• ՀՀ կառավարություն
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի հանդիսավոր բացման արարողությանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասվում է «Ձերդ Գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Պետությունների և կառավարությունների ղեկավարներ, Տիկնայք և պարոնայք պատվիրակությունների ղեկավարներ, Տիկին գլխավոր քարտուղար, Տիկին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն, Ձերդ գերազանցություններ, Հարգարժան հյուրեր, Տիկնայք և պարոնայք, Կցանկանայի նախ արտահայտել այն անսահման ցավը, որն ինձ համակում է այս պահին, երբ մտածում եմ Շառլ Ազնավուրի մասին, այնքան թանկ մի անձնավորության, ով մեզնից հեռացավ հոկտեմբերի 1-ին։ Այդ Մեծ անձնավորությունը, ֆրանսերենի դեսպանը, 100 տոկոսով ֆրանսիացի, բայց միևնույն ժամանակ 100 տոկոսով հայ, ինչպես ինքն էր սիրում ասել, այնքան կցանկանար լինել մեր կողքին այսօր՝ ցույց տալու համար իր նվիրվածությունն իր սիրելի երկու երկրներին՝ Ֆրանսիային և Հայաստանին, նաև Ֆրանկոֆոնիայի տոնը նշանավորելու համար, որին ամբողջ կյանքում ծառայել է։ Ֆրանսիական շանսոնի նրա գլուխգործոցները, որոնք արդեն բազմաթիվ սերունդների են ուղեկցել և կուղեկցեն դեռ երկար, կմնան մեր հիշողություններում։ Մենք սգում ենք, որովհետև սիրում էինք։ Լինելով Հայաստանի եռանդուն պաշտպան, մեր երկրի դեսպանը միջազգային կազմակերպություններում՝ նա բարձր է պահել Հայաստանի անունն աշխարհում, և մենք հավերժ երախտապարտ կլինենք նրան դրա համար։ Նա հեռացավ մեզնից, բայց այսօր ներկա է մեր մտքերում։ Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Նրա հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու փոխարեն, խնդրում եմ նրա հիշատակը տոնելու համար ջերմ ծափահարություններով ողջունել ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ հավերժական ներկայությունը։ Շնորհակալ եմ: Ձերդ գերազանցություններ, Հարգարժան հյուրեր, Տիկնայք և պարոնայք, Ես և ողջ հայ ժողովուրդն ուրախ ենք Երևանում հյուրընկալել ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը։ Մաղթում եմ բարի գալուստ Հայաստան։ Քրիստոնեության բնօրրան, հազարամյակների պատմություն և մշակույթ ունեցող հավերժական Հայաստան, որն այս ամիս նշում է իր մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը։ Իրական, ամուր ինքնություն, ստեղծարար էներգիա, դինամիկություն ունեցող Հայաստան, որն ապրել է 1915 թվականի Ցեղասպանության ողբերգությունը և այսօր առաջ է շարժվում՝ վստահ լինելով իր ապագայի համար։ Այս նոր Հայաստանը, որն առաջնորդվում է «Թավշյա հեղափոխության» գաղափարներով, այս քաղաքացիական և ժողովրդավարական շարժմամբ, որը առաջ է տարվել հայ երիտասարդների և կանանց կողմից, որոնց հաջողվել է ողջ բնակչության հետ կիսել իրենց «Միասին ապրելու» կամքը ազատ, արդար և համերաշխ հասարակության մեջ: Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Այսօր ցանկանում եմ վերստին ասել, որ Հայաստանի համար մեծ պատիվ է, որ այս գագաթնաժողովի կազմակերպումը վստահվել է Հայաստանին։ Այդ առնչությամբ մենք լիովին գիտակցում ենք մեզ վրա դրված պատասխանատվությունը և ցանկանում ենք, որ այս իրադարձությունը բոլորի հիշողություններում մնա որպես Կազմակերպության ինստիտուցիոնալ կյանքի բացառիկ պահերից մեկը, ինչպես նաև ֆրանկոֆոն համակեցության և համերաշխության կարևոր դրսևորում։ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի երիտասարդ անդամ է, դիտորդի կարգավիճակով անդամակցությունից ի վեր ընդամենը 15 տարի է անցել, մինչդեռ մշակութային և լեզվական բազմազանության, ֆրանսերենի և Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների խթանման նրա հանձնառության ապացույցի կարիք չկա։ Հայաստանը հպարտ է Ֆրանկոֆոնիային անդամակցությամբ, որը համագործակցության, երկխոսության և փոխանակումների մի ընդարձակ տարածք է, և բազմազանության և համերաշխության նկատմամբ հարգանքի մթնոլորտում Կազմակերպության անդամ պետություններին և կառավարություններին համախմբում է խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի շուրջ։ Մենք իրապես հավատարիմ ենք մեզ միավորող այդ կապերի բնույթին, որոնք այնքան լավ բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ։ Նրանք միասին կազմում են այդ համընդհանուր բարիքը, այդ հարստությունը, որ մեզ համար կարևոր է պահպանել ամեն գնով, այդ մեծ հնարավորությունը ֆրանկոֆոն ողջ տարածքի համար։ «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում». սա է Հայաստանի կողմից առաջարկված թեմայի նշանակությունը, որը կարտացոլվի նաև մեր աշխատանքներում։ «Ապրել միասինի» ընդգծումը կարևոր է նաև պոպուլիզմի և ծայրահեղականության աճի համատեքստում։ Ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումների դեմ մենք ունենք բարոյական պարտավորություն, ունենք դրանց հակադրելու «Ապրել միասինի» արժեքներն ու սկզբունքները և համախմբվելու՝ դրանք կյանքի կոչելու համար։ Անկասկած, մենք պետք է շարունակենք ամեն ջանք գործադրել բոլորիս կայուն մարդկային զարգացման ձգտումն ի կատար ածելու համար։ Այսպիսին է մեր կողմից առաջարկվող Կոչը, որն իրենից ներկայացնում է հզոր ուղերձ հանուն Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրերի կողմից ժառանգված խաղաղության, համերաշխության և մարդասիրության։ Ձերդ Գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Երևանի գագաթնաժողովն անդրադարձ կկատարի նաև մեզ սպառնացող մի շարք մարտահրավերներին, ինչպիսիք են խաղաղությանը, ժողովրդավարությանն ու կայունությանը վերաբերող հարցերը, ահաբեկչության և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը կամ միգրացիայի հիմնախնդիրը, որոնք այդքան մեծ մարտահրավերներ են մեր մոլորակի համար։ Մենք վստահ ենք, որ համամարդկային նշանակության այս մարտահրավերների դեմ լուծումները պետք է գտնվեն բազմակողմ հարթակում, քանի որ միասնական և համաձայնեցված գործունեությամբ, միջազգային համագործակցության միջոցով կարելի է գրանցել հաջողություններ նշված ոլորտներում։ Կցանկանայի հատկապես ընդգծել ֆրանկոֆոն տարածքի հակամարտությունները և ճգնաժամերը, որոնց հանգուցալուծման համար Ֆրանկոֆոնիան զգալի ջանքեր է գործադրում։ Դրանք ամենից հաճախ ուղեկցվում են մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներով։ Այն ժամանակ, երբ մենք պատրաստվում ենք նշել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակը, մեր պարտքն է կրկնապատկել մեր ջանքերը` կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները: Այս հակամարտությունների հետևողական գոյությունը նաև պարտավորեցնում է մեզ վերահաստատել ճանաչված միջազգային բանակցային ձևաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման մեր հանձնառությունը: Դա նաև վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որի շուրջ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համանախագահության ձևաչափում։ Խոսքը գնում է արդեն տասնամյակներ տևող և բազմաթիվ տառապանքներ պատճառած հակամարտության մասին։ Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։ Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը։ Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը։ Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների և վայրագությունների զոհ, որ երկխոսության և ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունն իսկ։ Մենք հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլորտի ստեղծումն առանցքային է կարգավորման գործընթացի առաջմղման համար, և մեր ողջ ջանքներն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ և համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտության բոլոր կողմերի բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար։ Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Խոսքս եզրափակելու համար կցանկանայի դիմել ֆրանկոֆոն տարածության երիտասարդներին, ովքեր մեր հասարակությունների փոփոխությունների հիմնական դերակատարներն ու մեր երկրների ապագան են։ Ես ցանկանում եմ ձեզ ասել, որ մենք կարևորում ենք այն նպաստը, որը դուք ունեք գագաթնաժողովի թեմայում, և ձեզ կոչ անել համախմբվել մեզ միավորող «Ապրել միասին» գաղափարի արժեքների առաջմղման համար՝ մեզ հետ միասին նպաստելով ավելի արդար ու հանդուրժող աշխարհի կերտմանը։ Ձերդ գերազանցություն, Տիկնայք և պարոնայք, Մաղթում եմ բոլորիդ հիանալի ժամանց Հայաստանում և հաջողություն՝ մեր աշխատանքներին։ Շնորհակալ եմ»: ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ: Ինչպես FBH.am-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է:  «Սիրելի՛  հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Արցախի անկախության տոնի առթիվ։ Արցախի ժողովուրդն իր ընտրությունը կատարեց պատմական շատ բարդ իրավիճակում` հռչակելով անկախություն։ Անցած 27 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցավ պատերազմների, ավերների, մարդկային կորուստների և բազում այլ ծանր փորձությունների միջով։ Բայց, այդ ամենով հանդերձ, Արցախի Հանրապետությունը կայացավ։ Արցախի Հանրապետության անցած 27 տարիները ոչ միայն հերոսական պայքարի, այլև մեծ հաջողությունների և ձեռքբերումների պատմություն են։ Հայաստանի և սփյուռքի հետ ուս-ուսի՝ Արցախն այսօր շարունակում է ապրել ու զարգանալ։ Թավշյա հեղափոխության հաղթանակը Հայաստանում ևս մի վկայություն է հայոց ազատասեր ոգու և անկոտրում կամքի։ Հայաստանը, Արցախն ու սփյուռքը այսօր ավելի ուժեղ են, որովհետև ավելի միասնական են և ավելի ազատ։ Մարդու ազատությունը, ժողովրդավարությունն ու ազգի ազատությունը մեզ համար անբաժանելի և անբեկանելի արժեքներ են։ Արցախի Հանրապետության և Արցախի հասարակության բազմակողմանի զարգացումը ողջ հայության կարևորագույն նպատակներից է եղել և այսուհետ ևս լինելու է։ Արցախի անվտանգությունը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Արցախի ճակատագիրը համայն հայության գուրգուրանքի առարկան է։ Այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հանգել խնդրի խաղաղ և արդարացի լուծման։ Սիրելի՛ արցախցիներ, Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Գլուխ եմ խոնարհում Արցախի ազատության համար զոհվածների հիշատակի առջև։ Մաղթում եմ խաղաղ երկինք, արդար վաստակ և ամենայն բարիք։ Կեցցե՛ ազատությունը։ Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը»։ ...

    Կարդալ ավելին
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուանդայի արտաքին գործերի  նախարար Լուիզ Մուշիկիվաբոյին, ում՝ որպես Աֆրիկյան միության ներկայացուցիչ, ուղեկցում էր Գաբոնի արտաքին գործերի, ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ինտեգրացիայի նախարար Ռեջի Իմոնգոլը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է աֆրիկյան երկու երկրների ԱԳ նախարարների այցը մեր երկիր՝ նշելով, որ նման բարձրաստիճան պատվիրակության այցը լավ առիթ է ինչպես ս.թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովին վերաբերող հարցեր քննարկելու, այնպես էլ Հայաստանի ու աֆրիկյան երկրների հարաբերություններում նոր էջ բացելու և համագործակցության զարգացման շուրջ մտքեր փոխանակելու համար: Ռուանդայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին ընդունելության համար և նշել, որ տպավորված է Հայաստանով և աֆրիկյան պատվիրակության հանդեպ ցուցաբերվող ջերմ հյուրընկալությամբ: Լուիզ Մուշիկիվաբոյի խոսքով՝ ժամանակն է, որպեսզի Հայաստանն ու աֆրիկյան պետությունները որակապես նոր թափ հաղորդեն երկկողմ հարաբերություններին և գործնական քայլեր ձեռնարկեն: Նա նաև նշել է, որ ուշադրությամբ հետևում են ՀՀ վարչապետի աշխատանքային գործունեությանը և տպավորված են դրանով: Զրուցակիցները քննարկել են ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում գագաթաժողովի անցկացումը մեծ պատիվ է, և կիրականացվեն անհրաժեշտ բոլոր աշխատանքները՝ այն հավուր պատշաճի և բարձր մակարդակով կազմակերպելու համար։ «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը լավ հարթակ է՝ ֆրանկոֆոն երկրների միջև համագործակցությունը խորացնելու վերաբերյալ քննարկումներ ծավալելու և մարդկային բարեկամությունը, հումանիտար կապերը սերտացնելու առումով», - նշել է կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի գագաթաժողովի արդյունքներով կազմակերպության շրջանակում միասնականությունն ու համագործակցությունն ավելի ամրապնդվեն: Վարչապետը նաև նշել է, որ գագաթաժողովի ընթացքում նախատեսվում է կազմակերպել բիզնես ֆորում, որը կնպաստի ֆրանկոֆոն երկրների միջև գործարար կապերի խորացմանը: Իր հերթին տիկին Մուշիկիվաբոն ասել է, որ Երևանում կայանալիք ՖՄԿ գագաթաժողովին Աֆրիկյան մայրցամաքը ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակով և իր ակտիվ նպաստը կբերի աշխատանքների արդյունավետ անցկացմանը: Ռուանդայի ԱԳ նախարարը կիսվել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ կատարած այցելությունից ստացած տպավորություններով՝ առանձնահատուկ ընդգծելով թանգարանի կրթական գործառույթի կարևորությունը: Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջազգային հարթակներում համագործակցության հարցին և կարևորել այն հանգամանքը, որ Հայաստանի և Ռուանդայի կառավարությունները համատեղեն ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման ուղղությամբ: ...

    Կարդալ ավելին
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ընտանիքին: Ինչպես FBH.am-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես ասվում է.   «Խոր վշտով տեղեկացա ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, Նոբելյան մրցանակի դափնեկիր և խոշորագույն համաշխարհային գործիչ Քոֆի Անանի մահվան մասին: Քոֆի Անանն իր ողջ կյանքն ու գործունեությունը անմնացորդ նվիրեց ավելի արդար և խաղաղ աշխարհ կերտելուն։ Ստանձնելով ՄԱԿ-ի ղեկավարությունը կազմակերպության համար դժվարին ու մարտահրավերներով լի ժամանակաշրջանում՝ նա լավագույնս համատեղեց խիզախությունն ու վճռականությունը անսահման լավատեսության ու հումանիզմի հետ: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնը թողնելուց հետո էլ Քոֆի Անանը շարունակեց իր անխոնջ պայքարը հանուն խաղաղության և իր ողջ կյանքում մնաց մարդու իրավունքների, ժողովրդավարական և մարդասիրական արժեքների նվիրյալ: Այս լուսավոր անունը միշտ վառ կմնա մեր սրտերում։ Խորին ցավակցություն և զորակցությունն եմ հայտնում Քոֆի Անանի ընտանիքին, հարազատներին և ողջ միջազգային հանրությանը այս ծանր կորստի առթիվ»: ...

    Կարդալ ավելին
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 15-ին, ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովին: Կառավարության լրատվական ծառայությունից FBH.am-ին հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության եւ ԵԶԲ-ի միջեւ համագործակցությունը եւ կարեւորել փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է համատեղ ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ եւ երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմամբ: Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահը հավելել է, որ բանկը ցանկություն ունի Հայաստանում առավել ընդլայնել իր գործունեությունը եւ պատրաստ է քննարկել տարբեր ուղղություններով նոր նախագծերի իրականացման հնարավորությունները: Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ համագործակցության հեռանկարներին վերաբերող տարբեր հարցեր: ...

    Կարդալ ավելին
  • Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:  Կարեն Կարապետյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:  «Չափազանց կարևոր է, որ մենք՝ քաղաքացիական աշխատողներս, կարողանանք ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի հասկանաք, որ բոլորս գնահատում ենք ձեր ծառայությունը: Բոլորս պարտք, պարտավորություններ ունենք ձեր առջև, և քաղաքացիական կյանքով ապրող մարդկանց առաջին պարտավորությունն է՝ այնպես անել, որ ձեր ծառայությունն իզուր չանցնի: Մեր երկիրը եթե անվտանգ չլինի՝ քաղաքացիական պաշտոնյաները երկիրը չեն կարողանալու ծաղկեցնել: Բայց նաև չափազանց կարևոր է, որպեսզի վստահ լինեք, որ մենք իրականում լավ երկիր ունենալու ենք: Մեզ ի՞նչ է պետք՝ խաղաղություն, հանդուրժողականության մթոնոլորտ ու քարը քարի վրա դնելով կգնանք առաջ: Համոզված եղեք, որ իրականում տրամադրված ենք, կամք ունենք, գիտենք ինչպես է պետք երկիրն առաջ տանել և վստահ եղեք, որ ունենալու ենք լավ երկիր: Ուղղակի պետք է ռեգուլյար քրտնաջան աշխատել՝ յուրաքանչյուրն իր տեղում»,- նշել է Կարեն Կարապետյանը:  Այցի ավարտին Կարեն Կարապետյանը բոլոր զինվորներին մաղթել է առողջություն և խաղաղ ծառայություն:  ...

    Կարդալ ավելին
  • Պատիվ և հնարավորություն ունեմ դիմել ձեզ Նոր տարվա և Սուրբ ծնունդի շնորհավորանքներով: Ցանկանում եմ ձեր ընտանիքներում տարին լինի երջանիկ, ջերմ, սիրով և համերաշխությամբ լի: Ինչպես ընդունված է՝ նոր տարի մտնելիս ամփոփում ենք անցնող տարին: Տնտեսությունը բնութագրող տարեկան արդյունքները լինելու են ավելի լավը, քան նախատեսել էինք 2016 թվականին և դրական տարբերվող՝ տարածաշրջանի շատ երկրներից: Երկրի առջև կանգնած բոլոր խնդիրները լուծելու համար մենք պետք է տարին տարվա վրա ամեն օր քրտնաջան աշխատենք և կայուն աճ ապահովենք: Ոչ մեկ մեր երկիրը չի զարգացնելու և չի կառուցելու մեր փոխարեն: Հայաստանը կլինի տրամաբանական, լավ ապրող և ապագային վստահ նայող երկիր: Մեզ անհրաժեշտ է երկրում հանդուրժողականության մթնոլորտի ապահովում, փոխադարձ հարգանք և երկիրը զարգացնելու նպատակի շուրջ համախմբում: Յուրաքանչյուրս կարող է մաս կազմել այդ համախմբմանը: Երկիրը պաշտպանող, աշխատող, սովորող, շուտ արթնացող, իր, շրջապատի, երկրի նկատմամբ անհանգիստ, պրպտող մարդը պետք է զգա իր պահանջվածությունը: Մենք կարո՛ղ ենք միասին զարգացնել մեր երկիրը և արդյունքում ունենալ ուժե՛ղ, արդա՛ր, զարգացա՛ծ, բարեկեցիկ երկիր՝ աճող և երջանիկ բնակչությամբ: Սիրելի՛ հայրենակիցներ, Այս տոնական օրերին հոգատարությամբ լցրեք ձեր օջախները, գրկեք ձեր ծնողներին և մեծերին, երեխաներին և թոռնիկներին, միմյանց բարի խոսքեր ասեք, ուրախացեք, ներեք: Ձեր ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերների հետ կտրվեք առօրյա հոգսերից և դրական լիցքերով տրամադրվեք գալիք տարվան: Վստա՛հ եղեք, մենք ունենալու ենք չտեսնվա՛ծ լավ երկիր: Շնորհավորում եմ ձեր Նոր տարին և Սուրբ ծնունդը: ...

    Կարդալ ավելին
  • Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպական կողմի անդամներին՝ հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի գլխավորությամբ: Վարչապետը ողջունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի անցկացումը Երևանում և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:  «Դա մեզ համար կարևոր իրադարձություն է: Համաձայնագիրը վերահաստատում է թե՛ մեր հանձնառությունը՝ շարունակել երկրում ընթացող լայնածավալ բարեփոխումները, թե՛ ԵՄ հանձնառությունը՝ աջակցել մեզ այդ գործընթացում», -ասել է Կարեն Կարապետյանը։ Վարչապետը տեղեկացրել է, որ համաձայնագրի իրականացման նպատակով կառավարությունում ընթացքի մեջ են համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման աշխատանքները: Կարեն Կարապետյանը կարևորել է բրյուսելյան գագաթնաժողովի շրջանակում Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև Հայաստանի անդամակցումը հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն 2020» և ՓՄՁ աջակցության «COSME» ծրագրերին, «Ստեղծագործ Եվրոպա»-ին միանալու և «Գործընկերության առաջնայնությունների» շուրջ բանակցությունները հաջող ավարտին հասցնելը: Ընդգծելով, որ համաձայնագրի վավերացումը լրացուցիչ ազդակ կլինի եվրոպական ընկերությունների համար՝ կառավարության ղեկավարը ներկայացրել է առկա հնարավորությունները: Վարչապետը նշել է, որ հաշվի առնելով գործող արտոնյալ ռեժիմները՝ Հայաստանը պետք է դիտարկել որպես հարթակ, որի միջոցով հնարավոր է մուտք գործել Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության, ԱՄՆ և Իրանի շուկաներ:  Վարչապետը պատասխանել է նաև եվրոպացի պատգամավորների մի շարք հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են համաձայնագրով նախատեսված քայլերի իրականացմանը, տարբեր ոլորտներում նախաձեռնված բարեփոխումներին, տնտեսության զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին և այլ խնդիրների: ...

    Կարդալ ավելին
  • Կառավարությունը հավանություն տվեց «Տեսչական մարմինների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ամրագրել տեսչական մարմինների նոր կարգավիճակը և կառավարման առանձնահատկությունները: «Օրինագծի նպատակը տեսչական մարմնի կարգավիճակի հստակեցումն է, որն ուղղված է տեսչական մարմնի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Ներկայացվող նախագիծն ամրագրում է տեսչական մարմնի նոր կարգավիճակ, որի համաձայն տեսչական մարմինը կառավարությանը ենթակա պետական մարմին է»,- ասաց Գաբրիելյանը։ Նախագիծը նպատակ է հետապնդում հստակ սահմանել տեսչական մարմինների իրավական վիճակը, ապահովել տեսչական մարմնի անկախությունը և ՀՀ կառավարության աշխատակազմի իրավասությունը տեսչական մարմինների բնականոն գործունեության համակարգման հարցում։    Տպել   ...

    Կարդալ ավելին
  • Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Վանաձորի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: «Բարեկամության երթ» միջոցառման շրջանակում վարչապետ Կարապետյանը դիտել է Վանաձորի քույր քաղաքների մշակույթն ու կոլորիտը ներկայացնող գեղարվեստական համարները, այցելել Վանաձորի կերպարվեստի թանգարան, ներկա գտնվել Թումանյանի հրապարակում կազմակերպված տոնական համերգին, զրուցել վանաձորցիների հետ և շնորհավորել նրանց քաղաքի օրվա առթիվ:  Այցի շրջանակում վարչապետ Կարապետյանը նաև ներկա է գտնվել իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից Լոռու մարզում կառուցվող գործարանների հիմնարկեքի արարողությանը: «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ն ներկայացնում է կոմպոզիտային բալոնների արտադրությամբ զբաղվող «Ռադ Սանե Վաշամիր» միջազգային ինդուստրիալ ընկերությունը, որը գործունեություն է ծավալում Թուրքիայում, Թաիլանդում և Ռուսաստանի Դաշնությունում: «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ն Լոռու մարզում նախատեսում է ներդրումային ծրագիր իրականացնել։ Ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է մոտ 130 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը (ենթակառուցվածքների հետ միասին)՝ մինչև 2000 մարդ: Ներդրումները նախատեսվում են 3 ուղղությամբ՝ կոմպոզիտային բալոնների, կարբոնի մանրաթելի արտադրությամբ զբաղվող գործարանների հիմնում և ագրոհամալիրի կառուցում: Կոմպոզիտային բալոնների արտադրության գործարանի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2017 թ. հոկտեմբերին, ավարտել՝ 2018 թ. ապրիլին, ներդրումների ծավալը կազմում է 20 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ 100 մարդ: Կարբոնի արտադրության գործարանի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2017 թ. հոկտեմբերին, ավարտել՝ 2018 թ. նոյեմբերին, ներդրումների ծավալը կազմում է 80 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ 300 մարդ: Իսկ ագրոհամալիրի շրջանակում կառուցվող գործարաններն զբաղվելու են կաթնամթերքի արտադրությամբ (կաթի փոշի, պանիր, կարագ), անասնապահությամբ (մսի (հալալ) արտադրությամբ), մրգերի վերամշակմամբ (մրգերի փոշու արտադրություն), ինչպես նաև կլինի սպանդանոց: Աշխատանքները նախատեսվում է սկսել 2018 թ. մայիսին, ավարտել՝ 2019 թ. մայիսին, ներդրումների ծավալը կազմում է 30 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ 300-400 մարդ: Վարչապետը ողջունել է իրանական ընկերության կողմից մեր երկրում նման խոշորածավալ ներդրումային ծրագիր իրականացնելու նախաձեռնությունը՝ վստահեցնելով, որ կառավարությունը շահագրգռված է դրա հաջող իրականացմամբ և պատրաստ է ցանկացած հարցով աջակցել:  Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Վանաձորի «Թթու ջուր» կոչվող տարածք և ծանոթացել այն զբոսաշրջային առումով գրավիչ հանգստյան գոտի դարձնելու ներդրումային ծրագրի վերաբերյալ մշակված առաջարկություններին: Վարչապետին զեկուցվել է, որ նախատեսվում է «Թթու ջուր» հանգստյան գոտու ու Բոշյան փողոցի բարեկարգում, Բոշյան փողոցում հասարակական սպասարկման օբյեկտի կառուցում և արգելոց հնավայրի հիմնում: Կարեն Կարապետյանը կարևորել է համակարգված աշխատանքների իրականացումը՝ ներդրողներ ներգրավելու և բիզնես ծրագիրն իրականացնելու համար: Վարչապետի վանաձորյան այցի հաջորդ կանգառը նախկին «ԶԱԳՍ»-ի շենքի տարածքն էր. վարչապետը ծանոթացել է այստեղ ներդրումային ծրագրի իրականացման հնարավորություններին և պատասխանատուների հետ քննարկել դրան վերաբերող հարցեր: Այստեղից կառավարության ղեկավարը քայլել է դեպի Վանաձորի Թումանյան հրապարակ, ծանոթացել քաղաքում աղբահանության և մաքրության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Վարչապետը հորդորել է Վանաձորի քաղաքապետին՝ ավելի հետևողական լինել քաղաքի մաքրության պահպանման հարցում և արդյունավետ կազմակերպել աղբահանությունը: Այցի ավարտին Կարեն Կարապետյանը եղել է նաև քաղաքի «Մոր և մանկան այգում», ծանոթացել կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքներին:  ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն