• Վարդան Օսկանյան
  • Ուշադրությամբ նայեցի նախագահ Սարգսյանի հարցազրույցը Բլումբերգին: Պետք է ասեմ, որ դրանում ինձ համար մի քանի խնդրահարույց մտքեր կան: Ինձ ամենաշատը զարմացրեց և մտահոգեց այն դիրքորոշումը, որ հայկական կողմը չի ուզում կամ պատրաստ չէ վերսկսելու բանակցությունները: Հարցազրույցում ասվում է, որ ադրբեջանցիների ծրագրերը ձախողվել են, միջազգային հանրությունը, հատկապես միջնորդ երկրների ղեկավարությունը, ամբողջությամբ գիտակցում են, որ այս ամենի մեղավորը Ադրբեջանն է, որ տարիներ շարունակ հիմնականում Ադրբեջանն է մերժում միջնորդների առաջարկած կարգավորման նախագծերը, հատկապես՝ Կազանի փաստաթուղթը: Հաշվի առնելով այս ամենը՝ ես կարծում եմ, որ բանակցությունները վերսկսելու սրանից ավելի հարմար պահ չի կարող լինել: Միգուցե նախագահը տիրապետում է նաև այլ տեղեկատվության, որի մասին չի բարձրաձայնում: Բայցևայնպես հարկ է ընդգծել, որ երբ բանակցությունները տապալվում են, պատերազմի հնարավորությունն էապես մեծանում է: Համոզված եմ և իմ փորձից կարող եմ ասել, որ եթե վերջին տարիներին բանակցությունները խորը փակուղում չլինեին, միգուցե հնարավոր լիներ խուսափել այս պատերազմից, զոհերից ու ավերածություններից: Ստատուս քվոյի փոփոխությունը հնարավոր է երկու հարթությունում՝ բանակցային և ռազմական: Հաշվի առնելով նախորդ քսան տարիներին Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախ կարգավիճակը՝ հայկական կողմի համար հարցի կարգավորումը դիվանագիտական հարթությունում է: Մեզ համար ստատուս քվոյի ամրագրումը և բանակցային փաստաթղթում առկա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը հնարավոր է միմիայն բանակցային հարթությունում: Ադրբեջանական կողմի խնդիրն այսօր ստատուս քվոյի, հատկապես՝ տարածքների առումով, հետ պտտումն է 1991-ի իրավիճակին: Դա տեսականորեն հնարավոր է միմիայն ռազմական հարթությունում: Եթե պատերազմ է տեղի ունենում, նշանակում է, որ Ադրբեջանը մեզ ներքաշել է իր հարթություն: Իսկ եթե բանակցային գործընթաց կա, նշանակում է, որ մենք մեզ համար ցանկալի հարթությունում ենք: Հետևապես այսօր մեր դիվանագիտության հիմնական խնդիրը ոչ միայն բանակցությունները վերսկսելն է, այլև բովանդակային նախաձեռնությունը վերցնելը: Ամեն անգամ, երբ բանակցությունները մտնում են փակուղի, ինչ-որ մեկը միշտ փորձ է անում նոր գաղափարներ ներմուծելով՝ խնդիրը փակուղուց դուրս հանել: Եթե փակուղու պատճառը եղել է Ադրբեջանը, շատ բնական է, որ միջնորդների կամ Ադրբեջանի կողմից նախաձեռնությունը միայն ու միայն կարող են լավացնել փաստաթուղթը ի օգուտ նրա: Ուստի անհրաժեշտ է, որ առաջին նախաձեռնողը լինի հայկական կողմը: Նախկինում հենց այդպես էլ եղել է: Մենք Մադրիդյան սկզբունքները դիտարկել ենք փաթեթային տարբերակով։ Դրանք սկզբունքներ էին, որոնք հայկական կողմը կարող էր աշխատեցնել իր օգտին, եթե թիկունքում ունենայինք աճող տնտեսություն, արդիականացված բանակ, քաղաքական առողջ համակարգ և անվտանգության հարցերում համախմբված հասարակություն։ Ինքնին հասկանալի է, որ եթե այս ամենը չկա, կամ ունենք հետընթաց, ապա հակառակ կողմն ունենում է գայթակղություն՝ հարցը ռազմական տարբերակով իր օգտին լուծելու: Բլումբերգի հրապարակած գրավոր հոդվածում նշվում է, որ նախագահը 2011թ. Կազանում համաձայնել էր Լեռնային Ղարաբաղին հարակից հինգ տարածքների վերադարձին՝ անորոշ ապագային թողնելով Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հստակեցման հարցը: Սա իսկապես անընդունելի է: Հայկական կողմը 1998-ից ի վեր, անկախ սեղանի վրա եղած փաստաթղթի բովանդակությունից, Ադրբեջանի և միջնորդների մոտ երբեք տպավորություն չի թողել, որ առանց Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի վերջնական հստակեցման՝ պատրաստ է նույնիսկ քննարկել որևէ տարածքի վերադարձ: Այս հանգամանքը ևս առավել հրատապ է դարձնում բանակցությունների վերսկսումը: Ադրբեջանի նախաձեռնած չորսօրյա պատերազմից հետո էլ ավելի անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բերելու նոր հարթություն, որտեղ խնդիրը կլինի ոչ թե ինքնորոշման իրավունքի ամրագրումը, այլ արդեն 25 տարի գոյություն ունեցող ինքնորոշման փաստի ճանաչումը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/VartanOskanian/posts/1182559348421920 ...

    Կարդալ ավելին
  • Ուշադրությամբ կարդացի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը և ուզում եմ արձագանքել դրանում տեղ գտած Հայաստանի այսօրվա ներքաղաքական իրավիճակի և իմ նախարարության շրջանի արտաքին քաղաքանությանը վերաբերող որոշ մտքերի և մեղադրանքների: Նախ նշեմ 1998-2008 թթ. Հայաստանի վարած արտաքին քաղաքականության արդյունքում միայն Թուրքիային և Լեռնային Ղարաբաղին վերաբերող մի քանի անհերքելի փաստեր: Առաջին, հնարավոր է եղել արտաքին քաղաքականության օրակարգ ներառել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և հասնել տասնհինգ նոր երկրների կողմից այդ փաստի ընդունմանը՝ միաժամանակ կարողանալով պահպանել Թուրքիայի հետ բոլոր տեսակի դիվանագիտական շփումները: Երկրորդ, հնարավոր է եղել ապացուցել աշխարհին և հայաստանյան հոռետեսներին, որ հակառակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակմանը՝ կարելի է տարիներ շարունակ ունենալ երկնիշ տնտեսական աճ, ներգաղթ, իսկ ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ առաջին անգամ հասնել բանակցային փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրմանը: Երրորդ, հնարավոր է եղել տասը տարի շարունակ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ողջ սահմանի երկայնքով պահպանել, թեկուզ և փխրուն, խաղաղությունը և խուսափել մեծ թվով զոհերից և ավերածություններից: Դա հաջողվել է ոչ միայն ռազմական հավասարակշռության պահպանման, այլև արդյունավետ, թեկուզև դժվար, դիվանագիտական աշխատանքի, տնտեսական աճի և քաղաքական կայունության շնորհիվ: Այժմ անդրադառնամ Լեռնային Ղարաբաղին բանակցություններից դուրս թողնելու, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկությունն ընդունելու և Մադրիդյան փաստաթղթի երևան գալու մեղադրանքներին: 2013թ. լույս տեսած իմ «Անկախության ճանապարհով» գրքում մանրամասն անդրադարձել եմ այս երեք թեմաներին: Ղարաբաղի՝ բանակցային կողմ լինելու կամ չլինելու մասով (էջ 184-188), Ցեղասպանության հարցն ուսումնասիրող հանձնաժողովի մասով (էջ 153-154) և Մադրիդյան փաստաթղթի մասով (էջ 198-200): Առանց խորանալու մանրամասների մեջ՝ այդ երեք հարցերի կապակցությամբ ասեմ հետևյալը: Եթե անպայմանորեն պնդում ենք, որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցություններից, որովհետև չի մասնակցում Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններին, ապա պետք է արձանագրել, որ դա տեղի է ունեցել 1997թ. ապրիլին՝ Մոսկվայում, երբ հակամարտության կողմերը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, վերջին անգամ հանդիպեցին այդ ձևաչափով: Այդ հանդիպմանը Ադրբեջանի պատվիրակությունը, ոգևորված 1996թ. դեկտեմբերին Լիսաբոնի գագաթաժողովում ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունից, նոր պայմաններ փորձեց պարտադրել բանակցային փաստաթղթում: Հայաստանի պատվիրակությունը, որ գլխավորում էի ես, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը, մերժեցինք առաջարկվածը: Դրանով ավարտվեց ոչ միայն այդ օրվա հանդիպումը, այլև Ադրբեջանի համառության պատճառով դադարեցին այդ ձևաչափով հանդիպումներն ընդհանրապես: Այդ օրվանից հետո այդ ձևաչափով հանդիպում չի եղել: Այլ կերպ ասած, երբ 1998թ. ապրիլին ես նշանակվեցի արտաքին գործերի նախարար, Լեռնային Ղարաբաղն այդ առումով արդեն մոտ մեկ տարի էր, ինչ նման ձևաչափով չէր մասնակցում բանակցություններին: Այդ մեկ տարվա ընթացքում՝ բանակցությունների ձևաչափի չեղարկումից հետո, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով շարունակվել են հանդիպումները, և նախագահ Տեր-Պետրոսյանն առնվազն չորս անգամ հանդիպել է Ադրբեջանի նախագահին. մարտի 28-ին՝ Մոսկվայում՝ Ելցինի միջնորդությամբ; ապրիլի 28-ին՝ Ստամբուլում՝ Դեմիրելի միջնորդությամբ; հոկտեմբերի 10-ին՝ Ստրասբուրգում; հոկտեմբերի 23-ին՝ Քիշնևում: Ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցն ուսումնասիրող հանձնաժողովին, այստեղ ամեն ինչ շատ ավելի պարզ է և տեսանելի: Եղել է Էրդողանի նամակը Քոչարյանին՝ նման հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ, և եղել է Քոչարյանի խիստ մերժողական պատասխանը: Երկու նամակներն էլ հայկական մամուլում հրապարակվել են: Ի դեպ, թուրք պաշտոնյաները ակնհայտ պատճառներով պնդում են, թե Քոչարյանը պատասխան չի տվել իրենց: Վերջապես, Մադրիդյան փաստաթղթի մասին: Հայաստանը դա ընունել է վերապահումներով և միայն որպես բանակցությունների հիմք: Բնական է՝ հետագայում բանակցությունների ընթացքում պետք է պայքարեր փաստաթուղթը առավել ընդունելի դարձնելու համար: Բայց այդ փաստաթուղթը, ինչպես որ ներկայացվել էր կողմերին, հայկական կողմի համար առավել շահեկան լինելու առումով պարզապես համեմատության եզրեր չունի անկախությունից ի վեր բանակցությունների սեղանին դրված որևէ այլ առաջարկության հետ: Առայսօր վեց տարբեր փաստաթղթեր են հայտնվել բանակցությունների սեղանին՝ Հակամարտության հետևանքները վերացնելու ռուսական առաջարկությունը; Մինսկի խմբի համանախագահողների 1997թ. փաթեթային և փուլային առաջարկները; Պրիմակովի ընդհանուր պետության առաջարկը; Քի Վեստի փաստաթուղթը և վերջապես՝ Մադրիդյանը: Այս բոլոր փաստաթղթերը տարբեր ժամանակներում, մասնակի կամ ամբողջությամբ, հրապարակվել են հայկական մամուլում: Կարող եք ինքներդ կարդալ, համեմատել և անել սեփական եզրահանգումները: Վերոնշյալ ամենը՝ իմիջիայլոց։ Նախագահի հարցազրույցում ինձ համար առավել մտահոգիչ և անընդունելի է հետևյալ միտքը. «Հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու և նրանցից հաշիվ պահանջելու ժամանակը չէ։ Պատերազմը շուտով ռազմի դաշտից տեղափոխվելու է դիվանագիտության կամ դժվարագույն բանակցությունների ճակատ»։ Ես ենթադրում եմ, որ այստեղ խոսքը վերաբերում է իշխանությունների՝ առհասարակ անցած ութ տարիների սխալներին և բացթողումներին։ Բայց հարգարժան պարոն նախագահը բոլորից լավ պետք է իմանա, որ նախ՝ այդ բանակցությունները կարող են ամիսներ և նույնիսկ տարիներ տևել: Եվ երկրորդ՝ ապրիլյան քառօրյա պատերազմը եկավ հերքելու այն կեղծ թեզը, որ արժանավայել պետություն կառուցելու մեր պահանջատիրությունը, մեր քաղաքական այլախոհությունը կարող են վտանգել մեր անվտանգությունն ու պետականությունը։ Իսկապես, տարիներ շարունակ փոխանակ ղարաբաղյան մեր հաղթանակները և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիվանագիտական ամրագրումը լինեին մեր հավատի, հույսի ու խանդավառության աղբյուրը և երկրի առաջընթացի ու զարգացման հիմնական խթանը, Ադրբեջանի հոխորտանքները, սահմանային ոտնձգությունները և պատերազմի սպառնալիքները դարձել են մեզ կաշկանդելու, հաճախ մարդու իրավունքների, արդարության ու քաղաքական ազատությունների ասպարեզում մեր անգործությունն արդարացնելու և հետևաբար՝ երկրի առաջընթացն ու ժողովրդավարացումը խանգարող գործոններ: Նախկինում ես ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք առավել ևս և հնարավորինս շուտ պետք է սխալների ու բացթողումների համար իշխանություններից հաշիվ պահանջենք։ Որովհետև մեր գլխին կախված է պատերազմի վտանգը, մենք առավել ևս և հնարավորինս շուտ պետք է գնանք քաղաքական արմատական բարեփոխումների, ամրապնդենք ժողովրդավարությունը և ստեղծենք ամուր պետություն: Որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք հնարավորինս շուտ պետք է վերջ տանք նյութական մսխումներին, չարաշահումներին և հանրային միջոցներն ուղղենք պետության զարգացմանն ու բանակի արդիականացմանը։ Որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք առավել ևս և հնարավորինս շուտ պետք է ազատ, արդար, մրցունակ և գրավիչ տնտեսություն ստեղծենք: Բանակցություններում իրեն ինքնավստահ կարող է զգալ միայն այն երկրի ղեկավարը, ով ներքուստ գիտի, որ ընտրվել է ժողովրդի ազատ կամքով: Այն ղեկավարը, որի հետևում ուժեղ և արդիական բանակ է, հակակշիռների վրա կառուցված արդյունավետ պետական համակարգ, առողջ հասարակություն և ուժեղ տնտեսություն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/VartanOskanian/posts/1173817382629450 ...

    Կարդալ ավելին
  • Հիմա, երբ արդեն վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 4+4+4 ձևաչափով բանակցություններ սկսելու վերաբերյալ, ուզում եմ հայտնել իմ աջակցությունը ընդդիմության և քաղաքացիական հասարակության հինգ պահանջներին: Հուսով եմ, որ բանակցությունների արդյունքում այդ կետերը կընդունվեն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/VartanOskanian/posts/1163354000342455 ...

    Կարդալ ավելին
  • Ծանոթանալով նոր Ընտրական օրենսգրքի նախագծին՝ ուզում եմ ներկայացնել հետևյալ դիտարկումները և գնահատականները: Սկսեմ նրանից, որ հանրությանն ըստ էության ոչ թե 100 տոկոս համամասնական ընտրակարգ ենթադրող փաստաթուղթ է ներկայացվել (ինչպես որ նախատեսված է նոր Սահմանադրությամբ), այլ հիբրիդային, այն է` մեծամասնական ու համամասնական ընտրակարգի խառնուրդ: Ընդ որում` այսօրվա համեմատ մեծամասնական տեղերը փաստացի ավելացել են: Օրենսգրքում տեղ են գտել ոչ միանշանակ ու վիճելի բազմաթիվ ձևակերպումներ, որոնք վերաբերում են ինչպես ընտրությունների անցկացման բուն գործընթացին, այնպես էլ ապագա իշխանության ձևավորմանը: Ակնհայտ է, որ բոլոր շրջանակների մոտ առաջացել են բազմաթիվ հարցեր և դժգոհություններ: Ակնհայտ է նաև, որ անհրաժեշտ է հասարակական ու քաղաքական լայն համախմբում` Ընտրական օրենսգիրքը բոլորի համար ընդունելի դարձնելու և ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին մոտեցնելու համար: Առաջարկներս հետևյալն են. Առաջին, ապահովել ընտրողների մատնահետքերով միասնական էլեկտրոնային համակարգի ներդրում` բացառելու կրկնաքվեարկությունը (կարելի է հիմք ընդունել վրացական փորձը): Մտահոգիչ է նաև բազմատեսակ փաստաթղթերով և լրացուցիչ ցուցակներով քվեարկելու հնարավորության ընձեռումը: Երկրորդ, մաքրել ընտրական ցուցակները և դրանք նախապես հրապարակել, իսկ քվեարկությունից հետո հրապարակել քվեարկողների ցուցակները: Երրորդ, վերանայել ռեյտինգային քվեարկության առաջարկվող մոդելը՝ այն համահունչ դարձնելով նոր Սահմանադրության տառին ու ոգուն: Չորրորդ, հանել բոնուսային մանդատների հատկացման մասին դրույթը: Քանի որ նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս կոալիցիաներ կազմել և խորհրդարանի 2/3-ի ձայներով Սահմանադրության որոշ դրույթներ փոխել, խիստ կարևոր է յուրաքանչյուր մանդատի արժեքը, որը պետք է տրվի միմիայն ժողովրդի քվեով: Հինգերորդ, հանել կոալիցիաների ձևավորման համար կուսակցությունների թվի սահմանափակումը, քանզի այն հակասում է պառլամենտարիզմի գաղափարին: Վեցերորդ, չսահմանափակել ընտրատեղամասերում դիտորդների և լրատվամիջոցների թիվը, փոխել դիտորդների հրավիրման առաջարկվող կարգը: Բնականաբար, վիճելի այլ դրույթներ ևս կան, սակայն սրանք այն հիմնականն են, որոնք խոցելի են դարձնում մեր քաղաքական համակարգն ու ընտրական գործընթացները: Կոչ եմ անում մեկտեղել քաղաքական, քաղաքացիական, մասնագիտական և շահագրգիռ այլ շրջանակների ջանքերը՝ նոր Ընտրական օրենսգրքի բարելավման և հանրայնորեն ընդունելի փաստաթուղթ ստանալու նպատակով: Միջազգային շրջանակներին ևս առաջարկում եմ իրենց նպաստը բերել և՛ որակյալ փաստաթուղթ ստանալու, և՛ բուն ընտրական գործընթացը հանրության համար լեգիտիմ դարձնելու նպատակով: Ինչ վերաբերում է իմ և իմ համախոհների քաղաքական վարքագծին, ապա մենք ակտիվորեն ներգրավվելու ենք ինչպես օրենսդրական քննարկումներում, այնպես էլ բուն ընտրական գործընթացներում` որպես հիմք ընդունելով հասարակական-քաղաքական լայն համախմբման միջոցով երկրում դրական փոփոխությունների հասնելու սկզբունքը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/VartanOskanian/posts/1146624292015426 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

Քաղաքականություն