• Հովհաննես Մանուկյան
  • Կոստա Ռիկան արգելել է որսը 2012 թվականին, Բոտսվանան՝ 2014 թվականին ․․․  Քենիան համապարփակ արգելք է սահմանել որսի և ցանկացած որսավարի առուվաճառքի նկատմամբ 1977 թվականից։ Քենիայի օրինակը աֆրիկյան մայրցամաքի առաջին և յուրահատուկ փորձն էր, երբ երկիրը առաջին անգամ կոմերցիոն օգուտ սկսեց ստանալ ոչ թե կենդանական աշխարհի ոչնչացումից, այլ դրա պահպանությունից։ Այս երկրի ֆաունայի փրկությունն իրականացավ տուրիզմի օգնությամբ։ Ստեղծվեցին և ամրապնդվեցին ազգային պարկերը, լիակատար վերացվեց որսագողությունը։ Վերադառնանք եվրասիական տարածաշրջան և մշակութաբանորեն մեզ առավել մոտ իրականություն։ Ղազախստանը 2016 թվականի նոյեմբերից լիակատար արգելեց գարնանային որսը (փետրվարի 16-ից հունիսի 14-ը ժամանակահատվածում)։  Բնական, տեխնածին և այլ աղետները հաճախ խթանիչ են դառնում հասարակությունում վաղուց հասունացած խնդիրների լուծումներն արագացնելու համար։ Կարծում եմ վերջին աղետը հենց այս օրինակներից է։ Հայաստանում անհրաժեշտ է արգելել որսը (առնվազն գարնանային որսը միարժեք և անհապաղ պիտի արգելվի)։  Մեր երկրում որսը չունի արդյունաբերական նշանակություն։ Սիրողական և սպորտային որսը մարդկանց փոքր խմբի համար ժամանցային և վայելքի նշանակություն ունի և հանրային որևէ պահանջ չի բավարարում։ Պետությունը պարտավոր չէ փոքրաթիվ անհատների ժամանցի համար տրամադրել հանրային սեփականությունը, առավել ևս վտանգի տակ դնել երկրի բնաշխարհի էկոհամակարգը։ Հայաստանում պետք է իրականացվի բացառապես սանիտարականը որս, կառավարության կանոնակարգած արտոնագրման ընթացակարգով և խիստ հանրային վերահսկողության ներքո։ Որոշակի առանձնահատկություն կարող է սահմանվել ստորջրյա որսի համար, բայց դա բացառությունների շարքից է։ Հայ քաղաքական ներկապնակում կանաչների կամ էկոլոգիական գաղափարախոսությունը պոպուլյար չէ, չկա այս ծրագրային պլատֆորմով քաղաքական պայքար մտած ուժ, իսկ հիմնական քաղաքական խաղացողների օրակարգում այս թեմատիկան կամ բացակայում է կամ դեկլարատիվ բնույթ է կրում։ Այս դաշտում բավականին ազդեցիկ և ակտիվ է հանրային էլեմենտը և դա թերևս ներգործության միակ ռեսուրսն է այս կարևոր ուղղությամբ։  Ժամանակն է խթանել հանրային քննարկումները այս ոլորտում և ակտիվացնել բոլոր սուբյեկտների (պետություն, քաղաքական ուժեր, հասարակական միավորումներ և այլն) ջանքերը խնդրի արագ և արդյունավետ լուծման համար։  Վաղը ուշ կլինի ․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovhannes.manoukian/posts/1641195845904969 ...

    Կարդալ ավելին
  • Բարև հայրենակիցներ: Այսօր հիշեցի մի հետաքրքիր դրվագ վրացի ընկերներիս հետ իմ ոչ շատ վաղ անցյալի շփումներից: 90-ականներից սկսած կապերս ու շփումներս բավականին սերտ են եղել Վրաստանի հետ, և բնականաբար այցելություններս էլ հաճախակի էին: Եվ յուրաքանչյուր այցելության ժամանակ իմ ընկերական, բարեկամական շփումներում զգում էի վրացիների «հիացական-բարինախանձոտ» վերաբերմունքը մեր հաջողությունների, մեր պետության առաջընթացի նկատմամբ: Մենք պատերազմում հաղթող երկիր էինք, իրենք զգում էին պատերազմական կորուստների դառնությունը: Մենք հող էինք ազատագրել, ինչը տարածաշրջանի քրիստոնեական երկրի համար, համենայնդեպս վերջին մի քանի հարյուրամյակների կտրվածքով, արտառոց երևույթ էր, իսկ Վրաստանը, եթե ոչ կորցրել, ապա էականորեն սահմանափակվել էր իր սուվերենության մեջ երկու կարևոր ինքնավար սուբյեկտների նկատմամբ: Մեր երկիրն իսկապես լուրջ առաջընթաց ուներ պետականաշինության գործում, և ի վերջո կարգավորել և շարունակում էինք կարգավորել էներգահամակարգը, ինչի արդյունքում ունեինք անխափան էլեկտրասնուցում, այն դեպքում, երբ Թբիլիսիում երկժամյա հովհարային անջատումների գրաֆիկն էր դեռ գործում: Էլ չեմ ասում կոռուպցիայի հարցում իրավիճակի մասին, ինչն անհամեմատելի էր մեր երկրներում: Վրաց ճանապարհային ավտոտեսուչը դարձել էր կոռուպցիայի կենդանի մարմնավորում ոչ միայն իրենց երկրում, այլև ողջ տարածաշրջանում... Դե բնականաբար, ես էլ ամենևին չչարախնդալով մեր բարեկամների դժվարությունների հարցով, այնուամենայնիվ, հպարտության զգացում էի ապրում մեր հաղթանակների և հաջողությունների համար: Առաջին փոփոխությունը, որ զգացի իմ ընկերների հետ շփումներում՝ դա 2003 թվականին էր, Վարդերի հեղափոխությունից հետո, երբ սկսվեցին համակարգային լրջագույն բարեփոխումներ, հեղափոխական տրանսֆորմացիաներ: Եվ այդ փոփոխությունն ամենևին կենցաղային, առարկայական-շոշափելի չէր, քանզի իրական կյանքում, մարդկանց կենսակերպում այդ փոփոխություններն արտահայտվեցին որոշ ժամանակ հետո: Փոփոխությունը, որ ես զգացի, հոգեբանական դաշտում էր, զգացմունքային, և այս կամ այն տարբերությամբ հնչում էր հետևյալ կերպ. «մենք, վրացիներս, մինչ այս ունեինք պարզապես երկիր (տարածք), իսկ հիմա արդեն ունենք և կառուցում ենք պետություն (հայրենիք)»: Արդեն իսկ հասկանալի էր, որ հաջողություններն այստեղ անխուսափելի էին, և այդպես էլ եղավ: Մենք այսօր Հանրապետության օրն ենք նշում, հայոց պետականության վերականգնման տոնը: Մեկ այլ բանավեճի թեմա է, թե ինչու մենք մեր ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ անկախության օրը նշում ենք սեպտեմբերին, բայց դա ամենակարևոր խնդիրը չէ: Առաջնայինը հայրենիքի զգացողությունը չկորցնելն է: Առանց դրա մենք դատապարտված ենք կործանման, քանզի դրա հետևանքով անխուսափելիորեն գլուխ բարձրացնող ներքին մարտահրավերները (օրվա իրավիճակը՝ խոսուն վկա) մեզ անպաշտպան են դարձնում արտաքին մարտահրավերների առջև:  Պատվավոր Լեգեոնի շքանշանակիր Անրի Վերնոյի «Մայրիկ» գրքում կա մի հատված: Վերնոն 10 տարեկան երեխայի աչքերով նկատում է մի բան: Երբ նա իր ընտանիքի հետ պետք է մուտք գործեր Ֆրանսիա, այն պաշտոնյան, ով ընդունում էր նրանց գործերը, տեսնելով նանսենյան անձնագիրը (Թուրքիան լքած և հալածական հայերը նանսենյան անձնագրով էին) մուտքի վիզայի վրա դրոշմում է՝ ԱՆՀԱՅՐԵՆԻՔ: Դա իրավական կարգավիճակ էր... Սակայն ինչպես Անրի Վերնոն, այնպես էլ ճակատագրի բերումով հայրենազրկված և փախստականի ճակատագրի բովով անցած մեր շատ ու շատ տաղանդավոր հայորդիներ իրենց կյանքով ապացուցեցին, որ հայրենիքը նրանց մեջ է: Միևնույն ժամանակ, թե՛ սովետական տարիներին, թե՛ այժմ, այստեղ Հայաստանում ապրող, նույնիսկ հաճախ հասարակության մեջ բարձր ու հաստատուն դիրք ունեցող շատ-շատերն իրենց գործունեությամբ և կյանքով ԱՆՀԱՅՐԵՆԻՔ երևույթ են:  Այսպիսով, հայրենիքի զգացողությունը որակի և տեսակի խնդիր է: Հայրենիքի զգացողությունը տիրոջ զգացողություն է: Եվ մենք այսօր կանգնած ենք ճակատագրական այլընտրանքի առաջ. լինել հայրենիքի զգացողություն չունեցող ամբոխ, թե՞ հայրենիքի զգացողությամբ ներծծված հաղթող ժողովուրդ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovhannes.manoukian/posts/1185521658139059 ...

    Կարդալ ավելին
  • Վերջերս Ռուանդայի ցեղասպանության մասին ֆիլմն էի վերանայում: 100 օր տևած ցեղասպանությունը նկարագրված է հարյուրավոր կյանքեր փրկած տեղաբնակ հյուրանոցի կառավարչի օրինակով, ով իր միջազգային-ընկերական կապերն օգտագործելով կարողացավ մարդկանց դուրս բերել կոտորածից... Ցեղասպանությունների սցենարը նույնն է եղել ու նույնն է մինչ օրս՝ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԽԱՆԳԱՐՈՂԻՆ: Գրեթե բոլոր դեպքերում ոճիրն իրականացնողի դեմ կանգնում է մտավորականը, կիրթը: Հարյուրավոր ռուանդացիների կյանքը փրկած սևամորթ ինտելիգենտ մարդն, օրինակ , երբեք չհանեց ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ թելադրած կոստյումն ու փողկապը. գուցե անտարբեր օտարերկրացիներին ցույց տալու համար, որ կոտորվողներն իրենցից մեկն են ու ոչնչով չեն զիջում որևէ ստանդարտի… Ցեղասպանություններին սովորաբար հաջորդում է գենետիկ վախը, երբ վերապրածներն ստիպված ապրում են ոճրագործի հետ, նրա կողքին: Այդպիսին են մեր հարյուրավոր ծպտյալ հայերը, ովքեր թուրքահպատակության դեմ մինչև երեկ պայքարում էին թաքցրած խաչով ու լուռ աղոթքներով: Այսօր ինչ-որ բան է փոխվել կամ փոփոխության սկիզբն է ավետվում: Այսօր հայ պատգամավորը թուրքական մեջլիսի աթոռներին է շարում 100 տարի առաջ եղեռնի զոհ դարձած հայ մտավորականների, պատգամավորների դիմանկարները և աղմկող ու խուճապի մատնված թուրք պատգամավորներից չվախենալով բարձրաձայնում դատապարտող խոսքեր… Նրան հետևողներ շատ կլինեն վստահաբար:  Ցեղասպանության ճանաչումը և դատապարտմանը հասնելը մնում է մարդկության մտածող հատվածի հիմնական առաքելություններից մեկը։ ՃԱՆԱՉԵԼ և ԴԱՏԱՊԱՐՏԼ բանաձևը շատերին է իր շուրջ հավաքում, իսկ անհատների հոգու ընդվզումները սթափեցնող սխրանքներ են, ինչպես Ռուանդայի ցեղասպանության հարյուրավոր կյանքեր փրկած սիգար ծխող հյուրանոցի կառավարչինը, ինչպես միայնակ Թուրքիայի դեսպանատան մոտ դատապարտման կոչ անող հայինը, ինչպես միջազգային մրցանակի կարգավիճակ ստացած Ավրորան…. Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovhannes.manoukian/posts/1165099270181298 ...

    Կարդալ ավելին
  • Տարօրինակ ժողովուրդ ենք ... Նման չենք ուրիշներին: Չեմ ասում <<աննման>> ենք, նման չենք պարզապես: Նույնիսկ հրեաներին: Հասկանալին, կայունը, իրականությունն առանց մարտահրավերի այնքան էլ մերը չէ: Փոքր ինչ հանդարտ վիճակում մենք մշտական ինքնախարազանման հոգեվիճակի մեջ ենք՝ ինքնաքննադատման, մեր <<դեֆեկտների>> ֆետիշացման, անելանելիության անխուսափելիության հետապնդման զգացողության: Նույնիսկ մեր ժողովրդական բանահյուսությունն ու գրողների գործերն են ներծծված էդ վիճակով. Էս խելքին ենք, որ էս խելքին ենք, հայի հետին խելքը, երթալը կփրկե, երկիրդ երկիր չէ, և ամենազարհուրելին՝ <<ազգ չենք>>-ը... Ու դա գրեթէ բոլորիս մոտ, գեղջուկից մինչև հինունոր թագավոր-իշխաններն ու ազգիս դասականները:  Բայց հերիք է վտանգի հոտն առնենք՝ դառնում ենք մոնոլիտ, մոռանում ենք մեր ամենաԵՍ-ը, տան վերջին ուտելիքը բերում ենք հրապարակում մրսող տղերքին: Նույնիսկ <<վեշերը>> կապած մեր մազապուրծները սկսում են ոտները կախ գցել ... Օդից կախված ամենամեղավոր ԳԱՂՋՆ է նույնիսկ նահանջում: Սա մենք ենք: Սա է մեր ուժը, մեր գենի անհավատալի ու հաղթող կենսունակությունը: Որովհետև առաքելություն ունենք թերևս, մարդկության համար ու աստծո առջև...  Այսպես լինելու է միշտ, հարց առաջացավ՝ հավաքվելու ենք աշխարհի բոլոր ծայրերից, և ինչքան շուտ քոչվորի գլուխը սա մտնի՝ ավելի լավ իր համար:  Նման չենք ուրիշներին, ուրիշ նյութից ենք սարքած ... Խաղաղությամբ հանգչեք տղերք: Հերոսների մայրերն ունեն սփոփանք:  Փոքրիկի ծնողներին ուժ ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovhannes.manoukian/posts/1152009718156920 ...

    Կարդալ ավելին
  • Այն, որ Ֆրունզիկին սիրում են բոլոր գյումրեցիները, բացահայտվում է շատ վաղ հասակում։ Ամբողջ Գյումրին իր բազում ու անհամար սիմվոլներով ու արժեքներով պարծենալուց հետո քաղաքի հյուրերին է հրամցնում թերահավատ հայացքները անմիջապես վերացնող Մհեր Մկրտչյանի անունը։ Նրա նկարը շատ տեղերում է հանդիպում։ Անգամ զորամասերում նրա թախծոտ-ուրախ դեմքն ունի իր պատվավոր անկյունը․․․ Գյումրիի Վարպետաց փողոցում Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանի անձնակազմը, չնայած սուղ միջոցների և օրվա մեջ խստորեն խնայվող հոսանքով կիսատաքացվող հնարավորության՝ ժպտադեմ է ու պատրաստակամ այցելուներին պատմելու ֆանտաստիկ արտիստի գործունեության ուշագրավ դրվագները։  Թանգարանում իսկապես Ֆրունզի շունչը զգացվում է, մանավանդ, երբ տնօրեն տիկին Շողիկը 3D եղանակով պատմում է յուրաքանչյուր էքսպոնատին առնչվող լեգենդար պատմություն։ Ուշադրություն է գրավում հատկապես մեխից կախված տերողորմյան՝ թզբեհը, որն, ըստ թանգարանի տնօրենի, 20 հազար դոլարից բարձր է գնահատվում իր մոգական ուժի և յուրահատուկ քարերի շնորհիվ։ Որդիս, լսելով համրիչի գինը, ինձ շշուկով զգուշացնում է․ «Հայրի՛կ, ասա, թող էլ չասի, բա, որ մեկը գողանա»․․․ Երևան վերադառնալու ճանապարհին Ալեքսանդրին բացատրում էի, որ իր տեսած բոլոր իրերն էլ անգին են ու դժվար մեկը գտնվի, որ համարձակվի գողանալ․․․ Հպարտության հետ մեկտեղ տխրելու առիթները նույնպես շատ են, մանավանդ, որ պահպանման ենթակա ֆիլմերից մեզ հայտնի ու հարազատ դարձած շատ իրեր ու հագուստներ վտանգման եզրին են՝ պատշաճ պահման պայմաններ չապահովելու հետևանքով։  Թանգարանից մտախոհ դուրս չգալն անհնար է։ Բայց պարզվեց, որ վերադառնալու ու փիլիսոփա-արտիստի տունը բարեկարգելու պարտավորության զգացումը հոգին թեթևացնելու լավագույն հուշումն էր․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovhannes.manoukian/posts/1113095582048334 ...

    Կարդալ ավելին
  • Սիրելի բարեկամներ, Սուրբ Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, այլև և հատկապես, ժողովրդական սովորույթներով: Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է, նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Սուրբ Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Սակայն պատմական փաստարկման համաձայն Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական սիրո և հավատքի։ Նրա կերպարն իր մեջ մարմնավորում է շիտակություն, քաջություն և քրիստոնեություն՝ սիրո անմնացորդ դրսևորմամբ:  Տարիների ընթացքում տարբեր փորձությունները մարդուն դարձնում են պրագմատիկ և թուլացնում աստվածատուր մեծահոգությունը: Ժամանակը վերցնում է ամեն ինչ՝ թողնելով միայն երազելու և հրաշքին սպասելու հատկությունը: Այն վեր է մեզնից, ու դրա ժլատ չափաբաժիններով սնում ենք մեր սրտերն ու հոգիները: Սիրո տոնը ենթադրում է սիրո խոստովանություն ընդհանրապես… Այն ինչ կա, այն ինչ թանկ է, և ինչով սնվում է մեր հոգին: Այս իմաստով և այս տոնի իմաստավորման տեսանկյունից խորհրդանշական է մեր դարաշրջանի հայտնիներից մեկի՝ «ՄԱՐԴԿԱՆՑ ԳՐՊԱՆՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏ ԴՐԱԾ» Սթիվ Ջոբսի վերջին պատգամը.  «Բիզնեսի աշխարհում ես հաջողության գագաթնակետին հասա: Շատերը կարժում են, որ իմ կյանքը հաջողության մարմնացում է: Սակայն, կխոստովանեմ, որ բացի աշխատանքից ես քիչ երջանկություն ունեմ: Ի վերջո, հարստությունը պարզապես կյանքի փաստ է, որին ես սովորել եմ:  Այս պահին ես պառկած եմ հիվանդի մահճակալին ու, հետ նայելով ապրածս կյանքին, ես հասկանում եմ, որ ամբողջ ճանաչումն ու հարստությունը, որով ես այդպես հպարտանում էի, կորցրել են իրենց նշանակությունը վերահաս մահվան առաջ: Մթության մեջ, երբ ես նայում եմ կենսաապահովման սարքերի կանաչ լույսին ու լսում մեխանիկական բութ ձայնը, մահվան շունչն ավելի մոտիկից եմ զգում: Այժմ, երբ մենք բավականաչափ հարստություն ենք կուտակել, ճիշտ ժամանակն է մտածել բոլորովին այլ հարցերի մասին, որոնք կապված չեն հարստության հետ...  Կյանքում կան շատ ավելի կարևոր բաներ. ինչ որ մեկի համար դա մարդկային հարաբերություններն են, ուրիշի համար՝ արվեստը կամ գուցե երիտասարդական երազանքները... Հարստություն դիզելու մրցավազքը մարդուն խամաճիկ է դարձնում, ինչպես և պատահեց իմ դեպքում: Աստված մեզ զգացմունքներ է տվել, որպեսզի մենք կարողանանք մեր սերը փոխանցենք մտերիմներին: Հարստությունը, որը ես ձեռք եմ բերել իմ կյանքի ընթացքում, ես չեմ կարող տանել ինձ հետ: Այն, ինչ կտանեմ՝ դրանք միայն սիրուց ծնված հիշողություններն են: Ահա իրական հարստությունը, որը պետք է հետապնդի Ձեզ, ուղեկցի Ձեզ, ուժ և լույս տա՝ առաջ շարժվելու համար: Սերը կարող է ահռելի տարածություններ հաղթահարել։ Կյանքը սահմաններ չի ճանաչում:  Գնացեք այնտեղ, ուր ուզում եք գնալ: Հասեք այն բարձունքներին, որոնց ուզում եք հասնել: Այս ամենը Ձեր սրտում ու Ձեր ձեռքերում է: Դուք կարող եք որևէ մեկին աշխատանքի ընդունել՝ Ձեր փոխարեն մեքենա վարելու, գումար աշխատելու Ձեզ համար։ Սակայն ոչ ոք Ձեր փոխարեն չի կրի Ձեր հիվանդությունները: Ո՞րն է աշխարհի «ամենաթանկ» մահճակալը. հիվանդ մարդու մահճակալը ... Նյութական արժեքները, որոնք մենք կորցնում ենք, կարող ենք կրկին գտնել, վաստակել, ձեռք բերել։ Միակ բանը, որը երբեք այլևս չես գտնի, դա «կյանքն» է: Էական չէ՝ ինչ տարիքի եք և ինչ հաջողությունների եք հասել կյանքում․ մենք բոլորս էլ կհասնենք այն օրվան, երբ վարագույրը կիջնի․․․: Ձեր գանձը սերն է։ Սերն ընտանիքի հանդեպ, Ձեր սիրած էակի, Ձեր սիրելի ընկերների հանդեպ... Պահպանե՛ք Ձեզ, հոգ տարե՛ք ուրիշների մասին»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovhannes.manoukian/posts/1104391542918738 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/NzH8QgWUKbiazeJTSsd2.jpg

    Ամփոփվեց «ԱԽՈՒՐՅԱՆ» ԵՀԿ-ի կողմից իրականացվող «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ռազմահայրենասիրական ծրագիրը: Ծրագրի շահառու՝ ՀՀ 10 մարզերից, Արցախից, Ջավախքից և Երևան քաղաքից, 16-18 տարեկան 40 երիտասարդները Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում մասնակցեցին վրանային ճամբարին, որի ընթացքում ինտերակտիվ սեմինարների միջոցով ծանոթացան զինծառայությանն առնչվող բոլոր թեմաներին, հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղել ոլորտի փորձագետներին: Մասնակիցների օրակարգը բացառապես զինվորական ծառայության հիման վրա էր կառուցված` իր մեջ ներառելով առողջ ապրելակերպի, զինվորական պատրաստակամության, ճանաչողության, հայոց պետականության պահպանման և հայրենասիրության տարրեր: Ճամբարի վերջին օրը մասնակիցներն այցելություններ կատարեցին ՀՀ ՊՆ ԶՈւ Գյումրի քաղաքում տեղակայված N զորամաս, որի արդյունքում հնարավորություն ունեցան պրակտիկորեն ծանոթանալու զինվորական առօրյային, և Ազատամարտի փառքի թանգարան, որտեղ երիտասարդներին ներկայացվեցին Արցախյան հերոսամարտում կռված հերոսներն ու հերոսուհիները, նրանց կատարած սխրանքները, հայոց բանակի հիմնադիրներն ու հիմնադրման պայմանները: Ծրագրի ավարտին երիտասարդներին հանձնվեցին ծրագրի մասնակցության հավաստագրերը:  Ծրագրի նպատակն է` երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն, ազգասիրություն՝ նպատակ ունենալով վերջիններիս շրջանում բարձրացնել հայկական բանակի հանդեպ հարգանքը, սերը և հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը։  Ծրագիրն իրականացվեց ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ և  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Առաջնորդարանի աջակցությամբ։

    Կարդալ ավելին

Քաղաքականություն