• Սիրանուշ Զաքարյան
  • Սուրբ Հարության տոնին ընդառաջ կտրուկ ավելանում են հավկիթի սպառման ծավալները, ինչի կապակցությամբ ևս մեկ անգամ ցանկանում ենք տեղեկացնել, որ համաձայն ՀՀ Կառավարության 2011 թ.-ի N 1438-ն «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման չի թույլատրվում այն հավկիթների իրացումը, որոնք չունեն անվտանգությունը և ծագումը հաստատող փաստաթուղթ, թերի է կամ լրացած պիտանելիության ժամկետը կամ բացակայում է մակնշումը (բացառությամբ շուկաներում վաճառվող գյուղատնտեսական արտադրանք հանդիսացող հավկիթների, որոնց իրացման համար անհրաժեշտ է միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության կտրոն):  Հավկիթների մակնշման մեջ պետք է տեսանելի լինեն հավկիթի տեսակը, կարգը, արտադրության օրն ու պիտանելիության ժամկետը: Կախված հավկիթի տեսակից ու կարգից պիտանելիության ժամկետը տարբեր է. Ա դասի կամ թարմ հավկիթի «Էքստրա» տեսակի պիտանելիության ժամկետը 7 օր է, իսկ 1-ին տեսակի հավկիթներինը` 25 օր` օդի ջերմաստիճանի 00-200 C և 85-88% հարաբերական խոնավության պայմաններում:  Հավկիթի թարմությունը կարելի է որոշել ինչպես գնելիս, այնպես էլ արդեն տանը: Գնելիս պետք է ուշադրություն դարձնել վերջինիս գույնին և կճեպին: Գույնը պետք է լինի սպիտակ, եթե կաթնագույն է, դեղնավում կամ մոխրագույն, նշանակում է այն այլևս թարմ չէ: Կճեպը պետք է լինի չաղտոտված, հարթ և առանց ճաքերի: Եթե հաստ կճեպով հավկիթը արտահայտված ցան ունի, ապա վերջինս թարմ չէ: Հավկիթը չպետք է կոտրված կամ ճաքած լինի, քանի որ կճեպի ճաքերից և կոտրվածքներից մանրէները կարող են ներթափանցել հավկիթի մեջ: Իսկ եթե արդեն գնել եք հավկիթ, սակայն այնուամենայնիվ կասկածում եք վերջինիս թարմության մեջ, ապա այն դրեք ջրով լի տարայի մեջ, եթե ընկղմվեց ջրի մեջ, ուրեմն թարմ է, եթե ոչ, ուրեմն մի օգտագործեք այն: Ինչպես նաև կարելի է պարզապես թափահարել ձուն, եթե զգացվեց շատ թույլ շարժում, ուրեմն այն թարմ է, եթե շարժման ձայն լսվեց` հավկիթը թարմ չէ: Բացի այդ կարելի է ջարդել ձուն, եթե դեղնուցը չխանվեց սպիտակուցին, ուրմեն վերջինս թարմ է: Սպառողներին հորդորում ենք հավկիթ գնելիս ուշադրություն դարձնել մակնշմանը և վերջինիս թարմությանը, իսկ վերը նշված պահանջների խախտումներ հայտնաբերելիս խնդրում ենք տեղեկացնել Կազմակերպությանը` զանգահարելով +37410 430930 հեռախոսահամարով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/siranush.zakaryan.12/posts/432128067141789 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին ժամանակահատվածում ակտիվ քննարկվում էին կաթնամթերքի շուկայում առկա խնդիրները: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների հրապարակումից հետո, ցավոք, մտահոգությունները միայն ավելացան, քանզի հաղորդագրությամբ ոչ միայն չտրվեցին հանրությանը հուզող հարցերի պատասխանները, այլև առաջացան նոր հարցեր, մասնավորապես՝ որ կաթնամթերքներն են ենթարկվել փորձաքննության, և որ ընկերության որ արտադրատեսակում ինչպիսի խնդիրներ են հայտնաբերվել, քանի որ կաթնամթերք են համարվում ինչպես կաթն ու թթվասերը, այնպես էլ՝ սերուցքն ու պանիրը:  Հասարակական հատվածում ակտիվ քննարկվում էր նաև այն հանգամանքը, որ օրինախախտ տնտեսվարողների ցանկում հիմնականում նշված էին փոքր ընկերությունների անուններ: Շարունակում էր մտահոգիչ մնալ այն հարցը, թե ինչ իրավիճակ է սպառման հիմնական ծավալներն ապահովող ընկերություններում: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է ուսումնասիրություն կաթնամթերքի շուկայում: Իրացման ցանցից նմուշառվել և փորձաքննության են հանձնվել կաթնամթերքի սպառման հիմնական շուկան ապահովող արտադրողների` «Աշտարակ կաթ» ՓԲԸ, «Արզնի կաթ» ՍՊԸ, «Բիոկաթ» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Թամարա և Անի» ՍՊԸ, «Մարիլա» ՍՊԸ և «Չանախ» ՍՊԸ-ների որոշ արտադրատեսակներ: Ստորև ներկայացվում են հայտնաբերված խախտումները` ըստ արտադրողի, արտադրատեսակի (համաձայն մակնշված արտադրության օրվա) և անհամապատասխության ցուցանիշների: «Աշտարակ կաթ» ՓԲԸ Կաթնաշոռ դասական «Աշտարակ կաթ» 180գ արտադրված 09.12.2016 թ. Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով Թթվասեր դասական «Աշտարակ կաթ» 18% յուղ., 400գ արտադրված 09.12.2016 թ. Չի համապատասխանում խմորասնկերի ցուցանիշով «Արզնի կաթ» ՍՊԸ Կաթ պաստերացված Արզնի կաթ – 3,2% յուղ., 1լ արտադրված 09.12.16 թ. Չի համապատասխանում ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով  Կաթնաշոռ «Արզնի կաթ» 9% յուղ., 180գ արտադրված 09.12.2016 թ. Չի համապատասխանում ԱՑԽՄ, խմորասնկերի և բորբոսասնկերի ցուցանիշներով Սերով թթվասեր Արզնի կաթ 20% յուղ., 400գ արտադրված 08.12.16 թ. Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով «Բիոկաթ» ՍՊԸ Կաթ պաստերացված ֆիրմային Բիոկաթ – 3,5% յուղ, 1լ արտադրված 09.12.16 թ. Չի համապատասխանում ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով Կաթնաշոռ «Բիոկաթ» 15% յուղ., 150գ արտադրված 10.12.2016 թ. Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով Թթվասեր «Բիոկաթ» 20% յուղ., 400գ արտադրված 10.12.16 թ. Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով «Բոնիլատ» ՍՊԸ Կաթ պաստերացված «Bonilat» - 3,6% յուղ., 1լ արտադրված 10.12.2016 թ. Չի համապատասխանում ՄԱՖԱՄ ցուցանիշով      Կաթնաշոռ «Բոնիլատ» 12% յուղ., 150գ արտադրված 10.12.2016թ. Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով Թթվասեր «Բոնիլատ» 20% յուղ., 400գ արտադրված 10.12.16թ. Չի համապատասպանում ԱՑԽՄ ցուցանիշով «Դուստր Մարիաննա» ՍՊԸ  Կաթնաշոռ «Մարիաննա» 9% յուղ., 180գ արտադրված 10.12.2016թ. Չի համապատասխանում կաթնաթթվային մանրէների և խմորասնկերի ցուցանիշներով  «Թամարա և Անի» ՍՊԸ Կաթնաշոռ «Ani Product» 9% յուղ., 200գ արտադրված 09.12.2016թ. Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով «Մարիլա» ՍՊԸ կաթ Կաթնաշոռ «Մարիլա» 9% յուղ., 200գ արտադրված 10.12.2016թ. Չի համապատասխանում կաթնաթթվային մանրէների և խմորասնկերի ցուցանիշներով «Չանախ» ՍՊԸ Կաթ պաստերացված Չանախ – 3,2% յուղ., 1լ արտադրված 10.12.2016 թ.  Չի համապատասխանում ՄԱՖԱՄ և ԱՑԽՄ ցուցանիշներով Հատիկային կաթնաշոռ «Չանախ» 4% յուղ, 180գ արտադրված 10.12.2016թ. Չի համապատասխանում ԱՑԽՄ, խմորասնկերի և բորբոսասնկերի ցուցանիշներով Թթվասեր«Չանախ» 20% յուղ., 400գ արտադրված 10.12.2016թ. Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով Հաշվի առնելով, որ նմուշառումն իրականացվել է սառնարաններից, որոնք ապահովել են պահպանման պայմանները, ինչպես նաև այն հանգամանքը, որ նմուշների տեղափոխումն իրականացվել է պատշաճ սառնարանային պայմաններում, կարելի է եզրակացնել, որ խնդիրներն առաջացել են արտադրության կամ իրացման ցանց տեղափոխման փուլերում: Կոչ ենք անում` • Սպառողներին` խուսափել վերոնշյալ արտադրանքի օգտագործումից (թթվասերները դեռևս գտնվում են պիտանելիության ժամկետի մեջ) • Իրացնողներին` իրացման ցանցից դուրս բերել նշյալ խմբաքանակները • Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` հետևողական լինել գործընթացին: Հայտնաբերված խախտումները փաստում են, որ նշված կաթնամթերքի սպառումը չի երաշխավորում սպառողների առողջության պաշտպանությունը և պարունակում է առողջական ռիսկեր: Հավելենք նաև, որ մթերքները փորձաքննության են ենթարկվել անվտանգության ընտրանքային ցուցանիշների նկատմամբ, հայտնաբերվել են նաև մակնշման խախտումներ: Փորձաքննության արդյունքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կտրամադրվի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը նաև գրավոր` համապատասխան քայլերի և գործողությունների առաջարկություններով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/siranush.zakaryan.12/posts/359249207763009 ...

    Կարդալ ավելին
  • «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը քանիցս տեղեկացրել է, որ համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում փոխանակել պատշաճ որակի ապրանքը, եթե վերջինս չի կարող օգտագործվել ըստ նշանակության՝ հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով, պահպանված է ապրանքային տեսքը, առկա է գնումը հաստատող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոն կամ ապրանքային չեկ): Իսկ եթե սպառողի՝ խանութ դիմելու պահին բացակայում է նմանօրինակ ապրանք, ապա սպառողն իրավունք ունի ըստ իր ընտրության լուծելու առուվաճառքի պայմանագիրը և պահանջելու հետ վերադարձնել տվյալ ապրանքի համար վճարված գումարը: Հետևաբար «գնված ապրանքը հետ չի ընդունվում» կամ նմանօրինակ հայտարարություններն ու վահանակները հանդիսանում են օրենքի բացահայտ խախտում: Կազմակերպության կողմից դեռևս 2013 թ.-ին իրականացվել էին շրջայցեր Երևան քաղաքի ավելի քան 900 իրացման կետերում, տնտեսվարողներին ներկայացվել էր օրենքի պահանջը, ինչպես տնտեսվարողներին, այնպես էլ սպառողներին տրամադրվել էին ավելի քան 2000 իրազեկող տեղեկատվական թերթիկներ: Խնդիրը համակողմանի քննարկելու նպատակով հրավիրվել էր աշխատանքային քննարկում, որին ներկա էին ինչպես ոլորտը վերահսկող պետական լիազոր մարմնի և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ ներկայացուցիչներ, այնպես էլ տնտեսվարողներ ու վերջիններիս շահերի պաշտպաններ: Քննարկման ընթացքում ներկայացվել էր առկա իրավիճակը, հորդորվել գործել՝ ելնելով ՀՀ օրենսդրության պահանջներից: Չնայած նրան, որ այս գործընթացից հետո կարծես էականորեն նվազել էր օրենքի պահանջին չբավարարող վահանակների թիվը, սակայն վերջինիս հաջորդեց էլ ավելի արատավոր երևույթ: Կան տնտեսվարողներ, ովքեր մի կողմից տեղադրել են օրենքի պահանջի վերաբերյալ իրազեկող վահանակներ, մյուս կողմից միաժամանակ խախտում են նույն օրենքը՝ հետ չընդունելով գնված ապրանքը՝ ոտնահարելով սպառողների իրավունքը: Իրականացված աշխատանքներից հետո բացահայտված խախտումներին լուծում տալու նպատակով անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, ինչը հնարավորություն կընձեռեր ինչպես լուծելու խնդիրները, այնպես էլ բարձրացնելու հանրային վստահությունը պետական վերահսկողության նկատմամբ: Սակայն նախարարությունը ոչ միայն քայլեր չձեռնարկեց խնդիրների լուծման ուղղությամբ, այլև շարունակում է համառորեն խորհուրդ տալ սպառողներին խնդիրներ հանդիպելու պարագայում խախտված իրավունքը վերականգնել դատարանի միջոցով, մինչդեռ բազմիցս ներկայացվել է նաև հիմնավորումն առ այն, թե ինչ պատճառներով դատական կարգով խախտված իրավունքի վերականգնման մեխանիզմը չի կարող արդյունավետ գործել, և որ օրինախախտ տնտեսվարողները պարտադիր պետք է կրեն վարչական պատասխանատվություն, քանզի օրենքով սահմանվում է ոչ թե էթիկա, այլ իրավունք և պարտականություն, ինչն էլ հնարավորություն կընձեռեր խնդիրը տանել դեպի ինքնակարգավորում: Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, կազմակերպությունը շարունակում է ստանալ նույնաբովանդակ ահահանգեր: Եվ եթե մի շարք տնտեսվարողներ փորձում են որևէ հակափաստարկ ներկայացնել վերադարձ չիրականացնելու նպատակով, ապա «Ռիթեյլ Գրուպ Արմենիա» ընկերությունը, որին բաժին է հասնում ստացված ահազանգերի գերակշռող մեծամասնությունը, ոչ միայն օրենքը խախտում է բացահայտ կերպով, այլև սպառողներին տեղեկատվություն է տրամադրում, թե իբրև օրենքն իրենց վրա չի տարածվում: Նշյալ ընկերության կազմում գործում է ավելի քան 20 իրացման կետ, իսկ վերջին ահազանգը Կազմակերպությունը ստացել է՝ կապված «Միսս Սելֆրիջ» (Miss Selfridge) խանութի հետ: Եվս մեկ անգամ կոչ ենք անում Էկոնոմիկայի նախարարությանն ի վերջո քայլեր ձեռնարկել նշյալ խնդրի կարգավորման ուղղությամբ, վերանայել գործող ընթացակարգը՝ հաշվի առնելով տեղային առանձնահատկություններն և այն կարևորագույն հանգամանքը, որ ՀԿ-ները չեն կարող աջակից լինել սպառողներին դատարան դիմելու հարցում, իսկ սպառողներին հորդորում ենք նախքան գնում իրականացնելը ճշտել գնվող ապրանքի փոխանակման և վերադարձի կարգը: Գնում չիրականացնել այն իրացման կետերից, որոնք հրաժարվում են կատարել օրենքի պահանջը և հրաժարվող տնտեսվարողների վերաբերյալ տեղեկատվությունը հանրայնացնել, որպեսզի մյուս սպառողները ևս գոնե իրազեկվածության շնորհիվ թույլ չտան ոտնահարել սեփական սպառողական իրավունքները, մինչև պատկան կառույցները կորոշեն զբաղվել սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/siranush.zakaryan.12/posts/196991860655412 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է դաբաղ հիվանդության դեպք: Այս մասին հայ հասարակությունը տեղեկացավ ռուսական մամուլից: Տարանջատենք փաստերը փաստերի մեկնաբանություններից. Փաստ 1. Ռուսական կողմն իր տեղական ԶԼՄ-ների միջոցով առաջինը հայ հասարակությանը տեղեկացրեց մեր երկրում արձանագրված հիվանդության մասին: Առնվազն 1 շաբաթ հայկական կողմը հասարակությունից թաքուն է պահել իրողությունը (հայկական կողմն է ռուսական կողմին տեղեկացրել, թե՝ ոչ, հարցի այլ կողմն է և փաստի հետ առնչություն չունի): Փաստ 2. Ռուսական կողմը, որն, ի դեպ, մեր մեդիայի համար դարձավ ինֆորմացիայի առաջին աղբյուրը, իր հաղորդագրության մեջ Հայաստանում դաբաղ հիվանդության նկատմամբ իրավիճակը գնահատեց անկայուն, ինչից հետո հայկական կողմը հարկ համարեց նշել, որ արձանագրվել է ընդամենը 1 դեպք՝ չպատասխանելով ամենակարևոր հարցին՝ այդ դեպքում ինչու են թույլ տվել, որպեսզի ռուսական կողմն իրավիճակը գնահատի անկայուն, ինչը հնարավորություն կտար հասկանալու՝ իրականում կաղացե՞լ ենք բանակցային փուլում, թե՞ ավելի արժանահավատ է անկայում իրավիճակ գնահատականը: Հարցազրույց փաստերի շուրջ. անկախ պատճառներից՝ փաստը մնում է փաստ: Հ.Գ. Ամենևին պետք չէ զարմանալ հայկական մեդիայի գործողությունների վրա և տնտեսության ձախողումն ու անհաջողությունները կապել այն փաստի հետ, որ մեդիայում աղմուկ բարձրացավ: Ռուսական կողմի հայտարարությունը հաղորդագրություն էր ուղղված ոչ միայն ՀՀ-ին, այլև ամբողջ աշխարհին. աղմուկը ռուսական կողմից էր՝ փաստ 3՝ աշխարհի տեսանկյունից:  Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/siranush.zakaryan.12/posts/192916627729602 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/DgVDL2KCp45t6uG4Anem.jpg

    Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրն ավարտվում է հայ-ռուսական հարաբերություններում լարվածությամբ: Թեև այդ լարվածությունն առավել ակնառու դարձավ վերջին մի քանի շաբաթների ընթացքում` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ներհայաստանյան զարգացումների մասին բավականին կոշտ հայտարարությունից հետո, սակայն ոչ պաշտոնական մակարդակում այն զգացվում էր Փաշինյանի վարչապետության առաջին օրերից`չնայած սկզբնական շրջանում հնչող պաշտոնական հայտարարությունների դրական բնույթին:  Ռուսական կողմի գործողությունները Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամանակ և դրանից հետո վկայում են, որ Սոչիում վարչապետին, ով խորհրդարանում ղեկավարում էր ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց նախաձեռնած «Ելք» դաշինքը, չի հաջողվել Մոսկվային համոզել, որ իր այդ դիրքորոշումները վերանայված են, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունում հետքայլ չի լինելու: Ռուսական կողմի ընկալումներով՝ իրենք մտահոգությունների համար լուրջ հիմքեր ունի: Դրանցից է, օրինակ, կարևորագույն պաշտոններում Փաշինյանի կողմից հակառուսական հայացքներով աչքի ընկած ակտիվիստներին նշանակելը, որոնցից «ամենատպավորիչներից» էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակումը: Ըստ մամուլում հայտնված չճշտված տեղեկությունների` Մոսկվայի մոտ այնքան մեծ է անվստահությունը վերջինիս անձի նկատմամբ, որ արգելել է ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների միջև փոխանակվող գաղտնի տեղեկատվությունը տրամադրել ՀՀ ԱԱԽ քարտուղարին:  Բավականին հետաքրքիր է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը: ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին վերջինիս մասնակցությունից հետո ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին գործընկերների պահանջով ստիպված եղավ մասնակցել վարչապետը, չնայած որ դա իր պաշտոնի համար ցածր ձևաչափ էր: Արարատ Միրզոյանը նույնիսկ չկար Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում, ինչը լուրջ հարցեր է առաջացնում:  ՀՀ նոր իշխանությունների մյուս գործողությունը, որը Մոսկվայի մոտ մեծացրել է անվստահությունը, առանց նախնական քննարկումների համանախագահ երկրների կամ համանախագահ երկրներից ոչ բոլորի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նոր տարրեր մտցնելու ՀՀ իշխանությունների փորձն է, ինչին ականատես եղանք մայիսի 9-ին Ստեփանակերտում և հունիսի 1-ին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ վարչապետ Փաշինյանի ելույթներում: Ռուսական կողմը հայաստանյան իշխանությունների այս «բացթողմանը» շտապեց ոչ պաշտոնական արձագանք տալ: Ռուս հանրային, քաղաքական գործիչների, փորձագետների այցը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լելե Թեփե նաև ազդանշան էր, որ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում չհամաձայնեցված, անկախ գործողություններ, որոնք կարող են վնասել գործընթացին կամ ունենալ բացասական ֆոնային ազդեցություն վերջինիս վրա, կարող են անել նաև ռուսները: Ռուսական կողմի անվստահության մյուս պատճառը ՆԱՏՕ գագաթնաժողովին, այնուհետև զորավարժություններին Հայաստանի մասնակցությունն է: Իհարկե, սա առաջին անգամը չէր, երբ Հայաստանը մասնակցություն էր ունենում ՆԱՏՕ միջոցառումներին, սակայն հայ-ռուսական հարաբերություններում անվստահության առկայության պայմաններում այս գագաթնաժողովին մասնակցությունն առանց ռուսական կողմի հետ սլաքները ճշտելու Մոսկվայում դրական չընկալվեց: Հետաքրքիր է, որ ինչ-որ «զուգադիպությամբ» դրան հետևեցին Փանիկի դեպքերը, երբ ռուսական ռազմաբազան «առանց նախազգուշացման» զորավարժություններ սկսեց` վախեցնելով գյուղի բնակիչներին: Սա, ակնհայտորեն, որոշակի մեսիջներ էր պարունակում` ուղղված ՀՀ իշխանություններին: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումների, մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ աղմկահարույց դատական գործերին ռուսական կողմի կոշտ արձագանքին, ապա նշենք, որ Մոսկվայում դրանք ինչ-որ տեղ դիտվում են նաև որպես ՌԴ դեմ ուղղված քայլեր: Ընդ որում, Խաչատուրովի դեպքում ոչ թե վերջինիս անձն է պայմանավորում ռեակցիան, այլ զբաղեցրած պաշտոնը. Խաչատուրովն, այսպես կոչված, «Պուտինի ՆԱՏՕ»-ի գլխավոր քարտուղարն է, և առանց ռուսական կողմին տեղեկացնելու, այդ պաշտոնից նրա հեռացման հարցը նախապես կարգավորելու Խաչատուրովի նկատմամբ դատական գործընթաց սկսելը Ռուսաստանում դիտում են որպես «ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ զարգացնող Հայաստանի» կողմից թիրախավորված հարված ՀԱՊԿ հեղինակությանը: Պատահական չէ, որ այս դեպքերից հետո ռուսական լրատվամիջոցները սկսեցին գրել` Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումների դադարեցման մասին, որն, իհարկե, պաշտոնապես հերքվեց, սակայն պարզ է, որ Ռուսաստանն այլևս չի բացառում Հայաստանի հետ հարաբերություններում նման գործիքակազմի կիրառման հնարավորությունը: Իսկ ռուսական կողմի ավելի «շոշափելի նախազգուշացումն» այս օրերին տեսնում ենք Լարսում, երբ արագ փչացող սննդամթերքով բեռնված հայկական բեռնատարները ստիպված են լինում օրերով հերթ կանգնել ռուսական անցակետն անցնելու համար: Խնդիրը կարելի կլիներ մեծ հոսքերով բացատրել, միայն թե հայ վարորդները միանգամայն այլ տպավորություն ունեն, բացի այդ՝ ՌԴ-ում ՀՀ հյուպատոսի միջամտությունը խնդրին ևս խոսում է, որ Լարսի մի քանի կիլոմետրանոց հերթերը բնավ տեխնիկական խնդիրներով չեն պայմանավորված:  Նշենք, որ Ռուսաստանից ոչ պաշտոնական աղբյուրներով զգուշացնում են նաև գազի գների բարձացման մասին, քննարկվում է աշխատանքային օրենսգրքում համախատասխան փոփոխությունների նախագիծը, որը կարող է ազդել այդ թվում նաև Ռուսաստանում աշխատող տասնյակ հազարավոր հայերի վրա, և սրանք ռուսական կողմի տնտեսական ազդեցության միակ լծակները չեն:  Այս համատեքստում բավականին հետաքրքիր է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը. օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և, ինչպես նշում է երկաթուղու ղեկավարությունը, Հայաստանի օրենսդրության խախտումներով խուզարկություն է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, ինչը չէր կարող չվրդովեցնել ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին։ Հուսանք՝ խնդիրը հարթվել է օգոստոսի 15-ին Հարավկովկասյան երկաթուղու տնօրեն Սերգեյ Վալկոյի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ. բոլորս հասկանում ենք, թե ինչ նշանակություն ունի երկաթուղին Հայաստանի համար: Նման պայմաններում մենք խնդիր ունենք Վրաստանի կամ Ուկրաինայի սցենարը չկրկնելու համար ձեռնարկել գործողություններ, որոնց ռիսկերը նախապես լավ հաշվարկված և չեզոքացված կլինեն: Կարիք ունենք արտաքին քաղաքական հարցերում լինելու ավելի ընկալելի, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մյուս երկրների հետ հարաբերություններում: Կարծես թե այս հարյուր օրվա ընթացքում որևէ գիծ դեռևս անդառնալիորեն անցած չէ: Այս մասին է խոսում, օրինակ, առաջին հայացքից ոչ էական թվացող վերաբերմունքը, որը ռուսական կողմը ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողության և դրան նախորդած համերգի ժամանակ. եթե վարչապետ Փաշինյանը Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ նստած էր երրորդ շարքում՝ Հյուսիսային Կորեայի ԱԺ նախագահի կողքին, ապա Արմեն Սարգսյանը` առաջին շարքում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողքին, ինչպես ենթադրում է դիվանագիտական արարողակարգը ռազմավարական գործընկերների պարագայում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/klara.abgarian.9/posts/148642326039090

    Կարդալ ավելին