• Արտյոմ Տոնոյան
  • Պաշտոնական հանդիպումների ժամանակ քննարկվող ոչ բոլոր խնդիրներն են հանրայնացվում։ Թերևս այդպես կարող էր լինել նաև Իրանի և Ադրբեջանի նախագահների՝ Բաքվում ունեցած հանդիպման պարագայում։ Ադրբեջանական իշխանությունների վարած արտաքին քաղաքականության քարոզով զբաղվող քաղաքագետներից մեկը բավական մանրամասն հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին՝ մեկնաբանելով այն հարցը, թե ինչպիսին պետք է լինի պաշտոնական Բաքվի դիրքորոշումը, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ գործողություններ սկսեն Իրանի դեմ։ Մեկնաբանության մեջ քաղաքագետը, հղում անելով ԱՀ գործող նախագահի հայտարարություններին, փորձել է հավատացնել, որ Ադրբեջանը որևէ պետության թույլ չի տալու օգտագործել իր տարածքն ընդդեմ Իրանի։ Սակայն հետաքրքիր է, որ քաղաքագետը մի քանի անգամ շեշտել է այն, որ այդ համատեքստում Իրանի կասկածները միշտ կապված են Ադրբեջանի հետ, և Իրանը չի կարողանում հաղթահարել Ադրբեջանի հանդեպ իր ունեցած կասկածներն ու վախերը։ Այստեղ է, որ հարց է առաջանում, թե որտեղի՞ց քաղաքագետին վստահություն, որ Իրանը չի կարողանում հաղթահարել Ադրբեջանի հանդեպ ունեցած կասկածներն ու վախերը, եթե տևական ժամանակ իրանական մամուլում այդպիսի շեշտադրումներով հրապարակումներ չեն եղել, առավել ևս՝ բավական երկար ժամանակ այդպիսի հայտարարություններ չեն արվել ԻԻՀ պաշտոնյաների կողմից։ Տրամաբանական է թվում այն, որ խնդիրը կարող է արծարծված լինել երկու երկրների նախագահների առանձնազրույցի ժամանակ և միայն մեկ շաբաթ անց այսպիսի մեկնաբանությունների միջոցով, այնուամենայնիվ, հնարավոր է լինում կռահել հանդիպման ավելի հետաքրքիր կողմերի մասին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10212296851597204 ...

    Կարդալ ավելին
  • Բավական հետաքրքիր են ադրբեջանցի զինծառայողների հուշերը 2016թ.-ի ապրիլյան մարտերից, որոնք քարոզչական նպատակներով պարբերաբար տեղ են գտնում տարբեր կայքերում։ Քարոզչական բաղադրիչը երբ փորձում ես դուրս բերել ու իրականությունը վերականգնել, տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցի զինծառայողները հարձակման են դուրս եկել ոչ թե «հողեր ազատագրելու», այլ «ծրագրված հայկական հերթական ուժեղ սադրանքից նախահարձակ գործողությամբ պաշտպանվելու»։ «Սպասվող ուժեղ հայկական սադրանք», որի մասին տեղեկություններ են ունեցել իրենց հրամանատարները։ Զինվորին հենց ինքնապաշտպանության և ոչ թե «հողերի ազատագրության» կոչով դիմող ադրբեջանցի հրամանատարի տեքստը ենթադրաբար այսպիսի տեսք պետք է ունենար. «Այսպես թե այնպես հայերն ուժեղ սադրանք են նախապատրաստել ու գալու են։ Մեր փրկությունը լինելու է հանկարծակի հարձակվելը»։ Գուցե կարող եմ սխալվել, բայց նկարագրվածը պարբերաբար հանդիպող այդպիսի տեքստերից ստացածս տպավորությունն է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10212297186485576 ...

    Կարդալ ավելին
  • Իրանական խոսքի մշակույթի երևի ամենակարևոր առանձնահատկությունը պատկերավորությունն է և համեմատությունը։ Երկրի նախագահից մինչև տաքսու վարորդ իրենց խոսքը կառուցում են պատկերավոր համեմատությունների ու այլաբանությունների վրա։ Մի օրինակ Իրանի նախագահի վերջերս ունեցած մի ելույթից, որն ուղղված է իր կառավարության գործունեությունը քննադատողների դեմ․ «Հարվածել կառավարությանը նշանակում է հարվածել իսլամական կարգին։ Եթե ոմանք մտածում են՝ թուլացնենք կառավարությունը, որ իսլամական կարգն ուժեղանա, ապա դրանք շատ տարօրինակ մոտեցնումներ ունեցողների շարքից են։ Իսլամական կարգի ծանր բեռի մի զգալի մասը հենց կառավարությունն է իր ուսերի վրա կրում։ Ճիշտ նույն կերպ ոմանք մտածում են, եթե կառավարությունը թուլացավ, ուրեմն որոշ այլ կառույցներ ուժեղանալու են։ Ո՛չ, այդպես չէ։ Իրականում սա մի նավ է, որի մեջ նստած ենք բոլորս և եթե հանկարծ փորձեք այդ նավի մի մասը վնասել, ապա արդյունքում ողջ նավն եք խորտակելու, և սա է այն ամենակարևոր կետը, որ պետք է բոլորս հասկանանք»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10212082831046824 ...

    Կարդալ ավելին
  • Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) ստամբուլյան գագաթնաժողովում Իլհամն այսօր ելույթն է ունեցել Երուսաղեմի խնդրի առնչությամբ և սովորության համաձայն, առիթը բաց չթողնելով, իսլամական այդ հարթակից կրկին հայտարարել է, որ՝ «աշխարհի մուսուլմանները պետք է իմանան, որ մզկիթներ քանդող Հայաստանը չի կարող լինել մուսուլմանական երկրների բարեկամ»։ Այսօր՝ ժամային առումով ճիշտ Իլհամի ելույթի պահին, իրանական ազդեցիկ լրատվամիջոցներից մեկը տարածել է տեղեկություն, ըստ որի՝ Բաքվում՝ այս անգամ «8-րդ թաղամաս» անվամբ հայտնի հատվածում, Բաքվի իշխանությունները փակել են շիա մուսուլմանների կարևոր կրոնական հավաքատեղին (մեհդիե) և արգելել հավատացյալների մուտքն այնտեղ՝ հրապարակումը վերնագրելով «Բաքվի իշխանության նոր քայլը՝ ԱՀ բնակչության մեծամասնության դեմ ուղղված»։ Իրանական կայքի փոխանցմամբ՝ դա իրանական Ղոմ քաղաքում կրթություն ստացող և Ադրբեջան վերադարձող շիա հոգևորականների ամենակարևոր կենտրոններից էր, որը գործունեություն էր ծավալում նաև ծայրահեղ իսլամական հոսանքների քարոզչության դեմ։ Հ. Գ. Վերջին մեկ տարվա ընթացքում Իլհամ Ալիևի հրամանով միայն Բաքվում ոչնչացվել են և հիմնահատակ քանդվել առնվազն երկու մզկիթ՝ Միրալաքբարի մզկիթը Մուրթուզա Մուխթարով փողոցում և Հաջի Ջավադի մզկիթը Բաքվի Յասամալ թաղամասում՝ Աբդուլլա Շաիղի անվան փողոցում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10211347349460244 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահի մակարդակով իսլամական հարթակներից հնչող այն զրպարտանքները, թե Հայաստանը «մզկիթներ» քանդող երկիր է, ուստի «չի կարող համարվել մուսուլմանական երկրների բարեկամ», գրեթե անարձագանք են մնում իրանական մամուլում։ Փոխարենը, ԻԻՀ հեղինակավոր «Fars» գործակալությունը հայկական լրատվամիջոցներից արտատպում է և իրանական լսարանին ներկայացնում «ՀՀ նախագահ. Իսլամի և Ադրբեջանի ժողովրդի հետ որևէ խնդիր չունենք» վերտառությամբ հոդված, որտեղ մեջբերված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական նոր ծրագրի մեկնարկին ունեցած ելույթում կատարած հետևյալ հայտարարությունը․ «Մենք Ադրբեջանի ժողովրդի կամ իսլամի հետ որևէ խնդիր չունենք և վստահ ենք, որ այդ երկրի քաղաքացիները խաղաղության են ձգտում ու այդ ցանկությունը պիտի ճիշտ միջոցներով արտահայտվի»։ Ակնհայտ է, որ Իրանում շատ լավ գիտեն, որ մզկիթներ ոչ թե հայերն են քանդում, այլ հենց՝ Ալիևյան կլանը, և ամեն կերպ փորձում են սեփական ժողովրդին, հատկապես ադրբեջանական քարոզին ոչ անհաղորդ ատրպատականյան հատվածին, զերծ պահել Ադրբեջանից տարածվող ապատեղեկատվությունից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10211012342845288 ...

    Կարդալ ավելին
  • ԱՀ-ում 2018թ․-ին սպասվում են նախագահական ընտրություններ և ահա ադրբեջանական ընդդիմադիր լրատվական կայքերից մեկը «Ո՞վ կարող է լինել Ադրբեջանի հերթական նախագահը» թեմայով առցանց քվեարկություն է սկսել։ Թեկնածուների ցանկը ներկայացվում է ստորև․ - Իլհամ Ալիև (ԱՀ գործող նախագահ) - Մեհրիբան Ալիևա (ԱՀ գործող առաջին փոխնախագահ) - Իսա Ղամբար («Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ) - Ալի Քարիմլի («Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության» առաջնորդ) - Սարդար Ջալալօղլու («Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության» համահիմնադիր) - Ղուդրաթ Հասանղուլիև («Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության» առաջնորդ, 2013թ․-ի ԱՀ նախագահական ընտրությունների թեկնածու) - Իղբալ Աղազադե («Ադրբեջանի հուսո կուսակցության» նախագահ) - Ռասուլ Ղուլիև («Ապագային Ադրբեջան կուսակցության» նախագահ) - Հաֆիզ Հաջիև («Ժամանակակից մուսավաթական կուսակցոության» նախագահ) - Իլղար Մամեդով (ԱՀ հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ։ Գտնվում է բանտում)։ Այս պահին դեռ քիչ թվով մարդիկ են քվեարկել։ Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ ԱՀ առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի օգտին տրվել են ավելի շատ ձայներ(18%), քան նրա ամուսնու՝ գործող նախագահ Ի․Ալիևի օգտին(5%)։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10210757167786071 ...

    Կարդալ ավելին
  • Զաքիր Հասանովի՝ Իսրայել կատարած այցին գրեթե զուգահեռ Իրանում լույս է տեսել մի մեծածավալ ուսումնասիրություն, որտեղ քննարկված են Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները և դրանց հետևանքներն ամենայն մանրամասնությամբ։ Խոսքը Բորհան Հաշեմիի՝ Իրանում լույս տեսած «Սիոնիստական ռեժիմի հետ Ադրբեջանական Հանրապետության հարաբերությունների նոր ծավալները և դրանց հետևանքները» գրքի մասին է, որտեղ, դատելով բովանդակության ցանկից, բավական մանրամասն քննարկված են ԱՀ-Իսրայել հարաբերությունների քաղաքական, տնտեսական, կրոնական, մշակութային և այլ ասպեկտներ։ Ուսումնասիրության մեջ հատկապես մեծ ուշադրություն է դարձվել ԱՀ-Իսրայել ռազմական համագործակցության ոլորտին, այդ համագործակցությունից բխող տարածաշրջանային վտանգներին և սպառնալիքներին։ Ակնհայտ է, որ Իրանը Հ․Ռուհանիի կառավարման երկրորդ շրջանում սկսում է ավելի մեծ ուշադրություն դարձնել Ադրբեջան-Իսրայել հարաբերություններին և դրանից բխող վտանգներին։ Զաքիր Հասանովի՝ Իսրայել կատարած այցի և ԻԻՀ-ԱՀ հարաբերություններում առկա բացասական երանգների ֆոնին կատարյալ կլիներ տեսնել հիմա ԻԻՀ և ՀՀ պաշտպանության ոլորտների պատասխանտուների նոր փոխայցեր և այդ ոլորտում հնարավոր համագործակցությունների նոր ուղիների որոնումներ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10210726709944644 ...

    Կարդալ ավելին
  • Ալիևը հերթական անգամ ցույց է տալիս, որ ԻՀԿ-ն իր համար միայն թատրոն է, ինքն՝ այդ թատրոնի դերասան, իսկ դրա անդամները՝ միամիտ ունկնդիրներ՝ երեկ տեղի ունեցած գագաթնաժողովից մեկ օր հետո Իսրայել գործուղելով Զաքիր Հասանովին։ Երեկ ԱՀ նախագահ Ի․ Ալիևը Գիտության ու տեխնոլոգիաների հարցերով Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների առաջին գագաթնաժողովի ժամանակ, ակնարկելով որոշ իսլամադավան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման ու խորացման փաստը, հայտարարել է, որ Հայաստանը չի կարող իսլամական որևէ պետության բարեկամ լինել, քանի որ «Ադրբեջանի տարածքում մզկիթներ է ավիրում»։ Չանդրադառնալով ԱՀ նախագահի հայտարարությանը՝ իրանակությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու խնդրին, ավելի տեղին կլինի հասկանալ, թե ինչքանով ունի Ադրբեջանի նախագահը նմանատիպ հայտարարություններ անելու իրավունք իսլամական տարբեր ամբիոններից։ Նախ՝ Ադրբեջանում Ի․ Ալիևն ինքը հայտնի է որպես մզկիթներ քանդող։ Միայն անցած տարի մայրաքաղաք Բաքվում քանդել է 2-3 շիայական մզկիթ։ ԱՀ շիա հավատացյալները զրկված են բոլոր իրավունքներից՝ ընդհուպ մինչև իրենց հավատքի ամենասրբազան ծեսը նշելու հնարավորությունից, իսկ բանտերում, ինչքան ասես, հավատացյալներ կան հենց միայն նրա համար, որ, ասենք, ուրբաթօրյա աղոթքի են մասնակցել։ Բացի այդ՝ Ադրբեջանը սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, որի հանդեպ քննադատությունը և որի դեմ բանաձևերի ընդունումը ԻՀԿ անդամ երկրներին համախմբող միակ բանն է։ ԱՀ նախագահ Ի․ Ալիևը փաստացիորեն ծաղրում է ԻՀԿ անդամ երկրներին և, առհասարակ, իսլամը՝ երեկվա իր ելույթից հետո այսօր արդեն Իսրայել գործուղելով պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10210707233217738 ...

    Կարդալ ավելին
  • Հեյդար Ալիևի արձաններն անթիվ են Ադրբեջանում։ Երևի դեռ ոչ ոք չի էլ հաշվել դրանց թիվը։ Բայց դրանք անպայման ունենալու են առաջիկայում մրցակից։  Ռովշան Լենքորանսկու գերեզմանի արձանը Հեյդարի արձաններին ոչնչով չի զիջում։  Ի դեպ, նշված երկուսին միավորող ահագին բաներ կան։ Օրինակ՝ երկուսն էլ «օրենքի» պաշտպաններ էին․ մեկը «սահմանադրական օրենքի», իսկ մյուսը «գողական օրենքի ու ճշտի»  Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10210525659078498&set=a.1674250576890.2081873.1256201785&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • «Պետք է նշեմ, որ երկու երկրների միջև առանձնահատուկ հարաբերությունների առավել զարգացման համար կան բազմաթիվ ոլորտներ, որոնց արմատները գնում են դեպի հազարամյակների խորքեր։  Հայաստանի և Իրանի ժողովուրդների բարեկամությունն այնքան ամուր է, որ մենք պետք է միայն պահպանենք դարերի ընթացքում մեզ կտակված և մեր միասնության գրավական հանդիսացող ընդհանրությունները և մտածենք հարաբերությունների էլ ավելի խորացման ուղղությամբ։ Այդ ժառանգությունն այն ամուր ու վստահելի սյունն է, որի վրա կառուցվում են մեր հարաբերությունները։  Իրանը և Հայաստանը տարածաշրջանի հնագույն և ամենահարուստ քաղաքակրթությունների ժառանգներն են, երկրներ, որոնց անքակտելի կապը միքանիհազարամյա հարևանության պտուղ է»։ ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն