ողջ գործընթացում ակտիվորեն ներգրավված Նիկոլ Փաշինյանը: Մենք այդ օրը ականատես եղանք մի երևույթի, որը չէր հանդիպել նախկինում: Ակտիվությունն ամբողջությամբ փոխանցվել էր ոչ ադեկվատ ու ագրեսիվ տրամադրված զանգվածի ու ակցիան ուղեկցվում էր լոկալ կոնֆլիկտներով, հրմշտոցով, ուղիղ եթերում հնչող հայհոյանքներով: Կրկնեմ, դա առաջին հերթին ադեկվատ ղեկավարի բացակայության հետևանք էր: Բնականաբար, հուլիսի 20-ին շատ արդյունավետ աշխատում էին սադրիչներ: Սա ասում եմ որպես իրադարձությունների ականատես: Ակնհայտորեն բախումը սկսվելու պահին ու դրանից հետո էլ այդ գործընթացին մասնակցում էին ընդամենը 30-40 մարդ: Հավաքվածների մնացած 95 տոկոսը պասիվ կանգնած հետևում էր: Եվ վերջապես, գոյություն չունի հստակ գործողությունների ծրագիր: Դա ևս ապացուցել են վերջին օրերի գործողություններում օրինաչափության բացակայությունն ու անընդհատ հնչող՝ <<Հարգելի մասնակիցներ ի՞նչ առաջարկներ կան, հիմա ի՞նչ անենք>> հարցը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.petrosyan.33/posts/1395933750420478?notif_t=close_friend_activity¬if_id=14691877139 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն