• Հրաչ Մարտիրոսյան
  • [1] Տարբեր առիթներով գրել եմ, որ Հայաստան տեղանունը ոչ թե ուշ ծագում ունի, այլ հին է ու վկայված է հենց ոսկեդարյան փուլից։ Այդուհանդերձ, այս հարցին ավելի հանգամանալից անդրադառնալու կարիքը կա, քանի որ. ա) մեր այս տեղանվան ծագման հարցը չի դադարում ուշադրության կենտրոն լինելուց.  բ) պրն Բագրատյանն իր աղմկահարույց գրառումից հետո «Ուրվագիծ» նախագծի հարցազրույցում էլ պնդեց, թե «Հայաստան»-ը բոլորովին վերջերս է հայտնվել.  գ) Բագրատյանը միակը չէ. նման կարծիք արտահայտել է նաև, օրինակ, Ռոբերտ Սահակյանցը`տարիներ առաջ։ Նրանք, ովքեր ժամանակ կամ հավես չունեն ողջ գրառումս կարդալու, կարող են կարդալ վերջը՝ ԱՄՓՈՓՈՒՄ-ը։ [2] Բայց մինչև բուն նյութին անցնելը երկու կարևոր հանգամանք ընդգծեմ. 1) Ես ինքս խիստ անհամաձայն եմ պրն Բագրատյանի՝ լեզվական հարցերին առնչվող տեսակետների մեծ մասին։ Այդուհանդերձ՝ ծայրահեղ դատապարտելի եմ համարում նրա հասցեին անընդհատ հնչող անձնական վիրավորանքներն ու հայհոյանքները։ Դա խուժանություն է։ Մարդը տեսակետներ է հայտնում ու ոչ մեկին անձնական վիրավորանք չի հասցնում. ասելիք ունեք՝ քննարկեք։ 2) Ինչ վերաբերում է պրն Բագրատյանի՝ «Հայաստան»-ն «Արմենիա» վերանվանելու առաջարկին, ապա ես սա համարում եմ նրա տեսակետներից ամենավատն ու ամենաանընդունելին։ Ու այստեղ սկզբունքորեն կապ չունի՝ «Հայաստան»-ը ոսկեդարյան փուլից է գալիս, թե համեմատաբար նոր ձև է։ Փաստն այն է, որ այն վաղուց անդառնալիորեն ամրագրվել է որպես մեր երկրի մեր անվանումը և փոփոխման ենթակա չէ։ [3] Հասկանալի է, որ մենք մեր երկիրը հնուց գոյականաբար կոչել ենք «Հայք»։ Բայց դրա կողքին հենց 5-րդ դարից էլ վկայված է նաև «Հայաստան»-ը։ Ճիշտ է, նախապես այն հիմնականում ածականական իմաստ է ունեցել՝ «Հայաստան աշխարհ» ևն։ Բայց դա կապ չունի. վկայված է։ Ու 5-րդ դարում կողք-կողքի կան «Հայոց աշխարհ» և «Հայաստան աշխարհ»։ Համ էլ հենց գոյականաբար՝ հավաքական իմաստով, էլի 5-րդ դարից ունենք ՀԱՅԱՍՏԱՆ-Ի-Ք և ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅ-Ք (ու նույնիսկ, կարծես, ՀԱՅԱՍՏԱՆ-Ք). այդ մասին՝ քիչ անց։ [4] «ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ»-ը վկայված է հետևյալ աղբյուրներում.  ● Ագաթանգեղոս §§ 13 (ի Հայաստան աշխարհէս), 16 (Հայաստան աշխարհիս 2x, ի Հայաստան աշխարհիս), 35 (Հայաստան աշխարհին), 160 (Հայաստան աշխարհիս), 249 (Հայաստան աշխարհիս), 715 (Հայաստան աշխարհիս), 776 (Հայաստան աշխարհին), 784 (Հայաստան աշխարհին), 796 (ի մէջ Հայաստան աշխարհի), 808 (հասանէին ի Հայաստան աշխարհն)։ Տես քննական բնագիր1909=1980. այլև հնագույն` կրկնագիր (պալիմփսեստ) ձեռագրի տեքստում, տես Գալէմքերեան // «Հուշարձան», Վիեննա, էջ 86 և այլն: ● Փաւստոս Բուզանդ 1883=1984, էջ 1 (Հայաստան աշխարհին). տես և ստորև։ ● Ղազար Փարպեցի 1904=1985, էջ 2 (Հայաստան աշխարհիս), 110 (կանայս ի Հայաստան աշխարհիս): ● Կորիւն 1994, էջ 83 (Հայաստան աշխարհի), 93 (Հայաստան աշխարհին), 103 (ի Հայաստան աշխարհին), 120 (ի Հայաստան աշխարհէս)։ [5] «ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԻՐ»-ը վկայված է հետևյալ աղբյուրներում.  ● Ագաթանգեղոս § 885 (ի Հայաստան երկրին): ● Փաւստոս Բուզանդ 1883=1984, 4.բ, էջ 56 (Հայաստան երկրին)։ ● Սեբէոս պատմիչը (տես Աբգարյան 1979) ունի ոչ միայն Հայաստան աշխարհ կամ երկիր, այլև Հայաստանեայք (տես ստորև): [6] Երբեմն միավորվում են «երկիր»-ն ու «աշխարհ»-ը. Ագաթանգեղոս § 209 (հասին յերկիր Հայաստան աշխարհիս), Փաւստոս Բուզանդ 3.զ, էջ 13 (աշխարհին Հայաստան երկրին)։  Հետաքրքիր է նաև, որ Ագաթանգեղոսի § 161-ում «ի մէջ աշխարհին Հայոց»-ի փոխարեն որոշ ձեռագրեր ունեն «ի Հա[յ]աստան երկրին»։ [7] «ՀԱՅԱՍՏԱՆ ԱԶԳ». ● Կորիւն 1994, էջ 93 (Հայաստան ազգին)։ [8] Ասացի, որ սրանք ածականական ձևեր են։ Մաքուր գոյականական «Հայաստան» ձևը հնուց չունենք։ Բայց փոխարենը ունենք *Հայաստանի-ք ձևը, հմմտ. սեռ.-տր. Հայաստանե-ա-ց.  ● Փաւստոս Բուզանդ 3.ժդ, էջ 32 (ի մայր եկեղեցեացն ամենայն Հայաստանեաց).  ● Կորիւն 1994, էջ 124 (վասն Հայաստանեաց)։ ◊ Ունենք նաև գործ. հոլով Հայաստանեաւք, օրինակ՝ Սեբէոս ը (տես Աբգարյան 1979, էջ 67): [9] Կա նաև հավաքական ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅ-Ք (սեռ. հոլ. -Ց) ձևը.  ● Մովսէս Խորենացի 1.ա (զՀայաստանեայցս նախարարութիւնս), 1.գ (առ հինսն Հայաստանեայցս), 1.ժբ (նախնի Հայաստանեայց), 3.ժ (հանդերձ ամենայն Հայաստանեայցս զօրու), 3.կը (եկեղեցի Հայաստանեայց), տես 1913=1991, էջ 7, 11, 42, 268, 358։ ● Սեբէոս ը, ժը (սեռ. Հայաստանեայց, բացառ. ի Հայաստանեայց), տես Աբգարյան 1979, էջ 66, 90: [10] Եվ վերջապես, կարծես ունենք նաև ՀԱՅԱՍՏԱՆ-Ք (!), հմմտ. գործ. հոլ.՝ ամենայն Հայաստանօք (Մովսէս Խորենացի 2.ձե, էջ 230): [11] ► Այս և մյուս վկայությունները կարող եք տեսնել ոչ միայն արդեն նշածս աղբյուրներում, այլև՝ ՆՀԲ 1, 30; Hübschmann 1904, 443 (= Հիւբշման 1907, 367); Martirosyan 2010, 382: [12] Հիմա -(Ա)ՍՏԱՆ ածանցի մասին։ Այն հանդիպում է մի շարք կազմություններում, որոնք կարող են ամբողջությամբ փոխառված լինել իրանականից, օրինակ՝ ապաստան, բուրաստան (նաև բրբռ. բոստան) դատաստան, շահ(ա)ստան, սակստան։ [13] Բայց այն հանդիպում է նաև բնիկ հայկական ծագման արմատների հետ, օրինակ՝ այգեստան, անդաստան։ Անկախ արմատների ծագումից, կարող են հայակազմ լինել և սրանք՝ արմաւաստան, գերդաստան, կուսաստան, մուրտաստան։ Տեղանուններից հիշենք՝ Ասորեստան, Հրէաստան և այլն։ Մանրամասն տես Olsen 1999, 332-334: Այս ածանցը բեղուն կյանք ունի նաև միջին հայերենում ու բարբառներում՝ որպես հոգնակի կամ հավաքական կերտող մասնիկ։ Այս մասին մանրամասն տես J. Weitenberg. 1997. Armenian plurals in stan. In: Acta Orientalia Academiae Scientiarum Hungaricae (Budapest), 50, 1-3: 329 336: [14] Այս հայկական ածանցը համարվում է իրանական փոխառություն, հմմտ. ավեստ. stāna- ‘տեղ’, սանս. sthā́na- n. ‘կայան, տեղ’ (‘Aufenthalt, Standort’)։ Տես Hübschmann 1904, 380 (= Հիւբշման 1907, 274-275); ՀԱԲ s.vv.; Olsen 1999, 332; Ջահուկյան 2010, 799: [15] Կասկածից վեր է, որ հայերենն իրանական լեզուներից փոխառել է հազարից ավելի արմատներ, որոնցից շատերն ամրագույն ձևով յուրացվել են մեր լեզվի կողմից ու դարձել են նրա անքակտելի մասնիկները։ Բայց քանի որ ինչպես հայերենը, այնպես էլ իրանական լեզուները սերում են նույն մայր լեզվից՝ հնդեվրոպական նախալեզվից, ապա հաճախ հարց է առաջանում՝ ինչպե՞ս որոշենք՝ իրանական զուգահեռ ունեցող որևէ հայերեն բառ ի՞նչ հարաբերություն ունի այդ զուգահեռի հետ։ Կա երկու հնարավորություն՝ հայերենը կամ բնիկ է (այսինքն՝ իրանական քույր ձևի հետ միասին սերում է մայր լեզվից), կամ էլ փոխառված է իրանականից։ Հարցը լուծվում է, բնականաբար, լեզվաբանական քննությամբ։ Ակնհայտ է, օրինակ, որ հայերեն ԿՈՎ և *ԳԱՒ (վերջինս՝ «գաւազան» բառի կազմում) ձևերը սերում են հնդեվրոպական նույն արմատից, բայց ԿՈՎ-ը ժառանգել ենք բնիկ ճանապարհով, իսկ *ԳԱՒ-ը փոխառել ենք նույն արմատի իրանական ժառանգից։ Հմմտ. նաև հնդեվր. *u̯e/orĝ- արմատից՝ ԳՈՐԾ (բնիկ հայկական) և ՎԱՐԺ/Դ/Ձ (իրանական փոխառություններ)։ Այս հարցերի մասին գրել եմ «Հայոց լեզվի պատմություն» առցանց դասընթացիս 1-ին նիշքում՝ «Նախագիտելիք» (տես ակադեմիա.էդու կայքում): [16] Սակայն որոշ դեպքերում դժվար է բառի կերպարանքից դատելով որոշել՝ բնիկ է, թե փոխառյալ։ Հմմտ., օրինակ, ՄԷԳ և ՆԱՒ հայտնի օրինակները։ Ըստ էության՝ այդպիսին է նաև, կարծում եմ, -ստան ածանցի դեպքը։ Իրանական *stāna-ն սերում է հնդեվրոպական *stā(m)n- տիպի (պարզ ձևով եմ գրում) նախաձևից (հմմտ. Mayrhofer EWAia 2, 1996, 764-766; Olsen 1999, 332 ծնթ. 286; Ջահուկյան 2010, 799): Ու դրանից հայերենում կստացվեր նույն «-ստան» ձևը ինչպես բնիկ ճանապարհով, այնպես էլ՝ փոխառությամբ։ [17] Ես, իհարկե, այս գրառմամբ չեմ հավակնում ածանցի հարցը լուծելու և իրանական փոխառության ընդունված դրույթը հերքելու։ Դրա համար անհրաժեշտ է առանձին ու հանգամանալից ուսումնասիրություն։ Այս նախնական ու հետախուզական ակնարկով միայն ուզում եմ ասել հետևյալը։ Հայերենը հնդիրանական լեզուների հետ ունի բառային բազմաթիվ զուգաբանություններ (մանրամասն տես նույն կայքում իմ 2013-ի հոդվածը՝ «The place of Armenian…»): Տեսականորեն անհնար չէ, որ հնդեվրոպական միևնույն *stā- (=*steh2-) ‘կանգնել, կայանել’ բայարմատից հայերենն ու հնդիրանական դուստր ճյուղերը (թերևս միասին) զարգացրած լինեն *stā(m)nV- կազմությունը՝ ‘կայանատեղ, բնակատեղ’ իմաստով։ Հետագայում՝ իրանական ազդեցության փուլում, այդ հայկական ժառանգը կարող էր ձուլվել իրանական փոխառություններում հանդիպող -ՍՏԱՆ-ին ու դառնալ է՛լ ավելի բեղուն։ Այդպիսի հետաքրքիր ու ցայտուն օրինակ է հայերեն *Հ(ՈՒ)- նախածանցը, որ իրանական *hu-ի հետ միասին սերում է հնդեվրոպական *su-ից և հանդիպում է ինչպես բնիկ բառերում (հմմտ. հ-լու, հ-մուտ), այնպես էլ իրանական փոխառություններում (հ-զաւր, հ-պարտ և այլն): [18] Պրն Բագրատյանը նշածս հարցազրույցում (31:31) ասում է. «Հայաստան»-ը գեղեցիկ չի»։ Ու դա փորձում է հիմնավորել «-ստան» բաղադրիչի պարսկական ծագմամբ։ Ապա 34:32-ում. «Ի վերջո՝ «Հայաստան» անվանումը, հենց էդ ձևով, բոլորովին վերջերս ա հայտնվել։ Մինչև էդ ավելի շատ օգտագործվել ա միջնադարում «Հայք»»։ Ու ապա՝ որ այդ «-ստան»-ի պատճառով «Հայաստան» անվանումն ինչ-որ մեկին իսլամական տպավորություն է տալիս։ Սակայն վերն արդեն տեսանք, որ դա սխալ է. «Հայաստան» տարբերակը ոսկեդարյան է, ոչ թե բոլորովին վերջերս ծագած ձև։ Ինչ վերաբերում է ածանցի ծագմանը, ապա դա բացարձակապես պատճառ չի լեզվական իրողությունից հրաժարվելու։ Անկախ այդ հարցից, «Հայաստան»-ը բազմիցս վկայված է ոսկեդարյան գրաբարից և այժմ էլ իր հարազատությամբ ու ամրությամբ անփոխարինելի է։ (Էլ չեմ էլ ասում, որ, ինչպես փորձեցի ցույց տալ, «-ստան» ածանցը տեսականորեն կարող է նույնիսկ բնիկ հայկական ծագում ունենալ կամ՝ ձուլված լինել դրա հին ժառանգին. բայց էլի եմ ասում, ծագումը մեր քննած հիմնահարցի համար վճռորոշ չէ)։ Ու «Հայաստան» տեղանունը հարազատ ու սիրուն է անկախ նրանից, որ ինչ-որ մեկին այն կարող է իսլամական տպավորություն տալ։ ԱՄՓՈՓՈՒՄ ▪ Դեռևս մեր մատենագրության հնագույն՝ ոսկեդարյան փուլից, ՀԱՅ-Ք գոյականական անվան կողքին բազմիցս վկայված է ՀԱՅԱՍՏԱՆ ածականը՝ «Հայաստան աշխարհ», «Հայաստան երկիր» և «Հայաստան ազգ»։ Բացի այդ, հենց գոյականաբար էլ այն գտնում ենք հավաքական կազմություններում՝ ՀԱՅԱՍՏԱՆ-Ի-Ք և ՀԱՅԱՍՏԱՆ-ԵԱՅ-Ք (ու նույնիսկ՝ ՀԱՅԱՍՏԱՆ-Ք)։  ▪ Հայերեն -ստան ածանցը հավանաբար իրանական ծագում ունի։ Սակայն. ա) նման հարցերում ծագումը կապ չունի. բ) չի բացառվում, որ հայերեն -ստան-ը ոչ թե փոխառվել է իրանական *stāna-ից, այլ արտացոլում է վերջինիս բնիկ հայկական ցեղակիցը կամ հետագայում ձուլվել է նրա հետ (սա նախնական շատ զգուշավոր դիտարկում է): ▪ Ծագումը պատճառ չի, որ այս կամ այն բառը սիրուն կամ տգեղ թվա։ Մի՞թե տգեղ են, ասենք, ազատ, աշխարհ, արուսեակ, բախտ, բոյր, գոյն, երանգ, զմրուխտ, կախարդ, հրապոյր, մանուշակ, յաւիտեան, նուագ և մյուս բազում բառերը, որ իրանական փոխառություններ են։ ▪ Գոյություն ունի լեզվական ավանդույթ։ Ըստ այլ լեզուների ավանդույթների՝ մեր երկիրը կոչվում է ԱՐՄԵՆԻԱ։ Բայց դա ի՞նչ կապ ունի մե՛ր լեզվի ավանդույթի հետ. վերջինիս համաձայն՝ մենք մեր երկիրը կոչում (և կոչել) ենք ՀԱՅԱՍՏԱՆ։  ► Այսպիսով՝ ՀԱՅԱՍՏԱՆ-ը մեր երկրի դարավոր, չքնաղ ու հարազատ անվանումն է, և այս հարցը ոչ մի կերպ վերանայման ենթակա չէ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrach.martirosyan.58/posts/1758680137478674 ...

    Կարդալ ավելին
  • Տեսնես երբվանի՞ց ու ո՞նց մարդիկ սկսեցին մտածել, որ ֆեյսբուքյան դաշտում կարելի է կիսահայհոյական բառեր գործածել։ Գիտե՞ք ինչն է հետաքրքիրը։ Ես համոզված եմ, որ առերես շփման մեջ, փողոցում, սրճարանում կամ այլ հասարակական վայրում, համարյա ոչ ոք նման բառեր չի գործածի, համենայն դեպս եթե մոտերքում աղջիկ կամ կին կա։ Բայց ահա պարզվում է Ֆեյսբուքում կարելի է։ Եթե մարդկանց դեմքերը չենք տեսնում, դա նշանակում է կարող ենք մոռանա՞լ, որ մեզ կարդում են նաև աղջիկներ ու կանայք։ Ո՜նց է հնարավոր... Նույնիսկ եթե դիմակավորում եք տվյալ կիսահայհոյական բառը, ասենք՝ հետույքի անվանումից «ի» ածանցով կազմված հայտնի ածականը փոխարինում եք «հետույքային»-ով կամ ասենք «ռ»-ի փոխարեն կետ կամ աստղանիշ եք դնում, ապա դրությունը շատ չի մեղմվում։ Դե՝ մի քիչ մեղմվում է։ Բայց ո՛չ շատ։ Հատկապես ցավալի է, որ նման բառեր գրում են նաև իմ իսկապես շատ լավ ընկերներից շատերը, որոնց ես շատ եմ հարգում ու գնահատում։ Նրանց գրառումներն ու մեկնաբանությունները հոյակապ են՝ խելացի, կարևոր, սթափ։ Որ կարդում ես՝ քեֆդ գալիս է։ Բայց հանկարծ ռաստ ես գալիս նման բառի ու... Տղեք ջան, հավատացե՛ք, նման բառերից ձեր գրառումները ոչինչ չեն շահում։ Դուք շատ լավ գիտեք, որ իմ զահլեն գնում է ջերմոցային, գալստուկավոր լեզվից։ Մանավանդ խոսակցական անկաշկանդ միջավայրում։ Բայց էդ ամենը ոչ մի կապ չունի կիսահայհոյական բառերի հետ։ Իմ սուբյեկտիվ կարծիքով։ Ներող կլինեք։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrach.martirosyan.58/posts/1261978037148889?notif_t=close_friend_activity¬if_id=146218088 ...

    Կարդալ ավելին
  • Այս օրերին շատ ենք լսում ու ասում՝ «մեր զինվոր տղե(ր)քի ցավը տանեմ»։ Սա իսկապես հպարտանալու բան է։ Այսօր ուզում եմ խոսենք «տղա» բառի խոսակցական հոգնակի ձևերի մասին։ [1] Վաղուց նկատել ու անընդհատ արձանագրում եմ, որ շատ մարդիկ խոսակցական լեզվով անկաշկանդ միջավայրում զրուցելիս ավելի հաճախ գործածում են «տղեք» ձևը, մինչդեռ երբ հաղորդակցությունը գալիս է մի քիչ ավելի զսպված՝ հրապարակային ասպարեզ (ասենք՝ կենցաղում՝ ոչ շատ մտերիմ մարդկանց հետ, կամ էլ համացանցում), նրանցից շատ-շատերը (այդ թվում հենց նույն մարդիկ, որոնք ավելի հանգիստ միջավայրում «տղեք»-ն են գործածում) խուսափում են «տղեք»-ից և գերադասում են «տղերք»-ը։ Բայց ընդգծում եմ, այս երկրորդ համատեքստում էլ ընդհանուր առմամբ զրույցը խոսակցական ոճով է ընթանում։ Շատերին թվում է, թե «տղեք»-ը «տղերք»-ի կիսատ-պռատ, թերի, աղճատված ու անփույթ տարբերակն է, սխալախոսություն։ Ընդ որում ես սա պնդում եմ ոչ միայն ինտուիցիայիս, այլև բազմաթիվ կոնկրետ հարցումների հիման վրա։ Ասենք՝ հարցնում եմ ծանոթներիս. «Լսի, դու միշտ ‘տղեք’ ես ասում, հիմա էստեղ ինչ է թե որոշ անծանոթ մարդիկ կան, դու անընդհատ ‘տղեՐք’ ես ասում, թեև էլի որ բոլորս խոսակցականով ենք զրուցում այստեղ»։ Պատասխանը լինում է՝ «Բայց ‘տղեք’-ն անգրագետ ու գեղական ձև չի՞»։ Վճռականորեն պատասխանում եմ։ Ո՛չ, «տղեք»-ը բացարձակապես անգրագետ, գեղական, թերի կամ անփույթ ձև չէ, այլ՝ նորմալ ու գրագետ խոսակցական-բարբառային ձև։ (Այո՛, խոսակցական լեզուն էլ կարող է լինել գրագետ կամ անգրագետ): Դեռ ավելին, նրա բանասիրական կարգավիճակը դեռ մի բան էլ ավելի ամուր է։ [2] Ակադեմիական ԺՀԼԲԲ-ն «տղա» բառի համար տալիս է հոգնակիի այս ձևերը՝ տղաներ, տղերք։ Աղայանը «տղերք»-ը դնում է որպես «ժղ.»։ Ու զարմանալի է, որ «տղեք» ձևն առհասարակ չեն նշում։ Այնինչ այն բավական տարածված է բարբառային ու խոսակցական վիճակներում ու այնտեղից էլ զգալի չափով թափանցել է գեղարվեստական գրականություն՝ Պերճ Պռոշյան (բազմիցս), Հովհաննես Թումանյան, Ստեփան Զորյան, Գուրգեն Մահարի, Մուշեղ Գալշոյան և այլն։ [3] «Տղեք»-ը ոչ թե «տղերք»-ի թերի (սղված «ր»-ով) ձևն է, այլ լրիվ ուրիշ կազմություն է։ Այն ուղղակիորեն սերում է հոգնակիի հին ու ամենապարզ «տղայ-ք» ձևից՝ բոլորիս լավ ծանոթ այ > ե հնչյունական զարգացմամբ։ Արևելահայ գրական ավանդույթը, ինչպես գիտենք, ձևավորվել է Արարատյան և հարակից բարբառային տարածքների հենքի վրա։ Արարատյան բարբառում -այ-ով վերջացող բառերի հոգնակին լինում է -այ-ք > -էք, հմմտ. գյուլբէք, ճամփէք, վըգէք, փէսէք և այլն. չունենք -եր-ք բեղուն բաղադրյալ հոգնակերտ. միայն հենց մեր քննած «տղայ» բառի դեպքում է արձանագրվում երկձևություն՝ տըղէք և տըղէրք (Ասատրյան 1968, 91; Մարկոսյան 1989, 105-106): Դրա համաբանությամբ՝ նաև աղջկէրք։ [5] Հին հայերեն ՏՂԱՅ-Ք և դրանից սերող ՏՂԱՔ (որոշ արևմտահայ բարբառներում՝ յ-ի անկումով) հոգնակիները նույնպես հաճախադեպ են արդի գեղարվեստական գրականության մեջ, սակայն հիմնականում՝ հնատիպ-գրաբարատիպ կամ արևմտահայկական համատեքստներում. ՏՂԱՅՔ՝ Մուրացան, Պերճ Պռոշյան, Ստեփան Զորյան, Վրթանես Փափազյան, Մուշեղ Գալշոյան, Խաչիկ Դաշտենց, Կարպիս Սուրենյանց ևն։ ՏՂԱՔ՝ Ռաֆայել Պատկանյան, Ռուբեն Զարյան, Ատրպետ, Վահան Թոթովենց, Գուրգեն Մահարի, Մուշեղ Գալշոյան, Նաիրի Զարյան, Դերենիկ Դեմիրճյան ևն։ [6] Քննվող հոգնակիների կարգավիճակներն ավելի լուսաբանելու համար մի երկու հայացք գցենք արևմտահայ բարբառների վրա։ Գրաբարում -այ վերջավորություն ունեցող բառերը Համշենի բարբառում հոգնակին կազմում են -նի կամ -ք մասնիկներով, օրինակ՝ փեսայ – փէսընի և փէսա̈ք, տղայ – դղընի և դղա̈ք (Աճառյան 1947, 84): Այս բարբառում «-էրք»-ով հոգնակի Աճառյանն առհասարակ չի նշում։ Կա -էր հոգնակի, բայց ո՛չ «-էր+ք» համադրմամբ, ու ո՛չ «-այ»-ով վերջացող բառերի դեպքում։ Գրաբարյան -ե-ձայնավորը Համշենում բառամիջում կտար է կամ ի, մինչդե այ երկբարբառը օրինաչափորեն արտացոլվում է որպես ա̈։ Նկատի ունենալով այս ամենը, նաև այն, որ քննվող հոգնակիում -ր-ի հետք չկա, կարող ենք եզրակացնել, որ համշենյան դղա̈ք հոգնակին արտացոլում է «տղայ-ք» նախաձևը։ Ըստ էության վիճակը նույնն է նաև այլ բարբառներում, օրինակ՝ Վանում ու Շատախում. ծառէքյ, տղըէքյ, սատանէքյ և այլն (Աճառյան 1952, 111; Մուրադյան 1962, 86, 92): Այստեղ նույնպես -եր-քբաղադրյալ հոգնակերտ չկա, իսկ -եր-ը տվել է -յեր։ Ուստի հիմք չունենք մտածելու, թե տղըէքյ-ը սերում է †տղեր-ք-ից։ [7] Իհարկե, -եր-ք բաղադրյալ հոգնակերտը Արարատյան տղերք-ով չի սահմանափակվում։ Օրինակ՝ Աճառյանը (2003, 441, 442-443) մի այդպիսի օրինակ արձանագրում է Սվեդիայում՝ կոպ-եր-ք > գիբիրք կամ գուբիրք։ Բայց նախ սա հազվագյուտ օրինակ է։ Եվ հետո՝ -այ վերջավորությամբ բառերին չի վերաբերում։ Վերջիններս (նաև համաբանությամբ՝ թուրքերենից փոխառվածները) ունեն -ա̈ ք (< -այ-ք) և այլ հոգնակերտներ, իսկ կոնկրետ տղայ բառի հոգնակին է՝ դղաք (Աճառյան 2003, 447-449): [8] Մեր խնդրից դուրս է խնդրի ամբողջական պատմական քննարկումը, մասնավորապես՝ -այք-ով ու -երք-ով հոգնակիների տոկոսային հարաբերակցության և աշխարհագրական տարածման հարցերը, որոնք հանգամանալից քննություն են պահանջում։ Այս փուլում միայն ընդգծեմ, որ «ՏՂԱՅՔ» (> ՏՂԱՔ և ՏՂԵՔ) հիմնաձևի կարգավիճակը, իմ կարծիքով, շատ ավելի ամուր է։ Այս են վկայում ոչ միայն նշածս ու չնշածս տվյալները, այլև պարզ տրամաբանությունը, քանի որ -այ-ով վերջացող բառերի ամենահին, առաջնային ու ՊԱՐԶ հոգնակին եղել է «-ք»-ով հոգնակին, մինչդեռ «-եր-ք»-ը սահմանափակ տարածման երկրորդային՝ ԲԱՂԱԴՐՅԱԼ կազմությամբ հոգնակերտ է։ Ու այդ «-այք»-ը բարբառների մի զգալի մասում, այդ թվում արևելահայերենի հիմքում ընկած Արարատյան բարբառում, օրինաչափորեն դառնում է -էք։ [9] ԱՅՍՊԻՍՈՎ. Խոսակցական լեզվում հանգիստ կարող ենք գործածել ոչ միայն «տղերք» հոգնակին, այլև (ես կասեի՝ ավելի վստահությամբ), առանց մտածելու, թե վերջինս «տղերք» ձևի աղճատված ու ցածրաոճ ձևն է։ Ճիշտ ինչպես վստահորեն ասում ենք՝ բալեք, երեխեք, փեսեք և այլն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrach.martirosyan.58 ...

    Կարդալ ավելին
  • Բառերն ունեն հոտ, երաժշտություն, հնչերանգ, պատմություն, կենսագրություն... Կյանքիդ տարբեր փուլերում նրանք կարող են շղարշվել ամենաբազմազան տրամադրություններով ու զուգորդումներով։ Ըստ տվյալ փուլում ունեցած տրամադրության՝ բառերը կարող են կամ անախորժ պատկեր հարուցել, կամ լինել ականջդ շոյող երաժշտություն։ Ու այդ ամենով կարող են տարբեր դերեր խաղալ քո կենսագրության մեջ, ընդ որում այդ դերերը կարող են հերթագայվել, փոխարինել միմյանց, երբեմն նաև՝ միաձուլվել։ Այդպիսի բազմաշերտ խմորումներով ոդիսականի փայլուն օրինակ է «Ավրորա» բառ-անունը։ 1) Մանկությանս տարիներին դա էժան ու կոպիտ ծխախոտ էր։ 2) Միջին դպրոցական տարիքումս այդ պրոֆան իմաստն արմատական շրջադարձով փոխարինվեց Մայն Ռիդի «Քվարտերոնուհին» վեպի նուրբ ու չքնաղ հերոսուհու՝ անհավասար սիրո պատճառով մարդկանց կողմից հալածվող ստրկուհի Ավրորայի կերպարով։ Բառն ամբողջությամբ փոխեց իր շղարշը, թեև իմ ուղեղում այդ սիրուն ու վեհ-դրամատիկ իմաստը երբեմն ճտճտում էր կարճ միացման նոպաներով, քանի որ բառի հնչումն ինքնաբերաբար առաջ էր բերում էժան ու կոպիտ ծխախոտի տուփի պատկերը, թութունի հոտը, «պադյեզդի» դեմի նստարանին նստած անթրաշ հարևաններիս հազի ձայնը։ Երկու տարբեր զուգորդումներ, որոնց միավորում է մեկ բան՝ նոստալգիան։ 3) Բարձր դպրոցական տարիքում մեջտեղ եկավ մի բոլորովին նոր՝ պատմական-գաղափարաբանական թաղանթ՝ «Ավրորա» հածանավը։ Հեղափոխություն, Սովետ... 4) Լատիներեն սովորելիս նորից բախվեցի այս բառին` aurōra, նշանակությունը՝ ‘արշալույս’։ Ու բառը վերստացավ իր չքնաղ երաժշտությունը՝ հիշեցնելով Մայն Ռիդի հերոսուհուն։ 5) Սրանից մի տաս տարի առաջ վերադարձա այդ բառին ու անվանը՝ արդեն գիտահետազոտական համատեքստում։ Պարզվում է լատիներեն aurōra ‘արշալույս’ բառը, հունարեն ἕως / αὔως, սանսկրիտ uṣás‑ և մյուս քույր բառերի հետ, ցեղակից է հայերեն «այգ» ‘առավոտ’ բառին (*au̯s-- > *aw(h)i̯o‑ > այգ): Եվ որ ամենահետաքրքիրն է, այս բոլոր ցեղակիցները միաժամանակ նաև «Արշալույսի Դիցուհու» անուններն են։ Ու ճիշտ նույն կերպ էլ մենք ունեցել ենք «Այգ» անվամբ Արշալույսի Դիցուհի, որի անունը պահպանվել է Վանի ու Մոկսի հարսանեկան երգում՝ «Էգ, բարև»: 6) Ապա «եկավ» Ավրորա Մարդիգանյանն ու այս անունը տեղափոխեց մեր պատմության ամենաարյունոտ էջ՝ դրան հաղորդելով հույսի ու պայքարի երանգներ։ 7) Եվ վերջապես՝ «Ավրորա» մրցանակաբաշխությունը՝ անձնազոհ բարությամբ աշխարհը գոնե մի քիչ փոխող մարդկանց համար։ Բառ-անուն, որ այս կերպ գրեթե կես դար ամենաբազմազան երանգներով ու տրամադրություններով շաղախվել է կյանքիս կածաններին... Հրաչ Մարտիրոսյան, 24-25.04.2016, Վիեննա Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrach.martirosyan.58 ...

    Կարդալ ավելին
  • Ինձ թվում է մեր լրագրողներից շատերը չեն հասկանում իրենց մասնագիտության ո՛չ իմաստը, ո՛չ լրջությունը, ոչ է՛լ պատասխանատվությունը։ Դեռ չխոսեմ տեքստերում (և նույնիսկ դրանց վերնագրերում) վխտացող սխալների ու վրիպակների, ինչպես նաև «կանցելյարային» սապոնած ու շինծու լեզվի մասին։ Չճշտված լուրեր, նյութը շոու դարձնելու նպատակով տեքստին չհամապատասխանող վերնագրեր կամ անկապ նկարներ, էժանագին սենսացիաներ, անպրոֆեսիոնալ վերլուծություններ, պղպջակային հրճվանքներով կամ չարդարացված խուճապով տոգորված թխվածքներ... Եթե սրանք խաղաղ ժամանակ ընդամենը պախարակելի են, ապա (մերձ)պատերազմային վիճակում դառնում են իսկապես հանցավոր։ Կարծում եմ լրագրողը պետք է գործի ընդունվելուց առաջ բժշկի նման երդում տա։ Որ Մաշտոցի զինվորներին սխալ հրամաններ չի տա։ Մի երկու տարի առաջվա այս գրառմանս մեջ այն կոչել եմ «Մամբրեի երդում»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrach.martirosyan.58/posts/1254847587861934 ...

    Կարդալ ավելին
  • Շատ հաճախ կարդում կամ լսում ենք միանգամից մի քանի սխալ կամ անհանձնարարելի իրողություն պարունակող բարդ նախադասություններ։ Մի լրիվ պատահական նմուշ սերիալից. «Միակ մարդը, ում խղճում եմ, դա Լաուրան ա» («Ուրիշի հոգին» 74, 33:15)։ Բացի այն, որ «դա»-ն սխալ է ու խոտելի, և որ այս բարդ ստորադասական նախադասությունը պետք է լիներ այսպես՝ «Միակ մարդը, որին խղճում եմ, Լաուրան ա», կարծում եմ շատ ավելի լավ կլիներ, եթե այն առհասարակ բարդ ստորադասական չլիներ, այլ՝ պարզ, հասարակ ու խնայողական. «Միայն Լաուրային եմ խղճում»։ Իհարկե, այս կամ այն կոնկրետ դեպքում խոսողը կարող է ունենալ պարզի փոխարեն բարդ կառույց ընտրելու իր սուբյեկտիվ պատճառը կամ իրավունքը։ Բայց առհասարակ այս անցանկալի միտումը հաստատ կա, ու դա լավ չի։ Մանավանդ ոչ բարդ իրադրություններում, երբ շատ անկաշկանդ ձևով կարելի է պարզ ու զուլալ նախադասություն գրել, բարդ նախադասությունը մերժելի կամ գոնե անհանձնարարելի պիտի համարվի։ Էլ չեմ ասում, որ բարդի փոխարեն պարզ նախադասություն ընտրելով հաճախ կարելի է նաև խուսափել սխալներից, ինչպես հենց իմ նշած նմուշի դեպքում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrach.martirosyan.58/posts/1228986430448050?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Ինչու՞ կրոնն ու (հատկապես «կրոնավուն») կուսակցությունները տեղ չեն ունեցել ու չեն ունենա իմ կյանքում (հետազոտական տեսանկյունը չհաշված)։ Որպես պատասխան՝ ներկայացնեմ երեք հանրահայտ դրվագ մեր պատմությունից. ԴՐՎԱԳ Ա. Քրիստոնեության հաստատման ժամանակ մերոնք «ամենայն զօրօքն հանդերձ» և «տէրունական նշանի / խաչի» զորությամբ ավերեցին բագիններն ու տաճարները։ Ի դեպ՝ երբեմն պնդում են, թե մեհյանները չեն կործանել, այլ միայն՝ բագինները (զոհարանները)։ Նախ՝ չեմ հասկանում, թե դա ինչ է փոխում։ Երկրորդ՝ մեհյանները չեն կործանե՞լ։ Դե ուրեմն ուշադիր կարդանք մեր աղբյուրները. «Նախ դիպեալ ի ճանապարհի երազացոյց երազահան պաշտաման Տրի դից, դպրի գիտութեան քրմաց, անուանեալ Դիւան գրչի Որմզդի, ուսման ճարտարութեան մեհեան. նախ ի նա ձեռն արկեալ՝ քակեալ այրեալ աւերեալ քանդեցին» (Ագաթանգեղոս § 778)։ Ապա հերթը հասնում է Անահիտի մեհյանին. «և ամենայն շինուածք մեհենին ի հիմանց դղրդեալ տապալեցան. և լուցեալ յանկարծօրէն փայտակերտն հրդեհեցաւ» (Ագաթանգեղոս § 779)։ «Եւ իբրև եկին հասին յանդիման մեհենացն, մօտ ի գետն Եփրատ՝ կամէր ... կործանել զբագինսն, և շինել զվկայարանս նոցա [Հովհաննես Մկրտիչի ու Աթանագինեսի համար - ՀՄ]» (Ագաթանգեղոս § 810): «հրաման ետ Գրիգոր զօրականին և իշխանացն որ ընդ իւրն էին, զի ելցեն և մրճօք տապալեսցեն զշինուածս բագնացն» (Ագաթանգեղոս § 812): Ապա՝ Տիրոջ ուղարկած հողմը «չոգաւ հարթեաց, տապալեաց, ընկէց զամենայն շինուածսն բագնացն: Եւ այնչափ կորոյս, զի յետ այնորիկ ոչ ինչ ոք յայնմ տեղւոջ նշմարանս կարէր գտանել, ո՛չ քարի և ոչ փայտի, ո՛չ ոսկւոյ և ոչ արծաթոյ, և ոչ բնաւ երևէր, թէ լեալ ինչ իցէ անդ: Եւ անթիւք կոտորեցան մարդիկ պաշտամանն քրմութեան որ ի տեղւոջ անդ էին, և անհետ եղեն ոսկերք նոցա. և որք տեսինն՝ անթիւ մարդիկ հաւատացին» (Ագաթանգեղոս § 813): «Սոյնպէս և ի տեղիս մեհենացն զոր կործանեաց յառաջագոյն». Տրդատի մասին է (Ագաթանգեղոս § 841): ԴՐՎԱԳ Բ. Հետո սլաքները փոխվեցին՝ եկան եկեղեցիների վատ օրերը։ Պարսից արքունական հրամանով. «Մինչև ի նաւասարդէ ի նաւասարդ, ասէ, յամենայն տեղիս՝ որ իցեն ընդ իշխանութեամբ թագաւորին մեծի, բարձցին կարգք եկեղեցւոյ, փակեսցին եւ կնքեսցին դրունք սուրբ տաճարացն...» (Եղիշէ, գլուխ 2 [1989, էջ 104])։ ԴՐՎԱԳ Գ. Հետո, էն անեկդոտի նման, «աբեշչիկն եկավ ու սաղին դուրս արավ». :) եկան Սովետն ու կոմունիստական կուսակցությունը և գիտենք, թե ինչ արեցին եկեղեցիների ու մնացած «շեղումների» հետ։ Միշտ նույնը. կործանի՛ եղածը, որ հաստատես քո կրոնն ու գաղափարախոսությունը։ Ու դա արա հավատի օգնությամբ՝ մարդկանց զգայուն լարերի հետ խաղալով։ Կրոնն ստեղծում է մշակութային խոշորագույն արժեքներ։ Կրոնն աստվածային չի, քանի որ ստեղծված է մարդու կողմից։ «Աստվածային» են մարդու ստեղծած մշակութային արժեքները՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից կամ դավանաբանական հենքից (աստվածային՝ ո՛չ կրոնական իմաստով), և անաստվածորեն զազրելի ու դատապարտելի է մշակույթ կործանող ամեն մի դրվագ՝ քրիստոնեական թե ոչ քրիստոնեական: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrach.martirosyan.58/posts/1216165528396807?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Մայրենի լեզվին փայլ են տալիս ոչ թե ծանր ու գրագետահունչ ձևերը, այլ ոճի թեթևությունը, պարզությունը։ Դիտարկենք երեխաների հայոց լեզվի իմացությունն ստուգող ուսուցիչների ոճը. «Սիրելի՛ աշակերտ, օլիմպիադան միտում ունի բացահայտելու Ձեր գիտելիքների պատրաստականությունը, ստեղծագործելու և տրամաբանելու կարողությունը»։ Ես դա կգրեի այսպես. «Սիրելի՛ աշակերտ, օլիմպիադայի նպատակը քո գիտելիքները և տրամաբանելու ու ստեղծագործելու կարողությունը բացահայտելն է»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrach.martirosyan.58/posts/1207574842589209?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Մարտնչող ու աջուձախ մարդ վառող «հայրենասերների» մի տիպ կա, որ արևելահայերենը գրում է դասական ուղղագրությամբ, բայց՝ բազմաթիվ աղաղակող սխալներով։ Օրինակ՝ գիտի, որ դասական ուղղագրությամբ բառամիջում գրվող «է»-ն արդի ուղղագրությամբ դառնում է «ե» (օրինակ՝ գրաբարյան «մէջ» և «սէր» բառերը հիմա գրում ենք «մեջ» և «սեր»), ու էդ թարթափի տակ անցկացնում է նաև ԴԵՂ, ԿԵՐՏ, ՁԵՌՔ տիպի բառերը (դարձնելով †դէղ, †կէրտ, †ձէռք), որոնք հազարավոր տարիներ գրվել են և հիմա էլ բոլոր ուղղագրություններով գրվում են «ե»-ով: Կամ լսել է, որ բառասկզբի «յ»-ն արդի ուղղագրությամբ դառնում է «հ» (յարմար > հարմար, յաւէտ > հավետ), ու էս կաթսայի մեջ է մտցնում նաև էն գլխից մաքուր Հ ունեցող բառերը, այսինքն՝ ՀԱՐԱՒ-ն ու ՀԵՇՏ-ը սարքում է †յարաւ և †յեշտ (կամ ավելի վատ՝ †յէշտ)։ Ժողովուրդ ջան, եկեք մի բան քարոզելուց ու պաթոսահարելուց առաջ նախ համեստորեն սովորենք գոնե դրա ամենատարրական հիմունքները։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrach.martirosyan.58/posts/1194392007240826 ...

    Կարդալ ավելին
  • Թերթելով անցած մի քանի տարիների սևագիր գրառումներս տոների շուրջ՝ դժվարանում եմ թաքցնել զարմանքս, թե ինչ արագությամբ է Վալենտինը ետին պլան մղում Սուրբ Սարգսին։ Հատկապես հետաքրքիր է, որ հաճախ նույն մարդիկ, որ ծաղրել են Սուրբ Սարգսին ու թթվում են աղի բլիթի սիրագուշակության վրա, իրար ջերմորեն շնորհավորում են Վալենտինի տոնի առթիվ։ Փորձում եմ հասկանալ՝ ինչի՞ մեջ է դրսի մոդայի ուժը։ Այդ ի՞նչ ունի Վալենտինը, որ չունի մեր ժողովրդի սիրելի Սուրբ Սարգիսը։ Հեքիաթ՝ հեքիաթ. ավելի լավ չի՞ մեր հեքիաթը... Ուրիշ բան, եթե մերը չունենայինք։ Նույնն էլ անուններին է վերաբերում։ Խեղճ Աճառյանին հայհոյում են, թե մեր անունների մեծ մասը մեկնաբանում է որպես օտար։ Աճառյանն ի՞նչ մեղք ունի. ինչպես որ մեր ու ձեր նախնիներն են Կորյուն և Առյուծ հոյակապ՝ բնիկ անունների փոխարեն սկսել գործածել մերձիմաստ / նույնիմաստ Լևոն, Ղևոնդ, Ասլան կամ Լյովա անունները, այնպես էլ հիմա դուք, այդ բոլորով չբավարարված, գերադասում եք Լեո-ն։ Կամ չքնաղագույն Լուսիկ կամ Լուսինե անվան փոխարեն՝ Լյուսյա, հիմա էլ՝ Լյուսի։ Լավ եք անում, ձեր երեխաներն են՝ ձեր գործն է, ուզում եք ավելի ժամանակակից հնչի։ Առողջ լինեն ձեր բալիկները։ Բայց ընդամենը երկու բան եմ ուզում ընդգծել. 1) այնուամենայնիվ չեմ հասկանում՝ մի՞թե Կորյուն-ն ու Լուսիկ-ը հնացած են կամ վատ են հնչում. 2) հենց ձեր օրինակը հստակ ցույց է տալիս, որ մարդը միշտ էլ վազել ու վազում է օտար-մոդայիկի հետևից, ուստի Աճառյանին այլևս չմեղադրեք։ Սուրբ Սարգիս-ն ինքն էլ ծագումով հայկական չէ։ Այնուամենայնիվ այն արդեն երկար ճանապարհ է մեր մշակույթի ամուր մասնիկն է։ Եվ հետո՝ այդ անվան տակ ամենայն հավանականությամբ թաքնված է մի շատ ավելի հին՝ նախաքրիստոնեական կերպար, որ քրիստոնեության մուտքից հետո հազիվ թե հնար ուներ իր նախնական անվամբ պահպանվելու։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrach.martirosyan.58/posts/1190201737659853 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն