• Վարդան Նիկոյան
  • Հարգելի ընկերներ, այսօր ԶԼՄ-ներում ակտիվ տարածվեց մի հոդված, որտեղ նշվում է, որ Վարդան Նիկոյանը «թռել է» ԱՄՆ՝ ուսանելու, ընդ որում՝ հոդվածի տեքստից այնպես է ստացվում, իբր նոր եմ մեկնել այնտեղ: Իհարկե, բնավորությանս համաձայն, չէի անդրադառնա հերթական «լրագրողի» «պրոֆեսիոնալիզմի» դրսևորմանը: Նախ՝ ես դեռ հունվար ամսից եմ ԱՄՆ-ում գտնվում և սովորում Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում: Ավելին՝ ընդունելության մասնակցության հայտը մոտ 10 ամիս առաջ եմ ուղարկել: Դժվար թե 10 ամիս առաջ որևէ մեկը կռահեր պատերազմի մասին: Երկրորդ՝ ինձ ճանաչող մարդիկ լավ գիտեն, որ ես ծառայել եմ հայոց բանակում, իսկ իմ գործունեության ընթացքում ուժերիս ներածին չափով միշտ աջակցել մեր զինվորներին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կանգնած եմ եղել իրենց կողքին՝ նույն առաջնագծում (թեև սա առաջին դեպքն է, որ դրա մասին հրապարակային հայտարարում եմ): Երրորդ՝ հունիս ամսվա վերջին վերադառնալու եմ: Մյուս հնարքը, որին դիմել է «լրագրողը», տարիքս ավելացրել հասցրել է 33՝ փորձելով նկարագրել իմ պարագայում կրթության ավելորդությունը: Նույնիսկ ծիծաղելի է:  Եվ հոդվածագրի նյութից ակնհայտ է դառնում, թե իր արժեքային համակարգում որքան ցածր տեղ է զբաղեցնում բարձրորակ կրթությունը: Բայց հոդվածագիրը մի լավ միտք ինձ տվեց: Որոշել եմ երբ 33 դառնամ մեկ անգամ էլ գամ սովորելու: Կից նյութը` այստեղ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/nikoyan/posts/1064656220248036 ...

    Կարդալ ավելին
  • Շատերիս են հարցրել «կցանկանաի՞ր լինել նախագահ»: ԵՎ շատերն այս հարցին տալիս են բացասական պատասխան: Նրանց մի մասը՝ զուտ անհամեստ չերևալու համար, իսկ մյուս մասը գիտակցելով պատասխանատվության աստիճանը, ծանրաբեռնվածությունն ու չափազանց դիմացկունության անհրաժեշտությունը՝ ինչի ականատեսն եղա վերջին մի քանի օրերին:  Հանրապետության նախագահի աշխատանքային գրաֆիկը սկսվեց դեռ օդանավակայանից՝ 14 ժամանոց անընդմեջ թռիչքից անմիջապես հետո:  Ներկայացնեմ նախագահի մեկ օրվա գրաֆիկը: Թերևս ամենաթեթև օրվա: 30-ը Մարտի 2016 թ. Առավոտյան ժամը 9-ին (Հայաստանում ժամը 17:00) դիմավորեցինք ՀՀ նախագահին Թաֆթս համալսարանում: Չեմ բացառում, որ մինչ այդ նախագահն արդեն հասցրած լիներ կապի միջոցներով աշխատանքային ինչ-ինչ հարցերի անդրադարձած լիներ: Այցի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Ֆլետչեր դպրոցի դեկան ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի հետ: Մոտ մեկ ժամ տևած նախաճաշ-զրույցից հետո նախագահը տեղափոխվեց այն սրահը, որտեղ արդեն սպասում էին Թավիդյան հիմնադրամի կրթաթոշակի ծրագրի մասնակից ուսանողները: Շատ բովանդակային ու անկեղծ զրույցին հաջորդեց հարց-պատասխանը, որը նախատեսված կես ժամի փոխարեն տևեց մոտ մեկ ժամ: Այնուհետև սրահ ժամանեցին պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, որոնց հետ ևս շատ բովանդակային քննարկում անցկացվեց: Այս անգամ հարց տվողի դերում հանդես եկավ նաև նախագահը՝ լսելով միջազգային իրավունքի բարձր հեղինակություն վայելող պրոֆեսորների կարծիքներն ու մոտեցումները ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ: Չնայած այս հանդիպումներն անցնում էին շատ ջերմ մթնոլորտում, այնուամենայնիվ քննարկվող թեմաները պահանջում էին գերկենտրոնացում և մեծ ուշադրություն յուրաքանչյուր հնչած բառի նկատմամբ: Հավատացեք, շատ բարդ է: Այնուհետև եկավ համալսարանի նախագահ Էնթընի Մոնակոյի հետ հանդիպման պահը: Հանդիպմանը, համաձայն նախապես հաստատված արարողակարգային ծրագրի, պետք է հաջորդեր 20 րոպեանոց կարճատև հանգիստ: Սակայն, քանի որ, ուսանողների հետ հանդիպմանը նախագահը չէր ցանկացել մեր հարցերը անպատասխան թողնել, ծրագրից մոտ կես ժամ շեղում էր առաջացել: Իսկ հաջորդ հանդիպումը Մասաչուսեթսի նահանգապետարանում էր, ուստի 20 րոպեանոց հանգիստը չկայացավ և ավտոշարասյունը անմիջապես ուղևորվեց նահանգապետարան: Այնտեղ արդեն հանդիսավոր արարողությունն էր նախատեսված: Նահանգապետի ու Բոստոնի քաղաքապետի կողմից դիմավորելու և երկու երկրների օրհներգները հնչեցվելուց հետո ՀՀ նախագահին ուղեկցեցին նահանգապետի գրասենյակ՝ կրկին փակ հանդիպման: Նահանգապետի հետ հանդիպումից հետո տեղի ունեցավ լուսանկարման արարողությունը ինչին էլ հաջորդեց ճաշը համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների պալատի անդամների մասնակցությամբ, որից հետո կրկին լուսանկարահանում՝ այս անգամ՝ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշատախտակի մոտ: Այնուհետև նախագահն ուղևորվեց Հարվարդ հածալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոց՝ դասախոսության ու հետո կրկին ուսանողների հետ հանդիպման, կրկին հարց-պատասխան՝ սկսած ֆուտբոլից մինչև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հարցեր, ԵՏՄ, ԵՄ, ԼՂՀ և այլն: Հետո կրկին հանդիպում: Այս անգամ Հարվարդ համալսարանի մարշալ Ջեքի Օ`Նիլի հետ: Հետո նախագահը մեկնեց Սբ. Հակոբ եկեղեցի, ծաղկեփունջ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Արդեն մութ էր: Համայմքի ներկայացուցիչների հետ կարճատև ընթրիքից հետո նախագահը տեղափոխվեց դահլիճ, ուր ներկա էին ավելին քան 600 մարդ: Հնչեցին մի շարք ելույթներ, որոնց նախագահը շատ ուշադիր հետևում էր, նաև անգլերեն լեզվով, որոնց թարգամանությունը մասնագետները շշուկով հնչեցնում էին նախագահի համար: Եվ վերջում կրկին անգամ ելույթի հերթը նախագահինն էր: Այս անգամ ևս, շատ տպավորիչ ելույթ, կարևոր թեզեր և մոտեցումներ, որոնք համայնքի կողմից ընդունվում էին երկար տևող ծափահարություններով: Եվ երբ եկավ օրհնության պահը, արդեն գիտեինք որ ծրագիրն ավարտված է, ժամանակն է վերադառնալու հյուրանոց, սակայն կրկին նախագահը զրույցի բռնվեց համայնքի ներկայացուցիչների հետ և քանի որ զրույցը երկու կողմերի համար էլ շատ հետաքրքիր էր, այն տևեց շատ երկար, ինչից հետո նախագահը մեկնեց հյուրանոց, որտեղ հավանաբար իրեն կփոխանցեին Հայաստանյան լրահոսով և իրադարձություններով բեռնված ipad-ը, քանի որ Հայաստանում արդեն առավոտ էր իսկ աշխատանքը սպասել չի կարող: Իսկ հաջորդ օրը սպասվում էր կրկին հանդիպումներ, թռիչք Վաշինգթոն, մասնակցություն համաժողովի, այց Սպիտակ տուն, հանդիպում Արգենտինայի նախագահի հետ և այսպես շարունակ ... Հ.Գ.  -Իսկ Դուք կցանկանայի՞ք լինել նախագահ: Հ.Գ. 2 Վարդան Նիկոյան 01-ը Ապրիլի 2016թ.  գիշեր, ժամը 2:37  Բոստոն-Նյու Յորք ավտոբուս: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/nikoyan/posts/1043443212369337 ...

    Կարդալ ավելին
  • “Բարձրախոսը միացրեք կոստյումին եւ, խնդրեմ, նստեք, պարոն պրեզիդենտ” . փոքր նեղ աչքեր, մի քիչ կարմրած դեմք, սպիտակող շեկ մազեր ու ճարպիկ շարժումներ` հավանաբար իռլանդիամերիկացի. մի հայացքն էլ բավական էր, որ երեւա` միստր Էլիսոնը կարծրատիպային Հարվարդի կարծրատիպային դասախոս է: Այս բուհի մասին յուրաքանչյուրն ունի իր կարծրատիպը, բայց բոլորի մոտ նույնն են երեւի “ամենա” եւ “ագույն” գերադրական աստիճանները` ամենաառաջադեմը, լավագույնը… անկախ երկրի մեծությունից ու նշանակությունից, դրա նախագահի այցելությունն էլ Հարվարդ ինքնին այստեղ իրադարձություն չէ, իրադարձություն կարող է դառնալ այն` ինչպես կընթանա հանդիպում-դասախոսությունը: Միստր Էլիսոնը պետք է վարեր այս միջոցառումը, այդ պատճառով նախ մոտեցավ նախագահին, ձեռքը սեղմելիս նայեց ուղիղ աչքերի մեջ. տպավորություն էր, որ մտքով անցկացրեց նախագահի կենսագրությունը, որը քիչ անց պետք է ներկայացներ բոլորին: Անցնել տասնյակ հեծանիվների արանքով, հետո մտնել կարմիր աղյուսե պատերով շենք, մտածկոտ եւ խաղաղ դեմքերով ուսանողների միջով բարձրանալ հինգերորդ հարկ ու անցնելով գաղտնի ծառայության աշխատակիցների խիստ հայացների կողքով` մտնել Քենեդու անվան կառավարման դպրոցի մեծ դահլիճ-լսարան: Նախագահ-դասախոսին այստեղ թուղթուգրիչներով ու լիցքավորված պլանշետներով արդեն սպասում էին առաջին կուրսեցիներից մինչեւ իրենց աշխարհահռչակ դասախոսները. նաեւ լրագրողներ, լոբբիստներ, պաշտոնյաներ ու գուցե հարեւան երկրի տեղական ներկայացուցիչներ: Միստր Էլիսոնը շուրջը նայեց, երբ տեսավ, որ լսարանը պատրաստ է` սկսեց ՀՀ Նախագահի կենսագրությունից, մեր օրերից քայլ առ քայլ մինչեւ նախորդ դարի ութսունականների վերջ: Տպավորություն էր, որ թվարկում է կոչումները, ոչ թե պաշտոնները. չէր թաքցնում` հետաքրքրված է իր պրոֆեսոնալ հյուրով եւ ուզում է` նա շուտ սկսի իր դասախոսությունը: Ամեն ինչ տեւեց մոտ մեկ ակադեմիական ժամ, գուցե մի քիչ ավելի: Սկզբում տեսական` զեկույց այն մասին, թե ով ենք մենք եւ ինչ ենք ուզում, հետո գործնական աշխատանք` հարց ու պատասխան: Եթե հարեւան երկրի ներկայացուցիչներ կային, հենց սկզբից լսեցին հարազատ բառերը` “օկուպացիա” եւ “տարածքային ամբողջականություն”. այս անգամ այդ մասին մենք էինք խոսում. թվում էր` նախագահ-դասախոսը հարվարդցիներին պարզագույն ճշմարտություններ է բացատրում` այդ Ստալինը ժամանակին օկուպացրեց Արցախը` ի շահ Ադրբեջանի, բայց ազատ մարդկանց երկիրը երբեք չդարձավ տարածքային ամբողջականության մի մաս Ադրբեջանի համար… Ու այդ ամենը ներկայացվում էր առանց կաթիլ անգամ ագրեսիայի զեկուցողի կողմից. խիստ լսարանը հավանությամբ գնահատեց նախագահին, միստր Էլիսոնը նշումներ արեց նոթատետրում ու շարունակեց լսել: Դասախոսող նախագահը նրան նոր հետազոտման թեմա էր հուշել: 38 րոպեանոց դասախոսությունը գիտական չէր, բայց ադեկվատ էր` առանց զգացական ձեւակերպումների ու շեղող բառախաղերի նախագահը միստր Էլիսոնին ու մյուս հարվարդցիներին պատմում էր Հայաստանի ու հայերի երազանքների եւ իրականության մասին, հպարտանում էր հիմնական հաջողություններով ու առանց կեղծ հեգնանքի` խոստովանում թերությունները: Ելույթը խաղաղ էր ու հավատով լցված: Այդպես էլ շարունակվեց` երբ սկսվեցին հարցերը: Դրանց թիվը յոթն էր: Գուցե նախապես մարտական տրամադրված հարց տվողները մի տեսակ մեղմացել էին ելույթից հետո: Հարցերին նախորդող ելույթը բարձրացրել էր նշաձողը, էժան հարցերը մոռացվել էին, չկային նաեւ պոպուլիստական պատասխաններ` միստր Էլիսոնը ժիր ու փոքր աչքերը անվերջ խոնարհում էր` ի նշան հավանության… Սրտացավ ու մտածող մարդկանց մտքերի փոխանակում էր` Հայաստանի, Արցախի, ԱՄՆ-ի ու աշխարհի, անցյալի ու ապագայի, նաեւ` հայկական ֆուտբոլի մասին… Ու ամենահաճելին այն էր, որ դա պրոիշխանական լրատվամիջոցի կամ միջին վիճակագրական չինովնիկի ձեւակերպում չէր ու ոչ էլ անգամ հյուրընկալող կողմի քաղաքավարություն. հարվրդյան ախտորոշում էր` Հայաստանը իր անկախության 25 տարիների ընթացքում ֆենոմենալ զարգացում է ունեցել ու սա դեռ սկիզբն է: … Երբ ամեն ինչ վերջանում էր, փոքր աչքերով ու ճարպիկ շարժումներով կարծրատիպային հարվարդցի միստր Էլիսոնը անսպասելի խոստավանություն արեց` ով կմտածեր, որ գիտնականը զգացական գնահատական կտա գուցե հենց գիտական հիմնավորմամբ, որին ականատես եղավ. “պարոն պրեզիդենտ, հարգելի հյուրեր, ուրախ եմ, որ Հայաստանը այսքան առաջադեմ է ու լայնախոհ, ուրախ եմ, որ դուք այսպիսի առաջին դեմք ունեք”: Անկախ երկրի մեծությունից ու նշանակությունից, դրա նախագահի այցելությունը Հարվարդ ինքնին իրադարձություն չէ, իրադարձություն կարող է դառնալ այն` ինչպես կընթանա հանդիպում-դասախոսությունը: Ակնհայտ էր միստր Էլիսոնը տպավորված է: Նախագահը կոստյումի վրայից բարձրախոսը զգույշ հանեց, հայկական ժպիտով հարվարդցիների ձեռքը սեղմեց ու …մեկնեց հայկական համայնքի հետ հանդիպման: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikoyan/posts/1042426359137689 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն