Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Արմեն Հակոբյան
  • Դժվար է ասել, թե «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» էպիկական անվանումներով կուսակցությունների առաջնորդները որքանով են հիշեցնում հանրահայտ ստեղծագործության հերոսներին: Հնարավոր է՝ աղերսներ ունեն, բայց այս պարագայում դա դեռ այնքան էլ էական չէ:  Կարեւորն այն է, որ նախապես ազդարարվածի համաձայն՝ «Լուսավոր Հայաստանը» (ԼՀԿ), «Հանրապետությունը» եւ «Քաղաքացիական պայմանագիրը» (ՔՊԿ) երեկ հուշագիր ստորագրեցին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում համատեղ համագործակցության վերաբերյալ:  Պարզ ասած՝ հիշյալ կուսակցությունները պայմանավորվել են, որ առաջիկա ոչ միայն խորհրդարանական, այլեւ Երեւանի ավագանու ընտրություններում հանդես են գալու միասնաբար, այն է՝ դաշինքով: Երեկ հուշագիրն ստորագրեցին «Հանրապետության» քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՔՊԿ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը եւ ԼՀԿ խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը: Դատելով նրանից, թե ինչպես երեկ ստորագրողներն էլ գործն ավարտելուց հետո դիմեցին Աստծո օգնությանը, կարելի էր տարակուսել, որ արարողությանը հոգեւորական չէր մասնակցում կամ, այսպես ասած, օրհնության ծես չկատարվեց, մինչդեռ կարող էին:  «Թող Աստված մեզ պահապան լինի, որ փրկենք Հայաստանը»,- փրկչական հնչերանգով նկատեց Սասուն Միքայելյանը: Արամ Սարգսյանը հընթացս, փոքր-ինչ ավելի զուսպ նշեց. «Մեր նպատակները բարի ու անկեղծ են, թող Աստված օրհնի մեզ»: Իսկ Էդմոն Մարուքյանն էլ, ինչպես աղոթքի վերջում կասեին՝ «ամե՛ն», ամբողջացրեց պատկերը, ասելով՝ «Եվ թող Աստված պահպանի Հայաստանի Հանրապետությունն ու մեր բռնած ուղին»: Չէ, այնուամենայնիվ, արժե հավելել՝ «ամե՛ն»: Ինչ վերաբերում է ստորագրված բուն հուշագրին, ապա կողմերը համաձայնել են համատեղ քաղաքական գործունեություն ծավալել, մասնավորապես. «ա) 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար՝ ընտրական դաշինքով,     բ) համատեղ գործունեության (այդ թվում՝ նոր ուժերի ներգրավման) վերաբերյալ որոշումները կկայացնեն կոնսենսուսով,     գ) համատեղ գործունեության արդյունքում կսկսեն բանակցություններ միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ,     դ) հետամուտ են Հայաստանում եվրոպական մոդելի՝ իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը՝ ազգային լավագույն առանձնահատկությունների եւ հետաքրքրությունների համադրությամբ,     ե) արձանագրում են, որ իրենց համատեղ գործունեությունը հիմնված է Հայաստանի շահերի գերակայության սկզբունքի վրա եւ նպատակ ունի ապահովել Հայաստանի երկարատեւ ու կայուն զարգացումը»:  Դե ինչ, խորհրդարանական առաջիկա ընտրությունների նախաշեմին առաջին, պայմանական ասած՝ «Երեք հրացանակիրների» դաշինքը փաստաթղթորեն ձեւակերպվեց:  Իսկ թե այն որքանով կայուն եւ մրցունակ քաղաքական միավոր կլինի՝ կյանքը ցույց կտա: Առաջին անգամ չէ, իհարկե, մեր երկրի քաղաքական կյանքում նման դաշինք ձեւավորվում: Մինչ այս էլ մի շարք նման միավորումներ ստեղծվել են, բայց դրանք, որպես կանոն, «անկայուն միացություններ» են դուրս եկել:  Քաղաքական դաշինքների հարցում երեկվա արարողության մասնակիցներից առավել փորձառուն թերեւս «Հանրապետության» առաջնորդ Արամ Զ. Սարգսյանն է, ուստի հետաքրքիր է ծանոթանալ նրա դիտարկումներին։  «Սա մեր կուսակցության 15-ամյա գործունեության ընթացքում երրորդ դաշինքն է: Առաջինը «Արդարությունն» էր, որը հոկտեմբերի 27-ից հետո էր ձեւավորված, դատապարտված էր կրկնօրինակելու Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի «Միասնություն» դաշինքը: «Արդարությունը» որոշ հաջողություններ գրանցեց, բայց կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ կրկնօրինակը չի կարող կրկնություն դառնալ: Երկրորդը «Հայ ազգային կոնգրես» դաշինքն էր, որում ունեինք ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ներքաղաքական ու մարտավարական հարցերին վերաբերող տարաձայնություններ»,- հայտարարեց նա: Իսկ այս երրորդ փոձրը, նրա կարծիքով, նախորդներից տարբերվում է ամենից առաջ նրանով, որ «ձեւավորվել է գաղափարական հենքի վրա՝ ի սկզբանե քննարկելով եւ ընդհանուր հայտարարի բերելով թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ մարտավարական ու ապագային միտված հարցերը»:  Նույն կարծիքին է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, որի խոսքով՝ այս դաշինքի պահանջարկը կար, իսկ գաղափարական ընդհանրություններ ունեցող երեք քաղաքական ուժերի համադրումը ի վիճակի է երկրում բեկում առաջացնել: Հասկանալի է, իհարկե, որ դաշինք կազմած ուժերը նապոլեոնական ախորժակներ ու հավակնություններ ունեն, բայց, որքան էլ «հողեղեն» հնչի մեր դիտարկումը, պետք է ասել, որ այդ միավորումը դեռ պետք է կայանա որպես այդպիսին, դառնա ճանաչելի, որպես դաշինք դրսեւորվի քաղաքական դաշտում եւ անցուդարձում:  Մանավանդ այնպես չէ, որ դաշնակիցների միջեւ ժամանակին սեւ կատուներ չեն վազվզել: Վերցնենք թեկուզ ՔՊԿ նախաձեռնող ու փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ նույն Էդմոն Մարուքյանի լարված հարաբերությունները, որոնք կարող էին հեռուն գնալ, եթե չլիներ պատգամավոր Թեւան Պողոսյանի նախաձեռնած հայտնի «գինեըմպման» կամ «մի կտոր հաց կիսելու, ասել-խոսելու» հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, բացահայտ կասկածում էր, որ Էդմոն Մարուքյանը, այսպես ասենք՝ լիովին ընդդիմադիր դիրքերում է:  Երեկ այդ հանգամանքին անդրադառնալով՝ Ն.Փաշինյանը մասնավորապես նկատեց. «Մենք այդ ընթացքում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները, արձանագրել ենք մեր տարընթերցումները, եւ այսօր, ի դեմս այս փաստաթղթի, ունենք այս իրավիճակը: Այդ տարաձայնությունները գլոբալ առումով հաղթահարված են, եւ մենք հուշագրում արձանագրեցինք, որ այդ տարաձայնությունները հաղթահարելու ավելի երկար ճանապարհ ենք ընտրել: Մենք հակասությունները հաղթահարել ենք եւ համագործակցության հիմքեր ենք դնելու»: Դժվար չէ նկատել, որ միառժամանակ մի կողմ են դրվել դաշինքի վարչապետի թեկնածուի կամ կոնկրետ ղեկավար ունենալու հարցը: Նախքան այս զարգացումները, ՔՊԿ վարչապետի թեկնածուն, բնականաբար, այդ կուսակցության ղեկավարն էր, այսինքն՝ Փաշինյանը: Հիմա, հասկանալի է, պայմանավորվող կողմերը դեռ պետք է բանակցեն այդ ու էլի մի շարք հարցերի շուրջ:  Համենայն դեպս, այս դաշինքի փաստաթղթավորումը կարող է «արագացնել իրադարձությունները», խթանել, որ ընդդիմադիր այլ ուժեր եւս գնան դաշինք կազմելու ճանապարհով, եւ եկող տարվա գարնանն ականատես լինենք ոչ թե տասնյակից ավելի, այլ ընդամենը մի քանի խոշոր քաղաքական միավորումների լուրջ պայքարի:  Համենայն դեպս, առաժմ չարժե հապշտապ հետեւություններ անել: Հենց միայն հուշագիր ստորագրելը կամ գաղափարական հենքի մասին հայտարարությունները քիչ են: «Երեք հրացանակիրների» դաշինքը դեռ պետք է քաղաքականությամբ հետաքրքրված հանրությանը ներկայանա որպես կենսունակ քաղաքական միավոր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/1263058903768527 ...

    Կարդալ ավելին
  • Ես՝ ՀՀ քաղաքացի Արմեն Հակոբյանս, մի այլ կարգի վրդովված եմ Առաջին տպարանի շենքի (Հանրապետության 65 շենք, Բ մասնաշենք) պայթեցման ու մայրաքաղաքի հանդեպ ցինիկ բարբարոսության, աղաղակող վայրագության եղելությունից: Սա ուղիղ գծով հանցագործություն է, անկախ նրանից՝ «տեղավորվում» է քրեական օրենսգրքի սահմանումներում, թե՞ ոչ:  Ամենից առաջինը՝ անասելի զայրացնում է այն գաղտագողի «աշխատաոճը», որով իրականացվեց այս բարբարոսությունը. ո՛չ մի հանրային քննարկում, ո՛չ մի բան: Իրենք իրենցով սուսիկ-փուսիկ պայմանավորվել են, որոշել են հոկտեմբերի 27-ին (դե հա, բա ո՜նց, ուրիշ օր չկար օրացույցում, բայց դա էլ դեռ մի կողմ) պայթեցնել ու «գմփացրին»:  Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որ էն օրը բավականին անտակտ ձայնը բարձրացրել էր տիկին Անահիտ Բախշյանի վրա, հիմա էլ երևանցիների ու հասարակությա՞ն վրա է գոռալու, թե՝ «լավ եմ արել»: Հասկանալի է, չէ՞, որ առանց քաղաքային իշխանության համապատասխան թույլտվության շենքի պայթեցում չէր արվի:  Ու դրել, 100 տարվա շենքը, որ քաղաքային իշխանության մի այլ՝ միշտ ամեն ինչ արդարացնող ներկայացուցիչ երևի էլի կասի՝ «սարայ էր», պայթեցնում են: Այսինքն՝ պայթեցրին:  Ասում են՝ մեծահարուստներից Գենիկ Կարապետյանն այդտեղ ինչ-որ բան է ուզում կառուցել տա: Ես անձամբ թքած ունեմ, թե ով ինչ է ուզում այնտեղ կառուցի: Անապատում չեք, ոչ էլ անմարդաբնակ ջունգլիներում, քաղաք կա, քաղաքացիներ կան, հասարակություն կա: Հլա մի հատ հարցրեք գոնե… Ասում են «ՆորՏեղ Շին» կազմակերպությունը, որ «իրականացրել է պայթեցման միջոցով քանդման աշխատանքներ», ավելի պարզ՝ տիրումեր է արել 100 տարվա շենքը, որ քաղաքի պատմության, մշակույթի ու գրական անցուդարձին անմիջական առնչված ճարտարապետական մասնիկ էր, պահպանել է բոլոր կանոնները ու եսիմ ինչ… Չգիտեմ, թե նրանք էնտեղ ինչ կանոններից են խոսում, բայց խիտ բնակեցված, կառուցապատված տարածքում անհնար է, որ շենք պայթեցնեն, ու դա կողքի շենքերի վրա ոչ մի կերպ չանդրադառնա: Հիմա սեյսմոլոգներ կգան, կփորձեն ինչ-որ բաներ ասել, հավաստիացնել, բայց ես անձամբ հազիվ թե հավաստիանամ: Եթե այդ սեյսմոլոգները հենց հարևան շենքերի բնակիչներ լինեն, միգուցե հավատ ընծայեմ, իսկ այնպես՝ ոչ:  Ամեն դեպքում քաղաքի կենտրոնում չեն դնում ու շենք գմփացնում:   Հարց է ծագում էլի, թե էդքան վռազ էին: Կամ եթե էդքան հարուստ և ունևոր են, դժվա՞ր էր ուղղակի «սովորական» եղանակով քանդել, ապամոնտաժել, ինչպես մինչև հիմա որոշ գերհանճարեղ «գլխավոր ճարտարապետներ» ապամոնտաժեցին ու կերան Երևանի կենտրոնի ավելի հին շենքերն ու շինությունները:  Բայց այս անգամ ակնհայտորեն վռազել են: Ախր, եթե «սովորական» եղանակով սկսեցին քանդել, անխուսափելի աղմուկ էր բարձրանալու, հարցեր էին բարձրացվելու: Իսկ այսպես, թաքուն-թաքուն պայթեցրին, ու վերջ: Էլի մեծ աղմուկ է, զայրույթ, վրդովմունք, անեծք, բայց փաստն արդեն առկա է. շենքը պայթեցրած, փլցրած է:  Ու մի հարց էլ՝ այս դեպքում Կարեն Կարապետյանին. պարո՛ն վարչապետ, սա՞ է «նոր մոտեցումներով» աշխատելը, թե՞ Դուք էլ թերթերից իմացաք, որ նման բան են արել: Ով ինչ գիտեր կամ չգիտեր, չգիտեմ, բայց այս պայթյունի հեղինակներն ու համահեղինակները պետք է պատասխանատվություն կրեն: Կամ էլ միանգամից դրեք Երևանը ռմբակոծեք: Մի քանի «հարմար» տեղ կարող եմ ասել՝ Մարզահամերգային համալիրը, Օպերայի շենքը, Հաղթանակ կամուրջը… Մի՞թե էդ տեղերում ոչ մի հարուստ բան չի ուզում սարքի… Կից նյութն՝ այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/1202649653142786 ...

    Կարդալ ավելին
  • ՀԱՄԱՐՅԱ… ՏՐՆԳԻ ԿԱՄ՝ ՑՈՒՑԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԵՆԱՊԱՅՔԱՐ Առաջիկա աշնանը «տեղերում» անհամեմատ թեժ է լինելու: Նախ, սեպտեմբերի 18-ի մի շարք համայնքներում են նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ (Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Տավուշի, Սյունիքի մարզերում): Իսկ դրանից ընդամենը երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի 2-ին էլ Գյումրիում և Վանաձորում են նշանակված քաղաքային իշխանության՝ ավագանու ընտրություններ (նաև՝ Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռվա, Վայոց ձորի, Սյունիքի և Շիրակի մարզերի բազմաթիվ համայնքներում):  Ըստ որում, Շիրակի և Լոռու մարզկենտրոններում, ինչպես հայտնի է, քաղաքային իշխանությունները ձևավորվելու են խորհրդարանական ու համամասնական եղանակներով, այսինքն՝ «երևանյան մոդելով». ընտրություններին մասնակցելու են կուսակցությունները կամ դրանց դաշինքները, համամասնական կարգով, ապա ձևավորված ավագանու կազմից կորոշվի քաղաքապետը: Հասկանալի է, որ քաղաքապետ կարող է դառնալ ավագանիում մեծամասնություն կազմող ուժի (ուժերի դաշինքի ներկայացուցիչը): Բայց դա մի ամիսուկես հետո: Իսկ հիմա… Երեկ հայրենի ոստիկանության պաշտոնական կայքում զետեղվեցին Գյումրու և Վանաձորի ընտրողների նախնական ցուցակները, որոնք նաև տրամադրվել են տեղամասային կենտրոններին: Ոստիկանությունը նաև հայտնել է, որ ընտրողների ցուցակներում անճշտություններ (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող անճշտություններ) հայտնաբերելու դեպքում կարելի է մինչև սեպտեմբերի 22-ը դիմել տարածքային անձնագրային ծառայություններ կամ անձնագրային և վիզաների վարչություն: Կարծում ենք, ինչպես Գյումրիում, այնպես էլ՝ Վանաձորում քաղաքային իշխանության համար պայքարի մեջ մտնող ուժերի ներկայացուցիչներն արդեն պետք է գործի լծված լինեն՝ ընտրողների ցուցակները «մուշտարու աչքով» ուսումնասիրելու, անճշտություններ հայտնաբերելու, դրանք ճշտությունների վերածելու առումներով: Մեկնարկն, ինչպես ասվում է՝ տրված է:  Չնայած, զանազան ու նույնիսկ զարմանազան կուսակցությունները նախքան այս էլ «ցուցակային» գործերի մեջ էին, բայց փոքր-ինչ այլ իմաստով. ճշտում, շտկում, վերջնական տեսքի են բերում ավագանու իրենց թեկնածուների համամասնական ցուցակները:  Ի՛նչն է հետաքրքիր: Եթե ոչ վաղ անցյալում ՏԻՄ ընտրություններն առանձնապես չէին արժանանում հայրենի, այսպես ասենք՝ ոչ իշխանական ուժերի բարձր ուշադրությանը, ապա այս տարի ակնհայտ է ընդդիմադիր, իշխանական ճամբարում չընդգրծված ուժերի ընդգծված հետաքրքրությունը և ակտիվությունը:  Վանաձորում դա նկատելի է, իսկ հանրապետության երկրորդ խոշոր քաղաք Գյումրիում նույն դրսևորումներն առավել ցայտուն են արտահայտված: Այստեղ անգամ լրատվամիջոցից «քաղաքային» կուսակցություն ձևավորվեց՝ Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով: Խոսքը ԳաԼԱ՝ «Գաղափարական լիբերալների ալյանս»ի մասին է, որի կորիզը կազմում են հապավմանը համանուն հեռուստաընկերության աշխատակիցները: Դե, իսկ հեռուստաընկերության ղեկավար Վահան Խաչատրյանն էլ, ամենայն հավանականությամբ, կգլխավորի ԳաԼԱ-ի համամասնական ցուցակը՝ Գյումրու քաղաքապետ դառնալու անթաքույց հավակնություններով:  Ճիշտ է, դրա համար դեռ պետք է ընտրապայքարում մնացած բոլորից ավելի շատ քվեներ ստանալ: Իսկ դա, որքան էլ մեջքիդ մի ամբողջ յուրային հեռուստաընկերություն կանգնած լինի, ամենևին դյուրին գործ չի, քանզի ԳաԼԱ-ից բացի ընտրապայքարի մեջ են մտնելու ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ-ը), «Քաղաքացիական պայմանագիրն» ու, հնարավոր է՝ ՀԱԿ-ը, չհաշված «Լուսավոր Հայաստանը», «Համախմբումը», «Ալյանսը», ու ինչ իմանաս, թե էլ ինչ կուսակցություն, որ վերջին պահին «մեյդան կգա»: Բայց միառժամանակ հանգիստ թողնենք «մյուսներին» ու թեթևակի կենտրոնանանք ԳաԼԱ-ի վրա: «Ինչո՞ւ»-ի պատասխանը պարզից էլ պարզ է: Բանն այն է, որ հեռուստաընկերության բազայի վրա ու լսարանի աջակցության ակնկալիքով համանուն կուսակցություն ձևավորելը Վահան Խաչատրյանի մինիմում ծրագիրն էր: Հիմնական նպատակը կամ մաքսիմում ծրագիրը նոր անվան շուրջ, առանձին վերցրած խոշոր քաղաքում ընդդիմադիր ուժերը համախմբելն էր: Կարելի է նույնիսկ ասել, որ դա հեռուստակուսակցություն ստեղծելու բուն առաքալությունն էր:  Ասում ենք՝ էր, որովհետև հենց իրենք են ասում, որ առաքելությունը տապալվեց: Ավելի պարզ, թե ԳԱԼԱ հեռուստաընկերության ղեկավար Վահան Խաչատրյանը, թե ԳաԼԱ կուսակցության վարչության անդամ Արմենուհի Վարդանյանը տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում երեկ հայտարարել են, որ ընդդիմադիր ուժերի լայն համախմբումը և ընտրություններին, այսպես ասենք՝ «միասնական բռունցքով» մասնակցելու գործը գլուխ չի գալիս: Կարճ ասած «լայն համախմբում» չի ստացվում, թեպետ «նեղ համախմբում», այսինքն՝ երկու ուժով դաշինք կազմելու տարբերակին, ինչպես նշել են Խաչատրյանն ու Վարդանյանը, իրենց հետ բանակցած կուսակցությունները դեմ չեն: Նրանց ասածի համաձայն, երկուսի միավորումը շատերին ընդունելի է եղել, սակայն երբ խոսք է բացվել երրորդ ուժի, էլ չասած՝ չորրորդ, հինգերորդի մասին, սկսվել են տարաձայնությունները: Հա, բայց զուտ երկկողմանի դաշինքն էլ արդեն ԳաԼԱ-ի համար այն չէ: Իրենց ուզածն ու հանձնարարականը «լայն համախմբուն» էր:  Ուշագրավ է, որ անդրադառնալով panorama.am-ի հարցին, թե ի՞նչը խանգարեց, որ միասնական ցուցակով ընդդիմադիր դաշտը ներկայանար Գյումրիի քաղաքապետի ընտրություններում, Արմենուհի Վարդանյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ ավելի շատ ամբիցիաները խանգարեցին, ոմանց նաև՝ իշխանությունները խանգարեցին: Իշխանությունն իր հերթին մեզ հետ զուգահեռ աշխատում էր, որ այդ համախմբումը տեղի չունենա, որովհետև իրենք վախենում էին այդ համախմբումից: Բացի այդ, շատ խանգարեցին քաղաքական ուժերի ամբիցիաները, որովհետև բոլոր քաղաքական ուժերը համաձայն էին երկկողմանի դաշինքի, բայց մեր նպատակը համախմբելն էր: Երբ տրվում էր երրորդ կամ մյուս կուսակցության անունը, հայտնվում էին տարաձայնություններ, ամբիցիաներ և այլն»: Հարգելիներս, հանգիստ թողեք իշխանություններին ու նրանց վախերը: Եթե մի քանի կուսակցությունով չեք կարողանում խելք-խելքի տալ ու քաղաքական խնդիրները վեր դնել հավակնություններից, իշխանությունները, կներեք, «պրիչյո՞մ»: Ասեք, որ մեծ-մեծ խոսացող մի շարք ուժերի ներկայացուցիչներ անբաշարք դուրս եկան ու անհեռատես: Իշխանություններին իրենց ունեցած մյուս մեղքերն էլ թերևս բավական են, որ մի հատ էլ ամբիցիոզ առաջնորդիկների համախմման տորպեդահարումն էլ ավելացնենք: Կամ թե չէ՝ իշխանությունները վախեցե՜լ են: Վայ թե՝ լեղապատառ են եղել, գիտեք:  Իսկ ծրագիրը՝ «լայն համախմբում» գլուխ բերել, ինչպես Գյումրիի, այնպես էլ Վանաձորի պարագայում կարող էր ու ինչ-որ տեղ, դեռ կարող է աշխատել: Գաղտնիք չէ, որ այս խոշոր քաղաքներում վերջին ընտրությունների ժամանակ իշխանությունները պարտվել են կամ առնվազն, չեն ունեցել իրենց ակնկալած արդյունքները: Դա հուշում է, որ եթե ընդդիմադիր ուժերը խելացի ու հեռատես գտնվեն ու գտնվեին, ի լրումն՝ իսկականից քաղաքական ուժ լինեին, ապա ճիշտ աշխատանքի դեպքում կարող էին (գուցե դեռ կարող են) առանձին քաղաքներում դառնալ իշխանություն: Իսկ այսպես, անջատ-անջատ, նրանք ընդամենը կհասնեն այն բանին, որ կփոշիացնեն եղած «բողոքական ընտրազանգվածի» ձայները, իսկ հետո էլի կխոսեն իշխանությունների խանգարելուց կամ վախերից:  Ամեն դեպքում, քաղաքական իրականությունը ևս դաժան է, և ԳաԼԱ-ի մեծ ծրագրերը կարծես առաջին անգամ բախվեցին այդ իրականությանը՝ զարմանք պատճառելով հեռուստակուսակցություն նախաձեռնողներին: Չնայած, զարմանալի է նրանց զարմանքը, քանզի լրագրությամբ զբաղվելը նրանց պետք է որ վաղուց ու հստակ հուշած լիներ, թե ում և ինչերի հետ գործ ունեն, որ ամբիցիաներ կան, որ այս, որ այն: ԳաԼԱ-ն մեծ հույսերով ցանկացավ շուրջպար կազմել, բայց պարզվեց՝ հրապարակում ամեն մեկն ուզում է իր տրնգին պարել: Գյումրվա տրնգի, թե պարզապես տրնգի, էական չէ: Էականն այն է, որ դա մենապար է, այսինքն՝ առանձին դրսևորում, ամեն մեկը իրեն համար, ամեն մեկն՝ իր նեղ արահետով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/1132818250125927 ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես կարող է հասկանալ ցանկացած ողջախոհ անձնավորություն, դիպուկահարի սև գործը մարդ «խփելն» ա: Հիմա, երբ Ալեք Ենիգոմշյանն ասում է «Դիպուկահարները նորից անցել են իրենց սև գործին։», ի՞նչ նկատի ունի: Ի՞նչ ա ուզում ասած լինի: Ո՞ւմ են խփել (խփած եղել) իր ասելու պահին: Ոչ մեկին չեն խփել: Ուրեմն՝ այդ մարդը ինչ-որ բան է խառնում կամ ուզում է խառնած լինի: Եթե նկատի ունի, որ այնտեղ դիպուկահարներ կան կամ դիրքավորված են, ապա էլի անհասկանալի է, մնում Ենիգոմշյանի ասածը, քանի որ, նման իրավիճակներում, երբ ոստիկանությունը, ԱԱԾ ուժերը «շրջափակել» են զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքը, «ոզնուն» էլ է պարզ, որ պիտի նաև դիպուկահարներ դիրքավորվեին ու, տրամաբանորեն, այս ողջ ընթացքում այնտեղ եղել են...  Բայց Էստեղ մի «բայց» էլ կա: Չգնտեմ՝ դուք ոնց, բայց օրինակ, Ենիգոմշյանի ասածը իմ մեջ կասկածներ հարուցեց: Իսկ կարո՞ղ ա, իրենք էլ, այսինքն, Վարուժան Ավետիսյանենք, Ենիգոմշյանենք էլ իրենց դիպուկահարը (կամ գուցե՝ դիպուկահարներն) ունեն, որ ինչ-որ տեղ մոտերքում նստած սպասում է «X» պահին, որ անի իր սև գործը: Պարզապես իր ասածից իմ մտքով նման բան անցավ: Եվ ո՞վ կարող է նման դեպքում պարզել կամ ո՞ւմ է հետաքրքրելու, թե ո՞վ կրակեց: Եվ Ենիգոմշյանի արածի նման անորոշ, ու մեծ հաշվով՝ անպատասխանատու հայտարարություններով, գուցե հո՞ղ է նախապատրաստվում դրա համար:Կամ ի՞նչ իմանաս, գուցե նաև քողարկված հրահա՞նգ է: Թե չէ ինչո՞ւ Ենիգոմշյանը մնաց-մնաց ու հիշեց դիպուկահարների ու նրանց սև գործի մասին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/1104915732916179?notif_t=close_friend_activity¬if_id=1469449 ...

    Կարդալ ավելին
  • Զինված խմբավորման կազմում, պարզվում է, կան մարդիկ, որ կարծես թե այնտեղ չպիտի լինեին: Համենայն դեպ, ես նման տպավորություն ստացա բավականին ծանր կացության մեջ հայտնված ծնողների՝ Մարինե Պապիկյանի՝ Գառնիկ Հովակիմյանի և նույն խմբի կազմում գտնվող Էդգար Սողոմոնյանի հոր հայտարարություններից, որ արեցին այսօր ոստիկանությունում հրավիրված ասուլիսում:  Չէ, հասկանալի է, որ ծնողներն ինչքան էլ ասեն՝ «էրեխեքը, էրեխեքը», 26 տարեկան Գառնիկ Հովակիմյանը և 31 տարեկան Էդգար Սողոմոնյանը չափահաս տղամարդիկ են ու այն տարիքում չեն, որ ամեն ինչ գալու էին ծնողներին պատմեն կամ նրանց թույլտվությունը հարցնեին՝ նոր գնային «ինչ-որ բան» անելու, մանավանդ, որ այդ «ինչ-որ բանը» ընկերական հավաքույթ կամ նման միջոցառում չէր, այլ զինված խմբով՝ ոստիկանության ստորաբաժանման վրա հարձակում:  Բայց հարց, ամեն դեպքում մնում է. նրանք իսկապե՞ս հստակ իմացել են ուր են գնում, ինչ են անելու, թե՞ ինչպես ասուլիսում ծնողներից մեկը նշեց՝ իմացել են, որ միտինգի են գնում:  Հարցն առավել քան տեղին է, որովհետև տիկին Մարինեի ներկայացրածի համաձայն, իր որդին մոտ մեկ ամիս առաջ է վերադարձել Ռուսաստանից, որտեղ մնացել են նրա կինն ու երեխան: Մոր պատմելով, եկել է անձնագիրը փոխելու: Եվ, մեկ ամիս անց հայտնվել է բոլորովին ուրիշ տեղ, կոնկրետ՝ զինված խմբի կազմում, որպես ՊՊԾ գունդը գրոհողներից մեկը:  Մյուսը՝ էլ ավելի բարդ կացություն է. զավակը հաշմանդամ հորը թողել է, Սպիտակից եկել է Երևան ու էլի՝ հիմա ՊՊԾ գնդի տարածքում է: Չնայած, հոր խոսքերով՝ «քաղաքականությունից հեռու» մարդ է իր որդին: Եվ հարց է ծագում, թե հանրությանը քիչ թե շատ ծանոթ դեմքերից բացի, մյուսները, որ այդ խմբի կազմում են, ինչպե՞ս են այնտեղ հայտնվել ու ներգրավվել: Միտինգի՞ էին գնում, թե՞ գոնե գիտեին, թե ուր են գնում: Թե՞ հոսանքն ընկած «տարվել են»: Երևի մի ինչ-որ ժամանակ այս հարցերն էլ պատասխաններ կունենան:  Հետաքրքիր էր, որ ընթացքում, երբ փորձ արվեց ճշտել՝ իրո՞ք էնտեղ են նշված մարդիկ, նախ լրագրողներից մեկը հայտարարեց, թե՝ Պավել Մանուկյանից ճշտել են, իրենց շարքերում նման մարդ չկա (ո՞ր մեկը՝ «չկա»): Բայց շատ կարճ ժամանակ անց մեկ էլ մի ուրիշ լրագրող ասաց, թե՝ այդ տղան (լավ չֆիքսեցի պահի տակ, թե ո՞ր մեկը) հայտարարել է, որ իր կամքով է մասնակցել տեղի ունեցած գրոհին ու մնացյալին:  Բայց ո՞վ կարող է դրանում վստահ լինել: Վերջին հաշվով, կողքդ զինված մարդիկ են, դրանից բխող հետևություններով, ու բնական է, ծնողներն էլ չհավատացին, ասելով, դե թող իրենց երեսին ասեն այն, ինչ հայտարարում են:  Չգիտեմ, գուցեև դրա հնարավորությունն էլ լինի:  Բայց մեծ հաշվով, տեղի ունեցածը իր ողբերգական մանրամասներով է՛լ ավելի ահավոր է պատկերվում: Մի կողմից սպանված հայ մարդ՝ Արթուր Վանոյանը, ում տղայի հարսանիքը պիտի լիներ… Վիրավորներ, այդ թվում՝ ծանր վիճակում գտնվող: Ազատամարտին մասնակցած ու հերոսական նկարագրով հայտնի հայ մարդկանց ողբերգություն: Այս ծնողների ողբերգությունը: Պատանդները ու նրանց անորոշ ճակատագիրն ու նրանց հարազատների վիճակը, որ… Ու քանի՞սն են պատանդները: Միայն ոստիկանության երկու բարձրաստիճան սպա՞, այլ ծառայողնե՞ր: Թե՞ արդեն բոլորս ենք այս փակուղայինից էլ փակուղային կացության պատանդը:  Ինձ այնպես է թվում, որ թե Պավել Մանուկյանը, թե Արայիկ Խանդոյանը, թե զինված խմբի մյուս անդամներն իրենք էլ են պատանդ: Ասուլիս տված ծնողների որդիների մասին էլ չեմ ասում:  Հայրը ուզում է, խնդրում է, որ Պավել Մանուկյանը որդուն թողնի: Հաշմանդամ մարդ է, որդին էլ՝ նրան խնմաողն է: Բայց իրավիճակի ողբերգականությունն էլ ավելի ընդգծող մյուս հարցն էլ այն է, որ եթե զինված խմբի անդամները նրան թողնեն (հազիվ թե նման բան անեն, բայց՝ եթե), ապա 31-ամյա Էդգար Սողոմոնյանին կբռնեն իրավապահները: Բնականաբար: Ոստիկանության գնդի վրա զինված հարձակվելու համար հո պատվոգիր չեն տալո՞ւ… Այնպես որ, ինչ էլ ասվի, ստեղծված կացությունից միակ խելամիտ ելքն այն է, որ այս փակուղային կացությունն ստեղծած զինված խումբը, համաձայնեցնելով ինչ-ինչ պայմաններ, զենքը վայր դնի ու հանձնվի իրավապահ մարմիններին՝ դադարեցնելով թե մյուսների, թե իրենց, թե բոլորի պատանդված վիճակը: Եվ հակառակը՝ որքան ձգձգվի այս անորոշ ու լարված կացությունը, այնքան ավելի վատ՝ բոլորի համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/1101337596607326 ...

    Կարդալ ավելին
  • Մտա, տեսնեմ ընկերներս և այլ բանական ու գիտակից մարդիկ համերաշխ «ղժժում» են երեկ, լարված իրավիճակում տարածված «ռուսական «Ալֆա» հատուկ ջոկատն է գալու» ձևակերպմամբ տխմար «տեղեկության» առիթով: Ծաղրանքի բուն օբյեկտը տարածված սուտն է կամ սուտ տարածելը՝ «հը՞ն, բա ուր ա ռուսական «Ալֆա» ջոկետը…» ընդհանուր տոնայնությամբ: Տեղի՛ն են ձեռ առնում, սարկազմն էլ, խայթոցներն էլ, սրամիտ դիտարկումներն էլ, բոլորը, կարծում եմ, տեղին են:  Համա հեչ խնդալս չի գալիս, դաժը չեմ ժպտում: Բանը, իմ ընկալմամբ շատ ավելի լուրջ է:  Օրինակ, «Հայկական ժամանակ» թերթում, որի տեղեկատվությանը այս դեպքում չեմ կարող չվստահել, պարզ գրած է (մեջբերում եմ). «Ակտիվիստներից Ներսես Գևորգյանը ցուցարարների մոտ հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի, ունեն տեղեկատվություն, որ ԱԼՖԱ ռուսական հատուկ ջոկատայինները 65 հոգանոց խմբով այս գիշեր հարձակում են գործելու Էրեբունու ՊՊԾ գնդի վրա: Ընդ որում, նրանք միայնակ չեն լինելու…» և այսպես շարունակ: Այդ նպատակային դեզոյի ամբողջ բովանդակությունը չմեջբերեմ, մանավանդ, բոլորն էլ, ում հետաքրքիր է, լսել է:  Չնայած հենց սկզբից էլ կարելի էր չկասկածել, որ դա «նագլի սուտ» է, ինձ թույլ տամ նկատել, որ այն պարզապես սուտ չէ: Ես կարծում եմ, որ սա որոշակիորեն ու հատուկ նպատակով հորինված «տեղեկություն» է, ստույգ՝ ապա՛տեղեկատվական տեքստ: Այսինքն, իմ կարծիքով, այնպես չի, էլի, որ ինչ-որ ակտիվիստ (դա ի՞նչ է, մասնագիտությո՞ւն է, հոգեվիճա՞կ, դիպլոմավորված գործունեությո՞ւն, բոլշևիկյան «պրոֆեսիոնալ հեղափոխական»-ի մերօրյա տարբերա՞կն է), ասենք, տվյալ դեպքում՝ Ներսես Գևորգյանը իր երևակայության խորխորատներում ձևակերպեց ու հենց էնպես, իր «կայֆի համար», «գըմփացրեց» հավաքված «ցուցարարների մոտ» կամ մարդկանց վրա: Չեմ կարծում: Հնարավոր է, ինչ-որ մեկը նրա ականջին փսփսացել է: Բայց որ այդ տեքստը պրոֆեսիոնալ է կազմել ու ստոր նպատակների ծառայեցնելու համար, ես լիովին վստահ եմ:  Կարճ ասած, գործ ունենք ոչ թե ինչ-որ մեկի «մութ հոգու պոռթկման», այլ կոնկրետ տեխնոլոգիայի հետ: Ու ոչ միայն այս մեկ դրսևորմամբ:  Համենայն դեպս, այդ է վկայում տարածված ապատեղեկատվության բովանդակությունը, որ, օրինակ, ոչ թե պարզապես ռուսական հատուկ ջոկատ է, իբր գալիս, այլ էսքան ու էսքան հոգի, էս են անելու, էսպես են գործելու: Որպես տեքստերի հետ տասնամյակներով աշխատող մարդ եմ ասում: Նման «մանրամասնությունները» կոչված են հավաստիություն հաղորդել ստին, ապատեղեկատվությունը փաթեթավորել այնպես, որ որոշակի իրավիճակում հալած յուղի տեղ ընդունվի: Եվ ընդունվեց: Եվ, անխուսափելիորեն, բորբոքեց հավաքվածներին, կամ՝ է՛լ ավելի բորբոքեց, ինչի նպատակով էլ դա ասվում էր: Դա, կարելի է ասել, մուծիլովշիկության «Ալֆան» է, ու չ«Օմեգան» (էլի բաներ կան, դրա համար՝ չ«Օմեգան»): Հա, բայց եթե այդ ապատեղեկատվության տարածման հետևանքով հանկարծ ինչ-որ մեկի հույզերը հասնեին եռման բարձրակետին ու մի ախմախ բան աներ, մեկին վնաս տար, բնականաբար, տուտ ժը հայտարարելու էին, որ «իշխանություններն են մեղավոր, իշխանությունները արեցին»: Ինչպես երեկ երեկոյան, օրինակ ոչ պակաս ինտենսիվ ստեր էին տարածում, թե «ոստիկանները կրակեցին...», մինչդեռ պարզվեց, որ կրակողները ու խառնաշփոթ վիճակ հարուցողները հենց ՊՊԾ գունդը գրաված զինված անձիք են:  Մթնեց: Լուսացավ: ՊՊԾ գունդը տակավին մնում է գրավված վիճակում, «Սասնա ծռեր» կոչվող զինված խմբի վերահսկողության ներքո, պատանդներով հանդերձ: Բնականաբար, ոչ մի ռուսական «Ալֆա» ջոկատ չի եկել, ոչ 65 հոգանոց խմբով, ոչ էլ՝ որևէ խմբով:  Վստահ եմ, որ ինչ-որ տեղ հիմա շրջում է նաև ակտիվիստ Ներսես Գևորգյանն ու, միգուցե քթի տակ քմծիծաղում: Մինչդեռ, լրահոսում ոչ մի տեղ չհանդիպեցի տեղեկատվության, որ ասենք, հիշյալ ակտիվիստը (հաստատ՝ «մասնագիտություն» է) գոնե յուրային ցուցարարներից ներողություն խնդրած լինի՝ նրանց թյուրիմացության մեջ գցելու, ապատեղեկացնելու, վերջիվերջո՝ սուտ տարածելու համար: Չնայած, նորմալ է, եթե չի խնդրել: Նորմալ է, որովհետև մուծիլովշիկության հատկանիշներից մեկն էլ այն է, որ երբ մի սուտը բռնվում է, անմիջապես երկրորդն են սկսում պտտել…: Իսկ բացարձակ հակապրոֆեսիոնալիզմ դրսևորող առանձին զրագրողների ու զրատվամիջոցների (վրիպակ չէ) մասին, որ կայծակնային արագությամբ սկսեցին տարածել այդ տխմարությունը, մի այլ առիթով կանդրադառնամ: Գուցե կարճ, բայց հստակ:  Ասածս այն է, որ ժողովուրդ, ուշադիր եղեք, մի կորցրեք զգոնությունն ու ամեն «բլթոց» հալած յուղի տեղ մի ընդունեք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/1101233856617700?notif_t=close_friend_activity¬if_id=146900 ...

    Կարդալ ավելին
  • Ես, բնականաբար, դեմ եմ արյունահեղությանը: Եղածն էլ արդեն շատ-շատ է՝ իմ պետության համար: Բայց ակնհայտ է նաև, որ եղած կացությունը երկար այդպես շարունակվել չի կարող: Մանավանդ, հաշվի առնելով որոշակի անձանց հրահրիչ կոչերն ու հայտարարությունները, ավելի մեծ արյան՝ անթաքույց ցանկությունները (դե հո իրենց արյո՞ւնը չի թաձվելու): Փակուղային համարվող իրադրությունը, այսպես թե այնպես, պետք է հանգուցալուծվի: Ու նման իրավիճակում հետաքրքիր է, որ շարունակ իշխանության կամ պետական մարմիններին ուղղված հորդորներ են հնչում՝ բարի կամք դրսևորելու, իսկ ահաբեկչական գործողության դիմած, ՊՊԾ գունդը գրաված անձանց ուղղված հորդորները (իրավապահներինը չհաշված) հատուկենտ են: Հակառակը, մի բան էլ զանազան անդրիասղուկասյան-չուգասզյանները «դուխ են տալիս»: Բավականին ազատ-անկաշկանդ:  Եթե իսկապես չենք ուզում, որ արյունահեղություն լինի, կարծում եմ, հատկապես անձիք, ովքեր կարող են դիմել, հաղորդակցվել ՊՊԾ գունդը գրավածների հետ, պարտավոր են նրանց հորդորել, որ զենքը վայր դնեն ու հանձնվեն: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա «բարի կամքի» դրսևորումը, այնքան էլ հասկանալի չէ, թե ո՛րն է էս դեպքում, երբ կատարվել է ծանր հանցագործություն, երբ ոստիկանության սպա է սպանվել և մի քանի ոստիկաններ վիրավորվել են, այդ թվում՝ ծանր, երբ ոստիկանության բարձրաստիճան սպաներ պատանդառված են: Բարի կամքն էս դեպքում երևի այն է, որ մինչև հիմա գրոհ ու նման այլ ակտիվ գործողություններ չեն իրականացվել՝ նոր զոհերից խուսափելու համար: Այլապես, ի՞նչ, «բարի կամքով» պիտի հայտարարեն, որ վերը հիշատակված հանցագործությանը դիմած անձանց քրեական հետապնդման չե՞ն ենթարկելու: ազա՞տ են արձակելու, ասելու են՝ «դե մոմենտ էր էլի, անցավ-գնա՞ց»: Չեմ պատկերացնում, որ նման բան լինի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/1099653120109107?notif_t=close_friend_activity¬if_id=14688 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր լուսադեմին Երևանում տեղի ունեցած զինված հարձակումը ինչ վերամբարձ փաթեթավորմամբ էլ մատուցվի, իր էությամբ ահաբեկչական գործողություն է: Բնականաբար, ավելի ճիշտ է սպասել տեղի ունեցածի ամբողջական հանգուցալուծմանը՝ տեղի ունեցածի համակողմանի վերլուծության և կատարվածից հետևություններ անելու համար: Ցանկալի է, որ հանգուցալուծումը լինի առանց նոր զոհերի: Մեկ զոհն էլ արդեն շատ-շատ է մեր պետության համար:  Բայց ամեն դեպքում, կան հարցեր, որ կատարվածի հանգուցալուծումից անկախ, կարծում եմ, կպահպանեն իրենց ակտուալությունը: Նախ, տեղի ունեցածը «ջրում» է այն պնդումները, թե՝ «Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալելը նրա նկատմամբ քաղաքական հալածանք է» կամ թե՝ «նրան ներկայացված մեղադրանքները շինծու են» և էլի նման բաներ: Հուլիսի 17-ի լուսադեմին ոստիկանական ստորաբաժանման վրա զինված հարձակում իրագործած նրա կողմնակիցները դեռ քննության ավարտից ու անդամ դատավարությունից առաջ ապացուցեցին առնվազն այն, որ իրենց առաջնորդին ներկայացված մեղադրանքները որոշակի հիմքեր ունեն:  Երկրորդ՝ մարդկայնորեն ինձ համար էլ խիստ ցավալի է, որ ոստիկանական ստորաբաժանման շենքի վրա գրոհած «սեֆիլյանականների» շարքում առաջիններից մեկը Արցախի ազատամարտի կենդանի լեգենդներից մեկը համարվող ու իրավամբ համարվող, կյանքով ներդրում ունեցած ու վաստակով մարդ՝ Ապարանցի Պավլիկն է՝ Պավել Մանուկյանը: Դա և մեր՝ որպես հասարակության, և պետական կառույցների, և թե իր՝ պատերազմի հերոս Պավել Մանուկյանի ողբերգությունն է: Սարսափելի ծանր բան… Բայց մյուս կողմից, առավել հստակ առաջինը հենց նման մարդիկ պետք է ընկալեին, որ իրենց նման գործողությունը, կոնկրետ հենց հիմա ամենաքիչը ներսից թուլացնում է Հայաստանը, դարձնում որոշ չափով ավելի խոցելի՝ արտաքին ճնշումների դիմաց: Հարցը այն չէ, թե ով հատկապես ոնց է վերաբերվում տվյալ պահի իշխանություններին, ատո՞ւմ է, անտարբե՞ր է, նեղացա՞ծ է, թե՞ պարզապես դժգոհ: Հարցը հենց պետությունն է: Եվ ինչը ոնց էլ «պտտեցվի», այսօր կատարված արկածախնդիր հարձակումը առաջինը ու ավելի շատ պետությանն է հարվածում: Ու ով ինչ էլ ասի, մանավանդ նման խառնակ ընդհանուր կացության մեջ, նման քայլը համարժեք է դավաճանության:  Կա և այլ հարց. արդյոք որևէ վաստակ որևէ մարդու իրավունք է վերապահում հարվածել պետությանը (իշխանություններին չէ, այլ հենց պետությանը): Կարծում եմ՝ ոչ: Անգամ եթե այդ անհատը տվյալ պետությունը հիմնադրելու նվիրյալներից մեկը լինի:  Ի դեպ, պետության, ավելի ճիշտ՝ պետական մարմինների, կոնկրետ՝ իրավապահ մարմինների մասին: Հետաքրքիրն այն է, որ իրավիճակում, երբ Ժիրայր Սեֆիլյանին նկատմամբ նման արարք նախատեսելու կամ նախապատրաստելու կասկածանքներ կային և այդ հիմքով է նաև նրա դեմ քրեական հետապնդում կիրառվել, նրա մի խումբ կողմնակիցներ ծրագրել են, նախապատրաստվել և իրականացրել նման գործողություն: Իսկ իրավապահ մարմինները դրա մասին իմացան պոստ ֆակտում, այսինքն՝ երբ բանը բանից անցել էր:  Եվ էլի. ակնհայտից էլ ակնհայտ է, որ ինչքան էլ «Ազատությունն» իրեն մեջտեղից կոտորի, ինչքան էլ «բստի» տան՝ իրենք, թե այլ «թունդ» դեմքեր, ինչքան էլ զանազան գործիչներ զբաղված լինեն հարձակում իրականացրած խմբի քարոզչական և տեղեկատվական աջակցությամբ, նրանք չունեն հասարակական աջակցություն: Չունեն: Իրենց «միամիտ» հաշվարկը հասարակության ռեակցիան է եղել: Իսկ ռեակցիա, որպես կազմակերպված կամ թեկուզ ուղղորդված դրսևորում՝ չկա:  Միաժամանակ, օբյեկտիվորեն, չկա և հակառակ մղում, որ ասենք, հասարակության թեկուզ տարբեր խմբեր ինքնաբուխ ելնեն պետական ինստիտուտները ենթադրական այլ հարձակումներից պաշտպանելու:  Այս ամենը, կարծում եմ, իշխանություններին պետք է մղի առնվազն այն հետևությանը, որ առանց էական, խորքային փոփոխությունների, առանց հասարակությունն իրապես համախմբող, երկիրը դեպի կայունացում ու զարգացում տանող գործնական քայլերի, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վաղը, մյուս օրը, մեկ այլ «գաղափարական» մեկը կամ մի քանիսը մի ուրիշ նման արկածախնդրության չեն դիմի: Տվյալ դեպքում հարցերից մեկը ոչ թե այն է, որ կարող են գտնվել նման արարքների ընդունակ մարդիկ (նման մարդիկ միշտ էլ կարող են գտնվել), այլ հարցն այն է, որ նրանք կարող են մտածել, որ իրենց նման արարքը հասարակական աջակցություն կստանա: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/1099161103491642 ...

    Կարդալ ավելին
  • Ասեցի՝ ելնեմ, տեսնեմ ի՞նչ «ապստամբական վիճակ» է: Համ էլ ծխախոտս էր պրծել, համ էլ «վառված լամպըչկեն» փոխելու կարիք կար: Վերգինե տատին իր չրերին էր նայում: Հարևան շենքից մի կին ներքնակն էր «թափ տալիս»՝ հատկանշական «թըրը՛մփոցի» ձայնը բակով մեկ տարածելով: Բիսեդկայում բլոտիստներն իրենց «գործին» էին, հետաքրքրվեցին «վերջին լուրերով»: Մեկնաբանությունը մեկն էր, մեջբերում եմ՝ «ասըմ ա՝ ժողովուրդ մեզ միացեք... խի, մեր ժողովուրդը հո հիմա՞ր չի: Էս օրով տենց բան էն անը՞մ...»:  Մարդիկ սովորականի պես իրենց կիրակնօրյա անցուդարձի մեջ էին: Խանութներում իրարանցում չկար, ոչ մեկը արկղերով աղ և օճառ չէր առնում: Մայթեզրյա ծառուղում մի 26-27 տարեկան երիտասարդ իր ընկերուհուն կամ կնոջը հեծանիվ վարել էր սովորեցնում:  Մեկ ուրիշը բանջարեղեն էր գնել: Երրորդը թոռնիկներն էր ման տալիս: Չորրորդը վարսավիրանոցում էր նստած... Երևանյան ամառային շոգ կիրակի է: Հասկանալի է, մտերիմ մարդիկ, հարևանները քննարկում էին արդեն լսած լուրերը, ցանկանալով հասկանալ՝ ովքե՞ր են, ինչո՞ւ, ինչո՞ւ հենց հիմա ու հենց էդձև: Բայց չկար էլի, այն իրարանցումային տրամադրությունը, որ կարելի է դիտարկել այստեղ, կամ չկար մի բան, որը հնարավոր լիներ բնորոշել որպես՝ ապստամբական: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/1098943816846704 ...

    Կարդալ ավելին
  • Հաճախ է լինում, որ պետական ոչ-պետական չինովնիկներին այպանում ենք՝ «կտրվել եք իրականությունից», «ուրիշ իրականության մեջ եք ապրում»: Հիմնականում, ի դեպ, միանգամայն տեղին են թե՛ դիտողությունները, թե՛ վրդովմունքը... Բայց... Ահավոր փոթորիկ, հեղեղ, կարկուտից հետո, երբ վերականգնվում է էլեկտրաէներգիայի մատակարարումը, մտնում ես «ֆեյսբուք» ու երևի մի 50-60 գրառում ես տեսնում էն մասին, թե ոնց Պորտուգալիան դարձավ Եվրոպայի չեմպիոն... Էն, որ մեր իսկ ազգակից-հայրենակիցների եղած-չեղածը մի քանի տասնյակ գյուղերում կարկուտը էն գեշ հարկային չինովնիկի կամ հարկադիր ծառայությունից էլ բեթար ձևով սրբել-տարել է... համարյա ոչ մի ձայն: Մի քանի օր հետո կհիշենք, էն էլ, երևի էլի պետական չինովնիկներին քրֆելու համար... Վստահ եմ, որ ինչպես էլ լինի, բոլորս էլ կամ մեծամասնությունը՝ հաստատ, մտքով անցկացրել է կարկտավնասներն ու դրանից տուժած ազգակիցներին: Պարզապես սոցցանցն ուրիշ իրականություն է: Լրիվ վիրտուալ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/1094305197310566?notif_t=close_friend_activity¬if_id=1468314 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/dOubOTkTUuj2U2oDKPJU.jpg

    Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից կարող ենք տեղեկանալ, որ 2017 թվականի հունվարին Հայաստանում արձանագրվել է 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն: Բնականաբար, հիմնվել մեկ ամսվա տվյալների վրա սխալ կլինի, սակայն ուսումնասիրելով մի շարք այլ գործոններ ևս՝ կարող ենք փաստել, որ այս տարի տնտեսության «կազդուրման» հավանականությունը բավականին բարձր է: Ինչ վերաբերում է պղնձի միջազգային գներին, ապա դրանք ներկայումս հատել են 6 հազար դոլարի սահմանագիծը և անհամեմատ բարձր են նախորդ տարվա ցուցանիշներից, ինչը շատ կարևոր է Հայաստանի՝ որպես այդ տեսակ գունավոր մետաղը արտահանող երկրի համար: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Հայաստանը ստիպված էր ավելացնել գունավոր մետաղների արդյունահանման ծավալները՝ ֆինանսական մեծ հոսքերի կորուստ չունենալու և նախկին ցուցանիշների բալանսը պահելու համար: Դրական միտում է առկա նաև արտահանման ոլորտում: Պատճառներից մեկն այն է, որ բացասական միտումները ՌԴ շուկայից նվազել են: Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա այստեղ պետության կողմից տնտեսական գործունեության պայմանների բարելաման, գործարար միջավայրի ակտիվացման, բիզնես-ծրագրերի կենսագործման ուղղությամբ ձեռնարկած քայլերը ևս կարող են զարգացնել տնտեսությունը: Հստակ կանխատեսում անելը շատ բարդ է, բայց այն, որ այս տարվա համար նախատեսած մի քանի հարյուր միլիոն դոլար բյուջե պարունակող ծրագրերը ազդեցություն կունենան տնտեսության վրա, դա փաստ է: Ոչ պակաս կարևոր է բանկային համակարգի բարեփոխումները, որոնք ուղղակիորեն կարող են ազդել տնտեսվարողներին ներդրումային քաղաքականության վրա: Ավելի բարենպաստ պայմաններով վարկավորումը կարող է «ստիպել» ներդրողներին ավելացնել իրենց կապիտալը բիզնես միջավայրում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=179353035891311&id=100014498460492

    Կարդալ ավելին