• Սամվել Ֆարմանյան
  • Երկու-երեք օր է ներքին յուրօրինակ, աննկարագրելի, անբացատրելի զգացում եմ ապրում: Անգամ չեմ կարող բնորոշել, թե ինչպիսի զգացում: Որքան էլ տարօրինակ թվա՝ պատճառը ֆեյսբուք սոցիալական ցանցով ստացած, առաջին հայացքից շատ սովորական ու առօրեական բնույթ ունեցող, գրագետ շարադրված մի նամակ է: Նամակի հեղինակը, ում անունը հատուկ չեմ գրում, ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող է: Նամակի բովանդակությունը այսպիսին է. <<Բարեւ ձեզ պարոն Ֆարմանյան: Ձեզ մեկ շատ կարեւոր խնդրանքով պետք է դիմեմ: Ես զինծառայող եմ, իսկ իմ ընկերը նոր է զորացրվել: Շատ լավ տիրապետում է հայերենին և ռուսերենին, նաեւ՝ անգլերենին։ Սովորում է Սլավոնական համալսարանի 1-ին կուրսում՝ անվճար: Այժմ աշխատանք է փնտրում, որ կարողանա եւ աշխատել եւ սովորել: Շատ եմ խնդրում, հնարավորության դեպքում, օգնե՛ք իրեն այդ հարցում: Ինքը, պարո՛ն Ֆարմանյան, շատ բարի եւ շատ լավ մարդ է, անկեղծ եմ ասում: Ես շատ եմ ցանկանում օգնել իրեն, որովհետեւ նա Մարդ է: Նախապես շատ շնորհակալ եմ>>: Չափազանց տպավորված ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ նման վարքից, ում ընտանիքն ինքը, հավանաբար, տասնյակ խնդիրներ ունի, նամակին արագ արձագանքում եմ, խնդրելով տրամադրել ընկերոջ տվյալները, նրա հետ կապ հաստատելու, իրավիճակն հասկանալու ու հնարավորության դեպքում աջակցելու համար: Ու ստանում այսպիսի պատասխան. <<Նախ շատ շատ շնորհակալ եմ՝ արձագանքելու համար: Եթե անկեղծ ասեմ, պարո՛ն Ֆարմանյան ջան, ինքը նույնիսկ տեղյակ չէ, որ ես իր աշխատանքի համար տարբեր մարդկանց խնդրում եմ: Բայց ես այսպես շատ եմ ցանկանում օգնել իրեն: Ազնիվ խոսք՝ իր նման բարի, հայրենասեր ու լավ մարդ շատ քչերն են: Իր անունը ..........., իսկ հեռախոսահամարն է՝ ...........: Շատ շնորհակալ եմ ձեզ>>: Վստահ եմ, ընկերներիս ու գործընկերներիս օգնությամբ, Զինվորի ընկերոջը կօգնենք: Բայց ավելի կարևորն այլ բան է՝ նման ԶԻՆՎՈՐՆ ԱՆՊԱՐՏ Է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/farmanyan.samvel/posts/10212960735510209 ...

    Կարդալ ավելին
  • Վստահ չեմ, որ ճիշտ կամ խելամիտ է արտահայտվել Ալեքսանդր Արզումանյանի՝ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակման մասին, քանի որ լինում են անձինք, ովքեր իրենց անցած ճանապարհով տալիս են բոլոր հարցերի պատասխանները։ Պարզապես ականջ սղոցող ու հնաոճ ձայնասկավառակից հնչող քննադատությունները, դրանց կազմակերպված բնույթը ստիպում են դա անել։ Ալեքսանդր Արզումանյանի հետ աշխատել եմ 5 տարի նույն հանձնաժողովում, միջխորհրդարանական տարբեր կառույցներում, միասին ենք առաջ մղել մեր հարաբերությունները որոշ առանցքային երկրների հետ։ Կարող եմ շատ բան ասել, բայց բավարարվեմ մեկով. Ալեքսանդր Արզումանյանն իր գործի պրոֆեսիոնալ է, պետական աներեր մտածողությամբ օժտված անձ, ով պատիվ կբերեր աշխարհի յուրաքանչյուր երկրի դիվանագիտական կորպուսի։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/farmanyan.samvel/posts/10212784207697124 ...

    Կարդալ ավելին
  • Արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո ուշադրությունիցս չվրիպեց մի «մանրուք»՝ բառի իսկական իմաստով: Այն, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խճճվել է սեփական հաշվարկներում, դա գիտեինք վաղուց. փորձելով արդեն տևական ժամանակ տորպեդահարել բանակցային գործընթացը և շանտաժի ենթարկել միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբին, ստացել է ոչ թե այդ նույն կառույցների աջակցությունը, այլ հակառակը՝ ինքն իրեն հակադրելով միջազգային հանրությանը և Մինսկի խմբին՝ հայտնվել է բացառիկ և գնալով խորացող մեկուսացման մեջ, բանակցությունների սեղանի շուրջ չստանալով այն, ինչ ուզում է: Այն, որ Ադրբեջանը, պարբերաբար դիմելով ռազմաքաղաքական արկածախնդրությունների, խախտելով հրադադարի անժամկետ համաձայնագիրը և չհարգելով իր իսկ մասնակցությամբ ձեռք բերված համաձայնությունների կատարումը, սեփական զինվորին դարձրել է անարժեք թնդանոթի միս, դա էլ գիտեինք: Այն, որ մարդկային դեմքը կորցրած Ալիևի վարչակարգը թնդանոթի միս է դիտարկում ոչ միայն իր զինվորին, այլև շփման գծի երկայնքով ապրող իր քաղաքացիական բնակչությանը, դա էլ նորություն չէր: Հակառակ պարագայում, իր կրակակետերը չէր տեղադրի քաղաքացիական բնակչության ու համայնքների թիկունքում՝ այն դարձնելով կենդանի, անբարոյական վահան: Բայց այն, որ Ալիևին ձայնակցող խավիարասերների գնալով խայտառակվող, նոսրացող ու մարող միջազգային բանակում կարող է հայտնվել ոչ ավել, ոչ պակաս ՌԴ Պետդումայի մի ինքնակոչ «մանրուք»՝ Դմիտրի Սավելև անուն-ազգանունով, սա արդեն նորություն էր: Թվում է՝ ակնհայտորեն պարզ չէ, թե այդ ինչ տրամաբանությամբ է վերջինս խոսում «ղարաբաղյան սեպարատիզմի» և «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը շուտափույթ վերականգնելու» մասին, Հեյդար Ալիևին մեծարում որպես «ժողովրդի հայր» և այլ ոչ հոդաբաշխ մտքեր շաղ տալիս՝ այդպիսով ինքն իրեն հակադրելով ոչ միայն արտգործնախարար Լավրովի հայտարարություններին, այլ ընդհանրապես իր ներկայացրած պետության արտաքին քաղաքականությանը: Տպավորություն է, որ պատգամավոր Սավելևը վերջին տարիներին լեթարգիական կատարյալ քնի մեջ է եղել և բնավ տեղեկցված չէ, թե ինչպես են այդ նույն «ժողովրդի հոր» ուղիղ գծով ժառանգներն ու հետևորդները, միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում՝ միջխորհրդարանական, հենց ՌԴ-ին մեղադրում «սեպարատիզմի», «ագրեսիայի» և բազում այլ մեղքերի մեջ՝ Ղրիմյան, ու ոչ միայն, իրադարձությունների հետ կապված: Ամենաթարմ օրինակներն, ընդ որում, երկու-երեք օրվա վաղեմություն ունեն: Այնպես որ, պատգամավոր Սավելևը ճիշտ կլիներ՝ շարունակեր զբաղվել իրեն հոգեհարազատ բնապահպանական հարցերով և քիթը չխոթեր թեմաների մեջ, որոնցից ակնհայտորեն գլուխ չի հանում` իրեն չդնելով տխրահռչակ Պեդրո Ագրամունտի ուղու, իսկ սեփական կուսակցությանն ու պետությանն էլ՝ անհարմար դրության մեջ: Կից նյութն՝ այստեղ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/farmanyan.samvel/posts/10212717311464760 ...

    Կարդալ ավելին
  • Շա՜տ ափսոս, որ «Ելք»-ի իմ գործընկերոջ կողմից ամբողջ խորությամբ չընկալվեց խնդրի նրբությունը, և կոնկրետ շահագրգիռ փոքր արտահանողի հեռախոսահամարը տալու և, եթե իրոք խնդիր կա, այդ խնդիրն այսօր իսկ լուծելու փոխարեն գերադասվեց հարայ-հրոցի հերթական ալիքի հրահրումը։ Ափսոս։ Տարիներ անց քաղաքականության մեջ իրենց առաջին քայլերն անողների համար ևս հաստատ պարզ կդառնա, որ հասարակական-քաղաքական գործունեություն նշանակում է նախևառաջ մարդկանց հոգս թեթևացնել, մարդկանց համար խնդիր լուծել։ Սիրելի՛ գործարար, ում ծիրանը չի իրացվել, դիմե՛ք հենց հիմա «Սպայկա», իրենք կօգնեն հենց հիմա այդ հարցը լուծել։ Դուք հաստատ որոշ գործիչներից շուտ կընկալեք խնդիրը և հաստատ գոհ կլինեք. այդ մասին ինձ այսօր բացատրեց իրենց վաճառքի պատասխանատուն։ Ինքս հասկացել եմ խնդիրը, իսկ ում խնդրել եմ փոխանցել այս հաղորդագրությունը Ձեզ և հեռախոսահամար տալ, որ հետ զանգեն, վստահ չեմ։ Հ.Գ. Հարգելի՛ Արայիկ, ես Կորեայից վերադառնում եմ ամսի 29-ին, արդեն հասկացել եմ, որ ձեր առաջնային խնդիրը աղմուկ-աղաղակն է, իսկ հազարավոր գյուղացիների հոգսն ու ճակատագիրը՝ հարմար առիթ։ Երևան վերադառնալուց անմիջապես հետո կխոսեմ իմ առավել փորձառու գործընկերներ Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի հետ, եթե հարմար գտնեն, իրենց հետ կգնամ «Սպայկա»։ Վստահ եմ, որ իրենք ամեն ինչ հավուր պատշաճի կհետևեն իրերի դրությանը ու առաջ կտանեն գյուղացու ու արտահանողի շահը։ Մնաք բարով։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/farmanyan.samvel/posts/10212605634272900 ...

    Կարդալ ավելին
  • ԵԽԽՎ-ն ձայների բացարձակ մեծամասնությամբ որոշում կայացրեց Թուրքիային վերադարձնել իր նախկին՝ մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը` կապված այդ երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի հետ։ Սա լրջագույն քաղաքական որոշում է։ Թուրքիան մինչև քվեարկությունը հայտարարում էր այդ պարագայում ընդհուպ ԵԽ-ին իր անդամակցությունը դադարեցնելը դիտարկելու նպատակահարմարության մասին։ Թուրքիա-Եվրոպա սուր հակամարտության ևս մեկ ռաունդ երաշխավորված է։ Հ.Գ. Այս որոշման մեջ անուրանալի մեծ դերակատարություն է ունեցել մեր պատվիրակության հնաբնակը՝ Արմեն Ռուստամյանը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/farmanyan.samvel/posts/10212026920245411 ...

    Կարդալ ավելին
  • 1 ժամ 45 րոպե... ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խումբը քննարկում է մեկ հարց՝ ԵԺԿ խմբի նախկին նախագահ, իտալացի Լուկա Վոլոնտեին Միլանի դատախազության կողմից առաջադրված մեղադրանքը՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մասին։ ԵԺԿ-ում կրքերը եռում են... Ադրբեջանական լոբբին մարտի է նետել իր բացահայտված ու բացահայտվող բոլոր հաճախորդներին։ Մեր պնդումն է՝ ԵԽԽՎ-ն պետք է հատուկ զեկուցող-հետաքննիչ նշանակի այդ հարցով, ով կարճ ժամկետում ԵԽԽՎ-ին կզեկուցի կոռուպցիոն այդ սկանդալի մասին, ինչը կասկածի տակ է դրել ԵԺԿ-ի հեղինակությունը ողջ Եվրոպայում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/farmanyan.samvel/posts/10211147506620620 ...

    Կարդալ ավելին
  • Ելույթս Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ լիագումար նիստում՝ «Իրավիճակը Թուրքիայում» հարցի քննարկման ժամանակ: Հուլիսի 15-ին կրկին մարտահրավեր նետվեց թուրքական ժողովրդավարությանը: Պետական հեղաշրջման փորձն այս անգամ ձախողվեց: Արյունալի այդ գիշերվա մասին շատ է խոսվել: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների տապալումը հեղաշրջման միջոցով չարիք է ցանկացած ժողովրդավարության համար, և Թուրքիայի քաղաքացիները կարողացան վճռականորեն ապահովագրել ժողովրդավարության սերմերն իրենց երկրում: Բայց այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում հաջորդիվ, ժողովրդավարական ուղուց նահանջի ցցուն արտահայություն է և անգամ կարող է բնորոշվել որպես «հակա-coup d’état»՝ լայնածավալ ձերբակալություններ, ապօրինի պատիժներ, կալանավորման ժամկետի անօրինական երակարաձգումներ, հազարավոր կասկածյալների՝ ներառյալ լրագրողների և մտավորականների նկատմամբ ընտրովի արդարադատության իրականացում, զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիական հասարակության սասանում, ողջ երկրով մեկ՝ պետական բոլոր ատյաններում, վհուկների որսի իրականացում, արտակարգ դրության ռեժիմի երկարաձգում և այլն: Թուրքիայում մահապատժի վերականգնում պահանջող ձայներն իրենց հերթին լուրջ ազդակ են Ստրասբուրգի և Բրյուսելի համար: Կարելի է անգամ փաստել, որ մեծ չէ տարբերությունն այն ամենի միջև, ինչ արեցին 1980 թ. պետական հեղաշրջում իրականացնողները և նրա, ինչ անում է Էրդողանը վերջերս: Թուրքիայից եկող լուրերը ինձ հիշեցնում են ստալինյան ժամանակաշրջանի սարսափն ու դաժանությունները. Խորհրդային միության անգամ հեռավոր գյուղերում ապրող միլիոնավոր քաղաքացիներ մեղադրվում էին, այսպես կոչված, «արևմտյան իմպերիալիզմի» գործակալներ լինելու մեջ, արդյունքում՝ բանտարկվում կամ սպանվում էին: Այսօր նախագահ Էրդողանը փորձում է կրկնօրինակել Ստալինին՝ օգտագործելով «գյուլենական շարժումը» ատալինյան «արևմտյան իմպերիալիզմի փոխարեն», մինչդեռ ոչ մեկը չի կարողանում հասկանալիորեն շարադրել, թե այդ ինչ է իրենից ներկայացնում այդ շարժումը և ինչպես էր հնարավոր, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ աննկատ անդամակցեին այդ շարժմանը մի երկրում, որտեղ գրեթե ամեն ինչ վերահսկվում է պետական մարմինների կողմից: Ինչ էլ արտգործնախարար Չավուշօղլուն երեկ չասեր այստեղ, իրավիճակը Թուրքիայում՝ վարագույրներից այն կողմ, չափազանց պարզ է. Էրդողանը ձգտում է իր ձեռքերում կենտրոնացնել էլ ավելի մեծ իշխանություն՝ կերտելով մի աննախադեպ բռնակալական վարչակարգ, իսկ Սահմանադրության փոփոխության մասին հնչող ձայները այդ մտադրության ևս մեկ ապացույց են: Ավելին, աճող ներգրավվածությունը Սիրիայում, Թուրքիայի ներսում ու նրա սահմաններից դուրս ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի հարցում նկատելի շահարկումը, Լոզանի պայմանագրի կասկածի տակ առնելը, ցանկության բացակայությունը ապաշրջափակման ենթարկել Հայաստանի հետ ապօրինաբար փակված սահմանը և միանշանակ աջակցությունը Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, նրա՝ աճող նեոօսմանյան ձգտումների խոսուն և ցցուն վկայություններ են, զուգահեռաբար, Թուրքիայում ապաստանած միլիոնավոր սիրիացի փասխստականներին վերածելով քաղաքական գերեվարվածների՝ շանտաժի ենթարկելու Եվրոպային: Հարգելի՛ գործընկերներ, Թուրքիայում ժողովրդավարության իրավիճակի քննարկումը այսօր նշանակում է վաղվա Եվրոպայում ու նրա հարևանությամբ անվտանգության հարցերի քննարկում: Մենք քաղաքական մարմին ենք, և մեր որոշումները պետք է լինեն քաղաքական: Էլ ի՞նչ պետք է անի Էրդողանը, որը մեզ մղի Թուրքիային վերադարձնելու մոնիտորինգի տակ գտնվող երկրի իր նախկին կարգավիճակը: Շնորհակալություն: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/farmanyan.samvel/posts/10210145145922229 ...

    Կարդալ ավելին
  • Անկախության 25-րդ տարում տեղի ունեցածը մեր պետականության հասունության կարևորագույն մի քննություն էր: Զինված խմբի կողմից զենքը վայր դնելն ու հանձնվելը որևէ մեկի պարտությունը չէ. դա ժողովրդի, հասարակության և պետության միասնական հաղթանակն է: Նոր արյունից խուսափելու՝ խմբի անդամների որոշումը ևս հասունության և սթափության լուրջ վկայություն է: Չհաշված Խորենացու փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած բախումները, որոնք անշուշտ լուրջ հետաքննության կարիք ունեն, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները դրսևորեցին բացառիկ զսպվածություն և արհեստավարժություն: Չնայած առկա բոլոր նախադրյալներին, չհայտարարվեց արտակարգ իրավիճակ: Չնայած մեծ գայթակղությանը և ոստիկանության սպայի սպանությանը, ուժայինները չգնացին գրոհի և զինյալ խմբի նկատմամբ չկիրառեցին անհամաչափ ուժ: Չնայած հանրային լայն ակնկալիքներին, ընտրվեց համբերատար բանակցությունների և երկխոսության ուղին: Առողջապահության նախարարությունն ապահովեց բոլոր տուժածներին համաչափ և որակյալ բուժօգնություն` անկախ նրանից, թե որ կողմն էր ներկայացնում տուժողը: Այն, որ հասարակությունը ակնկալում է լուրջ և խորքային բարեփոխումներ` փաստ է, այդ արմատական փոփոխությունները մեր երկրում, իրականում, այլընտրանք էլ չունեն: Բայց հասկանալի է նաև, որ զենքով հնարավոր է ստեղծել միայն քաոս, ոչ՝ առաջընթաց: Հայաստանն այդպիսի շռայլության հնարավորություն էլ չունի:  Մենք, որպես իշխանություն, պարտավոր ենք մի կողմից լրջորեն հասկանալ և անդրադառնալ ժողովրդի կողմից այս ակնհայտորեն անընդունելի պայքարի ձևն առնվազն հանդուրժող, իսկ հաճախ` սատարող դիրքորոշման պատճառները և հրատապ գտնել դրանց պատասխանները: Պարտավոր ենք նաև ապահովել զինված խմբի անդամներից յուրաքանչյուրի արդար դատավարության իրավունքը: Հաշվեհարդարը պետք է բացառվի: Այդ ամենին զուգահեռ Հայաստանը պետք է բռնի անհրաժեշտ և վաղուց հասունացած փոփոխությունների ճանապարհը:  Մենք, որպես հասարակություն, պետք է ճիշտ գնահատենք քաղաքացիական հասարակություն եզրույթը: Բոլորիս բառապաշարից պետք է իսպառ վերացվի վրեժխնդրության, արյունահեղությունը արդարացնելու, ուժին ուժով պատասխանելու գայթակղությունը: Բոլորս միասին պետք է սովորենք նույնիսկ ծայրագույն լարվածության պարագայում` իր հոգևոր ծառայությունը կատարելու համար ամենաթեժ կետ եկած հայ եկեղեցու սպասավորին չվիրավորելու, Մանսուրյանին և Չեքիջյանին երբեք չպիտակավորելու աքսիոմաները: Քանի որ առանց հոգևոր արժեքների և մտավորական էլիտայի որևէ ժողովուրդ դատապարտված է:  Մնում է աղոթել անմեղ զոհված ոստիկանների համար և արագ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին՝ զինյալներ, ոստիկաններ, խաղաղ ցուցարարներ, թե լրագրողներ:  Ուրեմն, առաջ դեպի ավելի ուժեղ Հայաստան, դեպի մեր բոլորի երազած Հայաստան, որի քաղաքացի լինելը պատիվ է, որի բանակում և ոստիկանությունում ծառայելը` պատվաբեր առաքելություն, որտեղ ծնվող երեխաների առջև բաց են առաջընթացի բոլոր հնարավորությունները:  Անկախության 25-րդ տարեդարձը մենք նշում ենք հենց այսօր այս խորհրդանշական ձեռքբերմամբ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/farmanyan.samvel/posts/10209491560463001 ...

    Կարդալ ավելին
  • Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը չորս օրից այցելելու է Հայաստան: Նա բոլոր հավատացյալներին խնդրել է աղոթել Հայաստան կատարելիք իր առաջիկա այցի համար: Թույլ տվեք հղում կատարել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին. <Ես խնդրում եմ Ձեզ աղոթել ինձ համար, ով մի քանի օրից ուխտագնացության է մեկնելու արևելքի երկիր՝ Հայաստան, պետություններից առաջինը ում հասու դարձավ Քրիստոսի ավետարանը>: Ֆրանցիսկոս Պապի այցը գալիս է արձանագրելու ինչպես Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առկա փայլուն և առանձնաշնորհյալ հարաբերությունները, այնպես էլ հին եկեղեցիներից երկուսի՝ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու և Հայ Առաքելական եկեղեցու միջև առկա գերազանց համագործակցությունը: Հազարամյակների պատմության քառուղիներում քրիստոնեությունը եղել է հայերի ազգային ինքնության անկյունաքարերից մեկը: Հայերը բացառիկ և մեծարժեք ներդրում են ունեցել Քրիստոսի հետևորդների միասնության գործում, իսկ միլիոնավոր հայորդիներ նահատակվել և իրենց արյունն են տվել հանուն Քրիստոսի: Այդ նահատակների արյունը, այդուհանդերձ, դարձել է նորոգված հավատի, խոհեմության, հանձնառության և միասնության սերմ, և Հայաստանն ու միլիոնավոր աշխարհասփյուռ հայորդիները Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին կդիմավորեն Երևանում, Սուրբ Էջմիածնում և Գյումրիում վերածնված և առաջընթաց ապրող պետականությամբ, խաղաղության հանդեպ ուժգին հանձնառությամբ, ուրիշների հանդեպ վերանորոգ սիրով և լուսավորված հոգիներով՝ աղոթելով աշխարհի ամեն անկյուններում ապրող Քրիստոսի բոլոր երեխաների համար: Գործընկերներ, Պապ Ֆրանցիսկոսը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Երևանում գտնվող Ցեղասպանության հուշահամալիր, որը կոչված է վառ պահելու Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության մեկուկես միլիոն սուրբ նահատակների հիշատակը: Մարդիկ, ովքեր սպանվեցին, որովհտև նրանք տարբեր էին, նրանք հայեր էին, նրանք քրիստոնյաներ էին: Հռոմի Պապի այցելությունը Ցեղասպանության հուշահամալիր կդառնա էրդողանյան Թուրքիայի ոչ իմաստուն և գնալով ավելի վտանգավոր դարձող ժխտողական քաղաքականությանն ուղղված մի մեծ հարցական նշան: Այս այցելությունը վերանորոգ ուժով կհղի Նորին Սրբության ուղերձը. <հերքել կամ ժխտել չարը նման է նրան, որ բաց թողնես արյունաքամ վերքը՝ առանց վիրակապ դնելու>: Կյանքին ուղղված սպառնալիքները, շանտաժը, նացիստական ոճով կատարված կոչերը՝ ստուգելու Գերմանական Բունդեսթագի բոլոր այն պատգամավորների արյան մաքրությունը, ովքեր քաջություն ունեցան կողմ քվեարկելու Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևին, նախագահ Էրդողանի հայարարությունները՝ Թուրքիայում դեռևս բնակվող ազգությամբ հայերին արտաքսելու հնարավորության վերաբերյալ վտանգավոր ազդակ են և նույնքան վտանգավոր նախազգուշացում՝ հիշեցնելու միջազգային հանրությանը՝ բաց պահել իր ականջները լսելու Հռոմի Պապի պատգամը: Նորին Սրբության այցը Հայաստան նաև խաղաղության ուղերձ կլինի հարավկովկասյան ողջ տարածաշրջանի համար, որը դեռևս տառապում է Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ռազմական սադրանքներից և այդ երկրում ծաղկող ատելության ու հակահայկականության քարոզից: Մինչ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները հենց այս պահին Ռուսաստանի Սանկ-Պետերբուրգ քաղաքում փորձում են միջազգային ողջ հանրության պատգամը փոխանցել և Ադրբեջանի նախագահ Ալիևին բացատրել, որ չի կարող ռազմական լուծում լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ես հուսով եմ, որ Ադրբեջանի սովորական քաղաքացիները, նաև մեր գործընկեր՝ գեղեցկուհի Փաշաևան, իրենց ականջները բաց կպահեն՝ լսելու Հռոմի Պապի և միլիոնավոր հավատացյալ հայորդիների առաջիկա աղոթքները հանուն խաղաղության, հույսի և սիրո, լսելու մի շատ պարզ ուղերձ, որ <մթությունը հնարավոր չէ ցրել մթությամբ, և ատելությունը հնարավոր չէ ցրել ատելությամբ>: Շնորհակալություն: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/farmanyan.samvel/posts/10209149215944602 ...

    Կարդալ ավելին
  • Իմ ճապոնացի բարեկամների հետ հաճախ ենք «վիճում», թե մեր ժողովուրդներից որի բախտը ավելի շատ չի բերել՝ պատմաաշխարհագրական հարևանության մասով: Այսօր արդեն այդ հարցի պատասխանը տրվեց. Բաքվում հրապարակվեց Arthur J. Finkelstein & Associates վախենալու անունով կազմակերպության «սոցիոլոգիական հետազոտության»  տվյալները, ըստ որի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանրային աջակցությունն այսօր կազմում է 96 %, էականորեն առաջ անցնելով ոչ միայն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից ու նրա նախնիների արձանագրած պատմական ցուցանիշներից, այլև ձեռքի հետ հետևում թողնելով այդ գործի, թվում էր, անգերազանցելի չեմպիոններ Չաուշեսկուին, Պինոչետին, Ստալինին, Մոբուտու Սեսե Սեկոյին, Քադաֆիին, Մուգաբեին, Սադդամին, Պոլ Պոտին, Հիտլերին ու մյուսներին: Հ.Գ. Պատկերացնել կարելի է, թե ինչպիսի տեսք կընդունի Իլհամի վարկանիշը, երբ սեփական հոր օրինակով, մի քանի շրջան էլ ինքը հանձնի Արցախի զինված ուժերին.... ուղիղ երկու անգամ ավելի բարձր՝ 192 %: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/farmanyan.samvel/posts/10208807693206747?notif_t=close_friend_activity¬if_id=146244918 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն