• Տաթև Տիգրանյան
  • Հայտնի աուդիտորական PwC ընկերությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք 2050թ. կունենան հզոր տնտեսություն: «Հայացք դեպի ապագա. ինչպես կփոխվի էկոնոմիկան 2050թ-ին» զեկույցում Իրանը զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը: Մասնագետների կանխատեսմամբ`մինչև 2050 թվականին աշխարհը կտրուկ կփոխվի և կդադարի լինել այնպիսին, ինչպիսին այսօր է: Գերմանիան ու Ճապոնիան, որոնք այժմ ունեն զարգացած էկոնոմիկա, 2050-ին կգրանցեն աճի դանդաղ տեմպ: Փոխարենը տնտեսական զարգացման գագաթնակետին կհասնեն Հնդկաստանն ու Ինդոնեզիան: Ստորև ներկայացված է PwC ընկերության հրապարակած ցանկը. 1. Չինաստան - $ 58.499 տրլն 2. Հնդկաստան - $ 44.128 տրլն 3. ԱՄՆ - $ 34.102 տրլն 4. Ինդոնեզիա $ 10.502 տրլն 5. Բրազիլիա - $ 7,540 տրլն  6. Ռուսաստան - $ 7,131 տրլն 7. Մեքսիկա - $ 6.863 տրլն 8. Ճապոնիա - $ 6.779 տրլն 9. Գերմանիա - $ 6,138 տրլն 10. Միացյալ Թագավորություն - $ 5,369 տրլն 11. Թուրքիա - $ 5,184 տրլն 12. Ֆրանսիա - $ 4,705 տրլն. 13. Սաուդյան Արաբիա - $ 4.694 տրլն  14. Նիգերիա - $ 4,348 տրլն 15. Եգիպտոս - $ 4,333 տրլն 16. Պակիստան - $ 4,236 տրլն 17. Իրան $ 3,900 տրլն 18. Հարավային Կորեա - $ 3,539 տրլն 19. Ֆիլիպիններ - $ 3,334 տրլն 20. Վիետնամ - $ 3,176 տրլն Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tatev.tigranyan/posts/1375896159136083 ...

    Կարդալ ավելին
  • Քիչ առաջ տեղեկություն կարդացի այն մասին, որ Իրանի իշխանությունները նախատեսում են երկրի հեռավոր մարզերում ինտերնետ հասցնել օդապարիկների միջոցով: Այս լուրը բավական ուրախացնող է: Իրանի հեռավոր զբոսաշրջային բազմաթիվ կենտրոններ զրկված են ինտերնետից, ինչը բացասաբար է անդրադառնում Իրան մեկնող զբոսաշրջիկների նախատրամադրվածության վրա: Իրանի տիեզերական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը հայտարարել է, որ ընկերության ինժեներներն արդեն ավարտել են ստրատոսֆերային օդապարիկի շինարարական աշխատանքները, որը կարող է ինտերնետ ցրել երկրի դժվար հասանելի վայրերում, ինչպես նաև՝ ճգնաժամային իրավիճակներում: Նախագծվել է ինտերնետ-օդապարիկների երկու տարբերակ` ճոպաններով ֆիքսված և չֆիքսված: Ճոպաններով ֆիքսված օդապարիկները նախատեսվում է օգտագործել հատկապես ճգնաժամային իրավիճակներում, երբ հնարավոր չէ մշտական կապ ապահովել: Նախագծողները նշում են, որ այս օդապարիկները կարող են ինտերնետ ցրել 20-30 կիլոմետր շառավիղով: Հ.գ. Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ «Համացանցի ազատություն-2015» զեկույցի համաձայն՝ Իրանն աշխարհում ազատ համացանցի հասանելիության իրավունքը ամենից շատ ոտնահարող երկրների շարքում է։ Ի դեպ՝ համացանցի հասանելիության մակարդակը Հայաստանում 46 տոկոս է։ ԱՊՀ երկրների թվում Հայաստանը, ինչպես հարևան Վրաստանը, համարվում է համացանցի ազատ հասանելիություն ունեցող երկիր։ Ադրբեջանն ու Թուրքիան մասամբ ազատ համացանց ունեցող երկրների թվում են: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tatev.tigranyan/posts/1370565676335798 ...

    Կարդալ ավելին
  • Թեհրանի հիվանդանոցներից մեկում մահացել է Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին: Նա 82 տարեկան էր, հիվանդանոց էր տեղափոխվել սրտի կաթվածով:  Հաշեմի Ռաֆսանջանին Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1997թթ., 1980-1989թթ. նա խորհրդարանի խոսնակն էր: Ռաֆսանջանին Իրանի ամենաազդեցիկ գործիչներից էր, ով գլխավորում էր Նպատակահարմարության խորհուրդը, որի խնդիրն էր հարթել խնամակալության խորհրդի և խորհրդարանի միջև առաջացող անհամաձայնությունները: Նա նաև Փորձագետների խորհրդի անդամ էր, որն ընտրում էր Իրանի գերագույն առաջնորդին՝ Իրանի ամենաազդեցիկ գործչին։     Ռաֆսանջանին համարվում է Իսլամական հեղափոխության «սյունը»։ Նրա վարած պրագմատիկ քաղաքականությունը՝ տնտեսության ազատականացումը, Արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, Իրանի ընտրական մարմինների իրավունքների ու հնարավորությունների ընդլայնումն արժանացել է բազմաթիվ իրանցիների հավահությանը, միաժամանակ արժանանալով նաև պահպանողականների ատելությանը: Նրա մահը մեծ հարված է Իրանի չափավորների և ռեֆորմիստների համար, քանի որ նրանք զրկվեցին իրենց ամենաազդեցիկ աջակցից: Նշեմ նաև, որ Հաշեմի Ռաֆսանջանին իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ Իրանը 1980-ականներին՝ Իրաքի հետ պատերազմի ժամանակ, ցանկացել է միջուկային զենք ստեղծել, սակայն այդ ծրագիրը չի իրականացել: Ռաֆսանջանին պատմել է, որ պատերազմի ընթացքում ինքն անձամբ է այցելել Պակիստան, որպեսզի հանդիպի երկրի միջուկային ծրագրի ղեկավար Աբդուլ Քադիր Խանին, սակայն հանդիպումը տեղի չի ունեցել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tatev.tigranyan/posts/1323608017698231 ...

    Կարդալ ավելին
  • Իրանի իշխանությունները թույլատրել են iPhone 7-ի ներկրումը: Սմարթֆոնների առաջին խմբաքանակն Իրան կմտնի առաջիկա օրերին: Ամիսներ առաջ Իրանի կառավարությունը Apple ընկերության առաջ պայման էր դրել` եթե երկրում չբացվի ընկերության պաշտոնական գրասենյակ, ապա շուկայից կհանվեն ներկրված բոլոր iPhone-ները: Հիմնական խնդիրն այն է, որ սմարթֆոններն Իրան էին բերվում զարտուղի ճանապարհով, ինչի պատճառով հեռախոսների գները բավական բարձր էին լինում: Իրանում միլիոնավոր մարդիկ օգտվում են Apple-ի սմարթֆոններից, ուստի այս քայլով իշխանությունները ցանկանում էին վերջ դնել մաքսանենգությանն ու սմարթֆոնների ապօրինի ներկրման գործընթացին: Ի դեպ, Իրանի տեղեկատվության և հաղորդակցության նախարարությունը վերջերս կոչ է արել ստեղծել Messenger-ի ազգային հավելված: Նախարարությունը պատրաստ է աջակցել նրանց, ովքեր հետաքրքիր գաղափարներ կներկայացնեն ազգային հաղորդագրությունների ծրագրի ստեղծման և զարգացման համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tatev.tigranyan/posts/1251435491582151 ...

    Կարդալ ավելին
  • Մեկ շաբաթ է, ինչ ակտիվորեն քննարկվում է ծառայողական մեքենաների կրճատման հարցը: Երբ հայտարարվեց մեքենաների թվի կրճատման մասին, հանրության շրջանում հակասական տեսակետներ առաջացան: Ոմանք համոզված են, որ այս քայլը դրական կանդրադառնա պետական միջոցների խնայողության տեսանկյունից. վառելիքի, սպասարկման համար նախատեսված գումարների տնտեսում և այլն: Ոմանք էլ ասում են՝ լավ է, որ մեքենաները կրճատում են, բայց վատ է, որ վարորդներն առանց աշխատանքի են մնում: Չի կարելի չնկատել, որ կան մի շարք ծախսեր (ներկայացուցչական ծախսերի, ծառայողական մեքենաների, գործուղումների հետ կապված), որոնց կրճատումը կարող է դրական ազդեցություն ունենալ տնտեսության զարգացման վրա: Ուստի պետբյուջեի առանց այն էլ սուղ միջոցներն անհրաժեշտ է ծախսել խնայողաբար` ուղղելով առավել հրատապ սոցիալական խնդիրների լուծմանը: Բացի այդ, պետք է կոտրել հանրության շրջանում առաջացած կարծրատիպը, թե պետական ապարատում աշխատող մարդիկ «արտոնյալ» են, հարկատուի հաշվին իրենց շքեղություններ են թույլ տալիս: Նշենք, որ կրճատումներ լինելու են բոլոր նախարարություններում և գերատեսչություններում, բացի ոստիկանությունից, ԱԱԾ-ից, Քննչական կոմիտեից, փրկարար ծառայությունից, և պաշտպանության նախարարությունից: Նախատեսվում է մեքենաները կրճատել փուլային տարբերակով. առաջին փուլում նախատեսված է կրճատել մոտ 800 մեքենա: Այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ, բյուջեից ուղղակի և անուղղակի ֆինանսավորվող մեքենաների թիվը կրճատվել է 798-ով:  Ի դեպ, անցնող շաբաթվա ընթացքում լրացուցիչ կրճատվել է 30 ավտոմեքենա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tatev.tigranyan/posts/1101807929878242 ...

    Կարդալ ավելին
  • Օրերս Երևանում տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր. նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորում, միասնական մաքսային օրենսգրքի ընդունում, ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև՝ առևտրատնտեսական կապերի զարգացում գործընկեր երկրների, այդ թվում՝ Չինաստանի, Վիետնամի և Հարավարևելյան Ասիայի այլ պետությունների հետ: Բավականին հետաքրքիր էր ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու մասին հարցը: Ինչը նշանակում է, որ ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի միջև առևտուրն այսուհետ կկարգավորվի ազատ առևտրի գոտիներին հատուկ արտոնությունների միջոցով՝ որոշ ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը նվազեցնելով կամ զրոյացնելով: Համաձայնագիրը կարգավորում է ինչպես ապրանքային, այնպես էլ ծառայությունների առևտուրը, այդ թվում՝ ներդրումները: Նշենք, որ տվյալ համաձայնագրի յուրահատկությունն այն է, որ համաձայնագրի մասնակցության ու համապատասխան պարտականությունների ստանձնումը ԵԱՏՄ երկրներն ու երրորդ կողմը՝ Վիետնամը, ընդունում են ինքնուրույն: Այսինքն՝ ԵԱՏՄ անդամ-երկրները կարող են Վիետնամի հետ առանձին որոշել համաձայնագրի որ կետերով մտնել ազատ առևտրի մեջ (Հայաստանի համար, օրինակ, բավական շահավետ կարող է լինել ծխախոտի և ոգելից խմիչքների արտահանումը): Հարկ է նշել, որ Վիետնամի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ փաստաթուղթն առաջինն է, որ ստորագրվել է ԵԱՏՄ-ի և երրորդ երկրի միջև, ինչը թույլ կտա լուծել նաև Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին ԵԱՏՄ միանալու խնդրը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tatev.tigranyan/posts/1099922010066834 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ Երևանում տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Քննարկվող հարցերը շատ էին, բայց առանձնակի հետաքրքրություն առաջացրեց հատկապես եվրասիական նախագծի և Չինաստանի՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունը, որը Ասիան և Եվրոպան կկապի տարբեր ուղղություններով՝ ինչպես ԵՏՄ պետությունների (նաև Հայաստանի միջոցով), այնպես էլ Հնդկաստանի և Իրանի հետ: Անդրադառնալով Մետաքսի ճանապարհի կարևորությանը, որպես տնտեսական գոտի, նշենք, որ այն կփորձի հնարավորինս կոորդինացնել Կենտրոնական Ասիայի երկրների կողմից վարվող քաղաքական գործընթացները, իրականացնել խոշորածավալ տրանսպորտային նախաձեռնություններ, որպեսզի Կենտրոնական Ասիայի երկրները կապ ունենան միմյանց ու Չինաստանի հետ, ինչպես նաև՝ ստեղծել բարենպաստ առևտրային պայմաններ` վերացնելով արգելքները առևտրի ճանապարհից: Նշենք, որ Մետքսի ճանապարհի կառուցման հարցում Իրանի և Չինաստանի շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ: Մայրուղու ընտրության հարցում Հայաստանն առավել գերադասելի է այդ պետությունների համար, քան մեր «հարևան» Ադրբեջանը, որն այնքան էլ բարիդրացիական հարաբերություններ չունի Իրանի հետ: Հետևաբար, Չինաստանի համար առավել արդյունավետ է այդ ճանապարhն անցկացնել Հայաստանով, որ իր ներդրումների հետվերադարձի հետ կապված հետագայում խնդիրներ չառաջանան: Սա միանշանակ բխում է նաև մեր երկրի շահերց, քանի որ Հայաստանը կարող է դառնալ կամուրջ Իրանի և ԵՏՄ-ի միջև: Բացի այդ, Հայաստանը մի շարք երկրների հետ առևտրային արտոնությունների հնարավորություն ունի, ինչը բարենպաստ պայմաններ կարող է ստեղծել փոխշահավետ համագործակցության համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tatev.tigranyan/posts/1098683920190643 ...

    Կարդալ ավելին
  • Մարդկանց թրաֆիքինգի դեպքերի մեծ մասը մնում է չբացահայտված: Անօրինական շահագործման ենթարկված մարդիկ նախընտրում են լռել իրենց հետ կատարված դեպքերի մասին: Պատճառները տարբեր են՝ վախից մինչև ամոթ: «Համարձակների» պատմությունները վկայում են՝ թրաֆիքինգի դեպքերը մեկը մյուսից սարսափելի են: Ստրկության նոր տեսակ համարվող մարդու թրաֆիքինգը, զենքի ու թմրանյութերի մաքսանենգությունից հետո համարվում է աշխարհի ամենաշահավետ առևտուրը: Միջազգային վիճակագրական տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում ավելի քան 27 միլիոն մարդ դարձել է թրաֆիքինգի զոհ, ինչի արդյունքում մաքսանենգ բանդաները միլիարդավոր դոլարներ են աշխատել: ՄԱԿ-ի հաղորդման համաձայն՝ չնայած միջազգային հանրության՝ թրաֆիքինգի դիմակայմանն ուղղված ջանքերին, տարեկան մոտ 4 միլիոն մարդ ենթարկվում է թրաֆիքինգի: Զոհերի մեծ մասը կանայք ու երեխաներ են: Աշխատանքների միջազգային կազմակերպության տվյալներով՝ կանանց ու երեխաների սեռական շահագործման արդյունքում տարեկան գոյացող եկամուտը հաշվարկվել է մոտ 28 միլիարդ դոլար: Եվրամիության վիճակագրական տվյալներով՝ թրաֆիքինգի զոհ դարձած յուրաքանչյուր երեխա տարեկան ավելի քան 200000 դոլար եկամուտ է բերում համապատասխան բանդային: Ի դեպ, ՄԱԿ-ի տվյալներով, ողջ աշխարհում թրաֆիքինգի զոհերի 49%-ը կանայք են, 18%-ը՝ տղամարդիկ, 12%-ը՝ տղաներ և 21%-ը՝ աղջիկներ: Մարդկանց թրաֆիքինգը հիմնականում իրականանում է արևելյան ու կենտրոնական Եվրոպայի երկրներում, Ասիայում, Հարավային Ամերիկայում և Աֆրիկայում, որտեղից զոհերը տեղափոխվում են Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Թաիլանդ, Թուրքիա, ԱՄՆ և Պաղեստին: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը հիմնականում հանդիսանում է սեռական շահագործման նպատակով կանանց և աղջիկներին Միացյալ Արաբական Էմիրություններ (ՄԱԷ) և Թուրքիա տեղափոխելու երկիր: Աշխատանքային շահագործման նպատակով իրականացվում է նաև հայ կանանց և տղամարդկանց թրաֆիքինգ դեպի Ռուսաստանի Դաշնություն, երբեմն նաև Թուրքիա:  Նշենք, որ Հայաստանը վերջին երեք տարիներին գտնվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից ներկայացվող թրաֆիքինգի դեմ ակտիվորեն պայքարող երկրների առաջին խմբում: Դրանք այն երկրներն են, որոնք լավագույնս իրականացնում են թրաֆիքինգի դեմ տարվող աշխատանքները (Tier 1): Դիտարկված 188 երկրից միայն 31-ն է տեղ գտել առաջին խմբում: Ըստ զեկույցի՝ Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրներից միակն է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ միասին տեղ է գտել առաջին խմբում: Հ.Գ. Թրաֆիքինգի բազում դեպքեր այդպես էլ չեն բացահայտվում: Վերը նշված թվերը իրականում կարող են շատ ավելի մեծ լինել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tatev.tigranyan/posts/1092784314113937 ...

    Կարդալ ավելին
  • Օրերս հայտնի դարձավ, որ ԼՂՀ իշխանություները երկու ամսով հետաձգել են սահմանադրական փոփոխությունների գործընթացը` ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դեպքերի պատճառով: Հիշեցնենք, որ ԼՂՀ-ն ցանկանում էր Հայաստանի օրինակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվե իրականացնել և կառավարման նախագահական համակարգից անցում կատարել խորհրդարանական համակարգի: Արցախի խորհրդարանական 5 կուսակցությունները՝ 3 այլ կուսակցությունների հետ, մարտի 14-ին դիմել էին նախագահ Բակո Սահակյանին` սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու խնդրանքով: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախագահին պետք է ներկայացվեր մայիսի 1-ին, իսկ մինչև սեպտեմբերի 1-ը պետք է նախագիծն ամբողջությամբ պատրաստ լիներ: Սակայն Արցախում ստեղծված պատերազմական իրավիճակը ստիպեց, որ տվյալ գործընթացը ժամանակավորապես սառեցվի: Ներկայացնելով խորհրդարանական համակարգի առավելությունները` ԼՂՀ իշխանությունները նշում են, որ Արցախում սահմանադրական փոփոխությունները միտված են պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, զսպող մեխանիզմների հստակեցմանը, իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռման կատարելագործմանը, ինչպես նաև՝ հանրային կառավարման արդյունավետության բարձրացմանը: Նշենք, որ ԼՂՀ-ում գործող Սահմանադրությունն ընդունվել է 2006թ. դեկտեմբերի 10-ին (նախատեսվում էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կրկին նշանակել նույն օրը): Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրն է, և ԼՂՀ իշխանությունները ուզում են ցույց տալ, որ իրենց Սահմանադրությունը կոչված է առաջին հերթին ապահովելու մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tatev.tigranyan/posts/1089846041074431 ...

    Կարդալ ավելին
  • Այս օրերին Երևանը «փոքրիկ Ավարայրի» է վերածվել, համոզվեցի՝ հայերիս ամենասիրած հերոսը Վարդան Մամիկոնյանն է: Հայաստան ժամանած իրանցիները (ոչ թե պարսիկները) Հայաստանում դժգոհության մեծ ալիք են բարձրացրել. իրական կյանքում հանդիպում են դժգոհ դեմքեր, ֆեյսբուքում՝ լույսի արագությամբ տարածվող գրառումներ՝ «պարսիկների արշավանքը Հայաստան», «ես իմ անուշ Պարսկաստանի», «գարուն, գարուն, գարուն է» և այլն: Մի խոսքով՝ մեր հարևան ժողովուրդը կարճ ժամանակով դարձել է մեր երկրի «նյուզմեյքերը»: Այս ամենի արդյունքում Նովրուզը կորցրել է իրական խորհուրդը: Ուշադրության կենտրոնում իրանական «գլամուռ» հասարակությունն է և այն, թե ինչպես են անցկացնում իրենց ժամանակն սեփական երկրի սահմաններից դուրս` ուշադրությունից դուրս թողնելով Նովրուզի իրական խորհուրդը և տոնն Իրանում անցկացնող ավանդաշատ իրանցիներին: Նովրուզ պարսկերենով բառացի նշանակում է «նոր օր», որը համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ: Համարվում է, որ տոնի արմատները հասնում են մինչև զրադաշտականություն:  Նովրուզը համարվում է պաշտոնական տոն և տոնվում է մեծ շուքով: Իսլամական Իրանում այն պաշտոնապես ճանաչված է որպես երկրի նոր տարեմուտ: Իրանի մուսուլման ժողովրդի համար այս տոնը նաև դարավոր ու կրոնամշակութային հարուստ անցյալի փայլուն դրսևորման խորհրդանիշն է: Տոնակատարության նախապատրաստումն սկսվում է անցնող տարվա վերջին չորեքշաբթի օրվանից, որը կոչվում է «չհարշամբէյե ախար» (վերջին չորեքշաբթի): Նովրուզին սեղանին դրվում է Ղուրան, ծաղիկներ, մոմեր, փոքրիկ ակվարիում՝ կարմիր ձկներով, հայելի և այսպես կոչված՝ «Հավթ սինը»՝ պարսկերենում «սին» տառով սկսվող յոթ մթերքներ. սիր (սխտոր), սիբ (խնձոր), սերքե (քացախ), սաբզի (կանաչի), սոմախ (համեմունք), սենջեդ (փշատ), սամանու (ածիկ) և այլ տեսակի քաղցրավենիք: Սեղանի վրա դրվում է նաև ոսկյա կամ արծաթյա մետաղադրամ և արճեցրած ցորեն, որպեսզի գալիք տարին հացառատ լինի: Ընտանիքի բոլոր անդամները` նոր հագուստներ հագած, հավաքվում են սեղանի շուրջ` դիմավորելու Նովրուզը: Երբ տարին փոխվում է, երեխաները մոտենում և համբուրում են ընտանիքի նահապետի ձեռքը և նրանից նվերներ ստանում: Այնուհետև տան ավագն աղոթք է կարդում Ղուրանից: Տանը փոքր ինչ մնալուց հետո մարդիկ գնում են շնորհավորելու իրենց բարեկամներին ու մտերիմներին: Ընդ որում, բարեկամին կամ ընկերոջն առաջինը այցելելը համարվում է հարգանքի նշան: Այցելություններն ու տոնակատարությունները շարունակվում են մինչև Նոր տարվա 13-րդ օրը: Այդ օրը իրանցիները տան մնալը համարում են վատ նշան և ձգտում են այն անցկացնել բնության գրկում՝ սեղանների շուրջ: Այդ արարողությունը կոչվում է «սիզդեբեդար» (տասներեքի վանում): Ի դեպ, 2009թ. ՅՈւՆԵՍԿՕՆ-ն Նովրուզը ներառել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Իսկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մարտի 21-ը հայտարարել է Նովրուզի միջազգային օր: Հ.Գ. Չմոռանանք, որ «երբեմն» մեզ էլ դրսում կարմիր գորգով ու գրկաբաց չեն ընդունում: Այս պարագայում մենք իրանցիների հետ նույն հարթության վրա ենք գտնվում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tatev.tigranyan/posts/1062475463811489?pnref=story ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն