• Արտաշես Փափազյան
  • Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող Մեծ Պահքի վերջին շաբաթն է… Գոնե ա՛յս շաբաթվա ընթացքում ինքներս մեզ «դրսից նայելու» մի փորձ կատարենք՝ հասկանալու համար, թե ով ենք մենք վերջապես: Մենք, արտաքնապես պահելով քրիստոնեական սկզբունքները, ամեն վայրկյան չենք հակառակվո՞ւմ արդյոք դրանց էությանը: Կյանքի բոլոր բնագավառներում մեզ շրջապատելով բարոյականի մասին լոզունգներով, ավելին՝ բոլորս բոլորին ազնիվ, արդար, անխարդախ կյանքով ապրելու անհրաժեշտության մասին դասախոսություններ կարդալով՝ անձնապես ապրո՞ւմ ենք արդյոք այդ լոզունգների բնությանը համապատասխանող կյանքով: Ի՞նչ արժեք ունեն խորանների առջև մեր վառած մոմերն ու աղոթքները, կաթողիկոսական սրտառուչ բարեմաղթանքներն ու հորդորները, եկեղեցիներում ծխեցրած խունկերն ու հնչեցված զանգերը, եթե ԱԶԳՈՎԻ՝ աշխարհիկ և հոգևոր ամենամեծամեծերից մինչև ամենանվաստներս շարժվում ենք Տիրոջ մատնանշած Ուղուն հակառակ: Այսօր բոլորիս վաղուց արդեն հարազատ դարձած մշտնջենական ստի ու կեղծիքի, համատարած ընչասիրության, ամբարտավանության ու անբարոյականության մթնոլորտում, ինքներս մեզ հռչակելով ու հպարտ ցցվելով որպես առաջին քրիստոնյաներ, մեր գործերով, մեր ապրած կյանքով, մեր ողջ էությամբ մենք որևէ առնչություն ունե՞նք արդյոք ՀԻՍՈՒՍԻ հռչակած արժեքներին: Իհարկե, չունենք, քանզի միայն ծեսերով ու սուտ սովորույթներով է, որ քրիստոնյա ենք:  Միայն ծեսերով պահվող հավատը մեռած է, իսկ մեռած հավատը սատանայի ամենահզոր զենքն է: Մենք, գուցե ինքներս էլ չհասկանալով, վաղուց արդեն երկրպագում ենք մամոնային: Մենք չենք էլ զգում ինքնամաքրվելու, անձնապես վերափոխվելու, առավել կատարյալ դառնալու, «վերստին ծնվելու», մեզ համակած մարդ կենդանի վիճակից ՄԱՐԴ-ՄԱՐԴ վիճակին անցնելու անհրաժեշտությունը: Ով ենք մենք այսքանից հետո… Քրիստոսին խաչո՞ղ ենք, թե՞ ՆՐԱՆ խաչից իջեցնող, խաչի վրա թքո՞ղ ենք, թե՞ խաչը սիրող, կռապա՞շտ ենք, թե՞ խաչապաշտ և վերջապես ոչ թե լոլոներով, այլ մեր ապրած կյանքով, հենց այս պահին ընթացող համաշխարհային արմագեդոնի այս մահ ու կենաց կռվում ԼՈՒՅՍԻ՞ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ շարքերում ենք, թե՞ խավարի ասկյարների: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artashes.papazyan/posts/1175087655950002 ...

    Կարդալ ավելին
  • Եվան հրաժարում է ծառից պոկել խնձորը… Պիեր Բուլի մոտիվներով… Աշխարհն իրար է խառնվել… Սարը մուկ է ծնել… ԱՄՆ ժողովրդավարական համակարգը СБОЙ է տվել: Ամերիկյան ժողովուրդն այս անգամ երկրի քաղաքական իսթեբլիշմենթի հրամցրած «կուտը չի կերելցց, իր առջև «փրթած սրսուռ բազուկը» ճաշակելուց հրաժարվել ու նախագահ է ընտրել մեկին, ում ՈՉ ՄԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ չպե՛տք է ընտրեՐ: Է, ինչ կա որ,- կասեք դուք: Ժողովրդավարությունը, դրանով էլ ժողովրդավարություն է, որ մարդիկ կողմնորոշվել ու երկու չարիքից ընտրել են նվազագույնը: Չէ՞ որ ընտրված նախագահ Թրամփի օպոնենտ Հ. Քլինթոնը որակվում էր որպես հրեշ կամ «հոգեբուժական հիվանդանոցի սադիստ բուժքույր»: Կամ ինչ է, նախկինում ընտրված ԱՄՆ նախագահները ինչ որ բանով գերազանցե՞լ են այսօր ժողովրդի քվեն ստացած Թրամփին: Օբաման, թե՞ «սադիստ բուժքույրը», երեք վանկը գերազանցող բառեր արտասանել դժվարացող օրապակաս (ձևակերպումն իրենցն է) Բուշ կրտսերը, թե՞ Մոնիկա Լևինսկու գծով իրեն խայտառակած սաքսաֆոնահար Քլինթոնը Թրամփից ավելի՞ են եղել: Իհարկե Ո՛Չ: Բանն այն է, որ սրանք բոլորը անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, իրենց խելքի չափից, իրենց սոցիալական վիճակից ՀԱՄԱԿԱՐԳԻ մարդիկ են եղել: Չնայած աշխարհի հզորագույն երկրի նախագահը լինելուն, սրանք բոլորը ԵՆԹԱԿԱ են եղել ՀԱՄԱԿԱՐԳԻՆ, միշտ արել են այն, ինչ թելադրել է ՀԱՄԱԿԱՐԳԸ: Թրամփի պարագայում տեղի է ունեցել անհավանական մի բան: ՀԱՄԱԿԱՐԳԻ մարդ չլինելով Թրամփն ընտրվել է ԱՄՆ նախագահ: Վտանգը մեծ չէր լինի, եթե նա համաձայնվեր ենթարկվել համակաւգին, կամ գոնե համագործակցել նրա հետ: Սակայն նա հրաժարվում է այդ անել, ավելին, համարձակվում է խիստ քննադատական խոսքեր ուղղել իր երկրի գաղտնի ծառայությունների, պաշտպանական համակարգի, երեսպաշտության մեջ մեղադրում է գլամուրային աստղերին, պարսավում է ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ին, համաշխարհային մեդիամիջոցներին, Եվրոմիությանը մեղադրում է վարած միգրացիոն քաղաքականության համար, հայտարարում է, որ աշխարհը փակուղու հասցրած ֆինանսական կապիտալիզմը ինքը փոխարինելու է արդյունաբերական կապիտալիզմով ու վերականգնելու է N1 արդյունաբերություն ունեցող երկրի ԱՄՆ կորսված փառքը և այլն, և այլն: Թրամփը անուղղակի հայտարարում է, որ գործելու է գոյություն ունեցող աշխարհաքաղաքական ՀԱՄԱԿԱՐԳԻ դեմ: Իրենց արժեքայնությամբ Թրամփի այս հայտարարությունները հավասարազոր են Հին կտակարանի հիմնադրույթային մի դրվագի վերաիմաստավորմանը. Այն է, որ Եվան չլսեր խորամանկ օձին և հրաժարվեր կենաց ծառից պոկել ու ճաշակել խնձորը… Գործողությունների այսպիսի ընթացքը արմատապես կփոխեր Կտակարանի ողջ տրամաբանությունն ու այն կդարձներ անիմաստ, քանզի կվերանար նախնական մեղքի գաղափարն ու դրան հետևող արտաքսումը դրախտից… Նույնն է Թրամփի պարագայում: Եթե նրա մտայնությունները գործողությունների վերածվեն, ապա դա կհանգեցնի աշխարհաքաղաքական գործող մոդելի փլուզմանը: ՀԱՄԱԿԱՐԳԸ դա երբեք թույլ չի տա: Թրանփի համար կա երեք ճանապարհ. • Նա «կկոտրվի» ու կսկսի «համագործակցել» ՀԱՄԱԿԱՐԳԻ հետ, կդառնա իրենց մարդը.  • Հրաժարական կտա ու կհեռանա. • «Արկածի», «հիվանդության» կամ բացահայտ ու ծիսական սպանության զոհ կդառնա, ինչպես պատահել է ՀԱՄԱԿԱՐԳԻՆ դեմ գնացող ԱՄՆ շատ նախագահների հետ. Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artashes.papazyan/posts/1093976270727808 ...

    Կարդալ ավելին
  • Համահայկական ոչ մի ծրագիր, ոչ մի նախագիծ չի կարող իրականություն դառնալ, քանի դեռ յուրաքանչյուրս և հատկապես այդ ծրագրերի հեղինակներն ու գովերգողներն ունեն այդ ծրագրերն իրենցից զանց անող, իրենց չմասնակցությունը պատճառաբանող, իրենց «նրբացուցիչ դեպք հանցանացները»: Հնդկաստանը չէր անկախանա, եթե Մահաթմա Գանդին իր «ոչ բռնի դիմադրության» գաղափարի տարածման համար ցուպը ձեռքին չշրջեր ողջ Հնդկաստանով, Իսրայել պետությունը չէր կայանա, եթե պետականության ստեղծման գաղափարի ջատագովներն իրենց անձնական օրինակով չխրախուսեին եբրայեցիների դարձը Պաղեստին… Նույնն է նաև մեր «Արի տուն» ծրագրի   պարագայում: Որպեսզի այն համոզիչ, հասկանալի և օրինակելի դառնա արտաքին սփյուռքի մեր եղբայրների և քույրերի համար, այս ծրագրի հեղինակները պիտի սկսեն զբաղվել մարզերից Երևան տեղափոխված մեր հայրենակիցներին իրենց հայրական տները վերադարձնելու, մեր «ներքին սփյուռքը» լուծելու խնդիրներով: Եվ այս գործընթացը նրանք պիտի սկսեն ԻՐԵՆՑԻՑ: Հավատացե՛ք, առանց հեգնանքի եմ ասում... Որքան համոզիչ կլիներ «Արի տունը», եթե Հ. Հակոբյանն առաջինը ինքը վերադառնար իր հայրենի Սարուխանն ու շենացներ, օրինակելի մի համայնք դարձներ այն: Գերագույն արժեք կստանար այդ ծրագիրը, եթե իրենց պետական ծառայություններն ավարտած հանրապետությանս նախագահները, վարչապետերը, մեր բարձրաստիճան զինվորականներն ու քաղաքական գործիչները ազատագրվեին անպայման Երևանում բնակվելու, այնտեղ ապարանքներ կառուցելու այս հիվանդագին մոլուցքից ու վերադառնային իրենց փոքր հայրենիքները, իրենց հայրական տները, շենացնեին ու հզորացնեին մարզերը: Պետությունն իր մայրաքաղաքով չէ, որ պետություն է, այլ իր մարզերով ու գյուղական համայնքներով: Հիշենք Բագրատունյաց թագավորության անկման ու Անիի կործանման պատմությունը: Պատմությունը սովորություն ունի կրկնվելու, եթե նրանից դասեր չեն քաղված: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artashes.papazyan/posts/1089800674478701 ...

    Կարդալ ավելին
  • Դիվերսիոն խմբերի ներխուժման հետ կապված բազում հարցեր են առաջանում, որոնց պատասխանները պիտի տրվեն անհապաղ… Եթե թշնամու դիվերսիոն խմբերը, այս էլ որերորդ անգամն է, կարողանում են այնքան մոտենալ մեր պաշտպանական դիրքերին, որ մարտական գործողությունները ծավալվում են մեր խրամատներում կամ նրանց մատույցներում, ապա սահմանների պաշտպանության հարցում, կարծում եմ, մենք լուրջ թերացումներ ունենք: Սահմանապահ ուղեկալը, խրամատը, պաշտպանական վերջին բնագիծն են և երեք ամիս ծառայած զինվորի հնարամտության, նրա հերոսության, վերջապես նրա կյանքի գնով կանգնեցված կամ հետ շպրտված թշնամին ոչ թե մեծախոսության, սնապարծության ու պոռոտաբանության առարկա պիտի հանդիսանա, ինչպես որ այսօր է, այլ պիտի ահազանգի երկրի բարձրագույն հրամանատարության անբանության, պաշտպանական համակարգի, բանակի կազմակերպման անմխիթար վիճակի մասին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artashes.papazyan/posts/1077911325667636 ...

    Կարդալ ավելին
  • Մեր կյանքն անցնում է ժամանակային կարուսելի տախտակամածին  Հետևելով Էռնստ Կրաուսին  Ահա արդեն 25 տարի է, գուցե դրանից էլ ավելի, ինչ հայի ժամանակը դադարել է սովորականի պես գծայնորեն՝ անցյալից, ներկայով դեպի ապագա ընթանալ, այլ պտտական շարժում է կատարում: Մենք, ազգովի, հայտնվել ենք մի ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ԿԱՐՈՒՍԵԼԻ տախտակամածին, ուր շարժում կա, սակայն առաջխաղացում չկա, ուր առկա են ընթացքի բոլոր զգացողությունները, սակայն բացակայում է առաջընթացը: Մեր այս իրականության մեջ խառնաբնդորված են ներկան ու անցյալը, իսկ ապագա կոչվածը միայն արտաքնապես, ձևի մեջ ինչ -ինչ փոփոխությունների ենթարկված, սակայն խորքում, էապես ոչ մի նոր բան պարունակող նույն անցյալն է: Մենք ազգովի դժգոհում ենք այսպիսի ընթացքից, ավելին, մշտնջենական այս պտույտը շատերի սրտխառնոցն է առաջացնում, անվերջ կրկնվող պատկերները հոգնեցրել են բոլորին, աշխատավորական զանգվածները փոփոխություններ են ուզում… Մեր այս և մի շարան այլ դժգոհությունները, որոնք ավելի շատ վերգիտակցական, զգացական հարթություններում են ձևավորվում և ժամանակային կարուսելի լեզվաբանությամբ չեն կարող ձևակերպվել, որպես օրենք, արտահայտվում են կարուսելի կարգավարի հրաժարականի պահանջով: 25 տարվա ընթացքում երեք ՛՛կառուսել աշխտցնող՛՛ ենք փոխել, առաջ շարժվելու համար մեզանից հասնող ամեն բան արել ենք՝ կարուսելի փղիկներին նստածներս վազել, նստել ենք այծյամներին, ձիակառքերը փոխարինել ենք ավտոմեքենաներով, կանգնածներս նստել ու նստածներս կանգնել ենք, սակայն կարուսելը սկսել է պտտվել ու ամեն բան վերադարձել է ի շրջանս յուր. ոչինչ չի փոխվել: Մենք չենք էլ փորձում հասկանալ, որ շարժման այսպիսի ընթացքի տրամաբանությունը կարուսել աշխատեցնողներից չի կախված: Կարուսելի կարգավարը զուտ կոճակ սեղմող է, նա, իր շահից ելնելով, ընդամենը հետևում է, որ կարուսելի պտտող մեխանիզմը աշխատի անխափան, ատամնաանիվները ժամանակ առ ժամանակ յուղվեն, հոսանքի ընդհատումներ չլինեն և այլն: Միայն այսքանը: Ինչքանով է նա լավ կատարում իր այս պարտականությունները, այլ խնդիր է և մեր բողոքի առարկային չի առնչվում ընդհանրապես: Խորքային, ենթագիտակցական անբացատրելի, տրամաբանորեն չձևակերպվող չափողականություններում, մեր բողոքը ընթացքի կարուսելային տրամաբանությունն է վերաբերվում…  Մենք ցանկանում ենք, որպեսզի որպես ազգ, որպես հանրություն, որպես անհատներ վերջապես, փոխվի մեր ընթացքի պարադիգման: Մենք ցանկանում ենք ճեղքել այս չարաբաստիկ ժամանակային օղակը և անցնել ժամանակային այլ չափողականության: Սակայն ոչ ոք չի հասկանում, որ այս նպատակին հասնելու համար ներկայումս օգտագործվող գաղափարները, մեխանիզմներն ու գործիքները բանի պետք չեն: Գոյություն ունեցող համակարգերը (կուսակցությունները, հասարակական- քաղաքական կազմակերպությունները, հայրենիքի փրկությամբ տոգորված անհատները, համայն հայության միավորման կոչեր անողները, նոր կազմավորվող ցանցային ստրուկտուրաները) ոչնչի պիտանի չեն, քանզի անխտիր բոլորի մոտ բացակայում են ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ, նկատվում է մտածողության իներցիոնությունը: Բոլոր այս կազմավորումների, առանձին անհատների գործունեությունն ուղղված է եղածը բարելավելուն, այն օպտիմալացնելուն, ավելի կատարելագործելուն: Գոյություն ունեցող ցանկացած կազմավորման ցանկացած գործողություն, անգամ եթե այն կատարվում է բացառապես բարիք գործելու նպատակով, հակառակ ազդեցություն է ունենում՝ ավելացնում է համակարգում առկա քաոսի աստիճանը: Կարծում եմ, 25 տարին բավարար ժամանակն է, հասկանալու համար այս ճանապարհի փակուղային լինելը: Բազմիցս կրկնվող ժամանակային միևնույն հատվածում ապրելուց, այս ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ԿԱՐՈՒՍԵԼԻՑ ազատագրվել ու իրական փոփոխությունների հնարավոր է հասնել միայն կյանքի դրվածքների վերաիմաստավորման միջոցով: Բաժանարար դատողականության վրա հիմնված կյանքի ՛՛հին՛՛ մտածելակերպն այլևս պիտանի չէ մեր առջև ծառացած խնդիրների լուծման համար: Այս մտածելակերպի միջոցով մենք այդպես էլ չկարողացանք հասնել փոխադարձ վստահության, փոխադարձ գնահատման, չեկանք իրական փոխըմբռնման: Այսօրվա մեր մտածելակերպը, որտեղ գերակայում է նյութապաշտությունն ու էգոցենտրիզմը, որտեղ մարդկային գործունեության բոլոր ոլորտներում առաջնայնացված են մարդկանց միմյանցից վանող, նրանց ատոմացնող մարդու եսակենտրոն ընկալումներն ու ցանկասիրությունները, պիտի փոխարինվի մարդկային հարաբերությունները ներդաշնակող, մարդկանց միավորող նոր գաղափարներով: Համաձայն նոր ընկալումների արդարությունը, բարձրագույն բարոյականությունը, մարդկային առաքինությունները ոչ թե լոկ որպես գաղափարներ են ընկալվելու և հասկացվելու, այլ որպես կատարված փաստեր ու կյանքի նորմեր են ճանաչվելու: Մենք պիտի անցնենք մի նոր չափողականության, որտեղ նվազագույնի հասցված կլինի ձևի և բովանդակության, երևույթի և էության միջև գոյություն ունեցող անդունդը: Մեր հետագա ընթացքը մենակ, սակայն ոչ միայնակ անհատների միջոցով պիտի կերտվի: Անհատներ, ովքեր նյութականից չկառչած չափողականությունների տիրույթներում են կառուցելու իրենց դատողությունները: Նրա՛նք է, որ պիտի դառնան ՆՈՐ մտածողության բյուրեղացման կենտրոններ: Ճակատամարտի դաշտը դրսից ներս պիտի տեղափոխվի: Յուրաքանչյուրն ինքը պիտի փոխվի: Մարդն ինքն իրեն պիտի հաղթի:  Սա չափազանց բարդ խնդիր է, քանզի յուրաքանչյուրիցս ինքնուրույնության ու ներքին ազատության չափազանց բարձր աստիճան է պահանջում:  Ես չգիտեմ, թե այս ամենը ինչպե՞ս և ե՞րբ է տեղի ունենալու, սակայն վստահ եմ, որ սա մեր, և ինչու ոչ, համայն մարդկության լինելիության միակ ՈՒՂԻՆ է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=941303595995077&set=a.168920973233347.34643.100003463372278&t ...

    Կարդալ ավելին
  • Ամեն բան իր Խորհուրդն ունի… Երբ առհամարհվում, մոռացության է մատնվում Խուհուրդը, մնում է միայն սովորույթը, որը ժամանակի ընթացքում քարանալով, սկսում է արտահայտվել իրադարձության բուն ԷՈՒԹՅԱՆ հետ որևէ առնչություն չունեցող ավելի ու ավելի գռեհիկ ձևերով:  Այսպես են մեր բոլոր աշխարհիկ և եկեղեցական տոները… Ամենուր կորսված է ԽՈՐՀՈՒՐԴԸ և մարդիկ էլ, կարծես գործում են միայն բովանդակությունից կտրված ձևի հարթություններում: Ըստ այդմ Նոր Տարին մեզանում վերածվել է խոզի բուդ լափելու մրցակցության, Տիրոջ Ծննդյան կամ Հրաշափառ Հարության տոները՝ ընդամենը ձուկ ու չամիչով փլավ ուտելու ու գինի կոնծելու կոնկուրսների… Նույնն է նաև այսօրվա Վարդավառի կամ Տիրոջ Պայծառակերպության պարագայում: Այն Հայ Եկեղեցու այն տաղավար տոներից է, որտեղ միահյուսված են մեր հին և նոր աստվածներն ու հավատամքները, որից ընդամենը մնացել է մարդկանց վրա ջուր ցողելու սովորույթը: Այդ սովորույթն էլ հասել է գռեհկության այնպիսի աստիճանների, որ հատկապես աղջիկներն առանց իրենց կամքին հակառակ ոտքից գլուխ նվաստացուցիչ ՛՛ջրացողման՛՛ այդ օրը որևէ տեղ գնալ չեն կարող:  Նայելով մեր փողոցներում ու բակերում տեղի ունեցող ՛՛մարտական գործողություններն՛՛, վստահաբար կարող եմ ասել, որ ա՛յս ձևի մեջ, տոնը որևէ աղերս չունի ո՛չ հեթանոսական Վարդավառի և ո՛չ էլ քրիստոնեական Պայծառակերպության հետ: Այն, իր ագրեսիվ լիցքով, ամեն մարդկային բնույթին հակառակվող արտահայտումներով, ավելի նախամարդու կամ կռապաշտական ժամանակներին հատուկ, ջրի հետ կապված ինչ որ բարբարոսական արարողություն է հիշեցնում:  Սակայն գռեհկության ներկայիս աստիճանով անգամ այս տոնը դեռ չի հասել իր բարձրակետին: Մեր այս ընթացքը ցույց է տալիս, որ մոտ ժամանակներում, ջրին փոխարինվելու են գալու քարակույտերը, իսկ ծիսակատարության մասնակիցները զինվելու են քարանետ սարքերով… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=920325538092883&set=a.168920973233347.34643.100003463372278&ty ...

    Կարդալ ավելին
  • Մոնթեի մահվան տարելիցին… Կան մարդիկ, ովքեր իրենց մահկանացուն կնքելուց հետո անգամ, շատ ավելի մեծ ու անգնահատելի ծառայություններ են մատուցում սեփական ազգին ու իրենց չգոյության հետևանքով որբացած հայրենիքին, քան մեզանից շատ-շատերը, ովքեր օրավուր կուրծք են ծեծում և ցցվում են ամենուր՝ որպես հայրենասերներ, իբր ազգի առաջադեմներ ու անշահախնդիր ծառաներ, իրականության մեջ իրենց հոգեկերտվածքով, գործողություններով, պահվածքով, կենսակերպով ու կյանքով վերջապես, ամեն վայրկյան «բռնաբարում» ու արժեզրկում են ՀԱՅ ԱԶԳ գաղափարը: Սրանց նմանները միայն իրենց մարմնավոր բարեկեցության, զվարճանքների ու անսպառ ուրախությունների, և (կամ) իբր բարեգործություններ անելով, սուտ եկեղեցիներ կառուցելով, իրենց մասին ՛՛վառ՛՛ հիշատակ թողնելու, իրենց անձերը փառավորելու մասին են երազում: Ահա այդպիսիների մասին է ասված` «Իր անձիցը խոսողը, իր անձի փառքն է որոնում, բայց նա որ իրեն ուղարկողի փառքն է որոնում, նա է ճշմարիտ եւ անիրաւութիւն չկայ նորանում» (Յովհաննես 7-18): Մոնթե Մելքոնյանը, հենց այն ճշմարիտ, իր անձի համար այս աշխարհում որևէ բան չփնտրող նվիրյալներից է, ով սուսուփուս, առանց ավելորդ դատարկաբանությունների և կեղծ հայրենասիրական գոռում-գոչյունների արել և հավատացեք՝ նույն եռանդով շարունակում է անել իր կյանքի գործը` իր ծառայություններն այսօր էլ անմնացորդ մատուցելով իր ազգին, համայն հայությանը: Այսօր, և դրա վառ ապացույցը քառօրյա պատերազմում մեր երեխաների հերոսություններն են, հետևելով նրա օրինակին, մեր երեխաները, շատերը, գուցե ենթագիտակցորեն, ջանում են Մոնթեի դավանած արժեքային համակարգում գտնվել, մաքրության ու ազնվության, արդարության ու արժանապատվության հորիզոններում մաքառել, վերջապես Մոնթեավարի ապրել, և հարկ եղած դեպքում Հայրենիքի, իրենց Ազգի համար, Մոնթեի օրինակով, առանց վարանելու տալ իրենց կյանքը: Իր կենդանության օրոք, արդեն կյանքի համար իր ընտրած ուղենիշներով, իր ապրելաձևով, իր Ազգի և Հայրենիքի հնազանդ ծառան լինելու նվիրումով Մոնթեն լրացրել է ազգընտիր ԵՐԱՆԵԼԻՆԵՐԻ շարքը: Երկար կյանք քո նվիրական երազանքներին, ՄԵԾ ՀԱՅ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artashes.papazyan/posts/908139822644788 ...

    Կարդալ ավելին
  • Ով անմեղ է լիքը սիրով Ու հավատով անսասան, Ով նայում է վառ հույսերով Դեպի Հայոց ապագան,- Նա կըտեսնի էն մըշտավառ Ջահը կախված երկընքից… Սարդարապատի զանգերն ու Թումանյանական ՛՛Լուսավորչի կանթեղը՛՛ մեկ գործ են անում: Նրանք միասին, կարծես, Հայության պահապան հրեշտակները լինեն: Սարդարապատի զանգերը միշտ ազդարարում են մեր ինքնությանը սպառնացող օրհասական վտանգների մասին, իսկ ՛՛Լուսավորչի կանթեղը՛՛ մշտապես ցույց է տալիս մեր փրկության միակ ճշմարիտ ՈՒՂԻՆ: Սարդարապատի զանգերն այսօր էլ իրենց ողջ ուժգնությամբ «մահ-պատերազմի օրհասն» են ազդարարում… Նրանք գիշերուզօր ահազանգում են մեր ինքնությանը սպառնացող վտանգների մասին, կոչնակ են հնչեցնում միաբանվելու և համընդհանուր դեգրադացման բերող նյութատենչության այս ճահճից խույս տալով ազգովի դարձի գալու, փրկվելու մասին: Սակայն ափսոս որ սակավաթիվ են «լիքը սրտով ու անսասան հավատով անմեղները…» Ոչ ոք այլևս չի լսում զանգերի ձայնը և չի տեսնում ՛՛Լուսավորչի Կանթեղի՛՛ ԼՈՒՅՍԸ… Ամայանում է մեր երկիրը… Ճիշտ մեր մասին է. «Գնա՛ եւ յայտնի՛ր այդ ժողովրդին. «Լսելով պիտի լսէք, բայց չիմանաք,տեսնելով պիտի տեսնէք, բայց չճանաչէք». քանզի այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերն էլ փակել են, որպէսզի չլինի թէ երբեւէ աչքերով տեսնեն ու ականջներով լսեն, սրտով իմանան ու դարձի գան…»։ Եւ ես ասացի. «Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր»։ Իսկ նա պատասխանեց. «Մինչեւ որ քաղաքներն աւերուեն բնակիչ չլինելու եւ տները՝ մարդ չլինելու պատճառով, եւ այդ երկիրը մնայ ամայի»։ Եսայի 6:9-11 Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artashes.papazyan/posts/898522933606477 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր աշխարհը խորը ճգնաժամի մեջ է, ինչը մարդկության հազարամյակների ընթացքում ձեռք բերված առաքինությունների ոչնչացման, ժամանակակից մարդու բարքերի անկման հետևանք է, նրա գերազանցապես նյութապաշտ հոգեբանությամբ ձևավորված սպառողական քաղաքակրթության ճգնաժամն է: Այն արտահայտվում է մարդկային գործունեության բոլոր ոլորտներում և դրսևորվում է իր հոգևոր-բարոյական, մշակութային, գաղափարա- քաղաքական, տնտեսական բնութագրերով: Այն տվյալ քաղաքակրթության մոտալուտ վախճանի մասին է գուժում, մարդկությանը` այլ արժեքային համակարգի, բոլորովին այլ հոգեվիճակի, կյանքի նկատմամբ այլ, առավել մտածված և խելամիտ մոտեցումների, վերջապես բոլորովին այլ կացութաձևի անցնելու անհրաժեշտության մասին է ահազանգում: Շատ շուտով, հավանաբար այսօր էլ մարդկանց մոտ, գուցե դեռ միայն ենթագիտակցության մակարդակներում, սկսում է ձևավորվել այլ, եղածից էապես տարբերվող, բոլորովին նոր ապագայի պատկերը, որտեղ ամեն բան իրենց ճշմարիտ, Արարչի կողմից հաստատված կարգին է դարձած, որտեղ ՛՛զուգակցված են օրինապահությունը `սիրո, արդարադատությունը` գթասրտության, հարստությունը` ողորմության, ուժը` աջակցության, կարողությունը` սպասավորության հետ՛՛ (Գարեգին Բ), որտեղ մարդու նյութական բարեկեցությունը, ունեցվածքը ստորադասված են հոգևորին և ընդամենը միջոց են, այլ ոչ ինչպես այսօր` գերագույն նպատակ: Ահա այսպիսի հոգեվիճակի անցման արդյունքում է, որ մարդկանց մի մասը կսկսի ապրել համաձայն այդ նոր տեսլականի, որոնց օրինակով հասարակության սպասումները ավելի ու ավելի շոշափելի ու տեսանելի կդառնան: Եվ ահա այդ ժամանակ տեղի կունենա նոր, հասարակության կողմից երկար սպասված, նրա համար շատ հասկանալի, շատ հոգեհարազատ գաղափարների հաղթանակը, էապես կփոխվի արժեքային համակարգը, այլ շեշտադրումներ կստանան մարդկանց մոտեցումները իրար, ընտանեկան հարաբերությունների, շրջապատող միջավայրի, տնտեսության զարգացումների նպատակայնության, պետության, աշխարհի, ամեն, ամեն ինչի նկատմամբ, իսկ հինը դեն կնետվի, կվերջանա-կգնա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artashes.papazyan/posts/894426354016135 ...

    Կարդալ ավելին
  • Դեռ գորբաչովյան ժամանակներից, Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծման հիմքում դրվեց ՛՛հաղթողներ և պարտվողներ չպետք է լինեն՛՛ թեզը և քանի որ այն ձեռնտու է բոլորին, ուժի մեջ է նաև այժմ: Ի տարբերություն ադրբեջանի, մեր դիվանագիտությունը, թերևս, չի ըմբռնել այս թեզի խորքային նշանակությունը: Մենք ինչպես միշտ, արդարություն ենք որոնում և այդ տրամաբանության համաձայն, հարցով զբաղվող միջազգային կառույցներից սպասում ենք, որ նրանք հասցեական գնահատականներ կտան և իրերն իրենց անուններով կկոչեն: Մենք սպասում ենք, որ սրանք կբացահայտեն, ո՞վ է արդար և ո՞վ մեղավոր, կհաստատեն, Ղարաբաղի ադրբեջանի կազմում լինելու անհնարինությունն ու կճանաչեն նրա անկախություն: Սակայն ամեն բան պարզից էլ պարզ է. Խոշոր տերություններից ոչ մեկին ձեռնտու չէ այս հակամարտության արդարացի լուծումը, և հակառակը, այս ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը ձեռնտու է բոլորին: Այս տեսակետից էլ գտնվել է հաղթողների և պարտվողների գոյության բացառման թեզը, որը պահանջում է, որ գործի ճշմարտության բացահայտման հակառակ տրամաբանությունը: Ըստ այդ տրամաբանության, անհրաժեշտ է հավասարության նշան դնել կողմերի միջև և խուսափել հասցեական գնահատականներ տալուց: Հավատացած եղեք, բոլորը գիտեն, թե ինչ է կատարվում: Բոլորը գիտեն, ո՞վ է հարձակվում, և ո՞վ պաշտպանվում, ո՞վ է գլուխ կտրում և ով ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ այդ անել չի կարող, ո՞վ և ի՞նչ նպատակով է սեփական ժողովրդին խոջալույում կոտորել ու մեռելներին ծանակել և այլն, և այլն: Այդ ամենը պարզելու համար որևէ հետաքննության անցկացման կարիքը չկա: Մինսկի խումբը, մեր ՛՛անհասկացող՛՛ դիվանագետներին ու պետության ղեկավարներին արդեն բաց տեքստով է ասում, որ իրենք գնահատականներ տալու իրավասություն չունեն, ինչը նշանակում է, որ իրենք խնդրի լուծման համար չեն նախատեսված, ա՛յլ նպատակի են ծառայում: Ահա այս երկու օրն էլ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին էլ եկավ, ու նույն բանը հաստատեց: «Մենք մեղադրանքներ ենք ստանում մի քանի կողմերից: Մեզ համար, որպես Եվրոպական Միության ներկայացուցիչներ, ինչպես և այլ միջազգային կազմակերպությունների համար բարդ է գնահատական տալ իրավիճակին: Մի բան պարզ է՝ մենք դատապարտում ենք տեղի ունեցած բոլոր վայրագությունները: Մենք կցանկանայինք, որ դրանք հետաքննելու հնարավորություններ ընձեռվեին` մեղավորներին պատժելու համար»,-հայտարարեց Հերբերտ Զալբերին։ Լավ, մեկը չկա, սրանց ասի: Արա, մեծ մարդիկ եք, պետություններ եք ներկայացնում… Արա լավ, բա դուք չեք ամաչում: Արա ձեռքներդ ո՞վ ա բռնել, որ 20-25 տարի ՛՛դեպքերը հետաքննելու հնարավորությունների ընձեռնմանն՛՛ եք սպասում: Արա ընձեռնեիք: Եթե ՛՛մեղավորներին պատժելու համար՛՛ դա է պակասում՝ ընձեռնեք: Արա, բա դուք գետինը չեք մտնում: Բացահայտ սուտ եք խոսում: Ամոթ է, ամոթ, մեծ մարդիկ եք, ու ձեզ էշի տեղ եք դնում... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/artashes.papazyan/posts/890386291086808?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1463035355073525 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/DYEgLel8pFKFMB5escp2.jpg

    Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում սպասվող անկախության հանրաքվեն անհանգստացնում է նաև մեր արևելյան հարևաններին... Ալիևյան կայքերից մեկը հարցազրույց է վերցրել այդ հարցի վերաբերյալ ԱԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն,Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Գյոհար Բախշալիևայից...Բոլորը գիտեն,որ ադրբեջանա-թուրքական պատմագրությունը բացարձակ կապ չունի իրական պատմագրության հետ...Բայց տիկին Գյոհվարի պատմության իմացությունն այնքան անմիջական պրիմիտիվ է,որ չզարմացա,որ այս անձը ադրբեջանցի ակադեմիկոս է...Այո՛,սա է ազերի ակադեմիկոսի գիտելիքների պաշարը... Անդրադառնալով Իրաքյան Քրդստանում սպասվող հանրաքվեին,Գյոհվար խանումը նախ նշել է,որ Ադրբեջանը կտրուկ պայքարում է անջատողականության դեմ և չի ճանաչելու Քրդստանի անկախությունը..."Այդ հարցում մենք պետք է հետևենք Թուրքիայի դիրքորոշմանը...",-ասել է ազերի ակադեմիկոսուհին...Ու այստեղ ավարտվում է ազերի գիտնականի քիչ թե շատ մեղսունակ և տրամաբանական պատասխանները... Անդրադառնալով Քրդստանի անխախության ճանաչման հարցին Գյոհար Բախշալիևան ասում է."Քրդստանը կարող է չճանաչվել որպես անկախ երկիր,քանի որ նրա հարևանները կտրականապես դեմ են դրան... " Պարզվում է,ըստ Գյոհվարի,որևէ ազգի կողմից ձևավորված անկախ երկիրը ճանաչում է գտնում,եթե նրա հարևաններն են ճանաչում կամ նրան լավ են վերաբերվում...Համոզված եմ,որ տիկին Գյոհվարը շատ քիչ օրինկաներ կբերի,քանի որ շատ պետություններ իրենց անկախությունը հռչակելուց հետո մեծ խնդիրներ են ունեցել հարևանների հետ...Գյոհվար խանումի համար դա անհասկանալի է,քանի Ադրբեջան անունով պետությունը սկուտեղի վրա է ստացել այդ անկախությունը... Հետագայում տիկին գիտնական-երեսփոխանը հիշեցրել է,որ քրդերը նաև աչք են դրել Ադրբեջանի տարածքների վրա՝պատճառաբանելով,որ ժամանակին Ադրբեջանի տարածքում եղել է Կարմիր Քրդստան ինքնավարությունը...Ու այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը...Ըստ Գյոհվարի,այդ ինքնավարության ստեղծումը և գոյատևումը ոչ մի կապ չունի քրդերի հետ..."Այո,20-ական թթ-ներին այդտեղ մի քանի հազար քուրդ է ապրել և բոլշևինկերը որոշել են նրանց համար քրդալեզու դպրոցներ բացել...Այդ տարածքի բնակչության ընդամենը 17% է քրդերեն խոսել...Սխալ կարծիք կա,որ Քելբաջարի,Զանգելանի,Կուբաթլուի և Լարինի շրջանի բնակիչները եղել են քրդեր...Դա այդպես չէ...Այդտեղ բնակվել են թյուրքեր և ոչ ոք չի տիրապետել քրդերենին...Պարզապես ժամանակին,հայերին հաջողվել էր համոզել բոլորին և նույնիսկ մեզ,որ այդտեղ հնուց բնակվել են քրդեր...",-զայրացած հայտարարել է Գյոհար Բախշալիևան... Նախ,ազերի ակադեմիկոսն անկեղծանում է,որ իրենք պատմություն չունեն և չգիտեն...Նրանք փաստերով չեն խոսում...Նրանց մոտ հնարովի է ամեն ինչ և համոզելու վրա է հիմնաված...Երկրորդը,կրկին հայերին է փորձում մեղադրել մի բանի մեջ,որի արդյունքում հայերը ևս տուժել են,քանի որ այդ Կարմիր Քրդստանը ձևավորվել է Արցախի պատմական տարածքում... Հիշեցնեմ,որ Արցախի Հանրապետության արևմուտքը քրդերով է բնակեցվել 16-17 դդ-ում պարսից Սեֆյանների կողմից,որոնց գլխավոր նպատակն է եղել թուլացնել Արցախի հայկական մելիքությունները և փոխել տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը...Դա նրանց կիսով չափ հաջողվել է...Մահմեդական զանգվածը դաշույնի պես մխրճվել է Արցախի և Սյունիքի մեջտեղը...Կոմունիստների ջանքերով 1923-29 թթ-ին ձևավորվեց Կարմիր Քրդստան մարզը Ադրբեջանի կազմում,որտեղ,ըստ անկախ տվյալների,որից ազերի ակադեմիկոսը կարող է շատ վատ զգալ իրեն,բնակչության 73 % կազմում էին քրդերը,իսկ 26 % ՝ ադրբեջանցիները...1926 թ-ի դրությամբ Կարմիր Քրդստանի բնակչությունը կազմել է 51200 մարդ...Ինչ վերաբերվում է քրդերի եկվոր լինելու փաստին,ապա դրան մանրամասն անդրադարձել է հայտնի խոհրդային գիտնական Ե.Պչելինան,ով 1924-ին մեծ ուսումնասիրություններ է կատարել Կարմիր Քրդստանում... Զարմանալ կարելի է...Ինչու՞ պետք է պատնական Հայաստանի տարածքը հայերը քրդերին նվիրեին և ազերիներին համոզեին,որ այդտեղ պատմանակնորեն քրդեր են բնակվել... Խեղճ արևելագիտություն,որ աշխարհում կա Գյուհվարի նման ակադեմիկոսներ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1460018350748776

    Կարդալ ավելին