• էդգար Էլբակյան
  • • Մարդու, ինչպես և մյուս կաթնասունների ուղեղը նախատեսված չէ բարդ մտածողական (կոգնիտիվ) պրոցեսներ իրականացնելու համար։ Մարդու ուղեղը նախատեսված է վերջինիս գոյությունն օպտիմալիզացնելու, ասել է թե՝ ողջ մնալու ու հաճույք (reward) ստանալու համար։ Կաթնասուններից միայն մարդու ուղեղն է, որ հարյուր հազարավոր տարիների էվոլյուցիոն գործընթացի հետևանքով ձեռք է բերել ակնհայտորեն տարբերվող «կողմնակի էֆեկտ», որը մենք անվանում ենք «մարդկային բանականություն» կամ «խելք»։ Եվ չնայած սրան՝ մարդու ուղեղի՝ որպես մի սովորական կենդանու մի սովորական օրգանի, հիմնական էվոլյուցիոն գործառույթը շարունակում է մնալ օրգանիզմի ողջ մնալն ու հաճույք ապրելն ապահովելը, իսկ բարդ մտածողությունն ու վերլուծությունը կենսաբանական տեսանկյունից «խորթ» են մարդուն։ Կարճ ասած՝ ինչպես որ մարդն ի սկզբանե «ստեղծված» չէր երկու ոտքի վրա քայլելու համար, բայց էվոլյուցիայի ընթացքում այդպես ստացվեց, այնպես էլ մարդը «ստեղծված» չէր մտածելու համար․ պատահական մուտացիաների հետևանքով այդպես ստացվեց։  • Ի՞նչ դրսևորումներ ունի ասածս մեր իրականության մեջ։ Շա՛տ ուղղակի։ Երբևէ հետաքրքրե՞լ է, թե մարդն ինչու է հավատում միֆերի, այդ թվում՝ քաղաքական։ Պատճառը շատ պարզ է․ մարդն ունի իրականությունը հասկանալու և իրեն այդ իրականության մեջ տեղավորելու բնազդային հորմոնահարույց կարիք, իսկ հասկանալու գործառույթը վերապահված է ուղեղին։ Ուղեղը, ժամանակակից հաշվիչ մեքենաների նմանությամբ, աշխատելիս ընտրում է «ամենակարճ» ու քիչ էներգատար տարբերակը, ինչի արդյունքում առաջանում են միֆերը։ Միֆը ոչ այլ ինչ է, եթե ոչ իրականության պրիմիտիվացված պատկերում։ Միֆին հավատալն ավելի «էժան» է նստում ուղեղի վրա, քան երկարաժամ վերլուծություններ անելը, հետևաբար՝ ավելի քիչ էներգիա է տանում օրգանիզմից՝ այսպիսով երկարացնելով վերջինիս կենսաբանական գոյությունը։  • Նույնը կարելի է ասել նաև հաճույքի (գիտական եզրը՝ reward) մասին։ Իր սոցիալական գոյության ընթացքում շրջապատի ազդեցությամբ մարդու ուղեղում ձևավորվում են միֆեր, կաղապարներ, կարծրատիպեր, հայացքների համակարգեր, որոնք գոյացնում են յուրատեսակ «մենտալ կոմֆորտ զոնա», որից դուրս գալը սթրեսահարույց է մարդու համար, պահանջում է կամքի արտակարգ ուժ (ինչպես ցանկացած այլ կոմֆորտ զոնայից դուրս գալը), ուստի ուղեղը ոչ թե մարդուն հանում է այդ վիճակից (անգամ եթե իրականությանը վերաբերող փաստերը հերքում են մարդու պատկերացումները), այլ հակառակը՝ նույն այդ իրականության մեջ փորձում է գտնել այնպիսի ինֆորմացիոն միավորներ, որոնք կհաստատեն առկա կանխակալությունները՝ այդպիսով պահելով «մենտալ կոմֆորտ զոնան» և հաճույք պատճառելով մարդուն։ Դիցուք՝ մարդը, որն ամբողջ կյանքում լսել ու հավատացել է, որ Սաշիկ Սագսյանն «արյունարբու փայ մտնող է», առանց աչք իսկ թարթելու կամ աղբյուրի հավաստիությունը ստուգել փորձելու՝ հավատալու է այդ կաղապարի ներսում ձուլված ցանկացած ինֆովիժվածքի։  • Գիտական գրականության մեջ այս երևույթները կոչվում են «տռփամետ մտածողություն» (wishful thinking) և «նախակարծիքային կանխակալություն» (confirmation bias)։ Համապատասխան գիտական համայնքի շրջանում նույնպես առկա է կոնսենսուս, որ այս երևույթների առաջնային պատճառները պետք է փնտրել մարդու կենսաբանության մեջ։ Իսկ ինչ վերաբերում է մտածողական այս սխալանքներից ձերբազատվելուն, ապա առաջին հերթին պետք է իմանալ սրանց մասին, ապա՝ ունենալ որակյալ մտածողական գործիքակազմ, որն ամեն նոր ինֆորմացիոն միավորին կվերաբերի քննականորեն՝ պարզելով աղբյուրը, հավաստիությունը, հարաբերությունն այլ հայտնի փաստերի հետ, կարողանալով զանազանել էմոցիան փաստից, հայտարարությունը՝ եղելությունից, բամբասանքը՝ իրողությունից և այլն։ Կարճ ասած՝ սա մի բարդ ու էներգատար պրոցես է, ուստի զարմանալի չէ, որ շատերը, անգամ նրանք, որ ունեն համապատասխան կոգնիտիվ ունակություններ, շատ հաճախ ուղղակի «զահլա» չեն անում սրա մեջ թաթախվելու։ Հենց մարդու այս մտակամային թուլության վրա են հառնել, հառնում ու հառնելու բոլոր ժամանակների ու բոլոր տեսակի աղանդները՝ կրոնականից մինչև քաղաքական։ • Գիտնականն իրավունք չունի «պոլիտկոռեկտ» լինելու, գիտությունը շղարշներ չի ճանաչում, քանզի այն ներկայացնում և բացատրում է իրականությունը՝ իր մերկության մեջ։ Ասենք՝ գիտնականն իրավունք չունի պնդելու, թե «հանցանքն ազգություն ու մշակույթ չի ճանաչում»։ Ճանաչո՛ւմ է․ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ավելի շատ են բռնաբարում, քան Հայաստանում, ու դա ունի հստակ սոցիալ-մշակութային հիմք։ Գիտնականն իրավունք չունի պնդելու, թե Աֆրիկայի բնակիչն ու Եվրոպայի բնակիչը բոլոր առումներով հավասար են։ Հավասար չե՛ն․ անգամ գենետի՛կ մակարդակով հավասար չեն, էլ ուր մնաց՝ սոցիալ-մշակութային ու տնտեսաքաղաքական պայմանների մակարդակով։ Հանգունորեն և ե՛ս իրավունք չունեմ պնդելու, որ բոլոր մարդիկ ու իրենց կարծիքները հավասար են։ Հավասար չե՛ն, քանզի մարդկանց մեծագույն մասը հավատարիմ է մնում իր կենսաբանական սկզբին, և միայն մարդկանց մի փոքր մասն է գիշերուզօր մտածում՝ ջանալով հասկանալ իրերի ներքին տրամաբանությունն ու պատճառահետևանքային կապերը, և շատ հաճախ դա անելով ի հաշիվ իր բնազդային պահանջմունքների՝ ողջ մնալու ու հաճույք ստանալու։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/1769277789785365 ...

    Կարդալ ավելին
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին (27 ապրիլի 2018 թ․, 13:20) «Ադրբեջանի Հանրապետության նախագահ մեծարգո պարոն Իլհամ Ալիևին։ Հարգելի՛ պրն նախագահ, ես վճռական եմ ամերիկյան և Ադրբեջանի ժողովուրդների համար երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում Ձեզ հետ միասին աշխատելու հարցում։ Մենք Ձեզ հետ միասին կարող ենք գործակցել ահաբեկչության դեմ պայքարի, նոր աշխատատեղերի ստեղծման և Եվրոպայի էներգետիկ անվտանգության բարելավման հարցերում։ Կոռուպցիայի դեմ պայքարում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առաջընթացը խթան կհանդիսանա այս ջանքերի ճանապարհին։ Լավագույն մաղթանքներս եմ հղում Ձեզ և Ադրբեջանի ժողովրդին։ Սրտանց, Դոնալդ Թրամփ, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/1753374374709040 ...

    Կարդալ ավելին
  • • Ի՞նչ կլինի, եթե Հայաստանում դե-ֆակտո և դե-յուրե իշխանությունն անցնի Նիկոլ Փաշինյանին․ հնարավոր սցենարներ՝ իրենց գործակիցներով․ Ա․ իշխանության կոնսոլիդացիա Ն․ Փաշինյանի ձեռքում, շնորհիվ սրա՝ «նախընտրական» շրջանում հնչեցված բոլոր պոպուլիստական օրակարգերի («քաղբանտարկյալների» ազատ արձակում և այլն) բնաջնջում, պատասխանատու պաշտոններին նախկին պրոֆեսիոնալների վերանշանակում (առնվազն՝ Վիգեն Սարգսյան, Դավիթ Տոնոյան), անմիջական թիմի նվիրյալ, բայց ոչ կոմպետենտ կադրերի նշանակում միջին օղակներում՝ աստիճանական թրծման նպատակով, և ամենակարևորը՝ մթության քողի ներքո Երկրի 7 միլիարդ բնակչությունից թաքուն՝ Ն․ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի անհատական պարապմունքներ՝ «տարբեր պաշտոններին [Սերժ Սարգսյանի] երկար տարիների ընթացքում կուտակած փորձը փոխանցելու» նպատակով, ինչի հետևանքով Ն․ Փաշինյանը կվերածվի Հայաստանի առաջին սուպերանկախ ղեկավարը, քանզի կունենա արտաքին աշխարհից նվազագույն կախում — 30%։ Բ․ իշխանության կոնսոլիդացիա Ն․ Փաշինյանի ձեռքին, «քաղբանտարկյալների» ազատ արձակում, կադրային ջարդ, անմիջական թիմի նվիրյալ, բայց ոչ կոմպետենտ կադրերի նշանակում պատասխանատու պաշտոնների, կարճ ասած՝ երկրի վերածում ՔՊ-ական ու (մերձ)ՕՐՕ-յական փորձադաշտի՝ դրանից բխող լրջագույն ռիսկերով — 45%։ Բ․Բ․ ի հետևանս «Բ․» սցենարի՝ կարող է զարգանալ մեկ այլ ենթասցենար, երբ ուժայիններից ինչ-որ մեկի նյարդերը տեղի կտան ծավալված «բառդակից» ու երկրում օտար աջակցությամբ և/կամ հավանությամբ տեղի կունենա զինված հեղաշրջում, որը կարող է լինել ոչ թե առաջինն ու վերջինը, այլ կարող է կրել ցիկլիկ բնույթ՝ երկիրն ընկղմելով խորագույն ճգնաժամի ու արտաքին սպառնալիքին անպատրաստ լինելու ճահճի մեջ — 25%։ • Ինչպես դժվար չէ նկատել, սցենարային ծավալման առումով առանցքային խնդրականը Ն․ Փաշինյանի կերտելիք թիմն է։ Կարճ ասած՝ ո՞վքեր կլինեն երկրի նոր իշխանները, եթե դե-ֆակտո և դե-յուրե իշխանությունն անցնի Նիկոլ Փաշինյանին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/1752631881449956 ...

    Կարդալ ավելին
  • Ասում են՝ 1993 թ․ հունիսի 12-ին Մարտունու գնդից անհետացավ և այդպես էլ չգտնվեց մեկ ՀՄՄ… Բայց միայն սա չեն ասում։ Գոյություն ունեն գրի չառնված բազմաթիվ բանավոր վկայություններ, որոնց համադրությունը թույլ է տալիս հիմնավոր կասկածներ ունենալու, որ Մոնթե Մելքոնյանի մահվան համար պատասխանատու անձը ներկայումս մեկ այլ ծանր հանցագործության համար մեղադրվող մի քաղաքացի է։ Բայց, ինչպես ասում էր Օստապ Իբրահիմովիչը, «այս բոլոր փաստերը, պարոնա՛յք երդվյալ ատենակալներ, մեզ հետաքրքրում են զուտ հետաքրքրասիրության շահերից», քանզի նշված քաղաքացու պատերազմական ու հետպատերազմական ապօրինությունները չեն խանգարում, որ նա լինի շատերի սիրելի #իգլա_բերողը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/1591221904257622 ...

    Կարդալ ավելին
  • • Ռուս գրող Ալեքսանդր Պրոխանովի հետ հանդիպման ժամանակ, ըստ վերջինիս, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան ասել է, որ երբեք թույլ չի տա, որ ադրբեջանցի ժողովրդի շրջանում հանձին հայ ժողովրդի՝ ստեղծվի թշնամու կերպար, քանզի ժամանակներ կային, երբ այդ ժողովուրդները միասին էին ապրում, մի սեղանի շուրջ գինի էին խմում, և այդ ժամանակները պետք է հետ վերադառնան (աղբյուր՝http://bit.ly/2tzk0Ag)։ • Իր շաբաթական լրահոսային ամփոփման մեջ հակաալիևական/ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը հատուկ ռեպորտաժ է հատկացրել ենթադրաբար Մ․ Ալիևային պատկանող այդ խոսքերին, մոտավորապես այսպիսի ուղերձ-հարցադրմամբ՝ «Ալիևան չի ցանկանում հայերի տեսքով թշնամու կերպար ստեղծել, իսկ ժողովուրդն ի՞նչ է մտածում»։ Կազմակերպել էին նաև փողոցային սոցհարցում, որտեղ մեծ մասը դեմ են արտահայտվում առաջին փոխնախագահի ենթադրյալ մտքին։ Նույն հակահայկական մթնոլորտն էր նաև ֆեյսբուքյան քննարկման մեկնաբանություններում (աղբյուր՝ http://bit.ly/2tFvLWk)։ • Սա ևս մեկ անգամ հաստատելու է գալիս իմ պաշտպանած այն թեզը, որ անգամ եթե մի օր Ալիևներն այլևս չիշխեն Ադրբեջանում, ավելին՝ այնտեղ իշխանության գա արդի արևմտյան ըմբռնումներով քիչ թե շատ ժողովրդավարական ռեժիմ, դա գրեթե ոչ մի դրական բան չի նշանակի մեզ համար։ Ավելին, շատ քիչ են շանսերը, որ այդ ռեժիմը կկարողանա ներքին կենսունակությունը պահպանել առանց հակահայկականության խաղարկման։ Ու խնդիրը ո՛չ «հավերժական թշնամությունն» է, ո՛չ էլ «արյունարբու թուրքը»․ նման կատեգորիաները դուրս են հետազոտողիս տիրույթից։ Խնդիրը մաքուր քաղաքական է, և հանգում է նրան, որ մեր ժամանակներում ադրբեջանական ազգայնականության զարթոնքն ու պետականության ծնունդն ամենաուղղակի ձևով կապված են «մենք-նրանք» դիխոտոմիկ թշնամության վրա, որի «նրանք» կողմում հայերն են։ Հակահայկականությունն ու Ղարաբաղը սոցիալական մոբիլիզացիա ապահովող կարևորագույն քաղաքական կապիտալ են, և ոչ մեկը հենց այնպես՝ իր ժողովրդավարական բնույթով պայմանավորված անգամ, չի հրաժարվի դրանից։ Պատմության մեջ կա նման փակ շղթայի քակման երևի մեկ անալոգային օրինակ՝ Գերմանիայի ապանացիֆիկացումը, որն, ինչպես ասում են, մեզ «չի սպառնում»։ Ասվածից հետևում է, որ  • ընդդիմադիր կամ հակաալիևական դեռ չի նշանակում ոչ հակահայ, ընդհակառակը՝ Ալիևի ներքին թալանը քննադատողը մեծ ախորժակով կքննադատի նաև նրա, այսպես ասած, «նվազ հայկականությունը», • գործ ունենք անհարմար ու վտանգավոր թշնամու հետ, ու պետք է մեր կենսագործունեությունը կառուցենք երկարատև պայքար-զարգացման տրամաբանության վրա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/1453846141328533 ...

    Կարդալ ավելին
  • • «Նահապետ» ֆիլմում «թուրք» և/կամ «օսմանցի» բառերը ՈՉ ՄԻ անգամ չեն հնչում (թեպետ կարող էին, քանզի «ձնհալ» էր), ինչը չի խանգարում, որ Նահապետը վերակառուցի իր փոքրիկ ազգային բջիջը, իսկ այդ ֆիլմը լինի ցեղասպանության թեմատիկայով առնվազն ինձ համար ամենահաջողված գործը։ • «Նահապետը» համեմատում եմ ցեղասպանության թեմայի ներկայիս սոցիալ-մշակութային ընկալումների ու արծարծումների հետ (դպրոցական «միջոցառումներ», «դրոշայրուքներ», մեքենայի հետնապակու վրա միզող երեխայի նկար) ու արդեն որերորդ անգամ հանգում գիտական այն պարզ ճշմարտությանը, որ մշակույթի ուժն ուղիղ համեմատական է վերջինիս ծնունդ տվող սոցիալ-քաղաքական ինստիտուտների ուժին։ Ցավոք, ներկայիս ՀՀ մշակութային ու քաղաքակրթական զարգացման առումով դեռ չի գերազանցել ԽՍՀՄ բաղկացյալ մասը կազմող ՀԽՍՀ-ին։ Գոնե այս հարցում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/1382766375103177 ...

    Կարդալ ավելին
  • Տեսանյութը պատկերում է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Shuli Hakobyan-ի կողմից 6-րդ ՊՇ 153 մ/դ մատույցներում ադրբեջանական տանկի խոցման և այրվելու կադրերը։   ...

    Կարդալ ավելին
  • • 1990-ակաների հայ-ադրբեջանական պատերազմում հաղթել ենք նաև զորքի բարոյահոգեբանական ու կամային հատկանիշների շնորհիվ։ Դա ո՛չ նսեմացնել է պետք, բայց ո՛չ էլ, անշուշտ, բացարձականացնել։ • Այո՛, հաղթել ենք նաև նրա շնորհիվ, որ զորքն իմացել է՝ ինչի համար է կռվում ու չի «շեղվել թեմայից» (հիմնականում)։  • Պատերազմի միակ դրվագն ու փուլը, որում նշմարվեց «աֆգանացում», եղավ ռազմաճակատի կոնկրետ մի հատվածում՝ 1993 թ․-ի վերջին․ պլան, լրբեր, հարբեցողություն, դեդավշինա և այլն։ • Գուշակե՛ք ռազմաճակատի կոնկրետ մի հատվածը, եթե այնտեղ ամենացավալի կորուստներն ունեցանք նաև ապրիլին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/1255668867812929 ...

    Կարդալ ավելին
  • ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ «ՔՆՆՉԱԿԱՆ» ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ • Որպես միջազգային հարաբերությունների և հարակից գիտաճյուղային դիսցիպլինների վրա 6 տարի գլուխ ջարդած մարդ՝ ուզում եմ ձեզ ասել, որ «ռուս-թուրքական համատեղ քննչական հետաքննություն», «ռուս քննիչները մեկնել են Անկարա՝ հետաքննելու» և նմանատիպ այլ տեքստերը պարզագույն քարոզչական բլեֆ են։ • Գոյություն ունի միջազգային իրավական-քաղաքական պարադիգմ։ Այդ պարադիգմի ներսում գոյություն ունեն միջազգային իրավունքի սկզբունքներ։ Այդ սկզբունքների մեջ գոյություն ունեն պետությունների ինքնիշխան հավասարության ու ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները։ Այդ սկզբունքներից նաև բխում է, որ մի պետության տարածքում տեղի ունեցած իրավախախտումն ընդդատյա ու հետաքննելի է տվյալ երկրի դատաիրավական համակարգին։ Փորձել հետաքննել մի երկրում տեղի ունեցած հանցագործությունը՝ լինելով այլ երկրի պաշտոնյա, նշանակում է բացահայտ հայտարարել այդ պետության ինքնիշխանությունը չհարգելու մասին, ինչն այժմյան ռուս-թուրքական հարաբերություններում բացառելի է։ • Առավելագույնը, ինչ անելու են Մոսկվայից Անկարա գնացած ռուս պաշտոնյաները, առաջին ձեռքից թուրք քննիչների աշխատանքներին (մասամբ՝ կոնֆիդենցիալ) հաղորդակից լինելն ու այդ մասին Մոսկվա հայտնելն է լինելու։ Հարցաքննությունների քսերոքսներ-բաներ և այլն։ Իսկ հետո այդ քննիչները շատ արագ կհեռանան Թուրքիայից, ու բոլորս կմոռանանք նրանց մասին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/1257043447675471 ...

    Կարդալ ավելին
  • • Սաքունցենց զեկույցը հանգիստ չի տալիս։ Վերաթերթում եմ ու համոզվում, թե ինչ աստիճանի փնթի, թափթփված աշխատանք է, ըստ որում՝ դեռ բարոյական կողմը մի կողմ, նաև տեխնիկական տեսանկյունից։ Ինձ համար այս զեկույցն առավել ուշագրավ էր, քանզի ի մոտո ճանաչում եմ թե՛ ապրիլյան պատերազմի օրագրությանը և թե՛ զոհվածների ընտանիքներին, ու պատկերացրե՛ք իմ զարմանքը, որ սաքունցյան հորինվածքները կարդալով՝ շա՜տ մեծ դժվարությամբ եմ տեղը բերում, թե որ ընտանիքի պատմությունը, ումը կարող է լինել (անունները հիմնականում նշված չեն զեկույցում)։  • Ի վերջո մի դեպք գտա, որ հաստատ գիտեի, որ ընտանիքի մասին է խոսքը։ Գիշերվա կեսին նամակ գրեցի զոհվածի հարազատին, առավոտյան ստացա մոտավոր այսպիսի պատասխան՝ «Սխալ ա գրած։ Իրանք մինչև քառասունքն էին եկել (!), էդ ժամանակ ընդհանրապես տեղյակ չէինք դեպքից, լրիվ տարբեր, կցկտուր բաներ էինք լսել, նույնիսկ զոհվելու տեղը հստակ չգիտեինք, մինչև հրամանատարը քառասունքին չեկավ ու սաղ պատմեց»։ • Հիմա շա՞տ գռեհիկ կստացվի, որ Սաքունցին ու սաքունցոիդներին մաղթեմ, որ իրանք էլ երբ մեռնեն, քառասունքները դուրս չեկած՝ իրանց պես մարդիկ գան իրանց տուն, հարազատների վշտի հետ խաղալով փող աշխատեն ու գնան։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/1223873747659108 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն